Հոգիներ փրկելու եռանդն ու առաջին արդյունքը – Գրադարան – Mashtoz.org

Հոգիներ փրկելու եռանդն ու առաջին արդյունքը

134. Այդ լուսավոր գիշերով սկսվեց կյանքիս երրորդ շրջանը, ամենագեղեցիկը, երկնային շնորհներով ամենալեցունը։ Այն, ինչը որ չէի կարողացել իրագործել տասը տարիների ընթացքում, Հիսուսն ի կատար ածեց մի ակնթարթում, բարի կամքովս միայն գոհանալով, որն երբեք չպակասեց ինձ։ Ինչպես Իր առաքյալները, ես նույնպես կարող էի ասել․ «Տե՜ր, չարչարվեցի ամբողջ գիշեր, բայց ոչինչ չբռնեցի»[1]: Դե՛ռ ավելի ողորմած գտնվելով իմ հանդեպ, քան Իր առաքյալների, Հիսուսն Ինքը վերցրեց ցանցը, նետեց և դուրս քաշեց՝ ձկներով լի։ Ինձ մարդկանց որսորդ դարձրեց, մե՜ծ ծարավ զգացի աշխատելու մեղավորների դարձի համար, ծարավ, որ մինչ այդ չէի զգացել այդքա՜ն բուռն կերպով։ Զգացի, որ սերը լցվում էր սրտիս մեջ՝ ստիպելով մոռանալ ինքս ինձ, ուրիշներին ծառայելու համար․ այդ օրվանից այլևս երջանիկ դարձա։ Մի Կիրակի, մինչ դիտում էի մեր Տիրոջը խաչի վրա պատկերող նկարներից մեկը, սիրտս խոցվեց ի տես այն արյան, որ հոսում էր Նրա աստվածային ձեռքից․ մե՜ծ ցավ զգացի մտածելով, որ այդ Արյունը թափվում էր հողին և ոչ ոք չէր շտապում հավաքել այն։ Առաջադրեցի մտովին միշտ Խաչի ստորոտում մնալ, աստվածային փրկության ցողը ստանալու համար, լավ հասկանալով, որ հետագայում այն պարտավոր էի հոգիների վրա սփռել։ Մահամերձ Հիսուսի աղաղակը շարունակ արձագանքում էր սրտիս խորքում․ «Ծարավի՜ եմ»[2]: Այդ խոսքերը հոգուս խառնարանում նոր և բուռն եռանդ էին արծարծում։ Ուզում էի հագեցնել Սիրելիիս ծարավը, բայց միևնույն ժամանակ ինքս ինձ էի սպառված տեսնում հոգիների ծարավից։ Դեռևս քահանաների հոգիները չէին, որ գրավում էին ինձ, այլ՝ հոգիները մեծ մեղավորների․ այրվում էի հավիտենական կրակներից նրանց դուրս կորզելու փափագից։  

 

135. Եռանդս է՛լ ավելի բորբոքելու համար Աստված հայտնեց, որ փափագներս հաճելի էին Իրեն։ Լսեցի մի մեծ ոճրագործի մասին, որ մահվան էր դատապարտվել զարհուրելի սպանությունների համար[3]. հաղորդագրություններն այնպիսի տպավորություն էին թողնում, որ պատրաստվում էր մեռնել առանց խոստովանվելու, առանց զղջման։ Կամեցա ամեն գնով փրկել նրան դժոխակործան ճանապարհից և այդ նպատակիս համար օգտագործեցի հնարավոր բոլոր միջոցները։ Շատ լավ հասկանալով, որ ես ինքս ոչինչ չէի կարող անել, ամենագութ Հայր Աստծուն նվիրեցի մեր Տիրոջ անսահման արժանիքները, Սուրբ Եկեղեցու գանձերը[4], ինչպես նաև Սելինին պատվիրեցի Պատարագ խնդրել իմ դիտավորության համաձայն, որովհետև ես ինքս քահանայից խնդրել չէի համարձակվում, վախենալով, որ ստիպված կլինեի խոստովանել, որ Պռանցինի մեծ հանցագործի համար էր։ Չէի կամենում հայտնել այն և ո՛չ իսկ Սելինին, բայց նա այնպիսի՜ նրբին ու բարեպաշտ հարցումներ ուղղեց ինձ, որ չկարողացա լռել և իրեն վստահեցի գաղտնիքս։ Ծաղրելուց բավական հեռու, խնդրեց թույլատրել՝ օգնել ինձ, մեղավորիս դարձի բերելու գործում։ Ընդունեցի երախտագիտությամբ, որովհետև կամենում էի, որ աշխարհն ամբողջ աղոթքով ինձ միանար և շնորհ խնդրեր հանցագործի համար։ Սրտիս խորքում զգում էի մեծ վստահություն, որ աղոթքներս ընդունվելու էին։ Ինքս ինձ քաջալերելու և մեղավորների համար աղոթել շարունակելու համար՝ ասացի մարդասերն Աստծուն, որ վստահ էի Իր մեծ ողորմության հանդեպ և որ թշվառ Պռանցինիի փրկությանը հավատալու էի նույնիսկ եթե վերջինս չխոստովանվեր անգամ և չտար զղջման ոչ մի նշան։ Այդքա՜ն մեծ էր վստահությունս Հիսուսի անսահման ողորմության հանդեպ, բայց և այնպես՝ խնդրում էի Նրանից զղջման միայն «մի նշան», պարզապես մխիթարվելու համար։ Աղոթքս ընդունվեց բառ առ բառ։ Թեև Հայրիկն արգելել էր մեզ լրագրեր կարդալ, անհնազանդություն չհամարեցի Պռանցինիի մասին տրվող նորությունների ընթերցումը։ Դատավճռի գործադրման հաջորդ օրը ձեռքս առա «La Croix» թերթը, անհամբերությամբ բացեցի, և ի՜նչ տեսնեմ ... ։ Ա՜հ, արցունքներս մատնեցին զգացումներս և ստիպված եղա սենյակ փախչել։ Պռանցինին չէր խոստովանվել, գլխատման բեմահարթակ էր բարձրացել և արդեն պատրաստվել էր գլուխն ահազդու դանակին ներկայացնել, երբ հանկարծակի, մի անակնկալ ներշնչումից ցնցված, դեպի ետ էր շրջվել, ձեռքերով բռնել էր քահանայի կողմից իրեն ներկայացվող Խաչելությունը և համբուրել էր աստվածային վերքերը երեք անգամ։ Ապա նրա հոգին գնացել էր ընդունելու ողորմած դատավճիռը Նրա, Ով ասում է․ «Ավելի մեծ ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որ ապաշխարում է, քան իննսունինը արդարների, որոնք ապաշխարության կարիք չունեն»[5]:

 

136. Ուրեմն ստացել էի խնդրածս «նշանը», և այդ նշանն իրական կրկնօրինակն էր Հիսուսի շնորհների, որոնցով ինձ կանչել էր մեղավորների դարձի համար կատարվող հմայիչ աղոթքին։ Մի՞թե Հիսուսի վերքերի առաջ չէր, Նրա աստվածային Արյան հեղմանն ի տես, որ հոգիների ծարավը մուտք էր գործել սրտիս մեջ։ Կամենում էի նրանց հագեցնել այդ անարատ Արյունով, ո՛րը միայն կարող էր մաքրել նրանց հոգիների աղտերը․ և «իմ առաջին որդու» շուրթերը նույնպես գնացել էին հանգչելու այդ Սուրբ Վերքերի վրա։ Ի՜նչ քաղցր պատասխան: Ա՜հ, այդ միակ շնորհից հետո հոգիներ փրկելու ծարավս օրեցօր աճեց. թվում էր, թե լսում էի Հիսուսի ձայնը, որ ասում էր ինձ, ինչպես երբեմն Սամարացի կնոջը. «Ինձ խմելու ջուր տուր»[6]: Դա սիրո իրական փոխանակություն էր. հոգիներին էի բաշխում Հիսուսի Արյունը, իսկ Հիսուսին տալիս էի նույն այդ հոգիները, որոնք այլևս զովացած էին լինում աստվածային ցողով: Թվում էր ինձ, որ այդպիսով իրոք հագեցնում էի Նրա ծարավը, և որքան ավելի էի Նրան խմելու ջուր տալիս, այնքան ավելի էր սաստկանում խեղճ հոգուս պապակը. այդ բոցավառ ծարավն է, որ Նա տալիս էր ինձ որպես աստվածային սիրո քաղցր ըմպելի:

 

[1] Ղկս 5, 5

[2] Հվհ 19, 28

[3] Այդ հանցագործը (Պռանցինի) երեք սպանություն էր գործել Մարտի 16 լույս 17ի գիշերը։ Գիլիոտինի դատապարտվելով Հուլիսի 13ին, մահապատիժը կրեց Օգոստոսի 31ին։

[4] «Սուրբ Եկեղեցու գանձեր» ասելով հասկանում ենք բոլոր քրիստոնյաների աղոթքներն ու առաքինությունների արժանիքները, մատուցվող Սուրբ Պատարագները, մենակյացների ճգնությունները և այլն, որոնք նվիրվում են Աստծուն հոգիների փրկության համար։

[5] Ղկս 15, 7

[6] Հվհ 4, 7

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։