Ողջույնի ու հորդորների յոթը նամակներ – Գրադարան – Mashtoz.org

Ողջույնի ու հորդորների յոթը նամակներ

Սուրբ Իգնատիոս Անտիոքացուց մեզ են հասել միայն այն յոթը նամակները, որոնք այստեղ հրատարակում ենք:

Իգնատիոսն, առաջին հայացքից, կարող է մատենագիր չթվալ այդ բառի բուն իմաստով, և իրականում ո՛չ էլ կամեցել է լինել այդպիսին: Նրա մտահոգությունները գերազանցապես միստիկ և հովվական բնույթի էին, ամենայն հավանականությամբ՝ նա չէր էլ պատկերացնում, որ ողջույնի ու հորդորների այդ թերթիկները պահպանվելու էին, ընթերցվելու և հիացմունք առաջացնելու մինչև մեր օրերը:

Արդարև, Իգնատիոսի նամակների մասին չպետք է մտածենք այնպես՝ ինչպես, օրինակի համար, մտածում ենք Կիկերոնի կամ ա՛յլ «դասականների» նամականիների մասին. վերջինների համար նամակագրությունն իրենից ներկայացնում էր մի իրական գրական ոճ (ժանր), սկզբից ևեթ սահմանված՝ հրապարակման, որի պատճառով էլ՝ յուրաքանչյուր տառ ենթարկվում էր հղկման ու ոճավորման ուշադիր աշխատանքի: Իգնատիոսի համար, ինչպես արդեն ասացինք, խոսքը վերաբերվում էր պարզունակ թերթիկների, որոնք ուղարկում էր այն համայնքներին, որոնց կողմից արժանացել էր մտերմության ու քաջալերանքի, նրանց պատվիրակությունների միջոցով: Գրում էր, որպեսզի նախևառաջ շնորհակալություն հայտներ նրանց ազնիվ վարմունքի համար և որպեսզի քրիստոնյաներին կոչ ուղղէր՝ համերաշխությամբ և ճշմարիտ հավատքով հետևելու Տիրոջը:

Այդուհանդերձ, այդ նամակներն իսկույն այնքա՜ն խթանիչ ու ոգևորիչ, բովանդակությամբ այնքա՜ն հարուստ, ավետարանական մաքուր քնարականությամբ այնքա՜ն համակված թվացին քրիստոնեական համայնքներին, որ անմիջապես բոլորի մեծարանքի առարկան դարձան: Տարբեր քաղաքների քրիստոնեական տարբեր համայնքներ սկսեցին միմյանց փոխանցել այդ նամակները, այնպես՝ որ շուտով վտանգ առաջացաւ, որ նամակներից ոմանք կարող էին կորել, կամ – ինչպես հաճախ և հեշտորեն էր տեղի ունենում հնում – ոճով ու մտքերով Իգնատիոսի նամակներին նմանվող անանուն ինչ որ մի գրություն վերագրվեր նրա գրչին և սխալմամբ ներմուծվեր Իգնատիոսի նամականու ցանկի մեջ:

Թերևս այսպես է բացատրվում այն փաստը, որ հնում շրջանառության մեջ էին գտնվում Իգնատիոսի նամականու երեք տարբեր հավաքածուներ: Սրան է վերաբերվում բանասերների կողմից երկար ժամանակ ծեծված «իգնատիոսական հարցը», որին մենք այստեղ մանրամասն չենք անդրադառնա, քանի որ դա չէ այս հրատարակության նպատակը: Բավական է միայն ասել, որ այսօր բոլորի կողմից ընդունված և վավերական ճանաչվածը դա այսպես կոչված «Համառոտ» հավաքածուն է: Նրան մաս են կազմում յոթը նամակներ. Եփեսացիներին, Մագնեզիացիներին, Թրալլիսացիներին, Հռոմեացիներին, Ֆիլադելֆիացիներին, Զմյուռնիացիներին, Պողիկարպոսին: Այս համոզումը հիմնվում է Սուրբ Պողիկարպոսի և Եվսեբիոս Կեսարացու[1] հեղինակավոր վկայությունների վրա, ինչպես նաև՝ վերջին երեք դարերի ընթացքում կատարված խորաթափանց ուսումնասիրությունների վրա, որոնք իրենց գագաթնակետին հասան Լայթֆուտի և Ֆունկի կատարած մանրակրկիտ քննություններով:

Երկրորդ հավաքածուն, որ կոչվում է «Երկար», նախ՝ հիշված յոթը նամակները ներկայացնում է ավելի երկար տարբերակով, ապա՝ այդ յոթը նամակներին ավելացնում է ևս վեցը նամակ. Փիլիպպեցիներին, Տարսոնացիներին, Անտիոքացիներին, Էրոնին, առավել մի նամակ Իգնատիոսից Մարիամ Քասսոբոլացուն, և մի նամակ էլ՝ Մարիամ Քասսոբոլացուց Իգնատիոսին: Ինչ վերաբերվում է առաջին յոթը նամակների առավել երկար տարբերակ ունենալուն, հստակ է, որ ավելացված հատվածները դրանք ծանոթագրություններ են կամ դժվարիմաց հատվածներին տրված բացատրության փորձեր: Մյուս վեց նամակները ինչ որ մեկի գործն են, ով Իգնատիոսին նմանակելու փորձ է կատարել. մի բան, որ հնում տարածված երևույթ էր:

Երրորդ՝ «Ամենակարճ» հավաքածուն Իգնատիոսի նամակների թիվը սահմանափակում է միայն երեքի. Եփեսացիներին, Հռոմեացիներին, Պողիկարպոսին: Այս երեք նամակների բովանդակությունն էլ, իր հերթին, բավականին կրճատվել է: Այս երրորդ հավաքածուն պահպանվել է ասորական ձեռագրերում. ամենայն հավանականությամբ՝ խոսքը վերաբերվում է Իգնատիոսի վավերական նամականուց կատարված հատընտիր քաղվածքի, որ կատարվել է ինչ որ մի հերետիկոսի ձեռքով, ով կամեցել է Իգնատիոսի նամականուց դուրս թողնել այն հատվածները, որոնք ակնհայտ կերպով ընդդիմանում էին իր սեփական դիրքորոշումներին:

 

Իգնատիոսի նամակների – հատկապես Հռոմեացիներին ուղղված նամակի – վերաբերյալ հայտնի է Փոլ Ալլարդի կարծիքը. «Ինչպես քրիստոնեական հին գրականությունը, անկասկած նաև մյուս բոլոր մշակույթների հին գրականությունները, առավել գեղեցիկ ոչինչ չեն ընծայում: Գրական կերպի թերությունները, դժվարիմաց տողերն ու կրկնությունները վերանում են բովանդակության անհամեմատելի մեծության առաջ»[2]:

Կարծիք, որին կարելի է լիովին համաձայնվել: Իգնատիոսի հոգին չափազանց լի էր, և զգացմունքների հոսանքը՝ չափազանց ուժգին, որպեսզի շարահյուսական կանոնները միշտ հարգվեին և բոլոր հատվածներն անխտիր շարադրվեին հստակ և իսկույն ընկալելի ոճով: Հայտնի բոլոր ուսումնասիրողներն են սա ընդգծում: Հեղինակավոր Էդուարդ Նորդենն, օրինակ, գրում է. «Նամակների յուրաքանչյուր բառից, յուրաքանչյուր խոսքից ճառագայթում է մի հստակ, շեշտված, ցայտուն անհատականություն, որն արտահայտվում է մտքի սքանչելի նրբությամբ: Հնարավոր չէ երևակայել առավել անձնական մի գործ: Ինչին որ համապատասխանում է նաև ոճը. ամենավեհ կրքոտությամբ և կերպի ազատությամբ: Այդ ժամանակաշրջանի ուրիշ ո՛չ մի գրություն լեզվական ձևակերպումների վրա բռնություն չի գործադրում նույնքան ցայտուն կերպով: Ռամկաբանություններ, լատինաբանություններ, նոր բառեր ու բառակապակցություններ. բոլորն էլ՝ չլսված համարձակությամբ: Մտքեր, որոնք թվում է, թե մանրամասն քննարկվելու են, սկսվում են և ապա հանկարծակի ընդհատվում: Բայց այնպիսի տպավորություն չկա, թե դրա պատճառը կարող է լինել հունարենով հստակ ու անսխալ կերպով արտահայտվելու ազգությամբ ասորի հեղինակի անկարողությունը, այն նույն կերպ՝ ինչպես փյունիկ Տերտուղիանոսի մոտ պատճառը լատիներենի անգիտությունը չէ: Երկուսի մոտ էլ ավելի ներքին, հոգևոր հրայրքն ու կիրքն են, որ ազատվում են ձևերի ու կերպերի կապանքներից»[3]:

Իգնատիոսի նամակներում անկասկած բացակայում են այն ներդաշնակությունը, այն հավասարակշռությունը, գաղափարների այն համակարգված շարադրությունը, որոնք կիկերոնյան տիպարի համաձայն՝ կազմում են «մատենագրի» բնորոշ հատկանիշները: Բայց եթե ճիշտ է, որ ոճը դա մարդն ինքն է, մարդու ինքնությունը, եթե գրել՝ նշանակում է արտահայտվել, բացահայտվել, մասնակից դարձնել սեփական զգացումներին ու ապրումներին, ուրիշների փոխանցել սեփական հոգու ու սրտի հրայրքը, կարող ենք, ուրեմն, առանց երկմտանքի հաստատել, որ Իգնատիոս Անտիոքացին մատենագիր է, և մե՛ծ մատենագիր:

Թերևս՝ իր կողմից անգիտակցորեն. անկասկած՝ առանց կամենալու, առանց այդ տիտղոսը փնտրած կամ ցանկացած լինելու:

[1] Իր «Եկեղեցական Պատմություն» աշխատությունում (Գ 36) Եվսեբիոս Կեսարացին այսպես է թվարկում Իգնատիոսի նամակները. «Զմյուռնիայում գտնված ժամանակ մի նամակ գրեց Եփեսոսի եկեղեցուն, մի ա՛յլ նամակ՝ Մագնեզիայի եկեղեցուն, և մի երրորդ նամակ՝ Թրալլիսի եկեղեցուն: Սրանցից բացի, գրեց նաև Հռոմի եկեղեցուն [...]: Տրովադայից, ապա, նոր նամակներ առաքեց Ֆիլադելֆիացիներին, Զմյուռնիայի եկեղեցուն, և ի մասնավորի՝ Պողիկարպոս Եպիսկոպոսին»:
[2] P. Allard, Storia critica delle persecuzioni, Firenze 1931, p. 174.
[3] E. Norden, Die antike Kunstprosa, II, Leipzig 1898, p. 511.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։