Վանական զգեստավորումը – Ձյան նվերը – Գրադարան – Mashtoz.org

Վանական զգեստավորումը – Ձյան նվերը

203. Սպասումը շատ երկար եղավ, բայց քանի՜ցս գեղեցիկ էր հանդիսությունը: Ոչինչ չպակասեց, ոչի՛նչ, և ո՛չ իսկ ձյունը: Չգիտեմ, արդյոք արդեն խոսե՞լ եմ ձյան հանդեպ ունեցածս սիրո մասին: Երբ դեռ շատ փոքր էի, նրա փայլն ինձ հիացնում էր. մեծագույն հաճույքներիցս մեկը սպիտակ փաթիլների տակ զբոսնելն էր: Բայց որտեղի՞ց էր գալիս այդ ճաշակս: Թերևս այն փաստից, որ ես նույնպես ձմռան ծաղիկ լինելով, բնության առաջին գեղեցկությունը, որ տարածված տեսա աչքերիս առաջ, իր սպիտակ վերարկուն էր: Անդադար երազանքս էր, որ զգեստառությանս օրը բնությունը նույնպես սպիտակ հագնվեր, ինչպես ես: Նախորդ օրը տրտմությամբ էի դիտել մոխրագույն երկինքը, որն երբեմն բարակ անձրև էր մաղում և օդը նույնպես այնքա՜ն խոնավ էր, որ ձյան տեղումներ այլևս չէի ակնկալում: Հաջորդ առավոտյան երկինքը նույնն էր. արարողությունը, սակայն, անպատմելի, որի ամենագեղեցիկ ծաղիկն իմ թանկագին թագավորը եղավ: Նրան երբեք այդքա՜ն գեղեցիկ չէի տեսել, այդքա՜ն վեհ ու արժանապատիվ: Բոլորի հիացմունքի առարկան էր. այդ օրն իր հաղթանակը եղավ, իր վերջին տոնն այստեղ՝ ներքևում: Իր բոլոր որդիներին Աստծուն էր նվիրել. այո՛, որովհետև Սելինը նույնպես հայտնել էր նրան իր կոչումը և նա ուրախությունից արտասվել էր, ապա գնացել էր իր երախտագիտության զգացումները մատուցելու Նրան, ով «մեծագույն պատվի էր արժանացնում իրեն՝ վերցնելով իր բոլոր զավակներին»:

 

204. Ծիսակատարության ավարտին, Գերապայծառ Եպիսկոպոսը սկսեց «Զքեզ Աստված» երգել: Քահանաներից մեկը շտապեց հիշեցնել, որ այդ օրհներգը միայն ուխտադրությունների ժամանակ էր երգվում, բայց արդեն սկիզբ առած գոհաբանական տաղը շարունակվեց մինչև վերջ: Մի՞թե ամբողջական չէր լինելու այդ տոնը, քանի որ նրանում են ամփոփվում մյուս բոլորը: Սիրելի թագավորիս հետ վերջին անգամ գրկախառնվելուց հետո վերադարձա փակարան և առաջին բանը, որ տեսա բակում, եղավ «իմ փոքրիկ վարդագույն Հիսուս Մանուկը», որ ժպտում էր ինձ ծաղիկների ու լույսերի միջից[1], ապա հայացքս իսկույն ձյան փաթիլների վրա հանգչեց. բակը իմ նման սպիտակ էր: Որքա՜ն բարի է Հիսուսը: Նախատեսելով Իր փոքրիկ նշանածի փափագները, նրան ձյուն էր նվիրում ... : Ձյո՜ւն: Ո՞վ է, ուրեմն, այն մահկանացուն, որքա՜ն էլ որ հզոր լինի, որ կարող է երկնքից ձյուն տեղացնել՝ իր սիրելիին հաճույք պատճառելու համար: Թերևս աշխարհի մարդիկ իրենց առջև դրեցին այս հարցը, և անկասկած զգեստառությանս ձյունը նրանց մի փոքրիկ հրաշք թվաց և զարմանք պատճառեց բոլորին: Նրանք մի տեսակ տարօրինակ էին գտնում ճաշակս, որովհետև ձյունն ինձ հաճելի էր: Ավելի լավ: Սա առավել ցայտուն է դարձնում անսահմանորեն մեծ զիջողությունը կույսերի Փեսայի, Ով սիրում է ձյան նման սպիտակ շուշաններին:

 

205. Արարողության ավարտին ներս մտավ նաև Գերապայծառ Եպիսկոպոսը[2], որի բարությունն իմ հանդեպ հիրավի հայրական էր: Հպարտ էր տեսնելով, որ հարատևել էի կոչմանս մեջ, ասում էր բոլորին, թե «իր դուստրն» էի: Այդ գեղեցիկ տոնից հետո նույնպես, ամեն անգամ, որ Նորին Գերազանցությունը մեզ հյուր եկավ, միշտ բարեհամբույր եղավ իմ հանդեպ. հիշում եմ հատկապես նրա այցելությունը՝ կապված Սբ. Հովհաննես Խաչի հարյուրամյակին: Գլուխս իր երկու ձեռքերի մեջ առավ, ապա մեծագույն քնքշությամբ խոսեց հետս. երբեք այդքան պատիվներ չէի ընդունել: Միևնույն պահին մարդասերն Աստված մտածել տվեց ինձ այն բոլոր պատիվների շուրջ, որոնցով մեզ շռայլորեն զարդարելու է Հրեշտակների ու Սրբերի առաջ, և որի մի տկար պատկերն էր տալիս ինձ այստեղ՝ երկրի վրա: Այդպիսով, զգացածս մխիթարությունն իրոք մեծ եղավ:

 

[1] Թերեզային էր հանձնված այդ արձանիկի խնամքը և նա այն զարդարում էր մեծագույն հոգատարությամբ:

[2] Մեծ տոների օրերին և հատուկ ծիսական արարողությունների ժամանակ տվյալ թեմի Եպիսկոպոսն իրավունք ուներ խախտելու փակարանի սահմանը և ներս մտնել:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։