Ուխտագնացությունը Հռոմ՝ հոր և Սելինի հետ – Փարիզի «Հաղթանակների Տիրամոր» եկեղեցին – Գրադարան – Mashtoz.org

Ուխտագնացությունը Հռոմ՝ հոր և Սելինի հետ – Փարիզի «Հաղթանակների Տիրամոր» եկեղեցին

156. Բեյեոյի ճամփորդությունից երեք օր անց, պարտավոր էի մի շատ ավելի երկար ուղևորություն կատարել, այն է՝ դեպի Հավիտենական Քաղաք[1]: Ա՜հ, ինչպիսի՜ ճամփորդություն: Ինձ ավելի կրթեց, քան ուսման երկար տարիները. աչքերիս առաջ հայտնի կերպով ցույց տվեց, թե որքա՛ն ունայն է այն ամենը, որ անցնում է, և թե ինչպե՛ս է այս արևի տակ ամեն բան հոգու տվայտանք[2]: Բայց այնուամենայնիվ, բազմաթիվ գեղեցկություններ տեսա, դիտեցի քրիստոնեական արվեստի ու ճարտարապետության հրաշք գլուխգործոցները, և հատկապես՝ քայլեցի Սուրբ Առաքյալների հետքերով դրոշմված հողի վրայով. հող, որ ներկված է մարտիրոսների արյամբ: Այո՛, հոգիս ընդարձակվում էր սրբազան իրերին հպվելիս:

Ուրախ եմ Հռոմն այցելած լինելուս համար, բայց և լավ եմ ըմբռնում այն աշխարհիկ անձանց ենթադրությունները, ըստ որոնց՝ Հայրիկն ինձ մասնակից էր դարձնում այդ մեծ ճամփորդությանը՝ վանական կյանքի հանդեպ ունեցած գաղափարներս փոխելու համար: Եվ իրոք, բազում առիթներ կային, որ կարող էին սասանել անհաստատ կոչման խարխուլ հիմքերը: Երբեք ապրած չլինելով բարձր դասակարգի մարդկանց շրջանակում, ես ու Սելինը հայտնվել էինք ազնվականներից բաղկացած խմբի մեջ (ուխտագնացների մեծամասնությունը ազնվականներ էին): Բավական հեռու լինելով մեզ շփացնել կարողանալուց, ազնվական այդ բոլոր տիտղոսները մեր աչքին երևացին ծուխ և միմիայն ծուխ: Հեռվից, երբեմն, փոշի էին փչել աչքերիս մեջ, բայց մոտիկից տեսա, որ «ամեն փայլող բան ոսկի չէ», և հասկացա Նմանության գրքի հետևյալ խոսքերը. «Մի՛ վազիր այն ստվերի ետևից, որ կոչվում է ՄԵԾ ԱՆՈւՆ, մի՛ փափագիր բազմաթիվ ծանոթություններ ունենալ մարդկանց հետ, և մի՛ ջանա յուրահատուկ բարեկամություններ մշակել»[3]:

Հասկացա, որ ճշմարիտ մեծությունը հոգու մեջ է, ո՛չ թե անվան[4], քանի որ, ինչպես ասում է Եսային, «Աստված մի ա՛յլ անուն է տալու Իր ընտրյալներին»[5]. նաև Հովհաննես Առաքյալն ասում է, որ «հաղթողը մի սպիտակ խիճ է ստանալու, որի վրա գրված է լինելու մի նոր անուն, որը ոչ ոք չի իմանալու, բացի նրանից, ով ստանալու է այն»[6]: Հետևաբար, միայն Երկնքում կիմանանք մեր ազնվական տիտղոսները: Այնժամ ամեն ոք կստանա այն գովասանքը, որին արժանացել է[7], և նա, ով ընտրեց ամենաաղքատն ու բոլորից մոռացվածը լինել երկրի վրա՝ ի սեր Հիսուսի, հենց նա է, որ կլինի առաջինը, ամենանշանավորը, աստվածային շնորհներով ամենից ավելի ճոխացածը:

 

157. Մյուս փորձառությունս, որ ունեցա, քահանաների վերաբերյալ էր: Նրանց ընկերակցության մեջ ապրած չլինելով, չէի կարողանում լավ ըմբռնել Կարմեղոսի բարենորոգման գլխավոր նպատակը: Մեղավորների համար աղոթելն ինձ հմայում էր, բայց աղոթել քահանաների հոգիների համար, որոնք բյուրեղից ավելի մաքուր էի կարծում, միայն զարմանք էր պատճառում ինձ:

Ա՜հ, կոչումս Իտալիայում հասկացա, և հարկ չեղավ այդքան կարևոր ճանաչողությունը ձեռք բերելու համար շատ հեռուները գնալ:

Մեկ ամիս ապրեցի շա՜տ սուրբ քահանաների հետ և տեսա, որ թեև իրենց վեհ արժանապատվությունը բարձրացնում է իրենց հրեշտակներից է՛լ ավելի վեր, այդուամենայնիվ չեն դադարում տկար ու դյուրաբեկ մարդիկ լինելուց ... : Եվ եթե սուրբ քահանաները, որոնց Հիսուսն Ավետարանում անվանում է «երկիրը համեմող աղ», ցույց են տալիս, թե որքա՜ն կարիքն ունեն աղոթքի օգնության, ի՞նչ պիտի ասենք, ուրեմն, գաղջերի մասին: Մի՞թե Հիսուսը չասաց նաև. «Եթե աղն անհամանա, այլևս ինչո՞վ պիտի աղվի ... »[8]:

Ա՜հ, Մայր իմ, քանի՜ցս գեղեցիկ է այն կոչումը, որն իբրև նպատակ ունի հոգիների համար սահմանված աղի պահպանումը: Կարմեղոսի կոչումն է դա, քանի որ մեր աղոթքների ու զոհողությունների միակ նպատակը առաքյալների առաքյալներ լինելն է՝ աղոթելով նրանց համար, մինչ իրենք ավետարանում են հոգիներին խոսքով, բայց հատկապես՝ գործով ու օրինակներով ... : Կանգ եմ առնում այստեղ, որովհետև եթե շարունակեմ այս նյութի շուրջ խոսել, չեմ վերջացնի երբեք:

 

158. Մայր իմ, կպատմեմ ճամփորդությունս զանազան մանրամասներով. ներողություն եմ խնդրում, եթե դրանք Ձեզ շատ կթվան, գրելուց առաջ չեմ մտածում և թերևս ձանձրալի կլինի պատմությունս: Մխիթարվում եմ այն մտածումով, որ Երկնքում Ձեր հետ կրկին կխոսեմ ընդունածս շնորհների մասին և դա կկարողանամ անել, այնտեղ, հաճելի ու գեղեցիկ բառերով: Այլևս ոչինչ չի կարողանա խանգարել մեր մտերիմ զբոսանքներին և միայն մի հայացքով նույնիսկ կկարողանաք հասկանալ ամեն բան: Ավա՜ղ, քանի որ դեռ ստիպված եմ օգտագործել այս տխուր երկրի բարբառը, կջանամ անել դա փոքրիկ մանկան պարզությամբ, որը լավ է ճանաչում իր մայրիկի սերը:

7 Նոյեմբեր. ուխտագնացները մեկնում են Փարիզից, բայց Հայրիկը մեզ այնտեղ տարել էր մի քանի օր առաջ, որպեսզի հնարավորությունն ունենայինք այցելելու քաղաքը:

Մի գիշեր, ժամը 3-ին[9], կտրում անցնում էինք դեռևս քնած Լիզյոն. բազում տպավորություններ ու մտքեր անցան հոգուս միջով: Գնում էի դեպի անհայտը և մեծամեծ բաներ էին ինձ այնտեղ սպասվում ... : Հայրիկն ուրախ էր. երբ գնացքը շարժվեց, սկսեց մի հին կրկներգ երգել. «Գլորվի՜ր, գլորվի՜ր, իմ կառք: Ահա՛ մենք մեծ ճանապարհի վրա ենք»: Հասնելով Փարիզ, իսկույն սկսեցինք մեր այցելությունները: Սիրելի Հայրիկս շատ հոգնեց՝ մեզ հաճույք պատճառելու համար: Մայրաքաղաքի այդ բոլոր հրաշակերտների մեջ միայն մեկն ինձ հիացրեց, այն է՝ «Հաղթանակների Տիրամայրը»: Այն, ինչ զգացի նրա ոտքերի առաջ, չեմ կարող խոսքերով արտահայտել: Շնորհները, որ հեղեց հոգուս վրա, այնքա՜ն խորը կերպով հուզեցին սիրտս, որ միայն արցունքներս կարողացան արտահայտել երջանկությունս. ինչպես Առաջին Հաղորդությանս օրը: Սուրբ Կույսն ինձ զգացրեց, որ հենց ինքն էր ժպտացել ու բժշկել ինձ մանկությանս օրերին: Հասկացա, որ հսկում էր վրաս, որ իր դուստրն էի, որով և կարող էի իրեն միմիայն «Մայրիկ» կոչել, որովհետև այս անունն ինձ ավելի քնքուշ էր թվում, քան «Մայր» տիտղոսը: Խնդրեցի պաշտպանել ինձ միշտ և շուտով իրականացնել երազանքս՝ թաքցնելով ինձ իր կուսական թիկնոցի հովանու ներքո: Սա էր մանկությանս իղձերից մեկը: Տարիքի մեջ աճելով հասկացել էի, որ Կարմեղոսում իրոք կարող էի գտնել Սուրբ Կույսի թիկնոցը, և դա պատճառ էր հանդիսացել, որպեսզի դեպի այդ բարեբեր լեռն ուղղվեին բոլոր փափագներս:

Ինչպես նաև խնդրեցի Հաղթանակների Տիրամորը հեռացնել ինձնից այն ամենը, որ կարող էր նսեմացնել մաքրությունս. չէի անգիտանում, որ այնպիսի ճամփորդության ընթացքում, ինչպիսին է դեպի Իտալիա կատարվողը, կարող էին վրդովեցուցիչ շատ դեպքեր պատահել. հատկապես որովհետև չէի ճանաչում չարը, վախենում էի այն բացահայտելուց, քանի որ մինչ այդ չէի փորձարկել ա՛յլ բան, եթե ո՛չ միայն՝ որ «ամեն բան մաքուր է մաքուրների համար»[10] և որ ուղիղ ու պարզ հոգին չարիք չի տեսնում ոչնչի մեջ. և իրոք, չարը գոյություն ունի անմաքուր սրտերում, և ո՛չ թե անկենդան առարկաների մեջ:

Աղոթեցի նաև Սուրբ Հովսեփին, որպեսզի հսկեր վրաս: Մանկությանս օրերից ի վեր նրա հանդեպ մի ջերմեռանդություն ունեի, որ խառնվում էր Աստվածամոր հանդեպ ունեցած սիրույս հետ: Ամեն օր «Սուրբ Հովսեփ, հայր և պաշտպան կուսանաց» աղոթքն էի ասում: Այդպիսով, հեռավոր ճամփորդությունս ձեռնարկեցի առանց որևէ վախի. այնքա՜ն լավ էի պաշտպանված, որ անհնարին էր թվում ինչ որ մի բանից վախենալը:

 

159. Մոնմարթրի եկեղեցում Սուրբ Սրտին նվիրվելուց հետո[11], Փարիզից մեկնեցինք երկուշաբթի օրը, առավոտյան ժամը 7-ին[12]. շատ շուտով արդեն ծանոթացել էինք ուխտագնացությանը մասնակցող անձանց հետ: Ես, որ այնքա՜ն երկչոտ էի, որ հազիվ էի համարձակվում խոսել, ինձ կատարելապես ազատված գտա այդ նեղացուցիչ թերությունից. զարմանքով նկատեցի, որ անկաշկանդ խոսում էի բոլոր մեծահասակ պարոնների ու տիկինների, քահանաների և, ի վերջո, նաև իր՝ Քութանսի գերապայծառ Եպիսկոպոսի հետ: Կարծես ամբողջ կյանքս այդ միջավայրում անցկացրած լինեի: Կարծում եմ, թե տհաճ չէինք ոչ ոքի և Հայրիկը հպարտ էր թվում իր երկու դուստրերի համար. բայց եթե նա հպարտ էր մեզնով, մենք նույնպես նմանօրինակ զգացումներ էինք փայփայում իր նկատմամբ, քանզի բոլոր ուխտագնացների մեջ չկար ավելի գեղեցիկ տղամարդ, քան իմ սիրելի թագավորը: Միշտ մեր կողքին էր. հաճախ, երբ մեր բաժանմունքում չէինք լինում կամ մի քանի րոպեով հեռանում էինք իրենից, կանչում էր, որպեսզի հեռանալուց առաջ համբուրեինք իրեն ... ինչպես Լիզյոյում ... : Գերհարգելի Ռէվեռոնին աչքի պոչով հետևում էր բոլոր շարժումներիս, ստեպ ստեպ զգում էի, որ մեզ էր դիտում հեռվից: Սեղանի շուրջ, երբ իր առջև չէի լինում նստած, շրջվում էր դեպի մեզ և ունկնդրում այն ամենն, ինչ ասում էի: Անկասկած, կամենում էր ավելի լավ ճանաչել ինձ, որպեսզի տեսներ, թե արդյոք կարո՞ղ էի իրական կարմեղական լինել. կարծում եմ, թե գոհ մնաց իր հետախուզական պրպտումներից, որովհետև ճամփորդության վերջում բավական բարետրամադիր գտնվեց իմ հանդեպ, մինչ Հռոմում այնքան էլ խաղաղաշունչ չէին մեր հարաբերությունները, ինչի մասին քիչ հետո կխոսեմ:

 

[1] Ուխտագնացությունը կազմակերպվել էր Քութանսի թեմի կողմից՝ Սրբազան Քահանայապետ Լևոն Տասներեքերորդ Պապի քահանայական օծման 50-ամյակի կապակցությամբ: Բեյեոյի թեմը նույնպես մասնակցեց հարգանքի այդ արտահայտությանը:

[2] Ժող 2, 11

[3] Նմանություն Հիսուս Քրիստոսի, Գ, ԻԴ 2

[4] Ազնվական ընտանիքների պատկանող անձինք պարծենում են իրենց տոհմանուններով, անկախ իրենց անձնական արժանիքներից։ Կարծում են, թե արժանի են մեծարանքի՝ սոսկ այն բանի համար, որ կրում են իրենց ազնվական նախնիների միևնույն ազգանունը (օրինակ՝ Բառբեռինի, Քիջի, Դելլա Ռովեռե, Մեդիչի, Դը Մոնֆոռ, Դ'Արմանյաք, Թյուդոր, Ստյուարտ, և այլն)։ Այս մտայնությանը իբրև պատասխան սկիզբ է առել եվրոպական վանականության սովորությունը՝ փոխելու վանականների ո՛չ միայն անունը, այլ՝ նաև ազգանունը։ Այդպիսով, դիցուք, Դը Մոնֆոռ ընտանիքին պատկանող մի տղա, որի անունն էր Հովհաննես (Ժան), եթե որոշում էր վանական դառնալ, ընտրում էր նաև մի հոգևոր ազգանուն, որն իր հոգևոր կյանքի գաղափարականն էր դառնում նաև։ Եթե, ասենք, յուրահատուկ բարեպաշտություն ուներ Հիսուսի Սուրբ Սրտի հանդեպ, վանական դառնալուց հետո վերցնում էր Հովհաննես Սուրբ Սրտի անունը (Jean de Montfort-ի փոխարեն Jean du Sacré-Cœur), այդպիսով հռչակելով, որ իր իրական փառքը ո՛չ թե Մոնֆոռ ընտանիքին պատկանելն էր, այլ՝ Հիսուսի Սուրբ Սրտի սիրույն նվիրված լինելը։ Թերեզան նույնպես, մտնելով վանք, իր Մարթին ազգանունը փոխարինեց «Հիսուս Մանկան և Սուրբ Դեմքի» հոգևոր ազգանունով (Thérèse de l'Enfant-Jésus et de la Sainte-Face)։

[5] Ես 65, 15

[6] Հյտ 2, 17

[7] 1Կր 4, 5

[8] Մտթ 5, 13

[9] 1887ի Նոյեմբերի 4ին, ուրբաթ:

[10] Տիտ 1, 15

[11] Ուխտագնացության պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ Նոյեմբերի 6ին, Կիրակի, Մոնմարթրի «Սուրբ Սիրտ Հիսուսի» եկեղեցում:

[12] Գնացքը մեկնեց ''de l'Est'' կայարանից ժամը 06:35-ին: Պրն. Մարթինին ի պատիվ, Գերապայծառ Լըգուն պատվիրել էր գնացքի իրենց բաժանմունքն անվանել «Սուրբ Մարթին»:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։