Քանի որ դուք կատարյալ եք, ձեր մտքերն էլ թող կատարյալ լինեն – Գրադարան – Mashtoz.org

Քանի որ դուք կատարյալ եք, ձեր մտքերն էլ թող կատարյալ լինեն

ԺԱ. – 1. Ձեր աղոթքը հասել է Ասորիք, Անտիոքի Եկեղեցուն[1], որտեղից եմ ճանապարհ ընկել՝ շղթայված այս կապանքներով, որոնք մեծապես արժեքավոր են Աստծո համար: Նրանց բոլորին ուղղում եմ իմ ողջույնը, թեև արժանի չեմ այդ համայնքին անդամ լինելու, քանի որ նրանցից վերջինն եմ: Սակայն արժանի եմ համարվել Աստծո կամքի համաձայն, ո՛չ թե իմ գիտակցության, այլ՝ Աստծո շնորհի հիման վրա: Աղոթում եմ, որ այդ շնորհն ինձ տրվի ամբողջությամբ, որպեսզի – ձեր աղոթքի շնորհիվ – ես կարողանամ հասնել Աստծուն:

 

2. Ուստի, որպեսզի ձեր գործը կատարյալ լինի և՛ երկրի վրա, և՛ երկնքում, պատշաճ է, որ – Աստծո փառքի համար – ձեր համայնքը Աստծո մի պատգամավոր ընտրի, որ գնա Ասորիք և խնդակցի այդ Եկեղեցու հետ այն բանի համար, որ ապրում են խաղաղության մեջ, վերագտել են իրենց մեծությունը և համայնքը վերակազմավորվել է:

 

3. Ինձ, հետևաբար, թվում է, որ արժանի գործ կլինի, եթե ձեզնից մեկին ձեր նամակով ուղարկեք նրանց հետ տոնախմբելու Աստծո կամքի համաձայն վերագտնված խաղաղությունը և այն, որ – ձեր աղոթքի շնորհիվ – հասել են նավահանգիստ[2]: Քանի որ դուք կատարյալ եք, ձեր մտքերն էլ թող կատարյալ լինեն: Եթե կամենում եք բարին գործել, Աստված տրամադիր է ձեզ այն պարգևելու:

 
[1] Այսինքն՝ աղոթքը, որն Աստծուն ուղղել եք Անտիոքի Եկեղեցու համար խաղաղություն հայցելով, ընդունելի է եղել:
[2] Իգնատիոսը հալածանքները նմանեցնում է փոթորկահույզ ծովի, մինչ խաղաղության վերագտնումը՝ նավի մուտքին նավահանգիստ: Այլաբանական այս պատկերը հաճախ է հանդիպում հայրախոսական գրականության մեջ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։