Ծաղիկներ սփռել երգելով – Գրադարան – Mashtoz.org

Ծաղիկներ սփռել երգելով

258. Այո՛, Սիրելի՜, իմ կյանքն այդպես է սպառվելու: Ուրիշ միջոցներ չունեմ սերս փաստելու համար, եթե ո՛չ միայն՝ ծաղիկներ սփռելը, այսինքն՝ չկորցնելը ոչ մի փոքրիկ զոհողություն, ոչ մի ակնարկ, ոչ մի խոսք. շահի վերածել բոլոր գործերը՝ դրանք հանուն սիրո կատարելով: Ուզում եմ տառապել սիրո համար և, ի վերջո, խնդալ սիրո համար. այդպիսով ծաղիկներ կսփռեմ գահիդ առաջ: Չեմ ուզում հանդիպել դրանցից մեկին՝ առանց Քո համար թերթատելու: Իսկ հետո, ծաղիկներ սփռելիս, կերգեմ (հնարավո՞ր է արդյոք լալ այդքա՜ն զվարթ գործի ժամանակ), կերգեմ, նույնիսկ երբ պարտավոր լինեմ հավաքել ծաղիկներս ընդմեջ փշերի, և մեղեդին այնքան ավելի քաղցրահնչյուն կլինի, որքան ավելի երկար ու խայթող կլինեն փշերը:

Հիսո՜ւս, ի՞նչ օգտակարություն կունենան ծաղիկներս ու երգերս: Լա՛վ գիտեմ, որ այս բուրումնավետ անձրևը, այս անարժեք ու դյուրաբեկ ծաղկաթերթիկները, ամենափոքր սրտի սիրո այս երգերը կհմայեն Քեզ, այս ոչնչությունները հաճելի կլինեն Քեզ, ժպիտ կնվիրեն հաղթական Եկեղեցուն, որը հավաքելով հանուն սիրո թերթատված ծաղիկներս և անցկացնելով դրանք աստվածային ձեռքերիդ միջով, Հիսո՜ւս, այդ երկնային Եկեղեցին, կամենալով խաղալ իր փոքրիկ մանկան հետ, ինքը նույնպես՝ աստվածային ոտքերիդ հետ հպումով անսահման արժեք ստացած այդ ծաղիկները կսփռի տառապող Եկեղեցու վրա՝ հանգցնելու համար նրան տանջող կրակները, կսփռի դրանք զինվորյալ Եկեղեցու վրա՝ օգնելով նրան քայլել դեպի հաղթանակ[1]:

 

259. Հիսո՜ւս իմ, սիրո՜ւմ եմ Քեզ, սիրո՜ւմ եմ Եկեղեցուն՝ իմ Մորը, հիշում եմ, որ «մաքուր սիրո ամենափոքր ներգործությունը նրան ավելի օգտալար է, քան մյուս բոլոր գործերն ի միասին»[2]: Բայց մաքուր սեր գոյություն ունի՞ արդյոք իմ սրտում: Վիթխարի փափագներս պատրանք չե՞ն, մի խենթություն: Ա՜հ, եթե այդպես է, Հիսո՜ւս, լուսավորի՛ր ինձ: Դու գիտես, որ ճշմատությունն եմ փնտրում: Եթե փափագներս հանդուգն են, վերացրո՛ւ դրանք, որովհետև այդ փափագներն են իմ ամենամեծ մարտիրոսությունը: Եվ սակայն զգում եմ, Հիսո՜ւս, սիրո երկնասլաց ամենաբարձր գագաթներին հասնել տենչալուց հետո, որ եթե պարտավոր լինեի երբևէ չհասնելու դրանց, ավելի մեծ քաղցրություն ճաշակած կլինեի մարտիրոսությանս մեջ, խենթությանս մեջ, քան այն, որ պիտի վայելեի Հայրենիքի ուրախությունների ծոցում, բացի այն պարագայից, որ մի հրաշքի միջոցով Երկնքում հիշողությանս միջից ջնջեիր երկրում ունեցած հույսերիս հիշատակը: Ուրեմն, թող որ վայելեմ, այս աքսորիս ընթացքում, սիրո քաղցրությունները: Թող որ համտեսեմ մարտիրոսությանս քաղցրիկ դառնությունները:

Հիսո՜ւս, Հիսո՜ւս, եթե այսքա՜ն քաղցր է Քեզ սիրել կամենալը, ի՞նչ է լինելու, ուրեմն, Քեզ ունենալը, Ինքնին Սերը վայելելը:

 

[1] Հաղթական (կամ Երկնային) Եկեղեցի ասելով՝ հասկանում ենք Աստծո ժողովրդի այն մասը, որն այլևս Աստծո հետ է և անցնելիք միայն մի հանգրվան ունի՝ Նրան լիովին, ամբողջ անձով միանալու համար. մարմնի Հարությունը: Տառապող Եկեղեցին նույն ժողովրդի մյուս մասն է, որն այժմ անցնում է Քավարանով: Եվ վերջապես, Զինվորյալ (կամ Ուղևոր) Եկեղեցին Աստծո ժողովրդի այն մասն է, որ տակավին ապրում է երկրի վրա՝ պայքարելով ընդդեմ մեղքի, անաստվածության, և դրանից բխող բոլոր անարդարությունների (ո՛չ միայն խոսքով, այլ՝ յուրաքանչյուրն իր իսկ անձում, իր իսկ հարաբերություններում համապատասխանելով Աստծո կամքին):

[2] San Giovanni della Croce, Cantico Spirituale, Annotazione sulla str. 29.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։