Մարդկային իղձերս խաչված են – Գրադարան – Mashtoz.org

Մարդկային իղձերս խաչված են

Է. – 1. Այս աշխարհի իշխանը ցանկանում է որսալ ինձ և ապականել ձգտումս, որ ունեմ իմ Աստծո հանդեպ: Ներկա գտնվողներիցդ ոչ ոք թող չօգնի նրան, այլ ընդհակառակը՝ իմ կողմից եղեք, այսինքն՝ Աստծո կողմից: Հիսուս Քրիստոսին ձեր շուրթերի վրա մի՛ ունեցեք, մինչ աշխարհն ունեք ձեր սրտում:

 

2. Թող ոչ մի հրապույր չհաղթի ձեզ: Ինձ էլ չպետք է հնազանդվեք, եթե ես, երբ ձեր մոտ լինեմ, սկսեմ հանկարծ աղերսել ձեզ[1]: Հնազանդվեցեք մինչդեռ խոսքերին, որոնք այժմ գրում եմ ձեզ: Ձեզ գրում եմ, քանի դեռ ողջ եմ, բայց ուժգին փափաքում եմ մահանալ: Մարդկային իղձերս խաչված են[2] և ինձնում այլևս չկա նյութը սիրող հուրը: Լսում եմ կենդանի ջրի ձայնը, որ խոսում է ներսումս և ինձ ասում է. «Ե՛կ Հոր մոտ»[3]:

 

3. Այլևս համ չեմ առնում մահկանացու սննդից, և ո՛չ էլ՝ այս կյանքի հաճույքներից: Աստծո հացն եմ ուզում, որ Հիսուս Քրիստոսի մարմինն է, ծնված՝ Դավթի սերնդից[4]: Որպես ըմպելիք ուզում եմ Նրա արյունը, որ անապական սերն է:

 
[1] Սուրբ Մարտիրոսը գովելի խոնարհությամբ գիտակցում է իր մարդկային տկարությունը: Դեմ առ դեմ մահվան առաջ հայտնվելով, հնարավոր է, որ թուլակամորեն ետ ընկրկի: Բայց կանխավ արդեն պատվիրում է, որ հռոմեացի քրիստոնյաները ուշադրություն չդարձնեն այդ անցողիկ տկարությանը:
[2] Հունարեն բնագիրը գործածում է «eráo» բայը (սիրել կրքոտությամբ, գրեթե՝ տռփանքով, այսինքն՝ սաստիկ) և համապատասխան «éros» գոյականը, որը նախընտրում ենք թարգմանել «իղձ», խուսափելու համար այն երկիմաստությունից, որին հանդիպում ենք դեռ հայրախոսական ժամանակներից սկսած. Իգնատիոսի այս «խաչված սեր» արտահայտության մեջ ոմանք ակնարկ են տեսնում խաչված Քրիստոսին, բայց համատեքստը, ինչպես նաև գործածված եզրը («éros») անկասկած բացառում են նման մեկնաբանության հնարավորությունը: Իգնատիոսը պարզապես կամենում է ասել, որ իրեն սպասող մահվան իրականության մեջ նա արդեն մուտք է գործել և այդ իրականությունն արդեն իսկ ապրում է իր մարմնավոր, հոգևոր և հոգեբանական բոլոր ուժերով. սիրելու իր կարողությունը, այսինքն՝ հենց «éros»ը, արդեն իսկ խաչված է:
[3] «Կենդանի ջուրը», այսինքն՝ Սուրբ Հոգու ներկայությունը (հմմտ. Հվհ 4, 10; 7, 38; Զք 14, 8) Իգնատիոսին մաքրել է երկրային փափաքներից և այժմ նրան կանչում է Հոր մոտ (հմմտ. Հվհ 14, 12):
[4] Հմմտ. Հվհ 7, 42; Հռմ 1, 3; 2Տմ 2, 8.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։