Ողորմած Սիրո զոհը – Գրադարան – Mashtoz.org

Ողորմած Սիրո զոհը

238. Այս տարի, Հունիսի 9ին, Ամենասուրբ Երրորդության տոնի օրը, շնորհվեց ինձ հասկանալ առավել քան երբեք, թե Հիսուսը որքա՜ն է կամենում սիրվել[1]:

Մտածում էի այն հոգիների մասին, որոնք իբրև զոհ էին նվիրվում Աստծո արդարությանը՝ նպատակ ունենալով իրենց վրա հրավիրել և ընդունել մեղավորներին վերապահված պատիժները: Այդ նվիրումը գտնում էի մեծ ու վեհանձն, բայց ինձ բավական հեռու էի զգում այդ անձանց հետևելուց: «Ա՜հ, Աստված իմ», ասացի սրտիս խորքից, «մի՞թե արդարությունդ միայն պիտի ընդունի իբրև զոհ նվիրվող հոգիներ: Ողորմած Սերդ մի՞թե դրանց կարիքը չունի: Ամեն կողմից մոռացված է ու մերժված. սրտերը, որոնց կամենում ես շռայլել այն, շրջվում են դեպի արարածները՝ նրանցից երջանկություն մուրալով, իրենց խղճուկ ողորմելի կրքերով, փոխանակ բազուկներիդ մեջ նետվելու և ընդունելու անսահմանորեն մեծ սերդ: Ա՜հ, Աստված իմ, մի՞թե սերդ, որ այսքա՜ն թերագնահատված է մարդկանց կողմից, մնալու է Սրտիդ մեջ արգելափակված: Ինձ այնպես է թվում, որ եթե գտնեիր հոգիներ, որոնք որպես ողջակեզ կնվիրվեին սիրույդ, նրանց կայրեիր ու կսպառեիր ակնթարթային արագությամբ. թվում է ինձ, որ երջանիկ կլինեիր սանձարձակելով վիհերն այն անսահման գորովի, որ կուտակված է Քեզնում, իր ակունքի մեջ: Եթե արդարությանդ հաճելի է լիցքաթափումը, – նրան, որ տարածվում է միայն երկրի վրա, – ուրեմն որքա՜ն ավելի Ողորմած Սերդ է կամենում հրդեհել հոգիներին, քանի որ ողորմությունդ հասնում է մինչև երկինք[2]: Ա՜հ, Հիսուս իմ, թող որ ե՛ս լինեմ այդ երջանիկ զոհը, սպառի՜ր ինձ աստվածային սիրո կրակով»:

Մայր իմ սիրելի, Դուք, որ արտոնեցիք ինձ այսպես նվիրվել մարդասեր Աստծուն, գիտեք, թե շնորհի ինչպիսի՜ գետեր, կամ ավելի ճիշտ՝ օվկիանոսներ ողողեցին հոգիս: Ա՜հ, այդ երջանիկ օրից ի վեր թվում է ինձ, թե սերը ներթափանցում է ամբողջ էությամբս մեկ և պատում է ինձ, վերանորոգում ու մաքրագործում հոգիս, չթողնելով մեղքի որևէ փոքրիկ հետք անգամ, այնպես՝ որ չեմ սարսափում քավարանից: Քաջ գիտեմ, որ իմ ուժերով չէի կարողանա արժանանալ այդ քավության վայրը մտնելուն անգամ, քանի որ արդար հոգիները միայն կարող են մուտք գործել այնտեղ: Բայց նաև գիտեմ, որ Սիրո կրակն ավելի սրբագործող է, քան քավարանի կրակը. գիտեմ, որ Հիսուսը մեր համար չի կամենում ու չի պատրաստում անօգուտ տառապանքներ, ինչպես նաև՝ որ չէր ներշնչի ինձ փափագներ, որոնք զգում եմ, եթե չկամենար գոհացնել դրանք:

Ա՜հ, քանի՜ցս քաղցր է սիրո ուղին: Որքա՜ն եմ կամենում նվիրվել՝ կատարելու միշտ, Աստծո ձեռքերի մեջ սեփական անձի հնարավոր ամենամեծ հանձնումով, Տիրոջ կամքը:

 

239. Ահա՛, Մայր իմ, այն ամենը, որ կարող եմ պատմել Ձեզ՝ Ձեր փոքրիկ Թերեզայի կյանքի մասին: Դուք ինքներդ ինձնից շատ ավելի լավ եք ճանաչում ինձ և այն, ինչը որ Հիսուսն արեց իմ համար: Հետևաբար՝ հուսով եմ, որ կներեք ինձ, կյանքիս վանական շրջանի պատմության կրճատման համար[3]:

Ինչպե՞ս կավարտվի «սպիտակ փոքրիկ ծաղկի պատմությունը»: Թերևս խոնարհ ծաղիկը կքաղվի իր գարնան օրերի՞ն, կամ կփոխադրվի ա՛յլ ծովեզրեր[4]: Չգիտեմ: Բայց մի բանում վստահ եմ. որ Աստծո ողորմությունը կընկերակցի նրան միշտ և ամենուր, և որ նա երբեք չի դադարի օրհնել իր սիրելի Մորը, որ նվիրեց նրան Հիսուսին: Հավիտյան նա ցնծալու է՝ այդ Մոր դափնեպսակի ճյուղերից մեկը լինելու համար: Հավիտյան նա երգելու է, այդ գորովալի Մոր հետ, միշտ նոր երգը Սիրո:

 

[1] 1895ի Հունիսի 9ին Թերեզան իրեն որպես անմնացորդ զոհ է նվիրում Աստծո ողորմած Սիրույն: Թերեզայի կողմից շարադրված նվիրման աղոթք-բանաձևը տե՛ս՝ Հավելված Ա.:

[2] Սղմ 35, 6

[3] Կատակով կարելի է ասել, որ Մայր Ագնես Հիսուսին չկամեցավ ներել Թերեզային: Երբ 1896ի Մարտի 21ին վանքի մեծավորուհի վերընտրվեց Մայր Մարիամ Գոնձական, Մայր Ագնես Հիսուսին նրան մղեց հրամայելու Թերեզային ամբողջացնել իր հուշերը, գրի առնելով նաև վանական կյանքի տարիներին տեղի ունեցած իրադարձությունները: Թերեզան ի կատար ածեց հրամանը՝ մեզ պարգևելով իր ինքնակենսագրական երրորդ ձեռագիրը:

[4] Թերեզան ակնարկում է իր առաքելության մեկնելու հնարավորությանը: Սայգոնի Կարմեղոսը, որ հիմնվել էր Լիզյոյի Կարմեղոսի կողմից, իր հերթին կամենում էր կարմեղական նոր վանք հիմնել Հանոյում, որի համար էլ անձեր էր փնտրում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։