Հոգու աղքատությունը – Գրադարան – Mashtoz.org

Հոգու աղքատությունը

302. Մայր իմ, Հիսուսը շնորհեց ինձ ներթափանցել սիրո խորին խորհուրդներից ներս: Եթե կարողանայի արտահայտել այն, ինչ հասկանում եմ, Դուք մի երկնային մեղեդի կունկնդրեիք, բայց ավա՜ղ, Ձեր լսողությանը պարգևելու մանկական թոթովանքներ միայն ունեմ ... : Եթե նույն Ինքն Հիսուսի խոսքերը թիկունք չկանգնեին ինձ, ստիպված կլինեի խնդրել մի կողմ թողնել գրիչը: Բայց ո՛չ, հարկավոր է, որ հանուն հնազանդության շարունակեմ այն, ինչը որ հանուն հնազանդության սկսել եմ:

Մայր սիրելի, երեկ գրում էի, որ աշխարհի բարիքներն ինձ չեն պատկանում, հետևաբար՝ իմ համար դժվար չպետք է լինի դրանցից զրկվելը: Երկնքի բարիքները նույնպես ինձ չեն պատկանում, այլ՝ մեծ մասամբ փոխ են տրված ինձ Տիրոջից և Նա իրավասու է դրանք ինձնից կրկին ետ վերցնելու: Տրտնջալու իրավունք չունեմ: Եվ սակայն բարիքները, որ ուղղակի Աստծուց են գալիս, բանականության ու սրտի մղումները, իմաստալի խորհրդածումները, այս բոլորը հաճախ վերածվում են հարստության, որին կապվում ենք իբրև մեր սեփականությունը և որին, մեր կարծիքով, ոչ ոք հպվելու իրավունք չունի: Օրինակ, եթե զբոսանքի պահին մեր միաբանակցին հաղորդում ենք աղոթքի պահին ըմբռնած մի քանի հասկացողություն, և որոշ ժամանակ անց նա մի ուրիշի հետ խոսելիս նրան է փոխանցում իրեն վստահված գաղափարները, կարծես թե ինքը խորհած լիներ դրանց շուրջ, թվում է, թե նա սեփականացնում է այն, ինչը որ իրենը չէ: Եվ կամ հանգստի պահին ինչ որ մեկին ցածրաձայն ասում ենք ճիշտ տեղին ասված և հոգևոր իմաստներով լի մի խոսք, եթե նա արտահայտված միտքը կրկնում է բարձրաձայն, առանց հայտնելու բխման ակունքը, արարքը թվում է ուրիշի սեփականության հանդեպ կատարված ոտնձգություն: Այդ ուրիշը տվյալ պահին չի բողոքում, բայց կուզենար բողոքել, և նպաստավոր առաջին առիթն իսկ չի փախցնի՝ մեծագույն նրբությամբ հասկացնելու, որ ինչ որ մեկը տիրացել է իր մտքերին:

 

303. Մայր իմ, չէի կարողանա մարդկային բնության այս տխուր զգացումներն այսքան լավ բացատրել, եթե դրանց փորձառությունը չունենայի սրտիս մեջ. ինչպես նաև, իմ համար շատ հաճելի կլիներ օրորել ինձ այն քաղցր պատրանքի մեջ, թե դրանց այցելությանը իմ սիրտն է միայն ենթարկվել, եթե հրամայած չլինեիք ինձ լսել Ձեր փոքրիկ թանկագին նորընծայուհիների փորձությունները: Շա՜տ բան սովորեցի ինձ հանձնված այս առաքելության գործադրման ժամանակ, հատկապես՝ հարկադրվեցի գործի վերածելու այն, ինչը որ ուրիշներին էի ուսուցանում: Այդ իսկ պատճառով այժմ կարող եմ ասել, որ Հիսուսը շնորհեց ինձ չշղթայվել հոգու և սրտի բարիքներին ավելի, քան աշխարհի նյութական բարիքներին: Եթե պատահում է, որ խորհեմ և արտահայտեմ քույրերիս հաճելի մի միտք, բնական եմ համարում, որ տիրանան դրան ինչպես իրենց սեփականությանը: Այդ միտքը պատկանում է Սուրբ Հոգուն, և ո՛չ թե ինձ, քանի որ Պողոս Առաքյալը նույնպես ասում է, որ չենք կարող, առանց այդ Սիրո Հոգու, «Հայր» կոչել մեր Հորը, որ Երկնքում է[1]: Հետևաբար, Նա լիովին ազատ է օգտագործելու ինձ՝ հոգիներին բարի մտքեր հաղորդելու համար: Եթե հանկարծ ենթադրեմ անգամ, թե այդ գաղափարն իմն է, կնմանվեմ «այն ավանակին, որի վրա դրած՝ փոխադրում էին Սրբերի մասունքներ», և որին թվում էր, թե Սրբերին մատուցված խոնարհումներն իրեն էին ուղղված[2]:

 

304. Չեմ արհամարհում խորիմաստ մտածումները, որ սնում են հոգին և միացնում Աստծուն: Բայց երկար ժամանակից ի վեր հասկացել եմ, որ չպետք է հիմնվենք դրանց վրա, կամ կարծենք, թե կատարելությունը կայանում է մտքի բազմաթիվ լույսեր ստանալու մեջ: Ամենամեծ մտածումներն անգամ ոչինչ են առանց գործերի: Ճիշտ է, որ շատերը կարող են մեծապես օգտվել դրանցից, եթե խոնարհվեն ու Աստծուն մատուցեն իրենց երախտագիտությունը, որ թույլատրում է իրենց մասնակցել մի հոգու ուրախությանը, որին ճոխացնում է Իր շնորհներով: Բայց եթե նա ինքնահաճության է տրվում իր այդ գեղեցիկ մտքերի պատճառով, եթե սկսում է մրմնջալ փարիսեցու աղոթքը[3], նմանվում է մեկին, ով ախորժալի խորտիկներով ծանրաբեռնված սեղանի առաջ մահանում է քաղցից, մինչ իր բոլոր հյուրերն առատ սնունդ են հայթայթում և երբեմն նույնիսկ նախանձալի ակնարկներ նետում դեպի այդքա՜ն բարիքների տերը: Ա՜հ, միայն Աստված Ինքն է ճանաչում սրտերը: Իսկ մարդիկ ... , որքա՜ն սահմանափակ մտածելակերպ ունեն մարդիկ: Երբ տեսնում են մյուսներից ավելի լուսավորված մի հոգի, իսկույն եզրակացնում են, թե իրենք այդ հոգուց նվազ սիրելի են Հիսուսին և թե իրենք չեն կարող կանչված լինել միևնույն կատարելությանը: Այդ երբվանի՞ց Տերն այլևս իրավունք չունի օգտագործելու Իր արարածներից մեկին՝ Իրեն սիրելի հոգիներին անհրաժեշտ սնունդը մատակարարելու համար: Եգիպտական փարավոնների ժամանակ արդեն Աստված ուներ այդ իրավունքը, որովհետև Սուրբ Գրքում ասում է այդ թագավորներից մեկին. «Քեզ գահ բարձրացրեցի հատուկ նպատակով. որպեսզի քեզնով հայտնեմ զորությունս և Անունս հռչակվի ողջ երկրով մեկ»[4]: Դարերը հաջորդեցին դարերին այն օրից ի վեր, ինչ Բարձրյալը ծանուցեց այս ճշմարտությունը, բայց Իր վարվելակերպը չփոխվեց: Միշտ էլ գործածել է Իր արարածներին որպես գործիքներ՝ հոգիների մեջ ի կատար ածելու համար Իր ծրագրերը:

 

[1] Հմմտ. Հռմ 8, 15

[2] La Fontaine, Fables, 1. 5, 14.

[3] Ղկս 18, 9-14

[4] Ել 9, 16

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։