Բ. Իգնատիոսը որպես ուղղադավանության պաշտպան – Գրադարան – Mashtoz.org

Բ. Իգնատիոսը որպես ուղղադավանության պաշտպան

Իգնատիոսի նամակներում քրիստոնեական հավատքի էական ճշմարտությունները չեն քննարկվում կամ բացատրվում քարոզի կամ նոր կատարվող ուսուցման ձևով. ներկայացվում են որպես համընդհանուր, բոլորի կողմից ճանաչված ու անվիճելի տվյալներ: Իգնատիոսը հավատքի ճշմարտությունների մասին խոսում է լիակատար բնականությամբ, ճի՛շտ որովհետև դրանք տեսնում է որպես յուրաքանչյուր քրիստոնյայի ժառանգությունը: Միմիայն երբ գտնվում է հերետիկոսության կամ հերձվածողության փորձերի դիմաց, Իգնատիոսի խոսքերը ստանում են բոցեղեն երանգ և նամակը մի պահ ձեռք է բերում ջատագովության վճռորոշ նկարագիր:

– Քրիստոնեական հավատքի առաջին առարկան Աստծո միությունն է: Մարգարեներն էլ հալածանքներ կրեցին այս ճշմարտությունը պաշտպանելու համար (Մագ. Ը.).

– Աստված մեկ է՝ երեք Անձերով. Հայրը, Որդին, Սուրբ Հոգին (Եփես. Թ., Մագ. ԺԳ 1-2).

– Աստված հայտնվել է հանձինս Քրիստոսի՝ Իր Որդու, որն Ինքն էլ Աստված է (այս ճշմարտությունը ներկա է նամակներից յուրաքանչյուրում, գրեթե բոլոր հատվածներում).

– Քրիստոսն իսկապես մարմնացել է, իսկապես տառապել է, իսկապես մահացել է և հարություն առել (Թրալ. Թ.-ԺԱ., Զմյուռ. Ա.-Ե.).

– Խորհուրդները հաստատվել են Քրիստոսի կողմից: Ամենասուրբ Հաղորդությունը դա Քրիստոսի Մարմինն ու Արյունն է (Հռոմ. Է.), հակաթույնն է՝ չմահանալու համար (Եփես. Ի.), Եկեղեցու միության աղբյուրն է (Ֆիլ. Դ., Եփես. Ե.): Մկրտության և Ամուսնության համար պահանջվում է Եպիսկոպոսի միջամտությունը կամ համաձայնությունը (Զմյուռ. Ը., Պող. Ե.).

– Աստծո Խոսքի մարդեղությունը Սուրբ Հոգու գործն է (Եփես. ԺԸ.): Սուրբ Հոգու առաքելությունն է նեցուկ լինել քրիստոնյաներին և նրանց միավորել՝ Հոր տաճարի կերտման համար (Եփես. Թ.): Սուրբ Հոգին քրիստոնյաներին մղում է միության և հետևելու Հիսուս Քրիստոսին (Ֆիլ. Է.).

– Հավատքի մաքրությունը երաշխավորվում է Եպիսկոպոսի հանդեպ համոզված հնազանդությամբ: Եպիսկոպոսը տեղական Եկեղեցու գլուխն է, Աստծո փոխանորդը: Նրան գործակցում են քահանաներն ու սարկավագները, որոնց հարկավոր է հարգել: Եկեղեցու այս նվիրապետական կառույցը հաստատվել է Առաքյալների կողմից (այս գաղափարներին հնարավոր է հանդիպել նամակներից յուրաքանչյուրում. ի մասնավորի, տես՝ Թրալ. Գ.Է.ԺԳ., Մագ. Զ., Եփես. Զ., և այլն).

– Ուղղադավանությունը հարկավոր է պաշտպանել անհապաղ և ամենայն խստությամբ: Հերետիկոսներից և հերձվածողներից հարկավոր է խուսափել գրեթե սոսկումով, որովհետև նման են վայրագ գազանների (Եփս. Է.), մարդակերպ գազանների (Զմյուռ. Դ.). բույսեր են, որ Հոր տնկարանից չեն (Ֆիլ. Գ.): Նրանց հետ ոչ մի հարաբերություն չպետք է ունենալ. միմիայն լավ է աղոթել նրանց համար, որպեսզի դարձի գան (Զմյուռ. Դ.):

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։