Աստծո ցորենն եմ – Գրադարան – Mashtoz.org

Աստծո ցորենն եմ

Դ. – 1. Գրում եմ բոլոր Եկեղեցիներին և հրապարակավ հայտարարում եմ բոլորին, որ ես հոժարությամբ եմ մահանում Աստծո համար, եթե դուք չխոչընդոտեք ինձ դա: Աղաչում եմ ձեզ, իմ համար մի՛ դարձեք անպատեհ բարյացակամություն: Թողեք, որ գազանների կերակուր լինեմ, որոնց միջոցով ինձ հնարավոր է հասնել Աստծուն: Աստծո ցորենն եմ և պետք է գազանների ատամների տակ աղացվեմ, որպեսզի Քրիստոսի անարատ հացը դառնամ:

 

2. Ավելի հե՛նց գազաններին համոզեցեք, որ իմ գերեզմանը դառնան և մարմնիցս ոչինչ չթողնեն, որպեսզի վերջին հանգստիս մեջ բեռ չլինեմ ոչ ոքի համար[1]: Հայնժամ, երբ աշխարհը մարմինս անգամ չի տեսնի, իսկապես աշակերտ կլինեմ Հիսուս Քրիստոսին[2]: Աղաչեցեք Քրիստոսին իմ համար, որպեսզի այս գործիքների միջոցով ես զոհաբերություն դառնամ Աստծո համար:

 

3. Ձեզ հրահանգներ չեմ տալիս Պետրոսի ու Պողոսի նման. նրանք Առաքյալներ էին, իսկ ես՝ դատապարտյալ. նրանք ազատներ էին, մինչ ես՝ տակավին ստրուկ: Բայց եթե մարտիրոսությունը կրեմ, Հիսուս Քրիստոսի ազատագիրը կլինեմ և Նրա մեջ հարություն կառնեմ որպես ազատ[3]: Այժմ, շղթայակիր վիճակում, սովորում եմ չունենալ ոչ մի ցանկություն:

 
[1] Հմմտ. 2Կր 12, 14; 1Թղ 2, 9; 2Թղ 3, 8.
[2] Իգնատիոսի միտքը մեծապես տպավորիչ է: Սուրբ Մարտիրոսը կարծես ուզում է ասել, որ Հիսուս Քրիստոսին աշակերտ լինելը սոսկ մտային իրականություն չէ, գաղափարների մի համակարգի ընդունում և վերջ: Հիսուս Քրիստոսի աշակերտ, հետևորդ լինելը սրտի հարց է, սիրեցյալի հետ անբաժանելի միության հարց: Ուստի, այստեղ՝ երկրի վրա այդ հետևորդությունը սիրո հառաչանք է, կարոտ, և իր լիակատար իսկությանը հասնելու է միայն մահից հետո, երբ աշխարհն իր մարմինն անգամ չի տեսնի:
[3] Հին Հռոմեական օրենսդրության համաձայն, ազատագիրը նա էր, ով ստրկության վիճակից իր տիրոջ տնօրինմամբ անցել էր ազատության վիճակի: Բայց ազատագրի և իր նախկին տիրոջ միջև շարունակում էին գոյություն ունենալ սերտ կապեր. մի կողմից՝ հարգանքի, մյուսից՝ պաշտպանության: Իգնատիոսն այս պատկերին է դիմում, – նաև ոճաբանական բառախաղով գործածելով «eleútheros» (ազատ) և «apeleútheros» (ազատագիր) եզրերը, – ասելու համար, որ մարտիրոսությունն իրեն կազատի մարդկային կապերից և իրեն Հիսուս Քրիստոսի ազատագիրը կդարձնի, իր և Տիրոջ միջև հաստատելով է՛լ առավել սերտ ու որդիական հարաբերություններ: Սպասելով, անշուշտ, հարությանը, երբ լիովին ազատ կդառնա Աստծո մեջ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։