«Ձգի՜ր ինձ, ընթանա՜նք ... » – Վերջին երեկոյի աղոթքը – Գրադարան – Mashtoz.org

«Ձգի՜ր ինձ, ընթանա՜նք ... » – Վերջին երեկոյի աղոթքը

334. Այն օրից ի վեր, ինչ ունեմ երկու եղբայրներ և իմ փոքրիկ քույրերին՝ նորընծայուհիներին, եթե կամենայի մանրամասն կերպով խնդրել նրանցից յուրաքանչյուրի համար այն, ինչի կարիքը նա ունի, օրերը շատ կարճ կլինեին այդ գործի համար և վախենում եմ, թե հանկարծ կմոռանայի հիշատակել ինչ որ կարևոր մի բան: Պարզ հոգիները կարիքը չունեն բարդ միջոցների: Եվ քանի որ ես նույնպես նրանց թվին եմ պատկանում, մի առավոտ, գոհության աղոթքի պահին, Հիսուսը տվեց ինձ մի պարզ միջոց՝ ի կատար ածելու համար ստանձնածս առաքելությունը: Շնորհեց ինձ հասկանալ Երգ Եգոցի այս խոսքերը. «Ձգի՜ր ինձ, ընթանա՜նք դեպի անուշահոտ բուրումը խնկեղեն օծանելիքներիդ»[1]: Ա՜հ, Հիսո՜ւս իմ, ուրեմն անհրաժեշտ չէ նույնիսկ ասել. «Ձգելով ինձ՝ ձգիր այն բոլոր հոգիներին, որոնց սիրում եմ»: Այս պարզ բառը, «Ձգի՜ր ինձ», բավական է: Տե՜ր իմ, հասկանում եմ. երբ ինչ որ մեկը գերեվարվում է Քո հոգեզմայլ հոտավետության արբեցուցիչ բուրմամբ, չի կարողանում այլևս միայնակ քայլել. այն բոլոր անձերը, որոնց նա սիրում է, տրամադրվում են հետևելու իրեն: Եվ դա տեղի է ունենում առանց որևէ ջանքի կամ ստիպման, այլ՝ բնականոն հետևանքն է Քո հանդեպ ունեցած իր զմայլանքի ու ապրված սիրո: Ինչպես հեղեղածին հորձանքն է անզուսպ մղմամբ թափվում օվկիանոսի մեջ և իր հետ քշում տանում է այն ամենն, ինչ գտնվում է իր ճանապարհին, այնպես էլ, Հիսո՜ւս իմ, այն հոգին, որ խորասուզվում է սիրույդ անեզր օվկիանի մեջ, քաշում է իր հետ այն բոլոր գանձերը, որոնց տիրում է:

 

335. Տե՜ր իմ, գիտես, չունեմ ա՛յլ գանձեր, եթե ո՛չ միայն՝ այն հոգիները, որոնց կամեցար միավորել ինձ. այդ գանձերը Դու Ինքդ վստահեցիր ինձ: Այդ իսկ պատճառով, համարձակվում եմ իմը դարձնել այն խոսքերը, որոնք երկնավոր Հորն ուղղեցիր վերջին երեկոյան, որում տեսա Քեզ դեռ երկրի վրա՝ պանդուխտ և մահկանացու: Հիսո՜ւս, Սիրելի՜ իմ, չգիտեմ, թե ե՛րբ է վերջանալու աքսորս: Մեկից ավելի երեկոներ այս աքսորում դեռ կգովերգեմ Քո ողորմությունը, բայց վերջիվերջո իմ համար նույնպես կգա վերջին երեկոն: Այդ օրը կուզենայի, Աստվա՜ծ իմ, կարող լինել ասելու. «Ես Քեզ փառավորեցի երկրի վրա, կատարեցի այն գործը, որն ինձ տվեցիր, որ անեմ: Քո Անունը հայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տվեցիր աշխարհից. Քոնն էին, և ինձ տվեցիր նրանց: Հիմա իմացան, որ այն ամենը, ինչ ինձ տվեցիր, Քեզնից է գալիս, որովհետև իրենց հաղորդեցի խոսքերը, որոնք Դո՛ւ ինձ հաղորդեցիր: Եվ նրանք ընդունեցին և հավատացին, որ Դո՛ւ ուղարկեցիր ինձ: Արդ, ես նրանց համար եմ աղաչում, որովհետև նրանք Քոնն են: Ես այլևս աշխարհում չեմ, բայց նրանք դեռ աշխարհում են. և ես դեպի Քեզ եմ գալիս: Սո՜ւրբ Հայր, պահի՜ր նրանց Քո Անվան համար. նրանց, որոնց տվեցիր ինձ: Բայց այժմ Քո մոտ եմ գալիս և այդ բաները խոսում եմ աշխարհում, որպեսզի նրանք իրենց մեջ իմ լիակատար ուրախությունն ունենան: Չեմ խնդրում Քեզ հանել նրանց աշխարհից, այլ՝ պահել չարից: Նրանք այս աշխարհից չեն, ինչպես ես նույնպես աշխարհից չեմ: Բայց միայն նրանց համար չէ, որ խնդրում եմ, այլ՝ նրանց խոսքով բոլոր ինձ հավատացողների համար:

Հա՜յր, ո՛ւմ որ ինձ տվեցիր, կամենում եմ, որ ո՛ւր ես եմ, նրանք նույնպես իմ հետ լինեն, որպեսզի աշխարհն իմանա, որ սիրում ես նրանց այնպես, ինչպես սիրում ես ինձ»[2]:

 

336. Այո՛, Տե՜ր իմ, կուզենայի կրկնել այս խոսքերը Քեզնից հետո, նախքան այստեղից մեկնելս։ Թերևս հանդգնությո՞ւն է սա։ Ա՜հ, ո՛չ, որովհետև վաղուց ի վեր թույլատրել ես ինձ համարձակ, վստահ լինել Քո հետ։ Ինչպես անառակի հայրն էր ասում իր անդրանիկ որդուն, Դու նույնպես ասացիր ինձ. «Այն ամենը, որ իմն է, քոնն է»[3]: Քո խոսքերը, Հիսո՜ւս, ուրեմն իմն են, և ես կարող եմ օգտագործել դրանք՝ երկնավոր Հոր շնորհներն ինձ միացած հոգիների վրա հրավիրելու համար։ Բայց, Տե՜ր իմ, երբ ասում եմ, թե «ո՛ւր ես եմ լինելու, կամենում եմ, որ այնտեղ լինեն նաև նրանք, որոնց վստահեցիր ինձ», դրանով չեմ ուզում ասել, թե նրանք չեն կարող հասնել ավելի մեծ փառքի, քան այն, որ կկամենաս տալ ինձ։ Կամենում եմ պարզապես խնդրել, որ մի օր վերագտնենք միմյանց Քո գեղեցիկ Երկնքում։

Դու գիտես, Աստվա՜ծ իմ, որ երբևէ չեմ կամեցել ա՛յլ բան, եթե ո՛չ միայն՝ սիրել Քեզ․ ուրիշ փառք չեմ տենչում։ Սերդ կանխեց ինձ մանկությանս օրերից ի վեր, աճեց իմ հետ, և այժմ վիհ է, որի խորությունը չեմ կարողանում չափել։ Սերը ձգում է սիրույն․ այդպիսով, Հիսո՜ւս, սերս դեպի Քեզ է խոյանում, ուզում է լցնել այն անդունդը, որ քաշում է իրեն, բայց ավա՜ղ, նա շա՜տ ավելի չնչին է, քան օվկիանոսի անհատակության մեջ կորած ցողի կաթիլը։ Սիրելու համար Քեզ այնպես, ինչպես Դու ես ինձ սիրում, կարիքն ունեմ փոխ առնելու Քո՛ իսկ սերը․ այդ դեպքում եմ միայն գտնում հանգիստս։ Ա՜հ, Հիսո՜ւս, գուցե պատրա՞նք է. բայց ինձ թվում է, թե չես կարող լցնել մի հոգի առավելաչափ սիրով, որքան պարգևել ես իմ հոգուն։ Այդ իսկ պատճառով համարձակվում եմ խնդրել Քեզ «սիրել նրանց, որոնց Դո՛ւ ինձ տվեցիր, այնպես՝ ինչպես սիրում ես ինձ»[4]: Մի օր, Երկնքում, եթե հասկանամ, որ նրանց ավելի ես սիրում, քան ինձ, կցնծամ բերկրանքով, այժմ իսկ խոստովանելով, որ այդ հոգիներն ինձնից ավելի արժանի են սիրույդ։ Բայց այստեղ՝ ներքևում, չեմ կարողանում ըմբռնել սիրո ավելի մեծ անհունություն, քան այն, որը կամեցար շնորհել ինձ ձրիաբար, առանց իմ որևէ արժանավորության։

 

[1] Երգ 1, 3

[2] Հվհ 17, 4. 6-26

[3] Ղկս 15, 31

[4] Հվհ 17, 23

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։