Աստվածային վերելակը – Գրադարան – Mashtoz.org

Աստվածային վերելակը

271. Գիտեք, Մայր իմ, որ միշտ փափագել եմ սրբուհի լինել, բայց ավա՜ղ, միշտ էլ նկատել եմ, երբ ինձ համեմատել եմ Սրբերի հետ, որ իմ ու նրանց միջև գոյություն ունի այն նույն տարբերությունը, որ գոյություն ունի գագաթն ամպերում կորած լեռան ու անցորդների ոտքերի տակ կոխկրտվող ավազի նվաստ հատիկի միջև։ Բայց վհատվելու փոխարեն, ասել եմ ինքս ինձ․ «Մարդասերն Աստված չի ներշնչում անիրականալի բաղձանքներ», հետևաբար կարող եմ, փոքրկությանս հակառակ, տենչալ սրբությանը։ Ավելի մեծանալ ինձ անհնարին է, պարտավոր եմ համբերել ինձ այնպես, ինչպիսին որ եմ, բոլոր թերություններովս հանդերձ: Բայց նաև ուզում եմ գտնել Երկինք գնալու մի միջոց, որ լինի ուղիղ, շատ կարճ, մի փոքրիկ ուղի՝ ամբողջովին նոր: Ապրում ենք գյուտարարների դարում, այլևս չարժե աստիճաններով բարձրանալ, հարուստների տներում վերելակները շահավետ կերպով փոխարինում են աստիճաններին: Ես նույնպես կուզենայի մի վերելակ գտնել, որն ի զորու լիներ բարձրացնելու ինձ մինչև Հիսուսը, քանի որ շատ փոքր եմ՝ կատարելության դժվարամատչելի աստիճաններով վեր բարձրանալու համար: Այնժամ սկսեցի Աստվածաշնչում տեղեկություններ փնտրել այն վերելակի շուրջ, որն առարկան էր իմ բաղձանքների, և հավերժական Իմաստության կողմից արտասանված ահա՛ այս խոսքերը կարդացի. «Եթե մեկը փոքրագույն է, թող գա իմ մոտ»[1]: Եկա, հուսալով գտած լինել այն, ինչ փնտրում էի, և իմանալու համար, Աստված իմ, թե ի՞նչ ես անելու այդ փոքրագույնների հետ, որոնք պատասխանում են կոչիդ: Շարունակեցի փնտրտուքս և ահա՛ այն, ինչը որ գտա. «Ինչպես մայրն է գգվում իր մանկանը, այնպես էլ ես եմ ձեզ մխիթարելու. կրելու եմ ձեզ իմ գրկում և փայփայելու եմ ձեզ ծնկներիս վրա»[2]: Ա՜հ, սրանցից ավելի գողտրիկ, ավելի քաղցրահնչյուն խոսքեր երբեք չէին եկել հոգուս հրճվանք պարգևելու: Վերելակը, որ բարձրացնելու է ինձ մինչև Երկինք, Քո իսկ բազուկներն են, Հիսո՜ւս: Այո՛, այս իսկ պատճառով կարիքը չունեմ մեծանալու. ընդհակառակը՝ հարկավոր է, որ մնամ փոքր, որ դառնամ միշտ ավելի ու ավելի փոքր:

 

272. Ո՜վ Աստված իմ, Դու գերազանցեցիր իմ բոլոր հույսերը և ես ուզում եմ գովերգել Քո ողորմությունը: «Դու կրթում ես ինձ մանկությունիցս ի վեր և մինչև այսօր պատմում եմ Քո հրաշքները: Ծերությանս ու ալևորությանս մեջ մի՛ լքիր ինձ, Աստվա՜ծ, որպեսզի գալիք սերունդներին պատմեմ փառքդ»[3]: Ո՞րն է իմ համար այդ ալևորության տարիքը: Թվում է ինձ, թե այն կարող է լինել ներկաս, որ ապրում եմ, որովհետև երկու հազար տարիները Տիրոջ համար ավելի չեն, քան քսան տարիները կամ նույնիսկ միայն մի օրը[4]: Մի՛ կարծեք, Մայր սիրելի, թե Ձեր դուստրը կամենում է լքել ձեզ ... , մի՛ կարծեք, թե նա ավելի մեծ շնորհ է համարում մահանալն արշալույսին, քան մայրամուտին: Այն, ինչը որ արժեքավոր է իր համար, և որն իր միակ փափագն է, Հիսուսին հաճույք պատճառելն է: Այժմ, երբ Նա թվում է, թե մոտենում է, ինձ դեպի Իր փառքն առաջնորդելու համար, ես ուրախանում եմ: Երկար ժամանակից ի վեր հասկացել եմ, որ մարդասերն Աստված ոչ ոքի (և հատկապես իմ) կարիքը չունի երկրի վրա բարեգործելու համար: Մայր իմ, ներող եղեք, եթե տրտմություն եմ պատճառում Ձեզ: Այնքա՜ն կուզենայի ուրախացնել Ձեզ, բայց մի՞թե կարծում եք, որ եթե Ձեր խնդրանքները գոհացում չեն գտնում երկրի վրա, եթե Հիսուսը կամենում է մի քանի օրով անջատել դստերը մորից, մի՞թե կարծում եք, թե այդ աղոթքները չեն ընդունվելու Երկնքում:

[1] Առկ 9, 4

[2] Հմմտ. Ես 66, 12-13: Տե՛ս նաև՝ հատ. 242։

[3] Սղմ 70, 17–18

[4] Հմմտ. Սղմ 89, 4

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։