Զգուշացեք Հուդայականությունից – Գրադարան – Mashtoz.org

Զգուշացեք Հուդայականությունից

Զ. – 1. Եթե ինչ որ մեկը ձեզ Հուդայականություն քարոզի, մի՛ լսեք նրան: Արդարև, ավելի լավ է թլփատված հրեայից լսել Քրիստոնեության մասին, քան թե անթլփատ մեկից՝ Հուդայականության մասին: Երկուսն էլ, համենայն դեպս, եթե չեն խոսում Հիսուս Քրիստոսի մասին, իմ համար դամբանաքարեր են և մեռյալների գերեզմաններ, որոնց վրա մարդկային անուններ են գրված պարզապես[1]:

 

2. Հեռու փախեք, ուստի, այս աշխարհի իշխանի հրապուրիչ հնարքներից ու ծուղակներից, որպեսզի նրա մտածելակերպի տակ չճնշվեք ու չտկարանաք սիրո մեջ: Այլ՝ ընդհակառակը. բոլորդ, անբաժան սրտով, դիմեք միության:

 

3. Գոհություն եմ հայտնում իմ Աստծուն, որ իմ խիղճը ձեր նկատմամբ մաքուր է և ոչ ոք չի կարող պարծենալով հաստատել, – ո՛չ ծածուկ կերպով, ո՛չ էլ հրապարակայնորեն, – թե ես բեռ եմ եղել ինչ որ մեկի համար, մեծ կամ փոքր չափով[2]: Բոլոր նրանց, ում հետ խոսել եմ, մաղթում եմ, որ իմ խոսքերը ձեռք չբերեն որպես իրենց իսկ դեմ հնչած վկայություն:

 
[1] Իգնատիոսը զգուշացնում է Հուդայականների դեմ, որոնք ամեն կերպ փորձում էին հաստատել Մովսեսական Օրենքի գործադրումը քրիստոնեական համայնքներում: Այդ Հուդայականները միշտ չէ, որ ազգությամբ հրեա էին: Կային հեթանոսներ (անթլփատներ), որոնք նախ դարձի էին գալիս քրիստոնեության, բայց հետո ընկնում էին փարիսեցիական օրինապաշտության գիրկը: Մինչդեռ կային ազգությամբ հրեաներ (թլփատվածներ), որոնք օրինակելի քրիստոնյաներ էին: Ուստի Իգնատիոսն ասում է, որ ավելի օրինաչափ է գտնում դեպքը, երբ դարձի եկած հրեան քարոզում է քրիստոնեությունը, մինչդեռ ամբողջովին անտրամաբանական է հեթանոսի պարագան, որ քարոզում է Մովսեսական Օրենքի պահպանումը: Համենայն դեպս, ո՛վ էլ որ քարոզի և ի՛նչ էլ որ քարոզվի, կարևորն այն է, որ քարոզության առանցքը Հիսուս Քրիստոսը լինի: Այլապես՝ սոսկ մարդկային իրականություններ են, նման արտաքինից գեղեցկացված, բայց ներսից ոսկորներով միայն լի գերեզմանների (հմմտ. Մտթ 23, 27):
[2] Դժվար է հաստատել, թե Իգնատիոսի այս խոսքերը պարզապես արձագանքում են Պողոս Առաքյալի նմանատիպ արտահայտություններին (հմմտ. Գրծ 20, 33-34; 1Թղ 2, 7; 2Կր 11, 9; 12, 13-16), թե ուղղակիորեն պատասխանում են իր հասցեին հնչած ինչ-ինչ բամբասանքների:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։