Ես տակավին կատարյալ չեմ ... – Գրադարան – Mashtoz.org

Ես տակավին կատարյալ չեմ ...

Գ. – 1. Նպատակ չունեմ ձեզ հրահանգներ տալու, իբրև թե «ինչ որ մեկը» լինեի: Իրոք, Հիսուս Քրիստոսի մեջ ես տակավին կատարյալ չեմ, թեև Իր Անվան պատճառով եմ շղթաներ կրում: Արդարև, հիմա եմ սկսում ուսանել և ձեզ եմ դիմում որպես իմ ուսուցչակիցների[1]. կարիքն ունեմ ձեզնից հավատքով, հորդորներով, համբերությամբ, հեզությամբ օծվելու:

 

2. Բայց քանի որ սերն ինձ թույլ չի տալիս ձեզ վերաբերվող հարցերի շուրջ լռել, նախաձեռնեցի հորդորել ձեզ, որպեսզի ընթանաք Աստծո մտքին համաձայն[2]: Եվ Հոր միտքը Հիսուս Քրիստոսն է, մեր անբաժանելի Կյանքը: Ինչպես մինչև աշխարհի չորս ծագերը հաստատված Եպիսկոպոսները նույնպես Հիսուս Քրիստոսի մտքի մեջ են[3]:

 
[1] Մի մարդ, որ տասնյակ տարիներ նվիրվել է Աստծո ծառայությանը և իր Եկեղեցին առաջնորդել է որպես Եպիսկոպոս, այժմ, երբ դատապարտվել է մահվան, սկսում է դասեր քաղել Քրիստոսի Խաչից և հանձինս հավատակից եղբայրների տեսնում է իր համար վավերական ուսուցիչների: Խոնարհ գիտակցությունից ծնված գաղափարներ են, ամենայն պարզությամբ արտահայտված, բայց թերևս հենց այս պատճառով էլ՝ հուզիչ են և խորապես տպավորիչ:
[2] «Որպեսզի ընթանաք Աստծո մտքին համաձայն». ահա՛ այն, ինչն Իգնատիոսի ամենահոգեհարազատ զգացումն է: Իմաստներով լի արտահայտությունը նշանակում է անմնացորդ հարում Հիսուս Քրիստոսին, Ով Հոր ճշմարիտ միտքն է. հարում, որն իրականանում է փոխադարձ համերաշխության մեջ, ինչպես կարդում ենք հաջորդ հատվածում:
[3] Հիսուս Քրիստոսը, Ավետարանում պատմված Իր գոյությամբ, «Հոր մտքի (gnóme)» լիակատար հայտնությունն է, այսինքն՝ այն բանի, թե Նա ճշմարտապես ո՛վ և ինչպիսի՛ն է, և թե ի՛նչ փափագ ու ծրագիր ունի արարչության հանդեպ: Զուգահեռաբար, Եպիսկոպոսներն էլ պետք է համապատասխանեն Հիսուս Քրիստոսի մտքին: Իգնատիոսը, սակայն, մի զուգահեռականություն է հաստատում, որը սոսկ համանմանական է. եթե Հիսուս Քրիստոսի համար հաստատում է, որ Նա Հոր միտքն է (գործածված է լինել բայը), Եպիսկոպոսների պարագային ասում է, որ նրանք պետք է Հիսուս Քրիստոսի մտքի մեջ լինեն (գործածված է գտնվելու տեղ ցույց տվող բայաձևը):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։