ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ

Իգնատիոսի դեպի Հռոմ ուղևորության առաջին հանգրվանը եղավ Զմյուռնիան, որն Ասիայի մարդաշատ, բազմազգ և առևտրային ամենակարևոր քաղաքներից մեկն էր: Իրեն ուղեկցող պահակախմբի հետ միասին, Իգնատիոսն այստեղ մնաց մի որոշ ժամանակ, սիրով ու հոգատարությամբ ընդունվելով տեղի երիտասարդ Եպիսկոպոս Պողիկարպոսի կողմից: Այստեղ նա մեծարանքի ու մխիթարանքի առարկան դարձավ մերձակա Եկեղեցիների կողմից ուղարկված պատվիրակությունների (Եփեսոս, Մագնեզիա, Թրալլիս): Այստեղ նա կարողացավ ընտանի կերպով շփվել բազմաթիվ հավատացյալների հետ, հանդիպելով ամեն դասակարգի անձանց, հաստատելով մտերիմ հարաբերություններ: Այստեղ, սակայն, առիթն ունեցավ նաև հանդիպելու որոշ Հուդայականների և, հատկապես, Դոկետների, որոնց հետ բուռն բանավեճեր ունեցավ:

Վերսկսելով ուղևորությունը, խումբը կարճ ժամանակում հասավ Տրովադա: Այդտեղ Իգնատիոսի առաջին գործերից մեկը եղավ գրել սույն նամակը Զմյուռնիայի համայնքին:

Ճիշտն ասած, առավել ակնկալելի կլիներ գտնել խաղաղ ու հանդարտ մի նամակ, մինչդեռ խոսքը վերաբերվում է սաստիկ միջամտության, որի թիրախն են հերետիկոսներն ու իրենց կեղծ ուսմունքները, որոնց Սուրբ Մարտիրոսը հակադրում է իր բոցավառ հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, որն իսկապե՛ս Աստծո Որդին է և իսկապե՛ս մարդ է, իսկապե՛ս ծնվել է, մահացել և հարություն առել: Միայն վերջին հատվածն է նվիրված ողջույններին և երախտագիտության արտահայտություններին: Դրանց միջոցով զգում ենք, թե ինչպե՛ս էր երախտիքի ջերմ զգացումներով բաբախում Իգնատիոսի սիրտը, որն այո՛, լի էր Աստծով, բայց հավասարապես նաև լի էր մարդկային անկեղծ զգացումներով:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։