Առաքելությունը նորընծաների մոտ – Գրադարան – Mashtoz.org

Առաքելությունը նորընծաների մոտ

273. Ձեր փափագն այն է, գիտեմ, որ ես Ձեր կողքին կատարեմ մի շա՜տ քաղցր ու դյուրին առաքելություն[1]: Բայց այդ առաքելությունը մի՞թե չեմ կարող կատարել երկնային բարձունքներից: Ինչպես Հիսուսը մի օր Պետրոս Առաքյալին, այնպես էլ Դուք ասացիք Ձեր դստերը. «Արածեցրո՛ւ իմ գառներին»[2]: Ես զարմացա, ասացի Ձեզ. «Շա՜տ փոքր եմ» ... , աղաչեցի, որ Դուք ինքներդ արածեցնեք Ձեր գառներին ու պահպանեք, աղաչեցի ինձ էլ արածեցնել նրանց հետ միասին: Եվ Դուք, Մայր սիրելի, մի քիչ տեղի տալով իմ արդար պահանջին, հովվեցիք գառներին ոչխարների հետ[3], բայց նաև պատվիրեցիք ինձ հաճախ դուրս բերել նրանց, արածեցնել զով տեղերում, մատնանշել սննդարար լավագույն խոտերը, հստակ կերպով ցույց տալ այն շողշողուն ծաղիկները, որոնց կարող են հպվել միայն մի նպատակով. ճզմելու համար դրանք իրենց ոտքերի ներքո: Դուք չվախեցաք, Մայր թանկագին, այն հանգամանքից, որ ես կարող էի մոլորեցնել Ձեր գառներին. իմ անփորձությունը, երիտասարդությունը, չմտահոգեցին Ձեզ, թերևս որովհետև հիշեցիք, որ հաճախ Աստված կամենում է իմաստություն շնորհել փոքրերին, և որ մի օր, ուրախությամբ լի, Նա օրհնեց Իր Հորը, որովհետև Իր գաղտնիքները թաքցրել է իմաստուններից և հայտնել է ամենափոքրերին[4]: Մայր իմ, Դուք գիտեք, թե որքա՜ն սակավաթիվ են այն հոգիները, որոնք աստվածային կարողությունը չեն չափում ըստ իրենց կարճլիկ մտքերի: Նրանք ուզում են, որ երկրի վրա ամենուր պատահեն բացառություններ, միայն թե Աստված իրավունք չունի կատարելու բացառություններ: Վաղուց ի վեր է, գիտեմ, որ մարդիկ չափում են փորձառությունը՝ հասարակության մեջ գործելու տարիներից կախման մեջ, որովհետև իր պատանեկության տարիներում սուրբ թագավոր Դավիթն այսպես էր երգում Տիրոջը. «Երիտասարդ եմ ու անարգված»[5]: Միևնույն 119րդ սաղմոսում, սակայն, չի վարանում հավելել. «Ավելի խոհեմ եղա, քան ծերերը, որովհետև փնտրեցի Քո կամքը: Խոսքդ ճրագ է ոտքերիս համար և լուսավորում է ճանապարհներս: Պատրաստ եմ ի կատար ածելու հրամաններդ և չեմ խռովվում ոչնչից»[6]:

 

274. Մայր իմ, չվարանեցիք ասել ինձ մի օր, որ բարին Աստված լուսավորում էր հոգիս, որ տալիս էր ինձ տարիների փորձառություն: Ա՜հ, Մայր իմ, չափազանց փոքր եմ սնափառության տրվել կարողանալու համար, ինչպես նաև չափազանց փոքր եմ գեղեցիկ տողեր հյուսելու և դրանցով Ձեզ հավաստիացնելու համար, թե շատ խոնարհ եմ: Նախընտրում եմ պարզապես համոզվել, որ Ամենակարողը մեծամեծ գործեր կատարեց հոգու մեջ նրա, ով դուստրն է Իր աստվածային Մոր[7], և այդ գործերից ամենամեծը եղավ այն, որ նրան ցույց տվեց իր փոքրկությունը, իր անկարողությունը: Մայր թանկագին, Դուք լավ գիտեք, որ Աստված կամեցավ անցկացնել հոգիս տարբեր փորձերի միջով. շա՜տ եմ տառապել այն օրից ի վեր, ինչ երկրի վրա եմ, բայց եթե մանկությանս օրերում տառապում էի տրտմությամբ, այժմ տառապում եմ ուրախությամբ ու խաղաղությամբ, և հիրավի երջանիկ եմ տառապելուս համար: Հարկավոր է, որ ճանաչեք հոգուս բոլոր գաղտնիքները՝ այս տողերը կարդալիս չժպտալու համար, որովհետև եթե դատենք ըստ արտաքինի, կարո՞ղ ենք արդյոք գտնել մի հոգի, որն ավելի քիչ փորձերի ենթարկված լինի, քան ես: Ա՜հ, եթե այն փորձը, որի պատճառով տառապում եմ մի տարուց ի վեր[8], հայտնվեր մարդկանց տեսադաշտում, ինչպիսի՜ ապշանքով կլցներ նրանց:

Մայր սիրելի, Դուք տեղյակ եք այդ փորձությանը, և սակայն ուզում եմ կրկին խոսել դրա մասին, որովհետև այն մեծ շնորհ եմ համարում, որ ստացա Ձեր օրհնյալ մեծավորության շրջանում:

 

[1] Նորընծաների փոխմեծավորուհու պաշտոնը:

[2] Հվհ 21, 15

[3] Ընտրվելով Մեծավորուհի, Մայր Մարիամ Գոնձական պահպանեց նորընծաների վերակացուի տիտղոսն ու պաշտոնը: Թերեզան նորընծաներին համեմատում է «գառների», իսկ ուխտյալ միանձնուհիներին՝  «ոչխարների» հետ:

[4] Հմմտ. Մտթ 11, 25

[5] Սղմ 118, 141

[6] Սղմ 118, 100.105.60

[7] Հարկավոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ «աստվածային»ը վերաբերվում է Հիսուսին (Իր), ո՛չ թե Մարիամին:

[8] Հավատքի փորձությունը, որ սկսվեց 1896ի զատկական տոների ընթացքում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։