ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՁԵՌԱԳԻՐԸ – Գրադարան – Mashtoz.org

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՁԵՌԱԳԻՐԸ

Այս երկրորդ գրության համար նույնպես պարտական ենք Քույր Մարիային: 1896ի Մայիսի 10ի առավոտյան Քույր Թերեզան հպանցիկ ակնարկով պատմել էր նրան այն մխիթարական երազը, որում տեսել էր երանաշնորհ Աննա Հիսուսին՝ Սրբուհի Թերեզա Ավիլացու ընկերուհուն և գաղափարական զինակցին, լսելով նրանից խոսքեր հոգեսփոփ, հաստատող այն «հեռավոր քաղցրիկ զեփյուռի, որն ավետում էր Փեսայի գալուստը»: Այդ սպասված գալստի այլաբանական պատկերում Թերեզան տեսնում էր իր մահը, որն իր մոտալուտ լինելը փաստել էր 1896ի Ապրիլի 3ին՝ Ավագ Ուրբաթ օրը տեղի ունեցած առաջին արյունաթքմամբ:

Քույր Մարիան՝ Թերեզայի բարի կնքամայրը, համոզված, որ Աստծուն այդքա՜ն սիրահար իր դստրիկը շուտով թողնելու է իրենց և ճախրելու է դեպի ափերն հավիտենական, նրան ուղղում է մի նամակ, որում խնդրում է մասնակից դարձնել իրեն այն շնորհներին, որոնցով Թերեզան ողողվել էր իր վանական Ուխտադրության տարեդարձին կապված հոգևոր կրթության օրերին, Սեպտեմբերի 8ն իր մեջ ներառնող շաբաթվա ընթացքում. շնորհներ, որոնց մասին խոսել էր Սրբուհին իր քրոջ հետ, իրենց հազվադեպ զրույցներից մեկի ընթացքում: «Խնդրեցի իրենից ես ինքս», վկայում է Մարիան 1910ին, «իր վերջին հոգևոր կրթության ընթացքում (1896), գրավոր կերպով շնորհել ինձ այն, ինչն անվանում էի իր փոքրիկ ուսմունքը: Նա զիջեց»: Քույր Մարիայի 13 Սեպտեմբեր 1896 թվակիր նամակը լի է ձեռագրի գրման  պատճառների շուրջ տեղեկություններով. «Գրում եմ Ձեզ ո՛չ որովհետև ինչ որ մի բան ունեմ ասելու, այլ՝ որպեսզի ինչ որ մի բան ստանամ Ձեզնից, որ այնքա՜ն մոտ եք Աստծուն և Իր փոքրիկ առանձնաշնորհյալ հարսնացուն եք, որին Նա հայտնում և վստահում է Իր գաղտնիքները: Ա՜հ, քանի՜ցս քաղցր են Հիսուսի կողմից Թերեզային հայտնված գաղտնիքները, և ես կուզենայի կրկին ունկնդրել դրանք: Գրեք ինձ մեկ խոսք միայն. թերևս ձեր վերջին հոգևոր կրթությունն է, որովհետև Հիսուսը թվում է բավական շահագրգիռ՝ քաղելու Իր ոսկեզօծ ողկույզը»: Ինքը նույնպես կամենում է «հրահանգվել սիրո գիտության մեջ», հայտնում է «սիրո և վստահության փոքրիկ ճանապարհի շուրջ» Սրբուհու մտքերի մի գրավոր ամփոփում ունենալու իր փափագը և նամակի վերջում նաև ավելացնում է, – Թերեզայի հնարավոր բոլոր վարանումները փարատելու նպատակով, – որ Մեծավորուհի Մայրը՝ Մայր Մարիամ Գոնձական, արդեն արտոնել է պատասխանը: Քիչ օրեր անց, Սեպտեմբերի 16ից առաջ (որովհետև այդ օրը Մարիան կրկին նամակ է գրում և շնորհակալություն է հայտնում ստացված և արդեն ընթերցված էջերի համար), Թերեզան իր քրոջն է հանձնում խնդրված գրությունը՝ «Հիսուսի և Թերեզայի գաղտնիքների հռչակմանը» կցելով մի նախաբան, որում Քույր Մարիան կարող էր կարդալ խոսքեր՝ ի զորու հեռացնելու իրենից բոլոր երկյուղները. «Ա՜հ, եթե բոլոր թույլ ու անկատար հոգիները զգային այն, ինչ զգում է նրանցից ամենափոքրը՝ հոգին ձեր Թերեզայի, չէին հուսահատվի և չէին հրաժարվի սիրո լեռան գագաթն հասնելու իրենց փափագից: Այո՛, որովհետև Հիսուսը չի պահանջում մեծամեծ գործեր, այլ՝ միայն ու միայն վստահություն և երախտագիտություն»:

Մինչ այս նախաբանը չի կրում շարադրման ճշգրիտ թվականը (Սեպտեմբեր 1896), երկրորդ մասը, որն Ինքնակենսագրական Երկրորդ Ձեռագրի էական մասն է, գրված՝ Հիսուսի հետ զրույցի ձևով, իր սկզբում կրում է «8 Սեպտեմբեր 1896» թվագրությունը։ Հաշվի առնելով, սակայն, այն հանգամանքը, որ Քույր Մարիան Սեպտեմբերի 13ին է, որ ուսուցումներ է խնդրում Թերեզայից սիրո ճանապարհի վերաբերյալ, թվում է, թե Սրբուհին նամակին տվել է իր վանական Ուխտադրության թվականը, և ո՛չ թե ճշգրիտ նշումն այն օրվա, որում գրել է իր պատասխան նամակը։ Այսպիսով կամեցել է թերևս մի կապ ստեղծել ստացած շնորհների և Հիսուսի հետ իր միության օրվա միջև, թողնելով այն տպավորությունը, որ Հիսուսն այդ շնորհները տվել է իրեն որպես նվեր, այդ ուրախալի օրվա կապակցությամբ․ «Ո՜վ Սիրելի իմ, այս պարգևը միայն նախերգանքն էր այն ավելի մեծ շնորհների, որոնցով կամեցար ճոխացնել ինձ։ Թո՜ղ, Սեր իմ միակ, որ հիշեմ դրանք այսօր ... այսօր՝ մեր միության վեցերորդ տարեդարձի օրը»։ Հիմնավոր է նաև այն նկատողությունը, որ նամակի առաջին մասը՝ նախաբանը, գրվել է վերջում, հիմնական մասն ավարտին հասցնելուց հետո։

Մի կողմ թողնելով, սակայն, ժամանակագրական հարցերը, վերադառնանք Սրբուհու ձեռագրին։ Խոսքը վերաբերվում է քառակուսի գծված և երկուսի ծալված երեք թերթերի, որոնք միասին կազմում են մի փոքրիկ տետրակ, որի առաջին տասը էջերն են միայն գրված։ Շարադրված է մանր տառերով, այն աստիճան, որ յուրաքանչյուր էջի վրա կարելի է հաշվել 46 տող։ Ձեռագիրն ուսումնասիրողների կարծիքով այն «շարադրվել է ծայրագույն հապճեպությամբ և ի գին մեծ ջանքերի»։ Եվ այնուամենայնիվ, իր գրություններից ո՛չ մեկում, որքան սրանում, Թերեզան չի ներդրել իր հոգին՝ հայտնելով ծալքերն ամենախորին, սիրո «գաղտնիքները», որոնցով Հիսուսը հեղեղել էր իր հոգին։

Մխիթարական երազը պատմելուց հետո, որին արդեն ակնարկել էր, խոսում է մարտիկի, քահանայի, առաքյալի, վարդապետի, մարտիրոսի կոչումների մասին, որոնք զգում է իր հոգու խորքում Կարմեղականի, Հիսուսի հարսնացուի և հոգիների մոր կոչումների հետ միասին, ասելով, որ վերջապես հասկացել է, – Պողոս Առաքյալի Կորնթացիներին ուղղված Առաջին Նամակն ընթերցելով և նրա շուրջ խորհրդածելով, – որ այդ բոլոր կոչումները միավորվում են և իրագործվում այն կոչման մեջ, որը զգում է իրեն բնորոշն ու յուրահատուկը, ավելի ճիշտ՝ հոգեհարազատը․ Սերը։ Հետևաբար, կարող է բացականչել․ «Եկեղեցու՝ իմ սիրելի Մոր սրտում ես կլինեմ Սերը»։ Եվ իսկույն նկատում է իր փոքրկությունն ու անուժությունը՝ մի նմանօրինակ գործի համար, բայց չի վախենում Սիրույն որպես զոհ նվիրվելուց, որպեսզի կրակի գոյափոխի իր ոչնչությունը, և օգնության է կանչում նաև բոլոր երկնաբնակներին, խնդրելով նրանց հոգին, և ո՛չ թե փառքը։ Իր փառքը չի լինելու ուրիշ ոչինչ, եթե ո՛չ միայն անդրադարձը իր Մոր՝ Եկեղեցու փառքի, որի դուստրն է զգում իրեն։ Քանի որ փոքր է, զբաղվելու է Աստծուն փոքրիկ զոհողությունների ծաղիկներ նվիրելով և Սիրո տաղը ներբողելով միայն, զվարթություն պարգևելով Հաղթական Եկեղեցուն, օգնելով Տառապող և Ուղևոր Եկեղեցիներին։ Սիրահարված է իր Մորը՝ Եկեղեցուն, և գիտի, որ մաքուր սիրո մեկ ներգործությունը նրան ավելի օգտակար է, քան մյուս գործերն ի միասին։ Սրանց հետ մեկտեղ, վիթխարի փափագները շարունակում են ծնել իր մեջ ամենամեծն ընդմեջ բոլոր մարտիրոսությունների, և հատկապես փափագը՝ սիրելու իր «առաջին և միակ Մտերիմին», «միմիայն» Որին է Թերեզան կամենում սիրել․ Հիսուսը։ Բայց ինչո՞ւ են այս արծվային ներշնչումները բխում իր մեջ, իր, որ մի փոքրիկ թռչնակ լինելով, չունի արծվային ոչինչ, եթե ո՛չ միայն՝ աչքեր և սիրտ։ Նկատում է, որ այնքան էլ կարևոր չէ իր փոքրիկ թևերի տկարությունը, որոնք դե՛ռ ավելին՝ թրջված են, և որ հնարավորությունը չունի սավառնելու դեպի Արևը։ Բայց դեպի այդ Արևը նա կարող է հառել իր հայացքը, և վստահ է, որ դառնալու է որսը այն Արծվի, որին տեսնում է Սիրո Արևի կենտրոնում, և որ կարողանալու է նույն Իր՝ աստվածային Արծվի թևերով ճախրել դեպի Սիրո հնոցը՝ դեպի հավիտենական միությունը Ամենասուրբ Երրորդության հետ։ Ձեռագրի բոցավառ էջերն ավարտվում են բոլոր փոքրիկ հոգիներին Հիսուսի ներողամտությունն ու սերը հայտնելու փափագի արտահայտություններով. Հիսուսի, որին Թերեզան խնդրում է խոնարհեցնել Իր աստվածային հայացքը փոքրիկ հոգիների մի մեծ բազմության վրա, աղաչում է ընտրել փոքրիկ զոհերի մի զորախումբ՝ արժանի Իր սիրույն։

Մինչ անցյալում այս գրությունը կցվել է – ո՛չ սակավ աղավաղումների ենթարկվելով – Ինքնակենսագրական Երրորդ Ձեռագրին, դառնալով Մի Կյանքի Պատմության տասնմեկերորդ գլխի բաղկացուցիչ մասերից մեկը, այժմ գալիս է ներկայանալու իր բնածին կերպարանքով, նաև երախտագիտության մի ակամա զգացում ծնելով մեզնում հանդեպ Քույր Մարիայի, որ խոնարհաբար խնդրեց, ստացավ և մեզ թողեց այս անգին հարստությունների գանձարանը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։