17-25 Հուլիս 1897թ. – Գրադարան – Mashtoz.org

17-25 Հուլիս 1897թ.

17 ՀՈՒԼԻՍ
 
Զգում եմ, որ այլևս մոտ եմ հավիտենական հանգստին։ Բայց ավելի զգում եմ, որ առաքելությունս սկսվելու վրա է․ առաքելությունս, որ կայանում է հոգիներին առ Աստված առաջնորդելու մեջ, որպեսզի սիրեն Տիրոջն այնպես, ինչպես ես եմ Նրան սիրում։ Հոգիներին տալու եմ իմ փոքրիկ ճանապարհը։ Եթե ողորմածն Աստված ի կատար ածի փափագներս, իմ դրախտը կանցկացնեմ երկրի վրա, մինչև աշխարհի վախճանը։ Այո՛, ուզում եմ Երկինքս երկրի վրա բարեգործելով վայելել։ Դա անհնարին չէ․ երանավետ հայեցողության մեջ ընկղմված լինելով հանդերձ, Հրեշտակներն ամեն վայրկյան պահպանում են մեզ։
 
Չեմ կարողանում վայելել հանգիստս, քանի դեռ փրկվելիք հոգիներ կան։ Կհանգստանամ ու կցնծամ, երբ Հրեշտակը կհռչակի․ «Ժամանակն այլևս չկա», որովհետև այնժամ ընտրյալների թիվն ամբողջական կլինի ու բոլորն էլ մտած կլինեն Արքայություն։ Սրա մասին մտածելիս՝ սիրտս բերկրանքով է լցվում։
 
Մի ուրիշ օր հարցրեցի․ «Ի՞նչ ուղի ես կամենում ուսուցանել հոգիներին»։ Պատասխանեց․
 
Մայր իմ, դա ճանապարհն է հոգևոր մանկության, դա ուղին է Աստծո հանդեպ վստահության և Նրա ձեռքերի մեջ անվերապահ ինքնահանձնումի։ Կամենում եմ ուսուցանել նրանց այն փոքրիկ միջոցները, որոնք իմ դեպքում մեծ հաջողություն ունեցան։ Կամենում եմ ասել նրանց, որ այստեղ՝ ներքևում, անելիք միայն մի բան կա․ նվիրել Հիսուսին ծաղիկներ փոքրիկ զոհողությունների, և ընդունել Նրան քնքշանքով։ Այդպես ընդունեցի ես Իրեն, և դրա համար է, որ ես նույնպես այնքա՜ն լավ եմ ընդունվելու Իր կողմից։
 
19 ՀՈՒԼԻՍ
 
Քիչ առաջ մեծ փափագ ունեի հարցնելու Քույր Մարիային, որ վերադառնում էր խոսարանից, ուր հանդիպել էր խոստովանահորս հետ, թե նա ի՞նչ կարծիքի էր դրությանս մասին, իր վերջին այցելությունից հետո: Խորհում էի. «Թերևս կօգնեն ինձ իր խոսքերը, կմխիթարեն»: Բայց շուտով անդրադարձա և ինքս ինձ ասացի. «Ո՛չ, սա պարզապես հետաքրքրասիրություն է: Չեմ ուզում իմանալ ոչինչ»: Եվ քանի որ ողորմած Աստծո կամքով Քույր Մարիան ինքն առաջինը չխոսեց դրա մասին ինքնաբերաբար, եզրակացրեցի, որ Տիրոջն իսկապես հաճելի չէր փափագս: Եվ, հետևաբար, խուսափեցի զրույցը կրկին այդ կողմ ուղղելու, վախենալով, որ Քույր Մարիան կսկսեր խոսել դրա մասին գրեթե ստիպված: Իսկ այդպիսի դեպքում գոհ չէի լինի:
 
20 ՀՈՒԼԻՍ
 
«Ի՞նչ կանեիր, եթե երեք քույրերիցդ մեկը հիվանդ լիներ քո փոխարեն: Այցելության կգայի՞ր հանգստյան պահերին»:
 
Ժպիտը դեմքիս կզբոսնեի պարտեզում և լուրեր չէի խնդրի: Դա, սակայն, կանեի ամենայն պարզությամբ, որպեսզի ոչ ոք չնկատեր զոհողությունս: Եթե երբեմն էլ ինձ այցելության կանչեին հիվանդների բաժին, դիտավորությունս կուղղեի և այցի կգնայի պարզապես հիվանդին հաճույք պատճառելու համար, երբե՛ք՝ ինքնագոհացման: Դա կանեի հիվանդի վրա հրավիրելու համար այն շնորհները, որոնք անկասկած չէի կարող ստանալ, եթե գործեի անձնասիրությունից մղված: Եվ ես ինքս էլ մեծ ուժ կստանայի ինքնամերժումիցս: Իսկ եթե երբեմն էլ, տկարությանս պատճառով, վարվեի առաջադրությանս հակառակ, չէի վհատվի, կաշխատեի վճարել թերություններիս փոխարեն՝ զրկելով ինձ առավել ևս. բայց ինչպես միշտ՝ առանց հայտնի դարձնելու:
 
Երջանիկ եմ մեր Մոր[1] ձեռքերում մեռնելուս համար, որովհետև նա ներկայացնում է Տիրոջը: Եթե Ձեր ձեռքերում պատահեր, գուցե բնական զգացումներ սպրդեին: Նախընտրում եմ, որ ամեն ինչ գերբնական լինի:
 
Շա՜տ էր տառապել այդ Մեծավորուհու ձեռքի տակ:
 
Կամենում էինք օգուտ քաղել իր վերջին օրերից և հարցեր էինք տալիս իրեն ամեն ինչի մասին:
 
Նեղում ու չարչարում են ինձ իրենց հարցերով: Միտքս է գալիս Սրբուհի Ժաննա դ’Արքը դատական ատյանի առաջ: Թվում է ինձ, թե պատասխանում եմ միևնույն անկեղծությամբ:
 
21 ՀՈՒԼԻՍ
 
Երբեք չեմ նմանվել Պիղատոսին, որ չուզեց լսել ճշմարտությունը: Միշտ ասել եմ Տիրոջը. «Ա՜հ, Աստված իմ, որքա՜ն եմ կամենում լսել Քեզ, աղաչում եմ՝ պատասխանի՜ր ինձ, երբ հարցնում եմ, թե “Ի՞նչ է ճշմարտությունը”: Տուր, որ իրողությունները տեսնեմ այնպես, ինչպիսին որ են իրականում: Թող ոչինչ չշլացնի ու չհրապուրի ինձ»:
 
Ասացի իրեն. «Պետք է երջանիկ և ուրախ լինես՝ հոգիներին ուսուցանելիք սիրո և վստահության ճանապարհն ունենալուդ համար»: Պատասխանեց.
 
Կարևոր չէ, թե ես եմ ուսուցանում այդ ճանապարհը հոգիներին, թե մի ուրիշը: Կարևորը ուսուցանելիքն է, ո՛չ թե ուսուցանողը:
 
22 ՀՈՒԼԻՍ
 
Ուրիշ ոչինչ չեմ նվիրել մարդասեր Աստծուն, եթե ո՛չ միայն՝ սեր: Հետևաբար, Նա նույնպես կփոխհատուցի ինձ սիրով:
 
23 ՀՈՒԼԻՍ
 
Ասացի. «Շա՜տ ես տառապում և գուցե դե՛ռ ավելի տառապես: Այս վախը մեզ շատ մեծ ցավ է պատճառում»: Պատասխանեց.
 
Մենք, որ ընթանում ենք սիրո արահետներում, չպետք է մտածենք այն հնարավոր վշտակրությունների մասին, որ կարող են տեղի ունենալ ապագայում: Որովհետև հակառակ կերպ վարվելով կթերանայինք վստահության մեջ և կխառնվեինք ու կմիջամտեինք Աստծո գործերին:
«Ի Քեզ անձինք մեր հուսացան»[2]: Մեր ընտանեկան մեծ տառապանքի պահերին որքա՜ն մեծ մխիթարությամբ էի երգում այս խոսքերը, երբ ժամերգությունների ժամանակ ինձ էր հասնում այս տողն արտասանելու հերթը:
 
Մրգեր էին բերել իրեն, բայց չկարողացավ ուտել: Վերցրեց դրանք մեկ առ մեկ, կարծես ինչ-որ մեկին հյուրասիրելով, և ասաց.
 
Ահա՛ հյուրասիրեցի Սուրբ Ընտանիքին: Սուրբ Հովսեփն ու Հիսուս Մանուկը ստացան մեկական դեղձ և երկուական սալոր: Իր մասն ունեցավ նաև Սուրբ Կույսը:
Սեղանատանը միշտ մտածում էի, թե ո՛ւմ նվիրեի կերակուրներս. քաղցրեղենները վերապահված էին Հիսուս Մանկանը, սննդարարը՝ Սուրբ Հովսեփին, չէի մոռանում անշուշտ նաև Սուրբ Կույսին ... : Բայց երբ ինչ որ մի բան պակասում էր ինձ, շա՜տ ավելի գոհ էի լինում, որովհետև այդ զրկանքն իրո՛ք նվիրում էի Սուրբ Ընտանիքին:
 
25 ՀՈՒԼԻՍ
 
Ասացի, թե այլևս կամենում էի իր մահը, որպեսզի չտեսնեի իրեն այդքա՜ն տառապելուց:
 
Այդպիսի խոսքեր չպետք է ասեք, Մայր իմ, որովհետև հենց տառապանքն է, որ հաճելի է ինձ այս կյանքում:
 
Գերեն մորեղբայրը մի քիչ խաղող էր ուղարկել իրեն: Կերավ մի փոքրիկ ողկույզ, ապա ասաց.
 
Ի՜նչ համեղ խաղող է, բայց ինձ հաճելի չէ այն, ինչ բերում են ինձ ընտանիքիս կողմից ... : Մի ժամանակ, երբ մերոնք ծաղկեփնջեր էին բերում Հիսուս Մանկան արձանը զարդարելու համար, չէի կամենում ընդունել դրանք առանց նախ վստահանալու, որ բերվել էին մեր Մոր հավանությամբ:
 
Հարցրեցի. «Որտե՞ղ է հիմա գող Բարեկամը, այլևս չես խոսում Նրա մասին»: Պատասխանեց՝ ձեռքը կրծքի վրա դնելով.
 
Այստե՛ղ է, սրտիս մեջ:
 
Ասացի իրեն, որ մահն արտաքուստ շա՜տ թախծալի է, և որ շա՜տ կտառապեի իրեն մեռած տեսնելով: Պատասխանեց գորովալի ձայնով.
 
Սուրբ Կույսը նույնպես իր գրկում պահեց մեռած Հիսուսին, որն ամբողջովին կերպարանափոխված էր ու արյունաշաղախ: Այդ տեսարանը ոչնչով նման չէ այս մյուսին, որին ներկա եք գտնվելու Դուք: Ա՜հ, չգիտեմ, թե նա ինչպես դիմացավ ... : Եթե ինձ ներկայացնեին Ձեզ այդպիսի վիճակում, ի՞նչ կանեիք ... : Պատասխանեցեք ինձ ... :
 
Հոգևոր առաջնորդությանը վերաբերվող որոշ խորհուրդներ էի խնդրում իրենից.
 
Հարկավոր է խուսափել սեփական անձը փնտրելուց, որովհետև այդպես վարվելով՝ վերջում մեզ խոցված սիրտն է միայն մնում, և այնժամ ամենայն արդարացիությամբ կարող ենք ասել. «Պարիսպների պահապանները վրայիցս քաշեցին հանեցին թիկնոցս, հարվածեցին ու վիրավորեցին ինձ ... : Նրանց միջով անցնելուցս հետո միայն գտա հոգուս Սիրելիին»[3]: Կարծում եմ, որ եթե հոգին խոնարհաբար պարզապես հարցներ պահապաններին, թե որտե՛ղ էր իր Սիրելին, նրանք անկասկած ցույց կտային իրեն, բայց քանի որ կամեցավ փայլել իր քաջագործությամբ, շփոթության մատնվեց և, հետևաբար, կորցրեց իր պարզությունը:
 
Խոսելով մի նորընծայուհու մասին, որն աշխատում էր թաքցնել իր հոգևոր ապրումներն ու փորձությունները.
 
Առաքինությունը բնական փայլ ունի։ Հազիվ է այդ փայլը բացակայում, իսկույն նկատում եմ:

[1] Մայր Մարիամ Գոնձական։

[2] «Զքեզ Աստված» (Te Deum) օրհներգից: Տե՛ս՝ Հավելված Զ.:

[3] Երգ 5, 7; 3, 4

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։