01-11. Հիսուսի ձերբակալությունը – Գրադարան – Mashtoz.org

01-11. Հիսուսի ձերբակալությունը

→ Մտթ 26, 30.36.47-56; Մրկ 14, 26.32.43-52; Ղկս 22, 39.47-53
⁓ Հվհ 6, 39; 8, 24; 10, 28; 12, 27; 17, 12; 19, 28
≈ Մտթ 26, 39; Ղկս 21, 37; 2Սմ 15, 23; Սղմ 27, 2; 35, 4
 
1Այս բաներն ասելուց հետո Հիսուսն Իր աշակերտների հետ ելավ գնաց Կեդրոն հեղեղատի մյուս կողմը, որտեղ մի պարտեզ կար, ուր մտավ Ինքն, ու Իր աշակերտները: 2Արդ, Հուդան էլ – որ մոտ էր մատնելու Նրան – գիտեր այդ տեղը, որովհետև Հիսուսն ու Իր աշակերտները հաճախ էին հավաքվել այդտեղ: 3Հուդան, ուրեմն, քահանայապետների ու փարիսեցիների կողմից տրամադրված ոստիկանների գունդն էլ իր հետ վերցրած, այնտեղ եկավ լապտերներով ու ջահերով և զենքերով: 4Հիսուսն, այնժամ, գիտենալով բոլոր այն բաները, որ մոտ էին Իր հետ կատարվելուն, ընդառաջ ելավ և նրանց ասաց. «Ո՞ւմ եք փնտրում»: 5Պատասխանեցին Նրան. «Հիսուս Նազովրեցուն»: Նա նրանց ասաց. «Ես եմ»: Նաև Հուդան՝ Նրան մատնողը, կանգնած էր այնտեղ՝ նրանց հետ: 6Երբ, ուրեմն, Նա նրանց ասաց. «Ես եմ», նրանք ետ-ետ գնացին ու գետին ընկան: 7Նա, ուստի, կրկին հարցրեց նրանց. «Ո՞ւմ եք փնտրում»: Եվ նրանք ասացին. «Հիսուս Նազովրեցուն»: 8Հիսուսը պատասխանեց. «Ասացի ձեզ, որ ես եմ: Եթե ինձ եք փնտրում, ուրեմն թողեք նրանց, որ գնան». 9որպեսզի կատարվեր խոսքը, որ Նա ասել էր, թե. «Նրանց, որոնց ինձ տվեցիր, նրանցից ոչ մեկին չկորցրեցի»: 10Սիմոն Պետրոսն, այնժամ, քանի որ սուր ուներ, այն դուրս քաշեց և քահանայապետի ծառային հարվածեց ու նրա աջ ականջը կտրեց: Ծառայի անունն, ի դեպ, Մալխոս էր: 11Այնժամ Հիսուսը Պետրոսին ասաց. «Սուրը պատյանի մեջ դիր: Բաժակը, որ տվել է ինձ Հայրը, այն չպիտի՞ խմեմ»:
18, 1-14 - Հովհաննեսը ոչինչ չի ասում պարտեզում Հիսուսի աղոթքի և Հուդայի համբույրի մասին, ո՛չ էլ ճշգրտում է տեղանքի անունը որպես Գեթսեմանի (Մտթ 26, 36; Մրկ 14, 32) կամ Ձիթենյաց լեռ (Մտթ 24, 3; Հվհ 8, 1; Գրծ 1, 12; և այլն):
 
18, 1 - «Այս բաներն ասելուց հետո». Կարծրատիպային արտահայտություն է, որ ծառայում է պարզապես անցում կատարելու Ավետարանի մի բաժնից դեպի մյուսը, առանց ժամանակագրական արժեք ներկայացնելու: ꟷ
- «ելավ գնաց». Հմմտ. 14, 31, ուր Հիսուսը աշակերտների հետ կարծես թե թողնում կամ պատրաստվում է թողնել ընթրիքի սրահը: ꟷ
- «Կեդրոն». Հուն. «Κεδρών» - «Կեդռօն». Եբր. « קִדְרוֹן » - «Քիդռոն», որ ամենայն հավանականությամբ նշանակում է «մուգ»: Հեղեղատը (և համանուն հովիտը) գտնվում էին Երուսաղեմի արևելյան կողմում, Տաճարի բլրան և Ձիթենյաց լեռան միջև: Անունը Նոր Կտակարանում հիշվում է միայն այստեղ:
 
18, 2 - «Հիսուսն ու Իր աշակերտները հաճախ էին հավաքվել այդտեղ». Բառացի՝ Հիսուսն Իր աշակերտների հետ հաճախ էր հավաքվել այդտեղ:
 
18, 4 - «գիտենալով». Ինչպես Ոտնլվայի դրվագի սկզբում (13, 1), – ուր գործածվում է միևնույն «οἶδα» - «օյդա» բայը, – Հիսուսը գիտի, իմանում է (ի տարբերություն Պետրոսի ու աշակերտների, որոնք չգիտեն, չեն հասկանում. 13, 7): Հիսուսն անակնկալի չի գալիս իրադարձությունների դիմաց, չի կրում դրանք. նախաձեռնությունն Իրենն է և իրավիճակներին դիմագրավում է արիությամբ: Հովհաննեսին բնորոշ է ընդգծելը, որ Հիսուսը միշտ վերահսկում է այն ամենը, որ տեղի է ունենում Իր շուրջը:
 
18, 5 - «Նազովրեցուն». Մտթ 2, 23; 26, 71 և Ղկս 18, 37 տողերում ներկա անվանաձևը («Ναζωραῖος» - «Նազօռայոս») գործածվում է նաև Հովհաննեսի կողմից՝ այստեղ և սրանից հետո (18, 7; 19, 19): Ղուկասն այն գործածում է նաև Գործք Առաքելոցում (2, 22; 3, 6; 4, 10; 6, 14; 22, 8; 24, 5; 26, 9): Մարկոսը, մինչդեռ, միշտ գործածում է «Ναζαρηνός» - «Նազառենոս» տարբերակը (1, 24; 10, 47; 14, 67; 16, 6): – Հմմտ. նաև Մտթ 2, 23+ և Մրկ 10, 47+: ꟷ
- «Ես եմ». Հիսուսը, պատասխանելով, հաստատում է Իր ինքնությունը, բայց հաշվի առնելով Իրեն լսողների սարսափահար հակազդեցությունը («ետ-ետ գնացին ու գետին ընկան». 6), սխալ չի լինի կարծելը, որ խոսքը վերաբերվում է Հիսուսի ևս մեկ ինքնահայտնությանը, ինչպես 8, 24-28 հատվածում (հմմտ. Մրկ 14, 62+; Հվհ 6, 35+; 8, 24.28+):
 
18, 9 - «խոսքը, որ Նա ասել էր». Մեջբերումը կարող է վերաբերվել 6, 39; 10, 28 կամ 17, 12 տողերին:
 
18, 10 - Միայն Հովհաննեսն է տալիս երկու հակառակորդների անունները: Ե՛վ Հովհաննեսը, և՛ Ղուկասը հիշատակում են աջ ականջը: – Հմմտ. Մտթ 26, 51+: ꟷ
- «ծառային». Բառացի՝ ստրուկին:
 
18, 11 - «բաժակը». Բաժակի թեման համատես Ավետարաններում հանդիպում է Գեթսեմանիի դրվագում (հմմտ. Մտթ 26, 36-46; Մրկ 14, 32-42; Ղկս 22, 39-46):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։