Շարադրման վայրն ու թվականը – Գրադարան – Mashtoz.org

Շարադրման վայրն ու թվականը

Հովհաննեսի Ավետարանի վերջնական շարադրումը սովորաբար թվագրվում է Առաջին դարի 90-ական թվականներին կամ Երկրորդ դարի առաջին տարիների ընթացքում: Որպես շարադրման վայր ավանդաբար մատնանշվում է Եփեսոսը, թեև շատերի կարծիքով կարող է գրված լինել Ասորիքի Անտիոք քաղաքում, մինչ ուրիշներ հակված են ընդունելու Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի վարկածը:

Ուսումնասիրողների մի խումբ, սակայն, բավական համոզիչ փաստարկներով պնդում է, որ Հովհաննեսի Ավետարանի շարադրումը ևս, մյուս Ավետարանների նման, պետք է որ ավարտված լինի 70 թվականից առաջ: Դրա վերաբերյալ բազմաթիվ հուշումներ են գտնվում Ավետարանում, որոնցից, սոսկ մի քանի օրինակ մեջբերելու համար, կարող ենք հիշել հետևյալները. ա) Բեթհեզդայի ավազանը, կամարակապ հինգ սրահներով, պեղումների ժամանակ գտնվել է այնպես՝ ինչպես նկարագրված է 5, 2 տողում, ինչը որ նշանակում է, որ Ավետարանի շարադրման ժամանակ այն, Տաճարի հետ միասին, դեռ գոյություն ուներ. բ) Քարահատակի հիշատակումը 19, 13 տողում. գ) ճշգրտությունը, որով պատմում է հրեական տոնակատարություններն ու Հիսուսի խաչելությունը, ինչը որ ցույց է տալիս իր ականատես վկա լինելը. դ) Պաղեստինի աշխարհագրական բաժանումների ճշգրիտ հիշատակումը այնպես, ինչպես որ դրանք տակավին ուժի մեջ էին Հրեական Պատերազմից առաջ:

Այս և նման տվյալներն ի նկատի առնելով, խիստ հավանական է դառնում պնդումը, որ Հովհաննեսի Ավետարանը ևս շարադրվել է 70 թվականից առաջ, ամենայն հավանականությամբ՝ Առաջին դարի 60-ական թվականների երկրորդ կեսին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։