Տիրոջ օրը – Գրադարան – Mashtoz.org

Տիրոջ օրը

Թ. – 1. Նրանք, ուստի, ովքեր ապրում էին հին կարգի համաձայն, հույսի նորությանը[1] հասան ո՛չ թե տակավին պահելով շաբաթը, այլ՝ ապրելով «Տիրոջ օրվա» համաձայն[2]. այն օրվա, որում նաև մեր կյանքը հայտնվեց Նրա և Նրա մահվան միջոցով: Ոմանք մերժում են այս փաստը, բայց սա՛ է այն խորհուրդը, որից մենք ստացել ենք հավատքը և որի շնորհիվ հարատևում ենք, որպեսզի աշակերտները լինենք[3] Հիսուս Քրիստոսի, մեր միակ Ուսուցչի:

 

2. Ինչպե՞ս կարող ենք մենք ապրել առանց Նրա, երբ Մարգարեներն անգամ, որ Նրա աշակերտներն էին հոգով, Նրան էին սպասում որպես Ուսուցիչ: Այս պատճառով է, որ Նա, Ում նրանք արդարացիորեն սպասում էին, երբ եկավ, նրանց հարություն տվեց մեռելներից[4]:

 
[1] «Հույսի նորությունը» իգնատիոսյան գեղեցիկ արտահայտություններից մեկն է՝ Հիսուս Քրիստոսի Ավետարանը մատնանշելու համար: Խոսքը հիմնականում ուղղված է Հուդայականներին, որոնք Մովսեսական Օրենքի արտաքին ձևերի նկատմամբ ծայրահեղ կապվածությամբ՝ ուժգին հակառակվում էին ավետարանական «նորությանը»: Պողոս Առաքյալն արդեն պարզել էր, որ Մովսեսի Օրենքը պատմության ընթացքում դաստիարակի դեր էր կատարել՝ առաջնորդելով դեպի Քրիստոսը (Գղտ 3, 24): Իգնատիոսն իր կողմից հավելում է, որ միմիայն դեպի Քրիստոս առաջնորդելու իրենց այս դերից ներս է, որ Հին Օրենքի գործերն իմաստ ունեին: Եթե կտրվում են Քրիստոսից և դառնում են ինքնանպատակ, ա՛յլ բան չեն, քան միայն՝ «հին հեքիաթներ»:
[2] «Տիրոջ օրը» (Հյտ 1, 10) դա Կիրակին է, որ եկավ փոխարինելու հրեական շաբաթին, ի հիշատակ Քրիստոսի Հարության: Հուստինոսն արդեն գրում էր, որ քրիստոնյաները հավաքվում են Կիրակի օրը, «որովհետև այս առաջին օրն այն է, որում Աստված ստեղծեց աշխարհը, և որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոսն այդ նույն օրը հարություն առավ մահից»: Ուստի, Իգնատիոսի համար ևս, «ապրել Տիրոջ օրվա համաձայն» նշանակում է ապրել Հարուցյալի կյանքով, ապրել Հարության լույսի ներքո:
[3] Բառացիորեն՝ «աշակերտները գտնվենք»: Իգնատիոսի միտքը վախճանաբանական երանգավորում ունի. ուզում է ասել, որ Տիրոջ երկրորդ գալստյան ու դատաստանի ժամանակ կարևոր է, որ քրիստոնյան «գտնվի» աշակերտության վիճակում: Իգնատիոսի այս խոսքն անուղղակի կերպով կապվում է Հիսուսի խոսքին. «Երբ Մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատք կգտնի՞» (Ղկս 18, 8):
[4] Հմմտ. Մտթ 27, 52-53.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։