Հավիտենական ժառանգությունը – Գրադարան – Mashtoz.org

Հավիտենական ժառանգությունը

ԺԱ. – 1. Վերջին ժամանակներն են[1]: Պատկառենք, ի վերջո, և երկյուղով մերձենանք Աստծո երկայնամտությանը, որպեսզի մեր համար այն չփոխվի դատապարտության: Ուստի, ջանանք կա՛մ երկնչել «գալիք բարկությունից»[2], կա՛մ էլ սիրենք ներկա շնորհը: Երկուսից մեկը: Միակ բանը, որն իրոք կարևոր է, Հիսուս Քրիստոսի մեջ գտնվելն է, ճշմարիտ կյանքը վայելելու համար[3]:

 

2. Նրանից բացի, ոչինչ և ոչ ոք թող չգրավի ձեր ուշադրությունը. Նրանում է, որ ես կրում եմ շղթաները, այս հոգևոր գոհարները: Տա՜ Աստված, որ ես նրանցով հարություն առնեմ, ձեր աղոթքների շնորհիվ: Այո՛, կուզենայի միշտ մասնակից լինել ձեր հիշատակմանը Աստծո առաջ, գտնվելու համար Եփեսոսի քրիստոնյաների ժառանգության մեջ, որոնք միշտ ապրել են Առաքյալների հետ համաձայն[4], Հիսուս Քրիստոսի զորությամբ:

 
[1] «Վերջին ժամանակներ» ասելով հասկացվում է այն ժամանակաշրջանը, որին անմիջապես հաջորդելու է աստվածային փառքի լիակատար հայտնությունը, Վերջին Դատաստանը: Հիսուսի Համբարձմամբ, Սուրբ Հոգու գալստյամբ և Եկեղեցու հիմնմամբ սկսվել են «վերջին ժամանակները»: Միշտ հիշելով, որ «վերջին» չի նշանակում «կարճ», ո՛չ էլ՝ «շուտով»: Հարցը չի վերաբերվում տևողությանը, այլ՝ փրկության պատմության հանգրվանների շարքին «վերջին»ը լինելուն:
[2] Հմմտ. Մտթ 3, 7.
[3] Իգնատիոսն այստեղ մատնանշում է հնարավոր երկու ճանապարհ՝ Աստծուն հասնելու և Նրա մեջ կյանք գտնելու համար. կա՛մ երկնչել գալիք դատաստանից, կա՛մ սիրել ներկա շնորհը: Երկու ճանապարհներն էլ կարող են մարդուն հեռու պահել կործանումից և օգնել նրան կերտելու մնայուն արժեքներ: Հաջորդ դարերի վանական Հայրերից Եվագրիոսը և Իսահակ Ասորին ավելի էին խորացնելու երկու ճանապարհների այս ուսմունքը, երկրորդին վերագրելով հոգևոր կյանքի առավել բարձր մակարդակ: Իգնատիոսի մոտ սա տակավին չկա, բայց կարևոր է ընդգծել, որ Իգնատիոսի համար այդ երկուսն էլ պարզապես միջոցներ են՝ միակ նպատակին հասնելու համար. Հիսուս Քրիստոսի մեջ գտնվելը: Երկու ճանապարհներից յուրաքանչյուրն էլ արժեք ունի միայն այն դեպքում, երբ օգնում է բնակվել Հիսուս Քրիստոսի մեջ, այստե՛ղ և հիմա՛ արդեն, սպասելով հավիտենական կյանքին:
[4] Այսինքն՝ Առաքյալների վարդապետությանը համաձայն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։