Անձնական դասեր – Դասասենյակը – «Մարիամի որդիներ» Ընկերությունը – Գրադարան – Mashtoz.org

Անձնական դասեր – Դասասենյակը – «Մարիամի որդիներ» Ընկերությունը

122. Վարժարանից դուրս ելա, ուրեմն, տասներեք տարեկան հասակում[1], և ուսումներս շարունակեցի՝ զանազան դասեր առնելով Տիկին Փափինոյից: Շատ բարի և շատ զարգացած անձնավորություն էր, բայց տարեց անամուսին օրիորդի վարվելակերպն ուներ և ապրում էր իր մոր հետ: Շատ սիրունիկ էր այդ փոքրիկ ընտանիքը, որ կազմում էին երեք հոգով միասին (որովհետև էգ կատուն էլ էր ընտանիքի մաս կազմում և ես պետք է հանդուրժեի, որ թավալվեր տետրերիս վրա, և նույնիսկ պետք է զմայլվեի իր գեղեցիկ ճարպիկություններով): Առավելությունն ունեի ընտանիքի մտերմության մեջ ապրելու. Բուիսոնեն բավական հեռու լինելով դասախոսուհուս մի քիչ ծերացած ոտքերի համար, խնդրել էր, որ ես գնայի իր մոտ: Երբ ժամանում էի, սովորաբար միայն Տկն. Քոշենին[2] էի հանդիպում, որը նախ դիտում էր ինձ իր խոշոր վճիտ աչքերով, ապա շեշտված ու հանդարտ ձայնով կանչում. «Տիկին Փափինո՜, ... օրիորդ Թերեզան է եկել»: Դուստրը պատասխանում էր պատրաստակամորեն, իր մանկական ձայնով. «Եկա՜, մամմա՜»: Եվ իսկույն սկսվում էր դասը:

 

123. Այդ դասերն ունեին նաև հետևյալ առավելությունը. բացի ուսումից, որ ստանում էի, օգնում էին ինձ նաև ճանաչելու աշխարհը ... : Ո՞ւմ մտքով կանցներ: Սակայն, այդ սենյակում, որ զարդարված էր հնաոճ կահույքով և լի էր գրքերով ու տետրակներով, հաճախ էի ներկա գտնվում ամեն տեսակ այցելությունների. քահանաներ, պարոններ, տիկիններ, և այլն: Զրույցների մեծամասնությունն իր վրա էր վերցնում Տկն. Քոշենը, որպեսզի դուստրը ինձնով զբաղվելու հնարավորությունն ունենար, բայց նման օրերին շատ չէի սովորում: Քիթս գրքի մեջ խոթած՝ լսում էի այն ամենն, ինչ ասվում էր, նաև բաներ, որ ավելի լավ կլիներ ինձ չլսել երբեք. ունայնությունը առանց հատուկ ճիգերի է թափանցում սրտից ներս: Տիկիններից մեկն ասում էր, որ գեղեցիկ մազեր ունեի. մյուսը, դուրս գալով ու կարծելով, թե չեմ լսում, հարցնում էր, թե ո՞վ էր այդքա՜ն հաճելի արտաքինով օրիորդը. և նման շատ ուրիշ բաներ, որոնք է՛լ ավելի հաճելի էին, երբ չէին ասվում իմ ներկայությամբ, և որոնք մի ուրախ զգացում էին թողնում հոգուս խորքում, որից էլ հասկանում էի, թե որքա՜ն լի էի անձնասիրությամբ:

 

124. Ա՜հ, որքա՜ն եմ կարեկցում այն հոգիներին, որ կորում են: Այնքա՜ն հեշտ է այս աշխարհի ծաղկազարդ արահետներում մոլորվելը: Անշուշտ, այն անձանց համար, որոնք հոգեպես մի քիչ բարձր են, աշխարհի կողմից իրենց տրված քաղցրությունը միշտ լեղախառն է, որովհետև նրանց անսահմանորեն մեծ փափագների դատարկությունը չի կարող լցվել վայրկենատև խղճուկ գովասանքներով: Բայց եթե սիրտս առ Աստված չուղղվեր առաջին զարթոնքիցս ի վեր, եթե դեպի կյանք մուտք գործելով միայն ժպիտներ ստանայի աշխարհից ամբողջ, ի՞նչ դարձած կլինեի այսօր: Ա՜հ, Մայր իմ, ինչպիսի՜ երախատագիտությամբ եմ գովերգում Տիրոջ ողորմությունը: Ինչպես ասում է Իմաստության գիրքը, Նա ինձ «աշխարհից դուրս հանեց, երբ հոգիս դեռ չէր վնասվել նրա չարությունից և երբ նրա խաբուսիկ պատկերները դեռ չէին մոլորեցրել ու որսացել հոգիս»[3]: Պահպանում էր ինձ նաև Ամենասուրբ Կույսը, որ չէր կամենում, որ իր խոնարհ ծաղիկը գունատվեր աշխարհի տապին մնալով. այդ իսկ պատճառով շտապեց իր լեռը բարձրացնել նրան առաջ, քան այն կբացվեր: Սպասելով այդ երջանիկ օրվան, փոքրիկ Թերեզան աճում էր, օրեցօր ավելի ու ավելի սիրելով իր Երկնային անուշիկ Մորը: Ապացուցելու համար այդ սերը, նա մի քայլ կատարեց, որը շատ թանկ արժեց իր համար, և որը կփորձեմ պատմել հակիրճ կերպով, հակառակ իր ծավալուն իրականությանը:

 

125. Վարժարան մտնելուցս գրեթե անմիջապես հետո ընդունվել էի Սուրբ Հրեշտակների Ընկերության շարքերը: Ինձ շատ հաճելի էին բարեպաշտական այն հրահանգները, որ գործադրվում էին ընկերության անդամների կողմից, որովհետև մի յուրահատուկ հմայք ուներ իմ համար երկնային այդ երանելի հոգիների միջնորդությամբ աղոթելը, հատկապես այն մեկի հետ, որին մարդասերն Աստված որպես մտերիմ ուղեկից է տվել ինձ այս աքսորի ճանապարհին[4]: Առաջին Հաղորդությունիցս որոշ ժամանակ անց մեր «Սուրբ Հրեշտակների Միաբանություն»ը վերափոխվեց «Մարիամի որդիներ» Ընկերության, բայց ես ավելի վաղ հեռացա վարժարանից, Սուրբ Կույսի Ընկերության շարքերը դեռևս չընդգրկված: Սակայն, ուսումներս վերջացրած չլինելով, չէի կարող անդամագրվել Ընկերությանը, նույնիսկ որպես նախկին աշակերտուհի: Խոստովանում եմ, որ այդ տիտղոսն ինձ չէր գրավում, բայց մտածելով, որ բոլոր քույրերս «Մարիամի Որդիներ» էին եղել առանց բացառության, վախեցա, որ միգուցե նրանցից պակաս արժանավոր դուստր կլինեի Երկնավոր Մորս: Մեծ խոնարհությամբ գնացի խնդրելու՝ ինձ նույնպես ընդունել Սուրբ Կույսի Ընկերության շարքերը: Առաջին Ուսուցչուհին չուզեց մերժել, բայց պայմանով, ըստ որի՝ պարտավոր էի շաբաթը երկու անգամ վանք հաճախել, ապացուցելու համար, որ իրոք արժանի էի ընդունելությանը: Հաճելի լինելուց բավական հեռու, այդ առանձնաշնորհումն իմ համար թանկ արժեց: Նախկին մյուս աշակերտուհիների նման չէի, որոնք բոլորը մտերիմ ուսուցչուհի ունեին, որի հետ կկարողանայի հետաքրքիր զրույցներով լի ժամեր անցկացնել, ուստի և բավարարվում էի ուսուցչուհիներին պարզապես ողջունելով և ձեռագործի ամբողջ դասի ընթացքում լուռ ու մունջ աշխատելով: Վրաս ոչ ոք ուշադրություն չէր դարձնում և ես նախընտրում էի մատռան մեջ՝ Բարձրյալի առջև մնալ, մինչև որ Հայրիկը կգար ինձ դեպի տուն ուղեկցելու: Դա էր միակ մխիթարությունս, մի՞թե Հիսուսը չէր իմ միակ մտերիմը: Ոչ ոքի հետ չէի կարողանում խոսել, բայց միայն Իր. զրույցներն արարածների հետ, նույնիսկ բարեպաշտ նյութերի շուրջ խոսակցությունները, սպառում էին հոգուս ուժերը: Զգում էի, որ ավելի լավ է Աստծո հետ խոսել, քան Աստծո մասին, որովհետև առանց նկատվելու անգամ, այնքա՜ն անձնասիրություն է խառնվում հոգևոր խոսակցություններին: Ա՜հ, միայն Սուրբ Կույսի համար է, որ գնում էի դպրոց: Երբեմն ինձ միայնակ էի զգում, շա՜տ միայնակ, ինչպես վարժարանական կյանքիս օրերին: Երբ զբոսնում էի բակում, տխուր ու հիվանդագին, չէի հոգնում կրկնելուց այն խոսքերը, որոնք միշտ էլ խաղաղություն և ուժ էին ներարկում էությանս մեջ. «Վաղանցուկ այս կյանքը նավդ է, ո՛չ թե՝ տունդ»[5]: Մանուկ հասակիցս ի վեր քաջություն էի վերագտնում այդ խոսքերում: Եվ այժմ նույնպես, թեև տարիներն այլևս անհետ կորստի են մատնել մանկական բարեպաշտության բազմաթիվ տպավորությունները, նավի պատկերը հմայում է հոգիս և օգնում է նրան՝ կրելու աքսորը: Իմաստության գիրքը նույնը հաստատում է՝ ասելով. «Կյանքը նման է այն նավին, որ ճեղքում է խռովահույզ ալիքները, առանց իր սրընթաց վազքի ետևում որևիցէ հետք թողնելու»[6]: Երբ խորհրդածում եմ այս իրողության շուրջ, հոգիս ընկղմվում է անսահմանության մեջ և ինձ թվում է, թե արդեն իսկ հասել եմ հավիտենական նավահանգիստ: Թվում է, թե արդեն գրկախառնվում եմ Տիրոջս հետ, թե արդեն տեսնում եմ Երկնային Մորս, որ գալիս է ինձ դիմավորելու՝ Հայրիկի ... Մայրիկի ... չորս հրեշտակների հետ: Թվում է, թե արդեն իսկ վայելում եմ ճշմարիտ, իրական ու հավիտենական ընտանեկան կյանքը:

 

[1] Թերեզան դպրոցը թողեց 1885-1886 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակին:

[2] Տկն. Քոշենը Տկն. Փափինոյի մայրն էր. ապրում էին երկուսով միասին:

[3] Իմ 4, 11

[4] Ի նկատի ունի իր Պահապան Հրեշտակին:

[5] Սրբուհին հիշողությամբ մեջբերում է Լամարթինի հետևյալ տողը. «Le temps est ton navire, et non pas ta demeure». Réflexion, Recueillements poétiques. Epitres et poésies diverses, Hachette, 1884.

[6] Իմ 5, 10

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։