Հոր համաձայնությունը – Գրադարան – Mashtoz.org

Հոր համաձայնությունը

143. Եվ այդպես, Սելինը դարձավ բոլոր պայքարներիս ու հոգնություններիս մտերիմ խորհրդակիցը և այնպիսի՜ ջերմ եռանդով մասնակցեց դրանց, որ թվում էր, թե իր իսկ կոչման հարցն էր քննարկվում։ Իր կողմից հակառակություններ ընդունելու վախ չունեի, բայց ինչպե՞ս հաղորդեի մտքերս Հայրիկին։ Ինչպե՞ս խնդրեի թողնել իր թագուհուն. իրեն, որ արդեն զոհասեղանին էր բարձրացրել իր երեք մեծ զավակներին։ Ա՜հ, քանի՜ քանի՜ ներքին մարտեր մղեցի և որքա՜ն տառապեցի խոսելու քաջություն զգալուց առաջ։ Եվ սակայն, պարտավոր էի որոշում կայացնել։ Տասնչորս ու կես տարեկան լինելուն մոտ էի, միայն վեց ամիսներ էին ինձ բաժանում Սուրբ Ծննդյան հոգեզմայլ գիշերից, որում որոշել էի Կարմեղոս մտնել, այն նույն ժամին, որում մի տարի առաջ ստացել էի «իմ շնորհը»։ Մեծագույն գաղտնիքս հայտնելու համար ընտրեցի Հոգեգալստյան օրը[1]: Առավոտյան, Առաքյալներին խնդրեցի աղոթել ու բարեխոսել իմ համար, ներշնչել այն խոսքերը, որ պետք է ասեի։ Իրենց պարտքն էր օգնել այն երկյուղած մանկանը, որին Աստված սահմանել էր դառնալ առաքյալների առաքյալը՝ աղոթքի ու զոհողության միջոցով[2]։ Միայն կեսօրից հետո, երեկոյան ժամերգությունից վերադարձին, կարողացա գտնել սիրելի Հորս հետ խոսելու առիթը։ Գնացել նստել էր պարտեզում և բնության հրաշալիքներն էր դիտում։ Արևն իր քաղցրիկ ճառագայթներով ոսկեզօծում էր երկնասլաց բարձ ծառերի կատարները, ուր թռչուններն իրենց երեկոյան աղոթքն էին ուրախությամբ երգում։ Հայրիկի գեղեցիկ դեմքը մի երկնային արտահայտություն էր ստացել, զգում էի, որ խաղաղությամբ էր ողողված սիրտը։ Համր քայլերով մոտեցա ու նստեցի իր մոտ․ աչքերս լի էին արցունքով։ Ինձ նայեց անհուն քնքշանքով, գլուխս հենեց իր կրծքին ու ասաց․ «Ի՞նչ է պատահել, փոքրիկ թագուհի, ասա՛ ինձ»։ Ապա, հուզմունքը թաքցնելու համար ոտքի կանգնելով, սկսեց մողմորեն քայլել, գլուխս միշտ իր կրծքի վրա ունենալով։ Արցունքների միջից խոսեցի Կարմեղոս մտնելու փափագիս մասին։ Այնժամ իր արտասուքները նույնպես խառնվեցին իմոնց, բայց մի խոսք անգամ չասաց կոչումիցս ետ կանգնեցնելու համար։ Գոհացավ ուշադրությանս հրավիրելով այն փաստը, որ դեռ շատ երիտասարդ էի այդպիսի ծանրակշիռ որոշում կայացնելու համար։ Ես, սակայն, դատս այնքա՜ն լավ պաշտպանեցի, որ Հայրիկը, իր պարզ ու վեհանձն բնավորության համաձայն, շուտով համոզվեց, որ իղձերս համապատասխանում էին Աստծո կամքին, և ըստ իր խորապես ապրված հավատքի բացականչեց, որ Աստված իրեն մեծ պատվի է արժանացնում՝ պահանջելով իր բոլոր զավակներին։ Դեռ շարունակում էինք քայլել․ աննման հորս բարությունից մխիթարված սիրտս առանց որևէ դժվարության էր հեղվում իր սրտի մեջ։ Թվում էր, թե Հայրիկը վայելում էր այն խաղաղ բերկրանքը, որ մեզ շնորհում է սիրով կատարված զոհողությունը։ Հետս խոսում էր ինչպես մի Սուրբ և կուզենայի մեկ առ մեկ հիշատակել իր խոսքերն այստեղ, բայց դրանց շուրջ չափազանց օծուն հիշատակ եմ պահպանել, որը չեմ կարող երկրային բառերով թարգմանել։ Բոլոր մանրամասներով հիշում եմ թագավորիս խորհրդավոր արարքը, որ կատարեց առանց անդրադառնալու։ Մոտեցավ պատին և ցույց տվեց այն փոքրիկ սպիտակ ծաղիկները, որ աճում էին նրա վրա՝ նմանվելով գեղանկարված շուշանների․ ապա քաղեց դրանցից մեկը և դեպի ինձ մեկնեց՝ բացատրելով,  թե որքա՜ն մեծ խնամքով էր բարին Աստված ստեղծել այն և պահպանել մինչև այդ օրը: Ի լուր այդ խոսքերի ինձ թվում էր, թե լսում էի իմ իսկ պատմությունը, այնքա՜ն նման էին պարգևները, որ Հիսուսը շնորհել էր խոնարհ շուշանին ու փոքրիկ Թերեզային: Ընդունեցի այդ ծաղիկն իբրև մասունք, և նկատեցի, որ Հայրիկն այն հողից դուրս էր հանել արմատներով հանդերձ, առանց վնասելու, կարծես որպեսզի շարունակեր ապրել ավելի պարարտ մի ա՛յլ հողում, քան այն բնօրրանը, ուր անց էին կացել իր առաջին օրերը: Այդ միևնույն գործն էր կատարել իմ համար Հայրիկը սակավ վայրկյաններ առաջ՝ թույլատրելով բարձրանալ Կարմեղոսի լեռը և լքել այն անուշիկ հովիտը, ուր գցել էի առաջին քայլերս:

Նրբագեղ սպիտակ ծաղիկը Նմանության գրքի մեջ դրեցի, այն գլխի սկզբում, որ կոչվում է «Հիսուսին պետք է սիրել ամեն բանից ավելի»[3], և դեռ այնտեղ է, միայն թե ցողունը կոտրվել է ճիշտ արմատների մոտ. թվում է, թե մարդասերն Աստված կամենում է այդպիսով հայտնել, որ շուտով է խզելու Իր փոքրիկ սպիտակ ծաղկի գերության շղթաները, և չի թողնելու, որ այն խամրի այս երկրի վրա[4]:

 

[1] 29 Մայիս 1887:

[2] Կարմեղական միանձնուհիներն իրենց կատարած բոլոր աղոթքներն ու առաքինությունները նվիրաբերում են Աստծուն՝ շնորհներ հայցելով քահանաների ու հատկապես քարոզիչների համար։ Այդպիսով դառնում են «առաքյալների առաքյալ», այսինքն՝ հոգևոր նեցուկ նրանց առաքելական գործին (մի բան, համենայն դեպս, որ կարող է կատարել նաև որևէ բարեպաշտ քրիստոնյա)։

[3] Նմանություն Հիսուս Քրիստոսի, Բ, Է.

[4] Թերեզան գրում է 1895ին: Հիվանդանալու էր 1896ի Զատիկին և թողնելու էր երկիրը 1897ի Սեպտեմբերի 30ին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։