28-40. Հիսուսը Պիղատոսի առաջ – Գրադարան – Mashtoz.org

28-40. Հիսուսը Պիղատոսի առաջ

→ Մտթ 27, 1-2.11-30; Մրկ 15, 1-19; Ղկս 23, 1-7.13-25
⁓ Հվհ 3, 11.14.35; 6, 15; 8, 23.47; 10, 26-27; 11, 55; 12, 32-33; 15, 19; 18, 10-11; 19, 1-16.19-22
≈ Մտթ 16, 13; 20, 19; 26, 17; Մրկ 10, 33; Ղկս 18, 32; 23, 22; Գրծ 18, 15; 1Տմ 6, 13; 1Հվհ 3, 19
 
28Ապա Հիսուսին Կայիաֆասի մոտից տարան կայսերական կառավարչի նստավայրը: Արևն արդեն ծագել էր, և նրանք ներս չմտան, որպեսզի չպղծվեին, այլ՝ կարողանային զատիկը ուտել: 29Ուստի Պիղատոսը դուրս ելավ նրանց մոտ և ասաց. «Ի՞նչ մեղադրանք եք ներկայացնում այս մարդու դեմ»: 30Պատասխանեցին և ասացին նրան. «Եթե նա չարագործ չլիներ, նրան քեզ չէինք հանձնի»: 31Այնժամ Պիղատոսը նրանց ասաց. «Դո՛ւք վերցրեք նրան և ձե՛ր օրենքի համաձայն դատեցեք նրան»: Հրեաներն ասացին նրան. «Մեզ արտոնված չէ մահապատիժ կիրառել որևէ մեկի նկատմամբ»: 32Եվ այդպես կատարվում էր Հիսուսի այն խոսքը, որ Նա ասել էր՝ նշելով, թե ի՛նչ մահով էր Ինքը մեռնելու:
33Պիղատոսն, այնժամ, կրկին ներս մտավ և կանչեց Հիսուսին ու Նրան ասաց. «Դու Հրեաների Թագավո՞րն ես»: 34Հիսուսը պատասխանեց. «Դու ի՞նքդ ես դա ասում, թե՞ ուրիշներն են քեզ ասել իմ մասին»: 35Պիղատոսը պատասխանեց. «Մի՞թե ես հրեա եմ: Քո ազգն ու քահանայապետները հանձնեցին քեզ ինձ: Ի՞նչ ես արել»: 36Հիսուսը պատասխանեց. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ: Եթե իմ թագավորությունն այս աշխարհից լիներ, իմ զինվորները կմարտնչեին, որպեսզի հրեաների ձեռքը չընկնեի: Արդ, սակայն, իմ թագավորությունն այստեղից չէ»: 37Պիղատոսն, այնժամ, ասաց Նրան. «Դու, ուրեմն, թագավոր ես»: Հիսուսը պատասխանեց. «Դու ասում ես, թե թագավոր եմ: Ես սրա՛ համար եմ ծնվել և սրա՛ համար եմ աշխարհ եկել. որպեսզի վկայեմ ճշմարտությանը: Յուրաքանչյուր ոք, որ ճշմարտությունից է, լսում է իմ ձայնը»: 38Պիղատոսը Նրան ասաց. «Ի՜նչ է ճշմարտությունը»: Եվ երբ այս խոսքն ասաց, դարձյալ դուրս ելավ հրեաների մոտ, և նրանց ասաց. «Ես նրա մեջ հանցանք չեմ գտնում: 39Արդ, ձեր մոտ սովորություն է, որ Զատկին ձեր համար մի մարդ ազատ արձակեմ. ուզո՞ւմ եք, հետևաբար, որ ձեր համար ազատ արձակեմ Հրեաների Թագավորին»: 40Նրանք, այնժամ, դարձյալ աղաղակեցին՝ ասելով. «Ո՛չ դրան, այլ՝ Բարաբբային»: Եվ այդ Բարաբբան ավազակ էր:
18, 28 - «Կայիաֆասի մոտից». Հուն. «ἀπὸ τοῦ Καϊάφα» - «ապո տու Կայիաֆա». Ոմանք թարգմանում են «Կայիաֆասի տնից», գրաբարը ևս. «'ի վանացն Կայիափայ»։ ꟷ
- «կայսերական կառավարչի նստավայրը». Հուն. «εἰς τὸ πραιτώριον» - «էիս տո պռետօռիոն». Տե՛ս Մտթ 27, 27+: ꟷ
- «նրանք ներս չմտան». Նրանք, այսինքն՝ հրեա իշխանավորներն իրենց ծառաների հետ միասին: Ներս չմտան, բնագրում՝ «չմտան պռետոռիում»: ꟷ
- «որպեսզի չպղծվեին». Պռետոռիումի դիմաց արշալույսին (գիշերվա 3ից 6ը) տեղի ունեցող տեսարանում ներկայանում են հրեա իշխանավորները, որ կանգնում են դրսում, որպեսզի ծիսական առումով չպղծվեն Զատկվա նախօրեին: «Պղծված» հրեան իրավասու չէր տոնի նույն օրն «ուտելու զատիկը» (այսինքն՝ զատկական գառը), այլ՝ պետք է այն մեկ ամսով հետաձգեր: Այդ անձանց բծախնդրությունը՝ հարգելու ծիսական մաքրության օրենքները (թեև, իրականում, հեթանոսների հետ դատավարության ժամանակ պարզ շփումը նրանց անմաքուր չէր դարձնի. անմաքուր կդառնային, եթե նրանց հետ սեղան նստեին. հմմտ. Գրծ 11, 2-3), բայց միաժամանակ՝ որևէ խղճահարության բացակայությունը, մինչ չարաշահում են իշխանությունը և խախտում են օրենքները՝ միայն թե մեջտեղից վերացնեն Հիսուսին, ստեղծում են հակասությունների մի ողբերգական խառնուրդ: ꟷ
- «կարողանային զատիկը ուտել». Համատես Ավետարանները (Մտթ 26, 17-19; Մրկ 14, 12-16; Ղկս 22, 7-13) հինգշաբթի երեկոյան կատարված ընթրիքը նույնացնում են զատկական ընթրիքի հետ: Հովհաննեսի համար, մինչդեռ, զատկական ընթրիքը դեռ չի կատարվել, այլ՝ կատարվելու է ուրբաթ օրվա երեկոյան: Տե՛ս նաև Մտթ 26, 17+:
 
18, 29 - «Պիղատոսը». Տե՛ս Մտթ 27, 2+:
 
18, 30 - «չէինք հանձնի». Բառացի՝ չէինք մատնի: Նույն բայն է («παραδίδωμι» - «պառադիդօմի»), որ գործածվում է նաև Հուդայի դավաճանության-մատնության վերաբերյալ: Եզրի իմաստի ու նշանակության վերաբերյալ՝ տե՛ս Մտթ 26, 2+-ի երկրորդ մասը:
 
18, 31 - Միայն Հովհաննեսն է հայտնում Հիսուսին Պիղատոսին հանձնելու պատճառը («Մեզ արտոնված չէ մահապատիժ կիրառել». տե՛ս նաև Մտթ 26, 66+): Հրեական աղբյուրները լռում են այն բանի մասին, թե պատմական այդ շրջանում ինչպիսի՛ք են եղել Ատյանի իրավասությունները պատիժների և հատկապես մահապատժի կիրառման հարցում: ꟷ
- «մահապատիժ կիրառել». Բառացի՝ սպանել, մեռցնել:
 
18, 32 - «Եվ այդպես կատարվում էր». Բառացի՝ որպեսզի կատարվեր: Տե՛ս Մտթ 4, 14+: ꟷ
- «խոսքը, որ Նա ասել էր». Սրբապիղծների համար նախատեսված պատիժը քարկոծումն էր (Ղևտ 24, 16), չնայած որ պատմությունից գիտենք մի քանի դեպքերի մասին, երբ հրեաներ խաչել են ուրիշ հրեաների: Դիմելով հռոմեացիներին, որպեսզի Հիսուսը խաչելության մահապատժին ենթարկվի, հրեա իշխանավորներն ակամա նպաստում են մարգարեության կատարմանը (հմմտ. 12, 32-33), որի համաձայն՝ Հիսուսը «բարձրացվելու էր» (3, 14; 12, 32-33):
 
18, 33 - Հմմտ. Մտթ 27, 11 և 27, 11+-ի առաջին մասը: «Հրեաների Թագավոր» տիտղոսը հրապարակ չէր իջեցվել ո՛չ Հիսուսի, ո՛չ առաքյալների, ո՛չ էլ քրիստոնյաների կողմից, այլ՝ հենց ընդդիմադիրների կողմից, ովքեր ցանկանում էին քաղաքական երանգավորում տալ Նրա հասցեին հնչեցվող մեղադրանքներին: – Պիղատոսի բերանից հնչած «հրեաներ» անունը գործածված չէ այն յուրահատուկ իմաստով, որով այն սովորաբար գործածվում է Ավետարաններում՝ մատնանշելու համար Հիսուսի հանդեպ թշնամական կեցվածք որդեգրած հրեական իշխանություններին (ինչպես 31րդ տողում): Հմմտ. Մտթ 28, 15+: Տվյալ դեպքում հասկացվում է ողջ ազգը:
 
18, 37 - «Դու ասում ես». Տե՛ս Մտթ 27, 11+-ի երկրորդ մասը:
 
18, 38 - «նրա մեջ». Որոշ ձեռագրերում. «նրա դեմ»:
 
18, 39 - «սովորություն». Տե՛ս Մտթ 27, 15+:
 
18, 40 - «Բարաբբային». Տե՛ս Մտթ 27, 16-17+:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։