ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՁԵՌԱԳԻՐԸ – Գրադարան – Mashtoz.org

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՁԵՌԱԳԻՐԸ

1896ին, Մայր Մարիամ Գոնձակայի Մեծավորուհի ընտրվելուց հետո, ազատվելով իր պաշտոնից՝ Մայր Ագնես Հիսուսին կարողացավ – ինչպես արդեն ասվեց – ընթերցել Թերեզայից պահանջված գրությունը։ Իր «դստեր» հուշատետրից գոհ լինելով հանդերձ, նա բավական վշտացած էր, որովհետև այդ հուշերը սահմանափակվում էին քիչ թե շատ մանկության ու պատանեկության օրերում, առանց խոսելու Թերեզայի վանական կյանքի մասին։ Բայց մյուս կողմից, նա, 1895ի ձմեռային այն երեկոյան, միաբանակիցների համախմբան սենյակի վառարանի մոտ, նրան հրամայել էր գրել միայն սա։ Եվ Սրբուհին կատարել էր հնազանդության իր գործը, վստահ, որ պարզապես ընտանեկան քաղցր հուշեր էր նվիրում իր քույրերին։

Բայց այժմ իրողությունները փոխվում էին։ Մայր Ագնես Հիսուսին միշտ ավելի ու ավելի էր համոզվում երիտասարդ կարմեղուհու սրբությանը․ այս վերջինս, ընդմեջ հիվանդության տառապանքների, ցուցաբերում էր մի զարմանահրաշ հերոսություն, միշտ պահպանելով հանդերձ ավետարանական մանկության իր պարզ բնականությունը։ Թերեզայի հիվանդությունն ու ո՛չ այնքան հեռու թվացող մահը ահազանգում էին և մտահոգում իրեն, որ արդեն մտածում էր – մեր բառամթերքն օգտագործելով – «ժողովրդականացնել», «հռչակել» Թերեզայի պատգամը։ Բայց այլևս մեծավորուհի չէր, հետևաբար՝ չէր կարող հրամայել Թերեզային շարունակել հուշագրությունը։ Եվ ահա՛ այն քայլը, որ կատարում է Մայր Ագնես Հիսուսին, իր իսկ խոսքերով ներկայացված․ «Քույր Թերեզայի գրությունը գտնում էի անավարտ։ Նա, ինչպես ես ինքս հրամայել էի, սահմանափակվել էր միայն մանկության ու պատանեկության հուշերի շարադրումով, հազիվ մի քանի խոսք ասելով իր վանական կյանքի վերաբերյալ։ Ցավում էի, որ չէր շարունակել և միևնույն ընդարձակությամբ թղթին չէր հանձնել վանական շրջանում տեղի ունեցած դեպքերն ու ստացած շնորհները։ Բայց այդ օրերին ես արդեն դադարել էի մեծավորուհու պաշտոնը զբաղեցնելուց և ընտրվել էր Մայր Մարիամ Գոնձական։ Վախենալով, որ նա գործին չէր տա նույն կարևորությունը, որ տալիս էի ես, չէի համարձակվում խոսել այդ հարցի շուրջ։ Վերջում, սակայն, տեսնելով, որ Քույր Թերեզայի վիճակը գնալով վատթարանում էր, կամեցա փորձել անհնարինը։ 1897ի Հունիսի 2ի երեկոյան, Քույր Թերեզայի մահից չորս ամիս առաջ, կեսգիշերին մոտ բախեցի մեր Մեծավորուհի Մոր դուռը։ “Մայր իմ, – ասացի, – չեմ կարողանում քուն մտնել առանց Ձեզ մի գաղտնիք հայտնելու։ Իմ մեծավորության շրջանում Քույր Թերեզան գրի էր առել իր մանկության հուշերը, ինձ հաճույք պատճառելու համար և հանուն հնազանդության։ Վերընթերցեցի դրանք երկու օր առաջ․ գեղեցիկ են, բայց Ձեզ ոչնչով չեն ծառայի, իր մահից հետո, դամբանական ճառը գրելու համար, որովհետև գրեթե ոչինչ չկա իր վանական կյանքի վերաբերյալ։ Եթե դուք հրամայեիք, նա կկարողանար գրել առավել լուրջ մի բան, և չեմ կասկածում, որ Ձեր ունեցածն անհամեմատելիորեն ավելի գերազանց կլիներ, քան իմը”։ Աստված օրհնեց իմ փորձը, և հաջորդ առավոտյան Մեծավորուհի Մայրը Քույր Թերեզային հրամայեց շարունակել իր պատմությունը։ Ես արդեն պատրաստել էի մի տետր, բայց նա չափազանց գեղեցիկ գտավ այն ... ։ Վախենում էր ընդդեմ աղքատության ուխտի գործել՝ օգտագործելով այն։ Հարցրեց ինձ, թե չէ՞ր կարող արդյոք սեղմել տողերը, քիչ թուղթ օգտագործելու նպատակով։ Պատասխանեցի, որ շատ հիվանդ էր՝ իրեն այդպիսի նեղության ենթարկելու համար, և որ պարտավոր էր, ընդհակառակն, ընդարձակել տողերի միջև ընկած տարածքը և գրել խոշոր տառերով»։

Մայր  Ագնես  Հիսուսին կանխավ նախապատրաստվել էր մերժման, և կարելի է պատկերացնել իր հոգևոր տվայտանքները, մինչ չէր համարձակվում անհրաժեշտ հրամանը խնդրել մեծավորուհուց և միաժամանակ զգում էր խղճի մի խայթ, գրեթե մի պարտականություն, մոռացումից փրկելու Թերեզայի կյանքն ու աստվածասիրությունը: Նրա կողմից հետագայում արտասանված հետևյալ խոսքերը, ուղղված իրեն իսկ Թերեզային, փաստում են իր այս հոգեվիճակը. «Աստվածամայրն ինձ հասկացրեց, որ Սրբերի բոլոր կենսագրությունները, նույնիսկ ամենագեղեցիկները, համահավասար արժեքը չունեն ինքնամերժման ու հնազանդության մեկ գործի համեմատությամբ: Նույնիսկ եթե մեր Մայրը մահիցդ հետո պատռի հուշագրությունդ, թվում է ինձ, որ եթե գտնվեմ այս երեկոյան միևնույն տրամադրություններիս մեջ, Երկնքի հանդեպ մի առավել վառ հրապույր միայն կզգամ: Կճախրեմ է՛լ ավելի վեր, ահա՛ այսքանը միայն»: Խոսքերն համարձակ են. եթե հայտնում են, թե որքա՜ն էր Աստծուն հանձնված Մայր Ագնես Հիսուսին, հայտնում են նաև, թե ինչպիսի՛ կարծիք ու մեծարանք ուներ Թերեզայի «կենսագրության» վերաբերյալ:

Թերեզան անցնում է գործի: Հիվանդ է: Հունիս ամսվա մեջ տառապում է բարձր ջերմաստիճանից ու շնչահեղձությունից: Աշխատում է այն սակավաթիվ ազատ րոպեների ընթացքում, որոնցում հանգիստ է գտնում բարի միաբանակիցների այցելություններից: Եվ ձեռագրի 17րդ էջի վրա է, որ Թերեզան հայտնում է այս իրողությունը, խոստովանելով, որ բարեհոգի միաբանակիցների հաճախակի այցելությունների պատճառով գրիչը ծանրացել է, չկարողանալով գրել այն, ինչ կատարվել ու կատարվում է իր հոգու խորքում: «Որպեսզի կարողանամ շարադրել մտքերս, հարկավոր է, որ լինեմ միայնակ ճնճղուկի նման, ինչը ինձ շատ հազվադեպ է պատահում: Հազիվ եմ ձեռքս վերցնում գրիչը, ահա՛ հայտնվում է մի բարի քույր, որ եռաժանին ուսին՝ անցնում է մոտովս: Մի քանի փոքրիկ շատախոսություններ կազմակերպելով՝ աշխատում է հանգստացնել ինձ մտքերիցս. հավաքելիք հարդը, բադերը, հավերը, բժշկի այցելությունը ... : Ճիշտն ասած, շատ երկար չի տևում, բայց բարի տրամադրված քույրերը մեկից ավելի են և ահա՛ մի ակնթարթ անց՝ խոտի հավաքումը ստանձնած քույրերից մեկը ծնկներիս է դնում շաղիկների մի փունջ, այդպիսով կարծելով, թերևս, ներշնչել ինձ բանաստեղծական մտքեր: Ես, որ այս պահին դրանց կարիքը չունեմ, կնախընտրեի, որ այդ ծաղիկները շարունակեին օրորվել իրենց ցողունների վրա: Վերջիվերջո, այս հռչակավոր տետրակը բացել փակելուց հոգնած, բացում եմ մի գիրք (որը նույնպես չի կամենում երկար ժամանակ բաց մնալ) և աներկյուղ ասում եմ, որ տողեր եմ արտագրում Սաղմոսներից ու Ավետարանից՝ մեր Մոր տոնի համար: Սա կատարյալ ճշմարտություն է, որովհետև մեջբերումների խնայողություն չեմ անում: Մայր իմ, բավական զվարճացրի ձեզ, կարծում եմ, պատմելով Կարմեղոսի արահետներում պատահած բոլոր արկածներս. չգիտեմ, թե կարողացա՞ արդյոք տասը տող գրել առանց խանգարվելու: Այս հանգամանքը չպետք է ժպիտ պատճառեր ինձ, և ո՛չ էլ զվարճացներ, բայց ի սեր Աստծո և իմ քույրերի (որոնք այսքա՜ն սիրալիր են իմ հանդեպ), աշխատում եմ գոհունակ դիմագծեր ունենալ և հատկապես՝ լինե՛լ այդպիսին ... : Ահա՛ ինձնից հեռանում է հարդի հավաքմամբ զբաղվող քույրերից մեկը, ցավակցող ձայներանգով այս խոսքերն ասելուց հետո. “Խե՜ղճ քույրիկ, բավական հոգնում ես ամբողջ օրը գրելով”: “Հանգիստ եղիր, – պատասխանեցի, – թվում է, թե շատ եմ գրում, մինչ իրականում չեմ գրում գրեթե ոչինչ”: “Ավելի լավ, – շարունակեց խրախուսված դեմքով, – բայց միևնունն է, ես գոհ եմ այստեղ լինելուս համար, կարող եմ մի քիչ մտացրում պարգևել քեզ”: Եվ իրոք, սա իմ համար մի այնքա՜ն մեծ ցրվածություն է (չհաշված հիվանդապահ քույրերի այցելությունները), որ չեմ կեղծում ասելով, որ չեմ գրում գրեթե ոչինչ»:

Սրբուհու խոսքերն իրենց հաստատումն են գտնում նաև Մայր Ագնեսի վկայություններից մեկում. «Իր կյանքի վերջում, երբ արդեն շատ հիվանդ էր, [Թերեզան] նստում էր պարտեզում և ջանում ավարտին հասցնել ձեռագիրը. մի օր նկատեցի, որ քույրերն ամեն րոպե այցելում էին իրեն ու խափանում աշխատանքը: Ինքը, սակայն, վրդովվելու կամ ազնվորեն իրեն հանգիստ թողնել խնդրելու փոխարեն, վար էր դնում գրիչն ու փակում տետրը, մի քաղցրիկ ժպիտով: Հարցրեցի, թե ինչպե՞ս էր կարողանում շարադրել մտքերը, և այդպիսի վիճակում չկորցնել համբերությունը: Պատասխանեց. “Գրում եմ եղբայրական սիրո մասին։ Պատեհ առիթն է, որ ես նույնպես գործադրեմ այն: Մայր իմ, երկրի վրա եղբայրասիրությունն ամեն ինչ է. յուրաքանչյուր անձի աստվածասիրության չափը հայտնի է դառնում իր գործադրած եղբայրասիրության ուժգնությամբ”»:

Եղբայրասիրություն, կամ ավելի ընդարձակ իմաստով՝ մարդասիրություն. ահա՛ Երրորդ Ձեռագրի առանցքային նյութը, Սրբուհու կտակը:

Սերը, «միակ բարիքը, որ փափագում էր ունենալ», և որն իր «բաղձանքն» էր, այն սերը, որն «իր հոգում ծնվել էր մանկությունից ի վեր, աճել իր հետ և վերածվել այլևս մի անհատակ անդունդի, որի խորությունը չէր կարողանում չափել», այդ սերն այնքա՜ն էր ընդարձակվել, որ իր հոգում հանգցրել էր «մյուս բոլոր փափագները, բացի այն մեկից. սիրել՝ սիրուց մեռնելու աստիճան»: Անբնական չէ, որ Հիսուսից ստանալով «դեպի սիրո խորհրդավոր խորքերը ներթափանցելու շնորհը», կամենում է այժմ իր «մանկական թոթովանքով» հռչակել դրանք, թեև զգում է ամբողջ դժվարությունը: Դողացող ձեռքը դանդաղեցնում է աշխատանքը, գիչը սկսում է ծանր թվալ Սրբուհուն. և իրոք, ձեռագրի վերջին մեկուկես էջերը – ինչպես նաև Հուլիսի 13ից հետո գրված բոլոր նամակները – գրված են մատիտով, ուժերի չափազանց սպառման հետևանքով: Բայց սիրո լիությամբ ճոխացած սիրտը չի կարողանում իր մեջ պահել այդ հորձանքը. այն պետք է արտահայտվի: Եվ այս կնիքով են դրոշմված ձեռագրի վերջին տողերը. «Զգում եմ, որ եթե խղճիս վրա ունենայի հնարավոր բոլոր մեղքերն անգամ, կգնայի զղջումով տրորված սրտով նետվելու Հիսուսի գիրկը, որովհետև գիտեմ, թե Նա որքա՜ն է սիրում Իր մոտ վերադարձող անառակ որդուն: Իր նախախնամ ողորմությամբ անձս մահացու մեղքից ազատելու համար չէ, որ դեպի Ինքն եմ ընթանում վստահությամբ և սիրով»:

Երրորդ ձեռագիրը, ինչպես նախորդ երկուսը, ավարտվում է սիրո կնիքով, «սեր» բառով: Հիվանդության տառապանքները կրող երիտասարդ միանձնուհու կողմից դրված դրոշմն է «չափազանց գեղեցիկ» տետրի վրա, – սև կազմով և քառակուսի գծված թղթի էջերով մի տետր, որ ավելի նմանվում է տետրի, քան թե այդպիսին է իրականում, – որի 36 գրված էջերն ավելի խոշոր տառերով չեն գրված, քան 1895 թվականին Մայր Ագնես Հիսուսի հրամանով գրված տողերը: Միշտ նույն հապճեպ գրված մանրիկ տառերն են, և ապարդյուն է լուսանցքներ փնտրելը ձեռագրում մի միանձնուհու, որն իր կողմից ուխտված աղքատության այնքա՜ն կենդանի զգացումն ուներ:

Սրբուհին այլևս քաջատեղյակ էր, որ իր գրություններն ապագայում հրատարակվելու էին և իրեն ծանոթացնելու էին Կարմեղոսի պարիսպներից դուրս: Մայր Ագնես Հիսուսին, 1915ի Հուլիսի 15ին տվեց հետևյալ վկայությունը, որ կարևոր է այս առումով. «Երբ այլևս մոտ էր մահվանը, [Թերեզան] մեծ կարևորություն էր տալիս [ինքնակենսագրության] հրատարակմանը, նրանում տեսնելով իր առաքելությունը կատարելու մի միջոց: Մի օր, վստահաձայն ասաց. “Մահիցս հետո պետք է անհապաղ հրատարակեք ձեռագիրը: Եթե ուշացնեք, կամ անխոհեմությունն ունենաք նրա շուրջ խոսելու այլոց հետ, – բացառությամբ մեր Մեծավորուհի Մոր, – սատանան գործի կդնի հազար ու մի խաբեություններ՝ խափանելու համար այս հրատարակումը, որը, սակայն, շա՜տ կարևոր է: ... Աշխատեցեք առանց հնարավոր դժվարություններից վախենալու: Ինչ վերաբերում է իմ առաքելությանը, նրանում – ինչպես Սրբուհի Ժաննա դ’Արքի պարագային – Աստծո կամքը կկատարվի հակառակ մարդկային բոլոր նախանձների”: “Կարծում ես, ուրեմն, որ ձեռագրերի միջոցո՞վ է, որ բարիք կգործես հոգիների համար”: “Այո՛, դա է այն միջոցը, որով Աստված կիրագործի բոլոր փափագներս: Կբարեգործի բոլոր հոգիներին, բացառությամբ նրանց, ովքեր ընթանում են ընդմեջ արտասովոր ճանապարհների”: “Իսկ եթե Մեծավորուհի Մայրն այրի՞ այն”: “Է՜ լա՛վ, դրանով չեմ մտահոգվի: Պարզապես կմտածեմ, որ Աստված կիրագործի փափագներս մի ա՛յլ ճանապարհով”»:

Այս երկխոսությունն ակնհայտ է դարձնում, թե Սրբուհին որքա՛ն գիտակից էր ձեռագրերի ապագա հրատարակմանը, ինչպես նաև՝ թե որքա՜ն մեծ կարևորություն էր տալիս այդ գործին, հարցին մոտենալով առաքելական իր վիթխարի փափագների տեսանկյունից: Ձեռագրի բովանդակությունն առաջին երկու գրությունների հետ համեմատելով, – որոնց շարադրման ժամանակ Թերեզան դեռևս չէր մտածում դրանց ժողովրդականացման մասին, – ինչպես նաև նամակների հետ բաղդատելով գտնում ենք, թե քանի՜ցս ճշմարիտ են Մայր Ագնես Հիսուսի կողմից վերոհիշյալ զրույցին կցված խոսքերը. «Գիտակցությունը, որ իր գրություններն ապագայում հրատարակվելու էին, ոչնչով չի կաղապարել Թերեզայի միտքը և մեղմացնելով չի եղանակավորել նրա պարզությունն ու ինքնաբերությունը: Այստեղ, ինչպես և առաջին երկու գրություններում, նա բացահայտում է իր հոգու էությունը»: Եվ անտեղի են ոմանց ընդդիմությունները, որոնք աշխատում են խոնարհության պակաս գտնել այս խոսքերում:

Պատմությունը փաստել է և դեռ շարունակում է ապացուցել, թե որքա՜ն հեռատես էր – իրեն լուսավորող Վերին Լույսի ներքո – մահամերձ «փոքրիկ» միանձնուհին, և դեպքերի իրականությունն ամեն օր ընդգծում է մարգարեական ճշմարտությունն ու անխաբությունը՝ շնորհառատ այն «Առաքելության» վերաբերյալ, որը նախկին Մի Կյանքի Պատմության իններորդ և տասներորդ գլուխները, ներկայիս Ինքնակենսագրական Երրորդ Ձեռագիրը նպաստավոր կերպով կատարել են և շարունակում են կատարել:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։