4-26 Հունիս 1897թ. – Գրադարան – Mashtoz.org

4-26 Հունիս 1897թ.

4 ՀՈՒՆԻՍ
 
Մեզ «ցտեսությո՜ւն» ասաց (մեզ՝ իր երեք քույրերին): Թվում էր կերպարանափոխված, կարծես չէր տառապում։
 
Խնդրեցի Ամենասուրբ Կույսին, որ այսուհետև թմրած ու ընդարմացած չլինեմ, ինչպես այս բոլոր վերջին օրերի ընթացքում: Շատ լավ եմ զգում, որ վշտացնում եմ ձեզ: Այս երեկո լսեց ինձ: Ա՜հ, քույրեր իմ, որքա՜ն երջանիկ եմ: Տեսնում եմ, որ շուտով մեռնելու եմ. սրանում համոզված եմ, այժմ:
 
Չզարմանաք, եթե չհայտնվեմ մահիցս հետո, և եթե չտեսնեք ոչ մի արտասովոր բան, որ երաշխիք կլիներ իմ երջանկության: Հիշեցեք, որ իմ փոքրիկ ճանապարհին հատուկ է տեսիլքներ չուզենալը: Լա՛վ գիտեք այն, ինչ բազում անգամներ կրկնել եմ Աստծուն, Հրեշտակներին ու Սրբերին. «Իմ փափագը նրանց այստեղ՝ երկրի վրա տեսնելը չէ»:
 
«Հրեշտակները կգան քեզ դեպի Երկինք ուղեկցելու», ասաց Քույր Ժընըվիևը:
 
Չեմ կարծում, թե կտեսնեք նրանց. դա, սակայն, արգելք չի հանդիսանա նրանց ներկայությանը:
 
Եվ այնուամենայնիվ, կուզենայի գեղեցիկ մահ ունենալ՝ ձեզ հաճույք պատճառելու համար:
Խնդրեցի Սուրբ Կույսից, և կարծում եմ, թե Աստվածամորից խնդրելը նույնը չէ, ինչ Տիրոջից խնդրելը: Նա ինձնից շա՜տ ավելի լավ գիտի, թե ինչպե՛ս պետք է վարվի իմ փոքրիկ փափագների հետ. արդյոք պե՞տք է դրանք Տիրոջը ներկայացնի, թե՞ ոչ: Մի խոսքով, նրա կամքին եմ թողնում մարդասերն Աստծուն չստիպելը ունկնդրելու ինձ, թողնելն Իրեն ի կատար ածելու Իր կամքն ամեն ինչում ամբողջովին:
 
Չգիտեմ, թե արդյոք կգնա՞մ քավարան: Սրանով ամենևին չեմ մտահոգվում: Բայց եթե նույնիսկ գնամ, չեմ զղջա, որ ոչինչ չարեցի դրանից խուսափելու համար. չեմ վշտանա, որ աշխատեցի միայն հոգիների փրկության համար: Որքա՜ն մեծ եղավ երջանկությունս, երբ իմացա, որ Սրբուհի Թերեզա Ավիլացին նույնպես այսպես էր մտածում:
 
Մի՛ վշտացեք, եթե մահվանս պահին շա՜տ տառապեմ և չտեսնեք, ինչպես արդեն ասացի, երջանկությանս ո՛չ մի նշան: Մեր Տերը կամեցավ որպես սիրո զոհ մեռնել, և գիտեք՝ ինչպիսի՛ն եղավ Իր մահը:
 
Այդ նույն օրվա կեսօրին, որովհետև տեսնում էի նրան շա՜տ վշտակիր, ասացի իրեն. «Քո իսկ կամքն էր տառապելը և Աստված դա չմոռացավ»:
 
Ուզում էի տառապել և աղաչանքս լսվեց: Այս վերջին օրերի ընթացքում շա՜տ կրեցի: Մի առավոտ, գոհության աղոթքի պահին, մահաշունչ տրտմություն թափվեց վրաս, և այդ բոլորի հետ միասին՝ ո՛չ մի մխիթարություն:
 
Ամեն ինչ ընդունում եմ ի սեր Աստծո, նաև արտառոց մտքերը, որ այցելում են ինձ ու ձանձրույթ պատճառում:
 
5 ՀՈՒՆԻՍ
 
Չվշտանաք, եթե առավոտյան ինձ մեռած գտնեք: Պարզապես կնշանակի, որ մեր մարդասեր Աստված Հայրիկը եկել է ինձ տուն տանելու: Անշուշտ մեծ շնորհ է մահվանը նախապատրաստող Խորհուրդների ընդունումը, բայց երբ Տերը չի կամենում, դա էլ է լավ: Ամեն բան շնորհ է:
 
6 ՀՈՒՆԻՍ
 
Շնորհակալ եմ, Մայր իմ, որ խնդրեցիք տալ ինձ Սուրբ Նշխարի միայն մի փոքրիկ մասնիկը: Այնքա՜ն ճիգ գործադրեցի այն կուլ տալու համար: Բայց որքա՜ն երջանիկ էի մարդասերն Աստծուն սրտիս մեջ ունենալուս համար: Արտասվեցի՝ ինչպես Առաջին Հաղորդությանս օրը:
 
Վարդապետը հարցրեց ինձ. «Համակամությա՞մբ ես ընդունում մահը»: «Հա՜յր», պատասխանեցի, «կարծում եմ, թե համակամության կարիք կա ապրելու համար միայն: Իսկ մահվանն ի տես՝ ուրախություն է, որ զգում եմ»:
 
7 ՀՈՒՆԻՍ
 
Իմ օգնությամբ մի փոքրիկ զբոսանք կատարեց պարտեզում։ Վերադարձին, կանգ առավ դիտելու մի թխսմայր, որ պաշտպանում էր ճուտիկներին՝ իր թևերը տարածելով նրանց վրա։ Աչքերն արցունքով լցվեցին։ Հարցրեցի․ «Լալի՞ս ես»։ Այնժամ ափով ծածկեց երեսը՝ ավելի ազատ արտասվելով, ու պատասխանեց․
 
Այժմ չեմ կարող ասել ինչո՛ւ, շա՜տ հուզված եմ։
 
Ավելի ուշ, մի երկնային արտահայտությամբ ասաց․
 
Չկարողացա զսպել ինձ, երբ մտածեցի, որ բարին Աստված այդ օրինակով կամեցավ հասկացնել մեզ Իր սերն ու գորովը։ Ամբողջ կյանքիս ընթացքում այդպես վարվեց իմ հետ, ամբողջովին թաքցրեց Իր բազուկների հովանու ներքո։ Քիչ առաջ չէի կարողանում հանգստանալ․ սիրտս լի է երախտագիտությամբ ու սիրով։
 
9 ՀՈՒՆԻՍ
 
Ավետարանում ասվում է[1], որ Տերը գալու է գողի նման։ Այո՛, շուտով կգա ինձ գողանալու։ Որքա՜ն կուզենայի օգնել գողին։
 
Քույր Մարիա Սուրբ Սրտին (իր ամենամեծ քույր Մարիային), որն իրեն ասում էր․ «Ինչպիսի՜ ցավ է պատճառելու մեզ մահդ»։
 
Ա՜հ ո՛չ։ Կտեսնեք, լինելու է ինչպես վարդերի անձրև։ Այո՛, վարդերի անձրև եմ տեղացնելու։
 
Նման եմ այն մանկանը, որը երկաթուղային կայարանում սպասում է իր հորն ու մորը, որպեսզի իրեն գնացք նստեցնեն։ Ավա՜ղ, չեն գալիս, իսկ գնացքը մեկնում է։ Բայց կան դեռ շա՜տ ուրիշ գնացքներ, և չեմ կարծում, թե կկորցնեմ դրանք բոլորը։
 
10 ՀՈՒՆԻՍ
 
Սուրբ Կույսին հաճախ եմ խնդրում ասել Տիրոջը, որ փափկանկատությամբ չվարվի հետս։ Երկնքի Թագուհին սիրով է կատարում խնդրանքներս։ Եվ ահա՛, այս հիվանդությունիցս այլևս ոչինչ չհասկանալով, ավելի լավ եմ ինձ զգում։ Ի՞նչ էր լինելու արդյոք վիճակս, եթե շուտ մեռնելու հույս սնուցանեի։ Ա՜հ, քանի՜ քանի՜ պատրանքներ։ Բայց ես այդ հույսը չունեմ, որովհետև գոհ եմ այն ամեն ինչի համար, որ անում է Աստված․ միմիայն Իր կամքն եմ կամենում կատարել։
 
14 ՀՈՒՆԻՍ
 
Եթե տառապանքներն ու նեղությունները կրենք պահ առ պահ, առանց հաջորդ վայրկյանի մասին մտածելու, շատ ավելիին կկարողանանք համբերել։
 
15 ՀՈՒՆԻՍ
 
Հարցնում էի իրեն․ «Հոգնա՞ծ ես տեսնելով, որ հիվանդագին վիճակդ երկարաձգվում է, և հետևաբար՝ ավելի շատ ես տառապում»։
 
Տառապե՞լ։ Այն հաճելի է ինձ։
 
«Ինչո՞ւ»։
 
Որովհետև հաճելի է Աստծուն։
 
Երջանիկ եմ։ Թվում է ինձ, թե հիվանդությանս ընթացքում իրոք չվշտացրեցի Աստծուն։ Քիչ առաջ գրում էի Սիրո մասին[2]: Հաճախ այցելուներ եկան ու խանգարեցին։ Աշխատեցի համբերությունս չկորցնել և առաջին հերթին ես ինքս գործադրել այն, ինչ գրում էի։
 
22 ՀՈՒՆԻՍ
 
Պարտեզում էր, հիվանդների անվավոր աթոռին նստած: Երբ կեսօրին իրեն մոտեցա, ասաց.
 
Քանի՜ցս լավ եմ հասկանում Սրբուհի Թերեզային ուղղված մեր Տիրոջ խոսքերը. «Գիտե՞ս, դուստր իմ, թե ո՛վ է ինձ իսկապես սիրում: Ով համոզված սրտով խոստովանում է, որ ինձնից դուրս ամեն բան պատրանք է, ուրիշ ոչինչ»[3]: Ա՜հ, որքա՜ն ճշմարիտ են այս խոսքերը: Այո՛, ամեն ինչ, Աստծուց դուրս ամե՛ն ինչ ունայնություն է:
 
23 ՀՈՒՆԻՍ
 
Ասացի իրեն. «Ավա՜ղ, ոչինչ չեմ կարողանալու ներկայացնել Տիրոջը մահիցս հետո. ձեռքերս ամբողջովին դատարկ են»: Պատասխանեց.
 
Եթե Պողոս Առաքյալի բոլոր գործերն անգամ կատարած լինեի, անօգուտ ծառա կհամարեի ինձ. կթվար ինձ, թե ձեռքերս դատարկ են: Բայց հենց սա՛ է կազմում իմ ուրախությունը, որովհետև ոչինչ չունենալով՝ ամեն բան կստանամ Աստծուց:
 
25 ՀՈՒՆԻՍ
 
Ցույց տվեց Հավատքի Տարածման Ժողովի տարեգրքերից մեկը, ուր խոսվում էր մի սպիտակազգեստ սրբուհու երևման մասին, որն իր կողքին մի նոր մկրտված մանուկ ուներ: Ապա ասաց.
 
Որոշ ժամանակ անց, ես էլ ահա՛ այսպես կընկերակցեմ նոր մկրտված մանուկներին:
 
26 ՀՈՒՆԻՍ
 
Երեկ այս կողքս շա՜տ էր ցավում: Եվ ահա՛ այսօր այլևս անցյալ է: Ա՜հ, ե՞րբ եմ գնալու ողորմած Աստծո մոտ: Որքա՜ն եմ փափագում մեկնել Երկինք:
 

[1] Մտթ 24, 43-44

[2] Հմմտ․ Ձեռագիր Գ., հատ․ 288...

[3] S. Teresa d'Avila, Opere, Vita, 40, 1.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։