01-42. Հիսուսը Սամարիայում – Գրադարան – Mashtoz.org

01-42. Հիսուսը Սամարիայում

⁓ Հվհ 1, 9-10.41.48; 2, 19.21; 3, 16.22.26; 5, 36; 6, 27.31-32.34-35.38-40.58; 7, 37-39; 8, 24.53; 9, 37; 10, 25; 17, 4.18; 19, 28.30.37; 20, 21
≈ Մտթ 3, 6; 9, 37-38; 16, 14; Մրկ 4, 29; Ղկս 9, 52-55; 10, 1-2.29-37; 17, 11-19; Գրծ 8, 14-17.20; Հռմ 9, 4-5; 12, 1; 1Կր 1, 17; 14, 24-25; 2Կր 3, 17; 1Տմ 4, 10; 1Հվհ 4, 14; Ծնդ 33, 18-20; 48, 21-22; Հս 24, 32; 2Օր 8, 3; 12, 5; 18, 18-22; Հս 24, 32; 2Թգ 17, 27-41; Սղմ 121; 126, 5-6; Ես 2, 3; 52, 6; 58, 11; Միք 6, 15
 
1Երբ, ապա, Հիսուսն իմացավ, որ փարիսեցիները լսել են, թե. «Հիսուսն ավելի շատ աշակերտներ է հավաքում և Հովհաննեսից ավելի շատ է մկրտում», – 2թեև Հիսուսն Ինքը չէր մկրտում, այլ՝ Իր աշակերտները, – 3թողեց Հուդեան և կրկին ճանապարհ ընկավ դեպի Գալիլեա: 4Հարկավոր էր, ուստի, որ Նա Սամարիայի միջով անցներ: 5Հասավ, ուրեմն, Սամարիայի քաղաքներից մեկին, որի անունն էր Սյուխար, մոտիկ այն ագարակին, որ Հակոբը տվել էր Հովսեփին՝ իր որդուն: 6Արդ, այդտեղ էր գտնվում Հակոբի ջրհորը: Հիսուսն, ուստի, ճանապարհից հոգնած, նստած էր ջրհորի մոտ: Ժամը մոտ տասներկուսն էր:
7Սամարիայից մի կին եկավ ջուր հանելու: Հիսուսը նրան ասաց. «Ինձ խմելիք տուր», – 8քանի որ Իր աշակերտները քաղաք էին գնացել, որպեսզի ուտելիք գնեին: 9Սամարացի կինը, սակայն, Նրան ասաց. «Դու, որ հրեա ես, ինչպե՞ս ես ինձնից՝ սամարացի կնոջից խմելիք ուզում», – քանի որ հրեաները սամարացիների հետ չեն շփվում: 10Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Եթե դու ճանաչեիր Աստծո պարգևը և թե Ո՛վ է Նա, որ քեզ ասում է. ''Ինձ խմելիք տուր'', դո՛ւ կխնդրեիր Իրենից և Նա քեզ կենդանի ջուր կտար»: 11Կինը Նրան ասաց. «Տե՜ր, դու դույլ անգամ չունես, իսկ ջրհորը խորն է. ուրեմն որտեղի՞ց դու կենդանի ջուր ունես: 12Մի՞թե դու ավելի մեծ մեկն ես, քան մեր հայր Հակոբը, ով տվեց մեզ այս ջրհորը և ինքն էլ խմեց սրանից և իր որդիներն ու իր հոտերը»: 13Պատասխանեց Հիսուսը և ասաց նրան. «Ով որ այս ջրից խմի, նորից կծարավի, 14իսկ ով որ այն ջրից խմի, որը ես կտամ իրեն, այլևս երբեք չի ծարավի հավիտյան: Մանավանդ թե, ջուրը, որ ես կտամ իրեն, իր մեջ ջրի աղբյուր կդառնա, որ ցայտում է հավիտենական կյանքի համար»: 15Կինը Նրան ասաց. «Տե՜ր, տո՜ւր ինձ այդ ջուրը, որպեսզի չծարավեմ և այստեղ չգամ ջուր հանելու»:
16Ասաց նրան. «Գնա՛, կանչի՛ր ամուսնուդ և արի՛ այստեղ»: 17Պատասխանեց կինը և Նրան ասաց. «Ամուսին չունեմ»: Հիսուսը նրան ասաց. «Լա՛վ ասացիր, թե. ''Ամուսին չունեմ'': 18Փաստացի, հինգ ամուսին ես ունեցել, և այն մեկը, որին հիմա ունես, քո ամուսինը չէ: Դա ճիշտ ասացիր»: 19Կինը Նրան ասաց. «Տե՜ր, տեսնում եմ, որ Դու մարգարե ես: 20Մեր հայրերն այս լեռան վրա պաշտամունք մատուցեցին, իսկ դուք ասում եք, թե Երուսաղեմում է այն վայրը, ուր հարկավոր է պաշտամունք կատարել»: 21Հիսուսը նրան ասաց. «Հավատա՛ ինձ, ո՜վ կին, որ հասնում է ժամը, երբ ո՛չ այս լեռան վրա և ո՛չ էլ Երուսաղեմում եք պաշտամունք մատուցելու Հորը: 22Դուք պաշտում եք՝ Ում չեք ճանաչում, մենք պաշտում ենք՝ Ում ճանաչում ենք, քանի որ փրկությունը հրեաներից է: 23Բայց հասնում է ժամը և այժմ իսկ է, երբ ճշմարիտ երկրպագուները պաշտամունք կմատուցեն Հորը հոգով և ճշմարտությամբ. Հայրն էլ, արդարև, այդպիսի երկրպագուներ է Իր համար կամենում: 24Հոգի է Աստված, և նրանք, ովքեր պաշտամունք են մատուցում Նրան, պետք է պաշտամունք մատուցեն հոգով և ճշմարտությամբ»: 25Կինը Նրան ասաց. «Գիտեմ, որ Մեսսիան՝ Քրիստոս կոչվածը, գալիս է: Երբ Նա գա, մեզ ամեն ինչ կհայտնի»: 26Հիսուսը նրան ասաց. «Ես եմ, որ խոսում եմ քո հետ»:
27Եվ այդ խոսքի վրա Նրա աշակերտները եկան և զարմանում էին, որ կնոջ հետ էր խոսում: Ոչ ոք, սակայն, չասաց. «Ի՞նչ ես ուզում», կամ. «Ինչո՞ւ ես խոսում նրա հետ»: 28Կինը, մինչդեռ, թողեց իր սափորը և քաղաք գնաց ու մարդկանց ասաց. 29«Եկե՛ք, տեսե՛ք մի մարդու, որ ինձ ասաց այն ամենն, ինչ արել եմ: Արդյոք Նա՞ է Քրիստոսը»: 30Նրանք դուրս ելան քաղաքից և գալիս էին Նրա մոտ:
31Մինչ այդ աշակերտները խնդրում էին Նրան, ասելով. «Ռաբբի՜, կե՛ր»: 32Բայց Նա ասաց նրանց. «Ես ուտելու կերակուր ունեմ, որ դուք չգիտեք»: 33Աշակերտներն, ուստի, մեկը մյուսին ասում էին. «Թերևս ինչ որ մեկը Նրան ուտելիք է բերել»: 34Հիսուսն ասաց նրանց. «Իմ կերակուրն այն է, որ ես կատարեմ կամքը Նրա, Ով ինձ ուղարկել է, և ավարտին հասցնեմ Նրա գործը: 35Դուք չեք ասո՞ւմ, թե. ''Դեռ չորս ամիս կա և հունձքը հասնում է'': Ահա՛, ես ձեզ ասում եմ. ''Բարձրացրե՛ք ձեր աչքերը և նայե՛ք արտերին, որ արդեն իսկ փայլում են հունձքի համար'': 36Ով հնձում է, վարձատրություն է ստանում և արդյունք է հավաքում հավիտենական կյանքի համար, որպեսզի սերմանողն ու հնձողը միասին ուրախանան. 37քանի որ սրանով է իրականանում այն խոսքը, թե. ''Ա՛յլ է սերմանողը, և ա՛յլ՝ հնձողը'': 38Ես ձեզ ուղարկեցի հնձելու այն, ինչի վրա դուք չեք տքնել. ուրիշները տքնեցին, իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք»:
39Եվ իրոք, այդ քաղաքից բազմաթիվ սամարացիներ հավատացին Նրան կնոջ խոսքի պատճառով, որ վկայեց, թե. «Ինձ ասաց այն ամենն, ինչ արել եմ»: 40Երբ, ապա, սամարացիները Նրա մոտ հասան, խնդրեցին Նրան իրենց հետ մնալ, և Նա երկու օր այնտեղ մնաց: 41Շա՜տ շատերն էլ Նրա խոսքի պատճառով հավատացին, 42և կնոջն ասում էին, թե. «Այլևս քո խոսքի պատճառով չէ, որ մենք հավատում ենք, այլ՝ որովհետև մենք ինքներս լսեցինք և գիտենք, որ Նա՛ է ճշմարտապես Փրկիչն աշխարհի»:
4, 1 - «Հիսուսն իմացավ». Որոշ ձեռագրերում հանդիպում է «Տերն իմացավ» տարբերակը:
 
4, 2 - Տե՛ս 3, 22+-ի երկրորդ մասը:
 
4, 4 - «Սամարիայի». Տե՛ս Մտթ 2, 1+-ի առաջին մասը և 10, 5+:
 
4, 5 - «Սյուխար». Կամ Սյուքեմ (Ծնդ 12, 6; Թց 26, 32; Գրծ 7, 16; և այլն). արամայերեն՝ Սիխարա, այժմյան Ասքար գյուղը Էբալ լեռան ստորոտին, Նաբլուսի մոտակայքում: Հակոբի այս ջրհորը Ծննդոց գրքում չի հիշատակվում:
 
4, 6 - «ճանապարհից հոգնած ... ջրհորի մոտ». Մանրամասնություն, որով ընդգծվում է Հիսուսի մարդկային բնությունը: Ճանապարհից հոգնած, Հիսուսը նստում է ջրհորի մոտ, բառացի՝ ջրհորի վրա («ἐπὶ τῇ πηγῇ» - «էպի տէ պեգէ». գրաբարը. «'ի վերայ աղբերն»), այսինքն՝ ջրհորի վերին եզրագիծը կազմող քարի վրա: ꟷ
- «տասներկուսն». Բառացի՝ վեցերորդ ժամ:
 
4, 9 - «ինչպե՞ս». Հրեաները սամարացիներին նկատում էին որպես ծիսական առումով անմաքուր մարդիկ (Սրք 50, 25-26; Հվհ 8, 48; Ղկս 9, 52-55; հմմտ. Մտթ 10, 5; Ղկս 10, 33; 17, 16), ուստի իրենց համար արգելված էր ջուր խմել որևիցէ անոթից, որին սամարացիները ձեռք էին տվել: Սրա համար է սամարացի կինը զարմանում, որ Հիսուսն իրենից խմելու ջուր է ուզում:
 
4, 11 - «Տե՜ր». Հիսուսի հանդեպ սամարացի կնոջ կողմից դրսևորված հարգանքը արտահայտվում է «տեր» տիտղոսով («κύριος» - «կյուռիոս»), որ նշանակում է տեր, տիար, պարոն, նաև վարպետ, ուսուցիչ: Այդ տիտղոսը հնում գործածվում էր և՛ անվանի մարդկանց, և՛ աստվածներին դիմելու համար: Նաև այդ եզրն է, որ գործածվել է Հին Կտակարանի հունարեն Յոթանասնից կոչվող թարգմանության մեջ՝ եբրայեցերեն «אֲדֹנָי» - «Ադոնայ» եզրը թարգմանելու համար. եզր, որով փոխարինվում էր աստվածային Յահվե անունը:
 
4, 15 - Կինը չհասկանալով, թե ի՛նչ ջրի մասին է Հիսուսը խոսում և թե ի՛նչ կապ կա իր «ջրի» ու «հավիտենական կյանքի» միջև, սահմանափակվում է ուզենալով ներկայի նյութական ջուրը, որն իրեն կոնկրետ կերպով կազատի ամեն անգամ ջրհորի մոտ գալու կարիքից: Բավականաչափ հավատք չունի՝ բացելու համար իր սիրտն ու միտքը՝ «տեսնելու» ավելի վեր, այնտեղ՝ ուր գտնվում է գալիք պարգևը հոգեղեն ջրի, որ «ցայտում է հավիտենական կյանքի համար» (14):
 
4, 18 - «հինգ ամուսին ես ունեցել». Սամարացի կնոջ ունեցած հինգ ամուսիններին ակնարկելով՝ Հիսուսը թերևս այլաբանորեն ակնարկում է սամարացիների հեթանոսական ծագմանն ու կռապաշտությանը, քանի որ նրանք, Յահվեի պաշտամունքը պահպանելով հանդերձ, հեթանոսական հինգ տաճարներ էին կառուցել և պաշտամունք մատուցել (2Թգ 17, 24-41): Հակոբի տված ջուրը (Մովսիսական Օրենքը) չէր հագեցրել ժողովրդի ծարավը, և այդպիսով՝ նրանք, Միակ Աստծուն հավատարիմ մնալու փոխարեն, տրվել էին կուռքերի անհագ փնտրտուքին, ինչը որ այստեղ արտահայտվում է սամարացի կնոջ ունեցած բազմաթիվ ամուսինների պատկերով: Ամուսնական սիրո հանդեպ անհավատարմության և կռապաշտության նույնացումը Հին Կտակարանի ընթացիկ թեմաներից է, որ ներկա է նաև Ավետարաններում (տե՛ս Մտթ 12, 39+ և 18, 8-9+-ի երկրորդ մասը):
 
4, 19 - «տեսնում եմ». Հուն. «θεωρέω» - «թէօռէօ» բայը նշանակում է նայել, դիտել, նայել՝ վերլուծելու նպատակով, դիտել՝ ուշադրությունը արտահայտվող իմաստի վրա կենտրոնացնելով, տեսնել՝ ներքուստ մասնակցելով, փորձառություն ունենալով, հասկանալով: – Գրաբարը. «թուի ինձ»։ ꟷ
- «մարգարե ես». Սամարացի կինը կամաց կամաց միշտ ավելի ու ավելի է մոտենում Հիսուսի ճշմարիտ հայտնությանն ու ինքնության ճանաչմանը: Սկզբում Նրան տեսել էր իբրև մի հրեա, հետևաբար՝ թշնամի (9), ապա՝ որպես «մեր հայր Հակոբից ավելի մեծ մեկը» (12), այժմ՝ որպես մի մարգարե, վերջում՝ հանձինս Նրա ճանաչելու է Մեսսիային (29):
 
4, 20 - «այս լեռան վրա». Խոսքը Գարիզիմ լեռան մասին է (հրեաների համար՝ Էբալ), Սյուքեմից արևմուտք, գագաթը ծովի մակերևույթից 868 մ բարձր: Սամարացիներն այդտեղ մի տաճար էին կառուցել Ալեքսանդր Մակեդոնացու օրոք, որովհետև, ըստ իրենց ավանդությունների, դա էր Աբրահամի մատուցած զոհաբերության վայրը: Այդ տաճարը կառուցվել էր Երուսաղեմի Տաճարի նմանությամբ: Ք.ա. 129 թվականին սամարացիների այդ տաճարը քանդվեց Հուդա Մակաբայեցու թոռ, Սիմոն Մակաբայեցու որդի, հրեաների էթնարկ և քահանայապետ Հովհաննես (Յոհանան) Գիրհանի հրամանով: Ք.հ. 36 թվականին Պոնտացի Պիղատոսը դաժանորեն ճնշեց սամարացիների ապստամբություններից մեկը, իսկ 67 թվականին այդտեղ ապաստանած սամարացիները (11.600 հոգի) անխնա կոտորվեցին Վեսպասիանուսի զորքերի կողմից: 1964 թվականին կատարված պեղումների արդյունքում գտնվեցին սամարական տաճարի մնացորդները: Սամարական պաշտամունքը, իր սեփական քահանայապետով, շարունակում է գոյություն ունենալ մինչև այսօր: ꟷ
- «Երուսաղեմում է այն վայրը». Որոշ ձեռագրերում հանդիպում է «Երուսաղեմն է այն վայրը» տարբերակը:
 
4, 21 - «հասնում է». Հուն. «ἔρχεται» - «էռխետայ». Ճշգրիտ կերպով՝ հասնելու վրա է, վրա է հասնում, շատ մոտ է հասնելու, ուր որ է հասնում է: Նույնը նաև 23րդ և 25րդ տողերում:
 
4, 22 - «փրկությունը հրեաներից է». Փրկիչ Մեսսիան ծնունդով Հուդայի տոհմից էր: Նա մարմնապես կապված է ժողովրդին, որին Աստված ընտրեց՝ առաջ տանելու համար Իր ծրագիրը, և որի հետ Ուխտի դաշինք կնքեց: Այդ ժողովրդից էին Նահապետներն ու Մարգարեները, որոնց միջոցով Աստված հայտնվեց. այդ ժողովրդից էին Առաքյալները, որոնց միջոցով Փրկության պատգամը տարածվեց աշխարհով մեկ: Ահա՛ թե ինչո՛ւ Հիսուսը, ամենայն իրավացիությամբ, գիտակից ու հեղինակավոր կերպով կարող է հաստատել, որ «փրկությունը հրեաներից է»: – «Ընտրություն» աստվածաշնչային հասկացողությունը ճշգրիտ կերպով հասկանալու համար՝ տե՛ս Մտթ 3, 7-10+; 8, 12+; 16, 18+; 24, 22+:
 
4, 23 - «ճշմարիտ երկրպագուները». Պատմական տվյալը հաստատելուց հետո, ըստ որի՝ փրկությունը հրեաներից է, այն իսկույն գերազանցվում է. Քրիստոսի գալուստով այլևս ժամանակավրեպ են խոսակցությունները ո՛չ միայն հրեաների ու սամարացիների միջև գոյություն ունեցող տարբերությունների, այլ՝ բոլոր ժողովուրդների ու դասակարգերի միջև գոյություն ունեցող տարբերությունների մասին (հմմտ. Գղտ 3, 28): Ժամանակներից մեկն ավարտվել է և նոր ժամանակ է սկսվել՝ Վերջին Ժամանակը. այլևս գոյություն չունեն առանձնաշնորհյալ վայրեր, օրենքներ, խմբեր կամ ավանդություններ, որոնք հարկավոր է ի գին ամեն ինչի պաշտպանել, որովհետև այժմ կա Ինքը՝ Հիսուսը, որպես Աստծո հետ հաղորդակցության ուղիղ ու անմիջական կամուրջ. Քրիստոսը եկել է ավետելու ու վկայելու ո՛չ թե հին օրենքի Աստծուն, այլ՝ նոր պատվիրանի, սիրո պատվիրանի Աստծուն. եկել է ո՛չ թե միայն մեկ ժողովուրդ փրկելու կամ ազատագրելու, այլ՝ հավիտենական կյանքը պարգևելու նրանց, ովքեր հավատում են Իրեն (3, 16): ꟷ
- «հոգով և ճշմարտությամբ». Այս շրջանակի մեջ, Հորն ուղղված պաշտամունքը նույնպես փոխում է իր բնութագիրն ու հեռանկարները: Նորությունը կայանում է Նրան «հոգով և ճշմարտությամբ» երկրպագելու մեջ (հին ձևապաշտությունների փոխարեն), այսինքն՝ թույլատրելով, որ «ճշմարտության Հոգին» կաղապարի մեր սիրտն ու միտքը (14, 17; 15, 26; 16, 13), կողմնորոշելու համար մեր ողջ կյանքը, մեր ողջ էությունը առ Աստված: Միմիայն այսպես է, որ անձը դառնում է Հոր ճշմարիտ երկրպագու և հավատարիմ վկա Որդու, Ով ճանաչում է Նրան (7, 29; 8, 55) և ուղարկվել է Նրան հայտնելու (3, 32):
 
---
 
4, 23 - Սուրբ Հոգին (տե՛ս 14, 26 և 14, 26+), լինելով ի վերուստ վերածննդի սկզբունքը (3, 5), սկզբունքն է նաև նոր ու հոգևոր պաշտամունքի (հմմտ. 2, 21 և 2, 21+, և Հռմ 1, 9): Այս պաշտամունքը կատարվում է «ճշմարտությամբ» (ճշմարտության մեջ, ճշմարտության համաձայն). միակն է, որ համապատասխանում է հայտնությանը, որն Աստված կատարել է հանձինս Հիսուս Քրիստոսի:
 
---
 
4, 24 - «Հոգի է Աստված». Հուն. «Πνεῦμα ὁ Θεός» - «Պնէումա հո Թէոս». Բառացի՝ Հոգի Աստվածը (որոշյալ հոդով և առանց օժանդակ բայի): ꟷ
- «ովքեր պաշտամունք են մատուցում Նրան». Որոշ ձեռագրերում «Նրան» դերանունը բացակայում է:
 
4, 25 - «կհայտնի». Հուն. «ἀναγγελεῖ» - «անանգելեի». Բառացի՝ կավետարանի, կհռչակի, կպատգամի, հստակ կերպով կտեղեկացնի: – Ավետարանիչներից միայն Հովհաննեսն է գործածում այս բայը (4, 25; 5, 15; 16, 13.14.15):
 
4, 27 - «զարմանում էին». Աշակերտների զարմանքը լիովին հասկանալի է: Հրեա ռաբբիներին թույլատրված (վայելուչ) չէր փողոցում կանանց հետ զրուցելը, որովհետև համոզումը կար, որ դա նրանց միտքը կհեռացներ Օրենքի ուսումից: Նաև նշումը, թե հարցեր չուղղեցին Հիսուսին, ցույց է տալիս, թե նրանք ի՛նչ աստիճանի շփոթված էին, տեսնելով, որ մի անծանոթ կնոջ (և սամարացի՛ կնոջ) հետ զրուցելով՝ Նա բնավ կարևորություն չէր տալիս այդ արգելքին:
 
4, 28 - «թողեց իր սափորը». Այստեղ, ինչպես և 2, 6-7 տողերում, Հովհաննեսը գործածում է «ὑδρία» - «հյուդռի՛ա» - «ջրաման» եզրը: Ի դեպ, սրանք են միակ երեք անգամները, որ այս եզրը գործածվում է Նոր Կտակարանում: Երկու դրվագներում էլ ջրամանը խորհրդապատկերն է Մովսիսական Օրենքի, որով կինն այստեղ գնացել է գոյության ջրհորից կյանք հանելու: Նշումը, թե Մեսսիային գտած լինելու լուրը մարդկանց տանելու համար նա «թողեց իր սափորը», որը ջրհորի հետ ունեցած իր կապն էր, խորհրդանշում է նաև Մովսիսական Օրենքի հետ խզումը: ꟷ
- «քաղաք գնաց». Մի շարք ձեռագրերում և հայրախոսական աշխատություններում հանդիպում է «վազեց քաղաք» տարբերակը:
 
4, 30 - Հմմտ. Մտթ 3, 5+:
 
4, 32 - «կերակուր». Հուն. «βρῶσις» - «բռօսիս». Ուտելիք, ուտելու բան, կերակուր, նաև՝ սնունդ:
 
4, 34 - Նաև Պողոսը (Հռմ 8, 3; Գղտ 4, 4) և համատես երեք Ավետարաններն են Հիսուսին անվանում Հոր Առաքյալը, Հոր կողմից ուղարկվածը, բայց Հովհաննեսն է, որ շարունակ պնդում է այս կետի վրա (3, 17; 5, 24.36-38; 8, 42; 9, 7; 11, 42; 17, 8.21-25): Քրիստոսը եկել է Հորից (3, 31; 6, 46; 7, 29; 8, 42; և այլն), իջել է երկնքից՝ Հոր մոտից (3, 13; 6, 38.42), ասում է Հոր խոսքերը (3, 34; 7, 16; 8, 26-28; 12, 49-50; 14, 24; 17, 8.14), կատարում է Հոր կամքը, Հոր գործերը (4, 34; 9, 4; 10, 32-37; 14, 10): Հավատքը (3, 12) կայանում է այն բանի մեջ, որ հանձինս Քրիստոսի ճանաչվի Նա, Ում Հայրն ուղարկել է (7, 28-29; 17, 21-25; 19, 9): Առաքյալները հետագայում մասնակից են դարձվելու Որդու առաքելությանը (13, 20; 17, 18; 20, 21; հմմտ. 17, 20; Գրծ 1, 26; 22, 21; Հռմ 1, 1):
 
4, 35 - «նայե՛ք արտերին, որ արդեն իսկ փայլում են հունձքի համար». Խոսքը հոգևոր հունձքի մասին է, որի առաջին հասկերը իրենց քաղաքից, այսինքն՝ իրենց հին մտահամակարգից «դուրս ելած» և դեպի Քրիստոսը եկող սամարացիներն են (30): Առաքյալները (հին ու նոր) կարող են արդեն գործի անցնել և հասունացած բերքը հավաքել Քրիստոսի Արքայության՝ Եկեղեցու շտեմարաններում:
 
4, 36 - «արդյունք». Հուն. «καρπός» - «կառպոս». Բառացի՝ պտուղ, բերք: Գրաբարը. «ժողովէ զպտուղ»։
 
4, 37 - «իրականանում». Հուն. «ἐστὶν ἀληθινὸς» - «էստին ալեթինոս». Բառացի՝ ճշմարիտ է: Գրաբարը. «Յայսմ իսկ է բանն ճշմարիտ»։ ꟷ
- «Ա՛յլ է սերմանողը, և ա՛յլ՝ հնձողը». Մեջբերված ասացվածքն այստեղ չի ներկայանում այն հոռետեսական ձայներանգով, որն ունի Միք 6, 15-ում, բայց դժվարին է հաստատել, թե աշակերտների կյանքի ու առաքելության ո՛ր հանգրվանին է այն վերաբերվում: Խոսքը թերևս վերաբերվում է մանդատին, որը նրանք ստանում են Հիսուսի Հարությունից հետո (հմմտ., օրինակի համար, 17, 18; 20, 21): Կամ էլ՝ կարելի է հասկանալ այն իմաստով, որ «հնձողը» առաքյալներն են (բոլոր ժամանակների), իսկ «Սերմանողը» (մեծատառով, որպես հատուկ անուն)՝ Հիսուսն Ինքը (հմմտ. Մտթ 13, 4-9.18-23; Մրկ 4, 3-9.13-20; Ղկս 8, 5-8.11-15):
 
4, 38 - «ուրիշները տքնեցին». Երկու ուղղությամբ է հարկավոր հասկանալ այս խոսքը. մարդկային և աստվածային: Մարդկային առումով, այդ ուրիշները Մովսեսն ու Մարգարեներն են, որոնք Հին Ուխտի ժամանակներում «գործադրեցին արդարությունը, [...] ուժ գտան իրենց տկարության մեջ, [...] կտտանքների ենթարկվեցին, [...] տանջանքներ ու գանահարություններ, կապանքներ ու բանտարկություն կրեցին. քարկոծվեցին, սղոցվեցին, փորձության ենթարկվեցին, սրով սպանվեցին, [...] կարիքի, նեղության, չարչարանքների մեջ ապրեցին. նրանք, որոնց այս աշխարհը արժանի չէ» (Եբր 11, 32-40): Բայց ամենքի ու ամեն ինչի հիմքում աստվածայինն է. առաջին հերթին հենց Ինքը՝ Հիսուս Քրիստոսն է, որ տքնեց Իր մարդեղությամբ, Իր երկրային կյանքով ու առաքելությամբ, Իր չարչարանքներով, մահվամբ ու հարությամբ: Եվ անշուշտ, Հայրը և Սուրբ Հոգին միշտ գործակցեցին Նրա փրկարար առաքելությանը, և շարունակում են գործակցել Եկեղեցու կյանքին: – Գալով մեր ժամանակներին, մենք, իհարկե, հանձինս այդ ուրիշների կարող ենք ճանաչել նաև հենց իրենց՝ Առաքյալներին, ապա բոլոր սերունդները Հայրապետների, Մարտիրոսների, Ճգնավորների, Սրբերի ու Վարդապետների, ընտանիքներում հերոսաբար սրբակյաց Հայրերի ու Մայրերի, որոնք դարերի ընթացքում անխոնջ տքնեցին Եկեղեցու այգում: ꟷ
- «նրանց վաստակի մեջ մտաք». Այսինքն՝ նրանց վաստակածին բաժնեկից եղաք (հմմտ. Մտթ 10, 41):
 
4, 39 - «կնոջ խոսքի պատճառով». Սամարացի կինը, որպես քարոզիչ առաքյալ ներկայացվելով, նկարագրվում է գրեթե միևնույն խոսքերով, որոնցով ներկայացվում են աշակերտները Հիսուսի աղոթքի մեջ (17, 20):
 
4, 42 - «Փրկիչն աշխարհի». Հուն. «ὁ Σωτὴρ τοῦ κόσμου» - «հո Սօտեռ տու կոսմու». Հավատքը սամարացիներին հնարավորություն է տալիս գերազանցելու Մեսսիայի վերաբերյալ ունեցած իրենց ազգայնական ընկալումը և բացվելու փրկության համամարդկային հասկացողության առջև: «Փրկիչ» տիտղոսն, իրոք, – որ հազվադեպ է գործածվում Ավետարաններում (միայն Ղկս 1, 47; 2, 11 տողերում և այստեղ) – չի առնչվում նրանց սպասումներին, այլ՝ գործածվում է հենց փաստելու համար, որ նրանք մտել են մի նոր մտահամակարգի մեջ, որը հովհաննեսյան քրիստոսաբանության համակարգն է (հմմտ. նաև 1Հվհ 4, 14):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։