Սատանայիկներ երազում – Գրադարան – Mashtoz.org

Սատանայիկներ երազում

38. Հարկ է, որ կանգ առնեմ․ առայժմ չպետք է խոսեմ պատանեկությանս շուրջ, այլ՝ պիտի պատմեմ չորս տարեկան չարաճճիի մասին։ Հիշում եմ մի երազ, որ տեսա այդ շրջանում և որ խորը կերպով տպավորվեց հիշողությանս մեջ։ Ահա՛ դուրս էի գալիս տնից՝ պարտեզում զբոսնելու համար, միայնակ։ Հասնելով այն աստիճաններին, որ տանում են դեպի պարտեզ[1], կանգ առա զարհուրած։ Առջևս, դալարազարդ ամպհովանիի մոտ, կիրով լի մի տակառիկ կար, որի վրա զարմանալի ճարպկությամբ պարում էին երկու քստմնելի սատանաներ, թեև ոտքերին կապված ծանր շղթաներ էին կրում։ Նախ մի հրացայտ հայացք նետեցին վրաս, ապա նույն պահին իսկ նկատեցի, որ, ինձնից ավելի սարսափահար, տակառի մեջ գահավիժեցին, և չգիտեմ ո՛ր անցքից դուրս գալով՝ լվացքատան ներսում թաքնվեցին, որը ճիշտ դիմացն էր գտնվում։ Տեսնելով նրանց այսքա՜ն անարի, կամեցա տեսնել, թե ինչո՛վ էին զբաղված այնտեղ, և մոտեցա պատուհանին։ Սատանաներն այնտեղ էին, վազում էին սեղանների վրա, և չգիտեին, թե ո՛ւր թաքնվեին հայացքիցս․ երբեմն տագնապահար կերպարանքով մոտենում էին պատուհանին՝ ստուգելու, թե արդյոք դեռ այնտե՞ղ էի, և տեսնելով ինձ՝ վերսկսում էին իրենց հուսահատ վազքը։ Անշուշտ, այս երազը մի արտակարգ բան չէ, և սակայն ես կարծում եմ, որ Աստված ինձ այն հիշեցնում է փաստելու համար, որ շնորհի մեջ գտնվող հոգին սատանաներից վախենալու ոչինչ էլ չունի, սատանաներ վախկոտ ու փոքրոգի, որ փախչում են փոքրիկ մանկան հայացքից։

[1] Պարտեզը գտնվում էր տան ետևում, տասներեք մետր երկարություն ունեցող ծառուղու վերջում։ Այնտեղ հասնելու համար, դուրս գալով տան շուրջբոլորը գրավող փոքրիկ բակից, հարկավոր էր բարձրանալ չորս փոքրիկ աստիճաններ, ծառուղի մտնելու համար։ Կիրով լի տակառը գտնվում էր պարտեզի խորքում, բայց տեսանելի էր նաև աստիճանների մոտից։ Լվացքատունը գտնվում էր աջ կողմում, պարտեզի մուտքին։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։