18-27. Աշխարհի ատելությունը – Գրադարան – Mashtoz.org

18-27. Աշխարհի ատելությունը

⁓ Հվհ 2, 11; 5, 23; 6, 36; 7, 7; 8, 19.21-24; 9, 41; 10, 30; 13, 16; 14, 11.26; 16, 3.9; 17, 14-16
≈ Մտթ 5, 11; 10, 18-25; 12, 24-28; Մրկ 13, 13; Ղկս 1, 2; 24, 49; Գրծ 1, 8; 2, 33; 5, 32.41; Հռմ 3, 19; 1Թղ 2, 14; 1Հվհ 2, 23; 3, 12-13; 4, 5; Սղմ 35, 19; 69, 5
 
18«Եթե աշխարհն ատում է ձեզ, իմացեք, որ ձեզնից առաջ ինձ է ատել: 19Եթե դուք աշխարհինը լինեիք, աշխարհը կսիրեր այն, ինչն իրենն է, բայց քանի որ դուք աշխարհինը չեք, այլ՝ ես ընտրեցի ձեզ աշխարհից, դրա համար աշխարհն ատում է ձեզ: 20Հիշեցեք խոսքը, որ ես ասացի ձեզ. ստրուկն ավելի մեծ չէ, քան իր տերը: Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն. եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն: 21Բայց այս ամենն անելու են ձեզ իմ անվան պատճառով, որովհետև չեն ճանաչում Նրան, Ով ուղարկել է ինձ: 22Եթե եկած և նրանց խոսած չլինեի, նրանք մեղք չէին ունենա. այժմ, մինչդեռ, նրանք արդարացում չունեն իրենց մեղքի համար: 23Ով ատում է ինձ, ատում է նաև իմ Հորը: 24Եթե նրանց մեջ արած չլինեի այն գործերը, որոնք ուրիշ ոչ ոք չի արել, նրանք մեղք չէին ունենա. այժմ, մինչդեռ, և՛ տեսան, և՛ ատեցին՝ և՛ ինձ, և՛ իմ Հորը: 25Բայց սա եղավ, որպեսզի կատարվեր իրենց Օրենքի մեջ գրված խոսքը, թե. ''Առանց պատճառի ատեցին ինձ'':
26Երբ որ գա Աջակցողը, որին ես ձեզ կուղարկեմ Հորից, – ճշմարտության Հոգին, որ բխում է Հորից, – Նա կվկայի իմ մասին: 27Դուք էլ, այո՛, կվկայեք, որովհետև սկզբից ևեթ իմ հետ եք»:
15, 18-25 - Աշակերտների փոխադարձ սիրույն Հիսուսը հակադրում է ատելությունը, որ աշխարհը սնելու է նրանց հանդեպ: Նրանց ճակատագիրը հարևնման է լինելու իրենց Վարդապետի ճակատագրին: Հանձինս աշակերտների՝ աշխարհը շարունակելու է հալածել Իրեն՝ Հիսուսին (հմմտ. Գրծ 9, 5; Կղս 1, 24):
 
15, 20 - «Հիշեցեք խոսքը». Տե՛ս 13, 16:
 
15, 21 - Հիսուսի անվան համար կրված հալածանքի մասին խոսքերը հաճախակի են Նոր Կտակարանում (Մտթ 10, 22; 24, 9; Գրծ 9, 14; և այլն): Հովհաննեսի մոտ դրանք արտահայտում են Հիսուսի հետ հաստատված միության ու հաղորդության գաղափարը:
 
15, 23-25 - «ատեցին». Հրեաներին ուղղված մեղադրանքը շատ ծանր է («հրեա» անվան ավետարանական հասկացողության վերաբերյալ՝ տե՛ս Մտթ 28, 15+): Հիսուսի հանդեպ մերժումն ու թշնամանքը և Իր սքանչելագործությունների չընդունումը փոխակերպվում են Աստծո հանդեպ «ատելության», քանի որ Աստծո Որդու մերժումը ինքնաբերաբար մեղք է դառնում նաև Հոր դեմ, Ով Նրան ուղարկել է: – Հմմտ. նաև 14, 6:
 
15, 25 - Այստեղ «Օրենք» եզրը առավել ընդարձակ և ընդգրկուն իմաստով է՝ միայն Հնգամատյանի համեմատ, քանի որ կատարված մեջբերումը Սաղմոսաց գրքից է. 35, 19 և 69, 4 (ինչպես 10, 34 տողում. տե՛ս 10, 34+):
 
15, 26 - Պառակլետոսը ուղարկվում է Հորից՝ Հիսուսի խնդրանքով (հմմտ. 14, 16.26): Այստեղ՝ ուղարկվում է Հիսուսի կողմից, Հիսուսի նախաձեռնությամբ, Հիսուսի որոշմամբ, բայց կրկին՝ որպես ելակետ ունենալով Հորը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։