01-14. Հիսուսը ճանապարհ, ճշմարտություն և կյանք – Գրադարան – Mashtoz.org

01-14. Հիսուսը ճանապարհ, ճշմարտություն և կյանք

⁓ Հվհ 1, 18; 7, 34; 8, 19.35; 10, 25.28-30.38; 11, 16.25; 12, 26.45.49; 13, 36; 14, 20.27; 15, 7.10.16; 16, 23-24.26.33; 17, 6.17.24; 20, 24-29
≈ Մտթ 7, 7-11; 8, 10; 21, 21; 11, 27; Մրկ 11, 22-24; 16, 19-20; Գրծ 3, 16; Հռմ 5, 1; 2Կր 4, 4; Եբր 1, 3; 6, 19-20; 10, 19-20; 1Հվհ 5, 14; Ել 33, 18; 2Օր 1, 21.33
 
1«Ձեր սիրտը թող չխռովվի: Հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք նաև ինձ: 2Իմ Հոր տանը բազմաթիվ օթևաններ կան, ապա թե ո՛չ՝ կասեի՞ ձեզ, թե գնում եմ ձեր համար տեղ պատրաստելու. 3և թե՝ երբ գնամ և ձեր համար տեղ պատրաստեմ, կվերադառնամ և ձեզ իմ հետ կվերցնեմ, որպեսզի դուք էլ լինեք այնտեղ, ուր ես եմ: 4Եվ ո՛ւր ես գնում եմ, դուք գիտեք ճանապարհը»:
5Ասաց Նրան Թովմասը. «Տե՜ր, չգիտենք ո՛ւր ես գնում, ինչպե՞ս կարող ենք իմանալ ճանապարհը»: 6Հիսուսն ասաց նրան. «Ես եմ ճանապարհը, և ճշմարտությունը, և կյանքը: Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ո՛չ միայն՝ իմ միջոցով: 7Եթե ինձ ճանաչած լինեիք, կճանաչեիք նաև իմ Հորը. այսուհետև գիտեք Նրան և տեսել եք»:
8Ասաց Նրան Փիլիպպոսը. «Տե՜ր, ցույց տուր մեզ Հորը, և դա բավական է մեզ»: 9Հիսուսն ասաց նրան. «Այսքա՜ն ժամանակ ձեր հետ եմ, և չճանաչեցի՞ր ինձ, Փիլիպպոս: Ով տեսել է ինձ, տեսել է Հորը: Դու ինչպե՞ս ես ասում. ''Ցույց տուր մեզ Հորը'': 10Չես հավատո՞ւմ, որ ես Հոր մեջ եմ, իսկ Հայրն իմ մեջ է: Խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ ասում, այլ՝ Հայրը, իմ մեջ մնալով, անում է Իր գործերը: 11Հավատացե՛ք ինձ, որ ես Հոր մեջ եմ, իսկ Հայրը՝ իմ մեջ: Իսկ եթե ո՛չ, հենց գործերի պատճառով հավատացեք:
12Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով հավատում է ինձ, գործերը, որ ես անում եմ, ինքն էլ կանի, և սրանցից ավելի մեծերն էլ կանի, որովհետև ես Հոր մոտ եմ գնում: 13Եվ ինչ որ իմ անունով խնդրեք, ես դա կանեմ, որպեսզի Հայրը փառավորվի Որդու մեջ: 14Եթե ինչ որ մի բան խնդրեք ինձնից իմ անունով, ես դա կանեմ»:
14, 1 - «սիրտը թող չխռովվի». Որոշ ձեռագրերում հոգնակի է: Գրաբարում ևս. «Մի՛ խռովեսցին սիրտք ձեր»։ ꟷ
- «Հավատացե՛ք». Այսինքն՝ վստահեցե՛ք: Տե՛ս Մտթ 8, 10 տողի ծանոթագրությունը: – Հուդայի դավաճանության, Հիսուսի մեկնումի, Պետրոսի ուրացումների վերաբերյալ կանխասացությունները խռովել էին առաքյալներին: Հիսուսը կամենում է զորացնել նրանց՝ հավատքի մեջ. սա է ողջ այս գլխի առանցքային նյութը:
 
14, 2 - «օթևաններ». Հուն. «μοναὶ» - «մոնայ». Բառացի՝ մնալու տեղ («μένω» - «մենօ» - «մնալ» բայից), այսինքն՝ մնայուն, ո՛չ ժամանակավոր կացարան: Նոր Կտակարանում հանդիպում է միայն 2 տեղ. այստեղ և 23րդ տողում: Հմմտ. նաև 1, 32+-ի երկրորդ մասը:
 
14, 3 - Բառացի՝ երբ գնացած և ձեր համար տեղ պատրաստած կլինեմ, կրկին կգամ ... : – Եկեղեցու ողջ կյանքն ու ակնկալիքները հիմնվում են այս խոստման վրա (հմմտ. 1Թղ 4, 16-17; 1Կր 4, 5; 11, 26; 16, 22; Հյտ 22, 17.20; 1Հվհ 2, 28):
 
14, 4 - «ճանապարհը». «Ճանապարհն» այստեղ Հիսուսն Ինքն է (հմմտ. 5-6). Գործք Առաքելոց գրքում (9, 2; 19, 9.23; 22, 4; 24, 14.22) նաև Քրիստոնեությունն է, Քրիստոսի ուսմունքը:
 
14, 6 - «Ես եմ ճանապարհը, և ճշմարտությունը, և կյանքը». Հուն. «Ἐγώ εἰμι ἡ ὁδὸς καὶ ἡ ἀλήθεια καὶ ἡ ζωή» - «Էգօ էիմի հէ հոդոս կայ հէ ալեթեյա կայ հէ զօէ». Այս հանրահայտ արտահայտության մեջ «ճշմարտությունը» և «կյանքը» որակավորում են «ճանապարհ» հասկացողությունը Ավետարանի փրկութենաբանական (սոտերիոլոգիկ) գլխավոր երկու պատկերներով: Հիսուսը սոսկ մի առաջնորդ չէ, որ առաջնորդում է դեպի մի փրկություն, որն Իրենից տարբեր բան է, այլ՝ հենց Ինքն է փրկության մուտքը (ճշմարտությունը) և ինքնին փրկությունը (կյանքը): Այսպիսով, Հիսուս Քրիստոսը լինելով փրկության միակ ճանապարհը, մուտքը և վայելքը, Պետրոս Առաքյալը, Հովհաննեսի հետ միասին, կարող է հարցաքննության ժամանակ հաստատել. «Ուրիշ ոչ ոքի մեջ չկա փրկություն: Իրոք, մարդկանց տրված ուրիշ անուն չկա, որի մեջ հաստատված լինի, որ կարող ենք փրկվել» (Գրծ 4, 12):
 
14, 7 - «այսուհետև». Առավել բառացի կերպով՝ «այժմվանից», այս ժամից սկսած: Այդ «ժամը» Հիսուսի չարչարանքների ու մահվան ժամն է (13, 1):
 
14, 8 - Փիլիպպոսը՝ ամենաառաջին աշակերտներից մեկը (1, 43), մի աստվածահայտնություն է հայցում, առանց նկատելու, – ինչպես Հիսուսն Ինքը նրան հանդիմանում է (9-11), – որ Աստված արդեն իսկ այնտեղ՝ իր առջև է. բավական է նայել Նրան՝ Հիսուսին, Ում մեջ Հայրը ներկա է և գործում է Նրա կողմից կատարված գործերի մեջ:
 
14, 10 - «ես Հոր մեջ եմ». Հունարեն բնագիրը չունի «եմ» օժանդակ բայը, այլ՝ ամբողջ նախադասությունը միայն մեկ օժանդակ բայ ունի. «է» («ես Հոր մեջ, և Հայրը իմ մեջ է»): ꟷ
- «իմ մեջ մնալով». Հուն. «ἐν ἐμοὶ μένων» - «էն էմոի մենօն». Մնայուն և շարունակական ներկայության գաղափար է արտահայտում: Հմմտ. 2րդ տողի ծանոթագրությունը:
 
14, 12 - Հայտնության ու փրկության պաշտոն-ծառայությունը, որի նշանները եղել են հրաշագործությունները (հմմտ. 2, 11 և 2, 11+), երկարաձգվելու, շարունակվելու է աշակերտների գործերի մեջ: Սուրբ Հոգին – Ակունքը այն պարգևաշնորհների, որոնց նպաստը նրանք ստանալու են – ուղարկվելու է Հոր աջ կողմում փառավորված Քրիստոսի կողմից (7, 39; 16, 7):
 
14, 13 - Այս խոսքը հանդիպում է զուգահեռ բազմաթիվ տարբերակներով (հմմտ. Մտթ 7, 7 և Ղկս 9, 9; Մտթ 7, 8 և Ղկս 9, 10; Մտթ 18, 19-20; 21, 22): Խոստման տարբեր ձևեր – Աստծուն հաճելի այն ամեն ինչի վերաբերյալ, որ հայցվում է Հիսուսի Անունով – գտնվում են 14, 13-14; 15, 16 և 16, 23; 16, 24 և 15, 7; 16, 26; 1Հվհ 3, 21-22; 5, 14-15 տողերում: Երբեմն Հիսուսն է, որ պատասխանում է խնդրանքին. երբեմն Հայրն է, Հիսուսի միջնորդությամբ. ուրիշ անգամներ ուղղակի կերպով Հայրն է, իսկ երբեմն հստակ չէ, բայց ենթադրվում է, որ Հայրն է:
 
14, 14 - Որոշ ձեռագրերում այս տողը բացակայում է: Գրաբարում ևս:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։