Հրապուրվելը պատմությամբ ու գիտություններով – Բարեպաշտ ընթերցումները – Գրադարան – Mashtoz.org

Հրապուրվելը պատմությամբ ու գիտություններով – Բարեպաշտ ընթերցումները

137. Կարճ ժամանակի ընթացքում Աստված դուրս էր քաշել ինձ կյանքիս նեղ շրջանակից, որի սահմաններից ներս պտտվում էի առանց դուրս գալ կարողանալու: Անցածս ճանապարհը տեսնելով՝ երախտագիտությունս վիթխարիորեն մեծ էր, բայց եթե կարևորագույն քայլը կատարված էր, պետք է ընդունեմ, որ դեռ շատ բաներ կային, որոնցից պետք է ձերբազատվեի: Խղճահարություններից ու չափազանց զգացմունքայնությունից ազատվելով՝ հոգիս ընդարձակվեց: Միշտ էլ սիրել էի մեծը, գեղեցիկը. իսկ այդ օրերին բռնվեցի իմանալու ծայրահեղ տենչով: Ուսուցչուհուս տված դասերով ու առաջադրանքներով չգոհացած, ինքնուրույն կերպով զբաղվում էի պատմության և գիտությունների յուրահատուկ ուսումնասիրությամբ: Մյուս դասերի հանդեպ անտարբեր էի, բայց այդ երկուսը գրավել էին գրեթե ամբողջ ուշադրությունս: Այդպիսով, մի քանի ամսվա ընթացքում ավելի շատ սովորեցի, քան դպրոցական բոլոր տարիների ընթացքում միասին: Ավա՜ղ, ուրիշ բան չէր, եթե ո՛չ միայն՝ ունայնություն և հոգու տառապանք[1]: Նմանության գրքի այն գլուխը, ուր խոսվում է գիտությունների մասին[2], հաճախ էր խոյանում մտքիս առաջ, բայց ես գտնում էի ուսումնասիրություններս հավասարապես շարունակելու միջոցը, և համոզում էի ինքս ինձ, որ սովորելու տարիքում գտնվելով՝ ոչ մի վատ բան չկար դրանում: Հուսով եմ, որ չեմ վշտացրել մարդասերն Աստծուն (թեև խոստովանում եմ դրանց վրա ապարդյուն ժամանակ ծախսած լինելուս փաստը), որովհետև այդ ուսումներին տրամադրում էի խիստ սահմանափակ ժամեր, սանձելու համար իմանալու չափազանց կենդանի ցանկությունս: Պատանի աղջիկների համար ամենավտանգավոր տարիքում էի գտնվում, բայց Աստված իմ հետ այնպես վարվեց, ինչպես նկարագրում է Եզեկիելը իր մարգարեություններում. «Մոտովս անցնելով՝ Հիսուսը տեսավ, որ սիրո ժամանակս հասել էր. Նա ուխտ կնքեց իմ հետ և ես եղա Իրենը: Իմ վրա տարածեց Իր պաշտպանությունը, լվաց ինձ թանկարժեք օծանելիքներով, ասեղնագործ զգեստներ հագցրեց ինձ և զարդարեց ինձ օղերով ու անգին ապարանջաններով: Սնուցեց ինձ զտված ալյուրով, մեղրով ու յուղով առատորեն: Այնժամ գեղեցիկ երևացի Իր աչքերին և Նա ինձ հզոր թագուհի դարձրեց»[3]:

 

138. Այո՛, Հիսուսն այս ամենը կատարեց իմ համար: Կարող էի մեկ առ մեկ վերցնել մարգարեից մեջբերված խոսքերից յուրաքանչյուրը և փաստել, որ իրականացել են ի նպաստ իմ, բայց այն շնորհները, որ արդեն իսկ պատմել եմ, բավարար հիմք են ասածիս համար: Կխոսեմ միայն այն սննդի մասին, որ շռայլվեց ինձ «առատորեն»: Վաղուց ի վեր սնվում էի «զտված ալյուրով», որ գտնում էի Նմանության գրքում. միակ գիրքն էր, որ օգնում էր ինձ, քանի դեռ չէի գտել Ավետարանի թաքնված գանձերը: Անգիր գիտեի այդ փոքրիկ գրքի գրեթե բոլոր գլուխները, այն երբեք չէր լքում ինձ. ամռանը գրպանումս էր, ձմռանը՝ պայուսակիս մեջ, այնպես՝ որ այլևս ավանդական էր դարձել: Մորեղբորս տանը նրանով շատ էինք զբաղվում, պատահաբար բացելով և աչքերիս տակ ընկնող գլուխը կարդալով: Տասնչորս տարեկան հասակիս, երբ տարված էի գիտության անհագ փափագով, մարդասերն Աստված անհրաժեշտ նկատեց «զտված ալյուրին» միացնել նաև «առատ մեղրն ու յուղը»: Իսկ դրանք ինձ ճաշակել տվեց Տեր Արմենժոն քահանայի բանախոսությունների միջոցով, որոնք իրենց որպես նյութ ունեին ներկա կյանքի վախճանը և ապագա կյանքի խորհուրդները[4]: Այդ վերջին գիրքը որոշ ժամանակով Հայրիկին էին տվել իմ շատ սիրելի կարմեղականները, և ես, սովորությանս հակառակ (որովհետև չէի ընթերցում Հայրիկի գրքերը), խնդրեցի այն՝ կարդալու համար:

Այդ ընթերցումը նույնպես կյանքիս ամենամեծ շնորհներից մեկը եղավ. այն կատարեցի դասասենյակիս պատուհանի մոտ նստած, և տպավորությունները, որ դեռ զգում եմ, չափազանց խորն ու քաղցր են՝ արտահայտվել կարողանալու համար:

Քրիստոնեական հավատքի բոլոր մեծ ճշմարտությունները, հավիտենականության խորհուրդները հոգիս ընկղմում էին մի երանության մեջ, որն այս աշխարհից չէր: Արդեն իսկ, նախապես տեսնում էի (ո՛չ անշուշտ մարմնի, այլ՝ սրտի աչքով) այն ամենը, ինչ Աստված վերապահել է Իրեն սիրողներին[5], և տեսնելով, որ հավիտենական վարձատրումներն անհամեմատելիորեն գերազանց են այս կյանքի տառապանքների համեմատ[6], կամենում էի սիրե՜լ, սիրե՜լ Հիսուսին տառապագին, տալ Նրան սիրո հազարավոր ապացույցներ, քանի դեռ կարող էի այդ անել: Տետրակիս մեջ արտագրեցի այդ գրքից մի քանի հատվածներ, ուր խոսվում էր կատարյալ սիրո և այն ընդունելության մասին, որ մարդասերն Աստված տալու է Իր ընտրյալներին, այն պահին, երբ նույն Ինքն իսկ դառնալու է նրանց միակ, մեծ ու հավերժական վարձատրումը. անդադար կրկնում էի սիրո ներգործություններ, որոնք հրդեհի էին մատնում սիրտս:

 

[1] Ժող 2, 11

[2] Նմանություն Հիսուս Քրիստոսի, Գ, ԽԳ

[3] Եզկ 16, 8-13

[4] Fin du monde présent et mystères de la vie future, Imprimeries-Librairies de l'Oeuvre Saint Paul, 1882.

[5] 1Կր 2,9

[6] Հռմ 8,18

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։