Մի սրբուհու վերջին արցունքը – Գրադարան – Mashtoz.org

Մի սրբուհու վերջին արցունքը

221. Այժմ, Մայր իմ, աշխատում եմ մտաբերել, թե ուրիշ ի՞նչ ունեմ ավելացնելիք մինչ այժմ պատմածներիս։ Ա՜հ, կարծում էի, թե վերջացրել եմ, բայց դեռ ոչինչ չասացի մեր սուրբ Մայր Ջենովեֆֆային ճանաչելու հետ կապված երջանկությանս մասին: Դա անգին պարգև էր. մարդասերն Աստված, որն արդեն իսկ անթիվ ու անհամար շնորհներ էր հաղորդել ինձ, կամեցավ, որ ապրեի ո՛չ թե այնպիսի սրբուհու հետ, որին անհնարին է նմանվել, քանի որ շատ բարձր է, այլ՝ մի սրբուհու, որն այդպիսին է դարձել թաքուն ու բնական առաքինությունների միջոցով: Շա՜տ ու շա՜տ անգամներ մեծագույն մխիթարություններ ստացա այդ Մորից, հատկապես մի Կիրակի: Սովորությանս համաձայն, գնացի փոքրիկ այցելություն տալու նրան, բայց երկու ուրիշ քույրեր գտա իր մոտ. ժպտացի և կամենում էի դուրս գալ, որովհետև չի կարելի հիվանդի մոտ լինել երեք հոգով, բայց նա, ներշնչված դեմքով ինձ նայելով, ասաց. «Սպասի՛ր, աղջիկս, մի բան եմ միայն կամենում ասել: Ամեն անգամ, որ այցելում ես ինձ, հոգևոր ծաղկեփունջ ես խնդրում ինձնից: Այսօր ահա՛ սա եմ քեզ ասում. Ծառայիր Աստծուն խաղաղությամբ և ուրախությամբ. մի՛ մոռացիր, աղջիկս, որ “մեր Աստվածը խաղաղության Աստվածն է”[1]»: Պարզորեն շնորհակալություն հայտնելուց հետո՝ սենյակից դուրս ելա արցունքներ հեղելու չափ հուզված, նաև համոզված, որ բարին Աստված հայտնել էր նրան հոգուս վիճակը: Այո՛, որովհետև այդ օրը ծայրահեղ տառապանքի մեջ էի, գրեթե տխուր, այնպիսի՜ խավարով պատված, որ այլևս չգիտեի, թե ողորմածն Աստված սիրում էր ինձ կամ ո՛չ: Բայց զգացածս ուրախությունն ու մխիթարությունը, անշուշտ կռահում եք, Մայր իմ սիրելի, թե որքա՜ն մեծ էին:

Հաջորդ Կիրակի կամեցա իմանալ, թե ինչպիսի՛ հայտնություն էր ստացել Մայր Ջենովեֆֆան. վստահեցրեց, որ ոչ մի հայտնություն էլ չէր ունեցել: Այնժամ հիացմունքս է՛լ ավելի մեծ եղավ, տեսնելով, թե Հիսուսն ինչպե՛ս էր ապրում նրա մեջ և մղում ասելու այն, ինչ կամենում էր Ինքը: Ա՜հ, այդօրինակ սրբությունն է ինձ ամենանվիրականը թվում, ամենակատարյալը, և ես նույնպես ձգտում եմ դրան, որովհետև զերծ է հնարավոր ամեն տեսակի խաբկանքներից:

 

222. Ուխտադրությանս օրը շատ մխիթարվեցի նաև իմանալով, որ Մայր Ջենովեֆֆան նույնպես իր ուխտադրությունից առաջ անցել էր նմանօրինակ փորձության միջով: Մեր մեծագույն վշտերի բովում, հիշո՞ւմ եք, Մայր սիրելի, այն մխիթարությունները, որ գտնում էինք իր մոտ: Մայր Ջենովեֆֆայի սրտիս մեջ թողած հիշատակը շա՜տ խնկելի է ինձ: Իր Երկինք մեկնելու օրը[2] յուրահատուկ կերպով հուզված զգացի ինձ, առաջին անգամ էի մասնակցում որևէ մեկի մահվանը, և այդ տեսարանն իրոք սքանչելի էր[3]: Սրբակյաց մահամերձի ոտքերի մոտ էի կանգնած և տեսնում էի նրա բոլոր շարժումները, ամենաթեթևներն անգամ: Թվում էր, նրա մոտ անցկացրած այդ վերջին երկու ժամերի ընթացքում, թե հոգիս պետք է ջերմեռանդությամբ լցվեր, մինչդեռ ընդհակառակը՝ տարօրինակ անզգայություն էր տիրում վրաս: Միայն այն պահին, երբ Մայր Ջենովեֆֆան ծնվում էր Երկնքի համար, ներքին տրամադրություններս հանկարծ փոխվեցին, մի անկնթարթում անասելի եռանդով ու երջանկությամբ ողողված զգացի ինձ, կարծես Մայր Ջենովեֆֆան ինձ նույնպես մասնակից էր դարձնում այն երանությանը, որ վայելում էր արդեն, որովհետև վստահ եմ, որ նա ուղղակի Երկինք է գնացել: Մի օր, նրա երկնային կյանքի ընթացքում, ասացի. «Ա՜հ, Մայր իմ, Դուք քավարան չեք գնա»: «Հուսով եմ», եղավ իր մեղմ պատասխանը: Ա՜հ, մարդասերն Աստված չէր կարող ամոթով թողնել մի հույս, որն այդքա՜ն լի էր խոնարհությամբ: Այդ են փաստում այն բոլոր շնորհները, որ ստացել ենք իր բարեխոսությամբ: Յուրաքանչյուր քույր շտապեց մի որևէ մասունք խնդրել: Դուք գիտեք, Մայր իմ սիրելի, թե ո՛րն է այն մասունքը, որը ես երջանկությունն ունեմ ստացած լինելու: Մայր Ջենովեֆֆայի հոգեվարքի ժամանակ արցունքի մի կաթիլ նկատեցի, որ ադամանդի նման փայլում էր նրա թարթիչների վրա. այս աքսորի ու պանդխտության հովտում նրա վերջին արցունքն էր դա, և աչքերից վար չընկավ, նրա փայլելը տեսա նաև եկեղեցում: Ոչ ոքի մտքով չէր անցնում հավաքել այն: Այնժամ, նուրբ գործվածքի մի կտոր վերցնելով, համարձակվեցի մոտենալ նրան երեկոյան, առանց որևէ մեկից տեսնվելու, և որպես մասունք վերցրեցի սրբուհու վերջին արցունքը: Եվ պահում եմ այն նույն ծրարի մեջ, որի մեջ պահում եմ նաև ուխտերս:

 

223. Ես սովորաբար կարևորություն չեմ տալիս երազներին, մանավանդ որ շատ հազվադեպ եմ որևէ իմաստ պարունակող երազ տեսնում: Նաև զարմանում եմ, թե ինչպե՛ս եմ ամբողջ օրը Տիրոջ մասին մտածում, բայց երազներում Նրանով չեմ զբաղվում: Ընդհանուր առմամբ տեսնում եմ անտառներ, ծաղիկներ, առվակներ, ծովեր. գրեթե միշտ տեսնում եմ գեղադեմ մանուկներ, որսում եմ թիթեռնիկներ ու թռչուններ, և այնքա՜ն գեղեցիկ, որոնց նմանը իրականում երբեք չեմ տեսել: Տեսնում եք, Մայր իմ, որ եթե երազներս բանաստեղծական նկարագիր ունեն, շատ հեռու են հոգեզմայլ հափշտակություն լինելուց: Եվ այնուամենայնիվ, Մայր Ջենովեֆֆայի մահվան հաջորդ գիշերվա ընթացքում մի մխիթարական երազ տեսա. ահա՛ նա կանգնած էր կենտրոնում և ժառանգություն էր բաժանում իր միաբանակից քույրերին, յուրաքանչյուրին տալով իրեն պատկանած իրերից մեկը: Երբ հասավ իմ հերթը, չէի սպասում այլևս ոչինչ, որովհետև չուներ այլևս ոչինչ: Նա, սակայն, դեպի ինձ նայեց ու հոգեթափանց շեշտով երեք անգամ կրկնեց. «Քե՜զ, աղջիկս, սի՛րտս եմ թողնում»:

 

[1] 1Կր 14, 33

[2] 1891ի Դեկտեմբերի 5ին, շաբաթ:

[3] Տե՛ս՝ հատ. 43:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։