Նվաստացման կենսատու հացը – Գրադարան – Mashtoz.org

Նվաստացման կենսատու հացը

319. Հաճախ են նորընծայուհիներն ասում. «Բայց դուք ամեն ինչի պատասխանը պատրաստ ունեք, այս անգամ կարծում էի վարանումի մատնել ձեզ: Որտեղի՞ց եք գտնում այն բոլոր խոսքերը, որ ասում եք մեզ»: Նրանցից մեկն այնքան միամիտ է, որ կարծում է, թե ես կարդում եմ իրենց հոգիների մեջ, քանի որ պատահում է, որ կանխում եմ իրենց, իրենց ասելով այն, ինչ իրենք մտածում են: Մի օր, ընկերուհիներիցս մեկը[1] որոշել էր ինձնից թաքցնել իր վշտակրությունը, որի պատճառով բավական տառապում էր: Հանդիպեցի իրեն վաղ առավոտյան, ընդառաջ ելավ ինձ և սկսեց խոսել ժպտուն դեմքով: Մինչդեռ ես, առանց պատասխանելու իր խոսքերին, բացականչեցի համոզված շեշտով. «Դու տառապում ես»: Եթե այդ պահին լուսինն անգամ իջեցնեի իր ոտքերի մոտ, կարծում եմ, որ չէր նայի ինձ ավելի մեծ ապշանքով: Նրա զարմանքն այնքան մեծ էր, որ փոխանցվեց նաև ինձ, մի պահ բռնվեցի ինչ որ մի գերբնական երկյուղով: Բացարձակապես վստահ էի, որ հոգիներն ընթերցելու շնորհը չունեի, և ես նույնպես անակնկալի էի մատնվել այդքան ճշգրիտ որակավորելուս համար: Զգում էի, որ Տերն այնքան մոտ էր, որ առանց իմ անդրադառնալու, ինչպես մի մանուկ, արտասանել էի խոսքեր, որոնք չէին բխում ինձնից, այլ՝ Իրենից:

 

320. Մայր իմ, հասկանում եք, որ ամեն ինչ թույլատրված է նորընծաներին. հարկավոր է, որ լիակատար ազատությամբ կարողանան ասել այն, ինչ մտածում են, առանց որևէ կաշկանդվածության, ինչպես բարին, այնպես էլ չարը: Սա հեշտությամբ են կատարում իմ հետ, որովհետև ինձ պարտավոր չեն ընծայել այն մեծարանքը, որ պատշաճ է ընծայել մեծավորուհուն: Սրանով, սակայն, չեմ կամենում ասել, թե Հիսուսն ինձ առաջնորդում է արտաքին նվաստացումների ճանապարհով. ո՛չ, Նա բավարարվում է ինձ հոգուս խորքում խոնարհեցնելով, իսկ արարածների աչքին ամեն ինչում վայելում եմ հաջողություն, քայլում եմ պատիվների արահետով, այնքան՝ որքան հնարավոր է վանական կյանքում: Ըմբռնում եմ, որ ո՛չ թե իմ, այլ՝ ուրիշների համար է, որ պարտավոր եմ ընթանալ այս այնքա՜ն վտանգավոր ուղիով: Եվ իրոք, եթե հասարակության աչքին հայտնվեի իբրև թերություններով լի, անընդունակ, անտրամաբան, առանց խելքի ու դատողության միանձնուհի, անհնարին կլիներ Ձեզ, Մայր իմ, օգնություն ընդունել ինձնից: Ահա՛ այս պատճառով Աստված քող նետեց ներքին ու արտաքին բոլոր թերություններիս վրա: Այդ քողը, երբեմն, իմ համար գովասանքներ է ընդունում նորընծայուհիներից և ես զգում եմ, որ դրանք չեն ասվում շողոքորթությամբ, այլ՝ արտահայտում են իրենց միամիտ զգացումները: Սա, ճշմարիտն ասեմ, ինձ չի կարող ունայն սնափառություն ներշնչել, որովհետև մտքումս միշտ ներկա է ի՛նչ լինելուս հիշատակը:

 

321. Եվ սակայն, երբեմն շատ մեծ փափագ եմ ունենում լսելու ինչ որ մի բան, որ գովասանք չէ: Գիտեք, Մայր իմ, որ գերադասում եմ ավելի քացախը, քան շաքարը: Հոգիս էլ ձանձրանում է չափազանց քաղցր սննդից, և Հիսուսն այնժամ թույլատրում է, որ հյուրասիրեն ինձ մի լավ փոքրիկ աղցան՝ բավական թթու, բավական կծու, որի մեջ ոչինչ չի պակասում, ձեթից բացի ... : Այս բաղադրությամբ՝ այն ավելի համեղ է դառնում: Այս սքանչելի փոքրիկ աղցանն առջևս են դնում իրենք նորընծաները, երբ ավելի քիչ եմ դա սպասում: Տիրոջ աջը բարձրացնում է այն շղարշը, որ ծածկում էր թերություններս, և իմ սիրելի փոքրիկ քույրիկներս տեսնելով, թե ինչպիսին եմ, իրենց ճաշակներին համապատասխան չեն գտնում ինձ: Անկեղծ պարզությամբ, որ զմայլում է ինձ, հայտնում են այն բոլոր ներքին պայքարները, որոնց պատճառը հանդիսանում եմ ես ինքս, ինչպես նաև այն ամենը, որ ինձնում տհաճ է իրենց: Մի խոսքով, չեն քաշվում ավելի, քան եթե այդ հանդիմանությունները վերաբերվեին ինչ որ մի երրորդ անձի, որովհետև գիտեն, որ այդպես վարվելով՝ մեծագույն հաճույք են պատճառում ինձ: Ա՜հ իրոք, դա ավելի է, քան մի պարզ հաճույք. արքայական խնջույք է, որ զվարթությամբ է լցնում հոգիս: Չեմ կարողանում բացատրել անգամ, թե ինչպե՛ս մի բան, որ այսքա՜ն տհաճ է մարդկային բնությանը, կարող է դառնալ առիթ այսքա՜ն երջանկության: Եթե փորձառությունը չունենայի, չէի հավատա: Մի օր, խոնարհվելու յուրահատուկ փափագ ունեի և նորընծայուհիներիցս մեկն ի կատար ածեց ինձ գոհացնելու առաջադրանքն այնքա՜ն լավ, որ իսկույն հիշեցի Շիմեյիին, երբ նզովում էր Դավիթ թագավորին[2], և խորհեցի. «Այո՛, Տերն Ինքն է պատվիրում նրան ասել ինձ այս խոսքերը»: Եվ հոգիս ճաշակում էր այն դառն սնունդը, որ մատուցվում էր իրեն այնքա՜ն առատորեն:

Ահա՛ այդպես է Աստված խնամում ինձ: Միշտ չէ, որ տալիս է արտաքին նվաստացման զորացուցիչ հացը, այլ՝ միայն երբեմն երբեմն թույլատրում է ինձ «սնվել այն փշրանքներով, որ ընկնում են որդիների սեղանից»[3]: Որքա՜ն մեծ է Նրա ողորմությունը. միայն Երկնքում կկարողանամ արժանապես գովերգել այն:

 

[1] Քույր Մարթա Հիսուսին, որ հետագայում անձամբ վկայեց Սրբուհու կողմից հիշատակվող դեպքին:

[2] Հմմտ. 2Թգ 16, 5-10

[3] Մրկ 7, 28

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։