ՀԱՎԵԼՎԱԾ Է. – ԻՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ – Գրադարան – Mashtoz.org

ՀԱՎԵԼՎԱԾ Է. – ԻՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ

1. Կան այս աշխարհում անձինք, որ իզուր են փնտրում երջանկությունը: Իմ պարագային ճիշտ հակառակն է. բերկրանքն ունեմ իմ սրտում: Այն ծաղիկ է անթառամ, որ հավիտյան ինձ է պատկանում, և ամեն օր ժպտում է ինձ, դալար՝ ինչպես վարդն առավոտյան:

2. Ես իրոք ուրախ եմ չափազանցության աստիճան, և կատարում եմ միշտ այն, ինչ կամենում եմ: Բայց ինչպե՞ս կարող էի այդպիսին չլինել, և ի հայտ չբերել իմ զվարթությունը: Ունեմ իբրև բերկրանք սերս՝ տառապանքի հանդեպ տածած. ժպտում եմ արտասվելիս: Եվ շնորհակալ եմ այն փշոտ տատասկներին, որ թաքնվում են ճանապարհիս, ծաղիկների տակ:

3. Երբ անամպ երկինքը մթագնում է, և թվում է, թե հեռանում է ինձնից մեկընդմիշտ, իմ բերկրանքն է ստվերում մնալը, խոնարհվելն ու թաքցնելն ինքս ինձ: Խաղաղությունս՝ Հիսուսի ամենասուրբ կամքն է. Հիսուսի՝ իմ միակ Սիրո: Այսպիսով ապրում եմ աներկյուղ, և սիրում եմ ցերեկը նույնքան, որքան գիշերը:

4. Իմ խաղաղությունը. մնալ փոքրիկ: Այսպիսի դեպքում, եթե ընկնում եմ, իսկույն ոտքի եմ կանգնում և Հիսուսը դեպի ինձ է մեկնում Իր աջը: Այնժամ ասում եմ Իրեն, որ Ինքն ամեն ինչ է իմ համար. այնժամ ծածկում եմ Իրեն քաղցրախոսություններով: Եվ այս վերջինները կրկնապատկում եմ, երբ Նա թաքնվում է հավատքիս առաջ:

5. Իմ խաղաղությունը, մինչ արտասվում եմ, հոգեվիճակս մարդկանց հայացքից թաքցնելն է. քանի՜ցս հոգեպարար է վիշտը քողարկել կարողանալու քաղցրությունը: Այո՛, կամենում եմ տառապել և չցուցադրել այն, որպեսզի Հիսուսը մխիթարվի: Այս աքսորական սրտիս բերկրանքը Նրան ժպտադեմ տեսնելն է:

6. Իմ խաղաղությունը տևական պայքարն է հանուն նորանոր ընտրյալների: Եվ ուզում եմ մեղմորեն ասել, լավագույնս՝ ուժերիս ներածի չափով, Հիսո՜ւս իմ քաղցրիկ. «Երջանիկ եմ, Աստված-Եղբայր իմ, ի սեր Քո տառապելուս համար. և իմ բերկրանքն այստեղ՝ ներքևում, Քեզ ժպիտ պարգևելն է»:

7. Ուզում եմ շա՜տ ու շա՜տ ապրել, Տե՜ր, եթե Քո կամքը դա է. կամ էլ շուտով ճախրել դեպի Երկինք, եթե հաճելի է Քեզ: Սերը, այս կրակը երկնային, սպառում է ինձ միշտ: Ի՞նչ կարևորություն ունեն կյանքն ու մահը. իմ միակ բերկրանքը սերդ է:

 

21 Հունվար 1897թ.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։