24-25. Ավարտական նշում – Գրադարան – Mashtoz.org

24-25. Ավարտական նշում

⁓ Հվհ 15, 27; 19, 35; 20, 30
≈ 3Հվհ 12
 
24Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, և որ գրի առավ այս բաները. և գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է: 25Արդ, ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուսն արեց, որոնք եթե մեկ առ մեկ գրի առնվեին, կարծում եմ, թե աշխարհն իսկ բավական չէր լինի պարունակելու այդ գրքերը, որ հարկավոր կլիներ գրել:
21, 24-25 - Ավարտական առաջին հատվածից հետո (20, 30-31), Հովհաննեսի Ավետարանի այս վերջնական եզրափակման մեջ հնարավոր է տեսնել նրա անմիջական աշակերտներից կամ նրա կողմից հիմնված համայնքներից մեկի վկայությունը («ὁ μαρτυρῶν» - «հո մառտյուռօն») ճշմարտացիության մասին այն ամենի, ինչը որ ավանդվել է աշակերտի կողմից, որին Հիսուսը սիրում էր:
 
21, 24 - «գրի առավ». Սա անհրաժեշտ կերպով չի նշանակում, որ աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, իր իսկ ձեռքով գրի է առել ողջ Ավետարանը: Հնում հեղինակներն ընդհանրապես թելադրում էին, իսկ գրագիրները՝ խոսքը հանձնում մագաղաթին: Նույն արտահայտությունը 19, 22 տողում գործածված է Պիղատոսի վերաբերյալ, ով, վստահաբար, ինքը չի տախտակի վրա գրել կամ փորագրել արձանագրությունը, որի մասին խոսվում է այդտեղ: Կարևոր իմաստն այն է, որ գրի առնվածը համապատասխանում է հեղինակի մտքին ու խոսքին (հմմտ. 1, 14.16): ꟷ
- «գիտենք». Այստեղ թերևս խոսում է աշակերտների մի խումբ, որոնց համայնքը հիմնվել է Հովհաննես Ավետարանիչ Առաքյալի կողմից: Սկզբում նրանք հավատացել են՝ հիմնվելով Առաքյալի վկայության վրա, բայց այժմ, երբ այդ հավատքն ապրել են անձամբ, նրանք փորձառությամբ «գիտեն», որ նրա վկայությունը ճշմարիտ է (հմմտ. 4, 42):
 
21, 25 - Ոմանք կարծում են, որ այս տողը հետագա հավելում է, քանի որ բացակայում է բազմաթիվ ձեռագրերում: Ամենայն հավանականությամբ՝ 20, 30-ի կրկնությունն է, մտքի որոշակի ծավալմամբ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։