ՀՌՈՄԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ՀՌՈՄԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ

Սա անկասկած Իգնատիոսի ամենահայտնի նամակն է: Եվ թերևս ամենահայտնի նամակն է և՛ քրիստոնեական, և՛ ոչ-քրիստոնեական ողջ հին նամակագրության:

Իգնատիոսը, մարտիրոսության համար դեպի Հռոմ ուղղված իր ճամփորդության ժամանակ, հասել է Զմյուռնիա: Այստեղ նրան տեղեկացնում են, որ Հռոմում բնակվող ազդեցիկ քրիստոնյաներից ոմանք պատրաստվում են դիմել կայսրին և խնդրել ազատ արձակել շղթայված Եպիսկոպոսին: Իգնատիոսի համար դա մի մեծ «վտանգ» է, ուստի շտապում է նամակ գրել և աղերսել այդ անձանց, որպեսզի ետ կանգնեն իրենց այդ նպատակից և թողնեն, որ կատարվի այն, ինչ Աստված պատրաստում է Իր աշակերտի համար:

Ահա՛ այսպես ծնունդ է առնում մի նամակ, որի մասին կարող ենք ամենայն վստահությամբ ասել, որ ավելի աստվածային է, քան թե մարդկային, այնքա՜ն որ հագեցած է խորհրդազգացական քնարերգությամբ և առ Աստված ձգտող անզսպելի սլացքով: Նամակում բացակայում են վարդապետական կամ ջատագովական մտահոգությունները, հորդորները կամ յուրահատուկ միջամտությունները: Նամակի միակ հետաքրքրությունը Աստված Ինքն է, Նրա հետ միությունը, բաղձանքը՝ հասնել տեսնելու Նրա Դեմքը և վայելելու Նրա երանացուցիչ ներկայությունը: Եթե դրա ճանապարհը մարտիրոսությունն է, եթե դրա իրագործման պայմանը գազանների ժանիքների տակ փշրվելն է, ուրեմն Իգնատիոսի համար չկա առավել գեղեցիկ մի բան, չկա առավել բաղձալի իրականություն: Իգնատիոսի այս նամակն, արդարև, ավելի աղոթք է, քան գրություն:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։