Մատնիչ կեցվածքը – Գրադարան – Mashtoz.org

Մատնիչ կեցվածքը

30. Բայց մի ուրիշ թերություն էլ ունեի (արթուն ժամանակ), որի մասին Մայրիկը պատմում է իր նամակներում. այն է՝ մի մեծ անձնասիրություն: Կտամ միայն երկու օրինակ, պատմությունը չափազանց չերկարացնելու համար: Մի օր մայրիկն ինձ ասաց. «Թերեզա, եթե համբուրես հատակը, քեզ մեկ դրամ կտամ»: Մե՜կ դրամ: Իմ համար մի ամբողջ հարստություն էր և դրան տիրանալու համար բավական էր մի քիչ ցածրացնել բարձրությունս, քանի որ նվազագույն հասակս այնքան էլ մեծ տարածություն չէր թողնում իմ ու հատակի միջև: Եվ սակայն, հպարտությունս չհամակերպվեց հատակն համբուրելու գաղափարին. ուղղակի աննվաճելիությամբ ասացի. «Ա՜հ ո՛չ, Մայրիկ իմ սիրելի, նախընտրում եմ մեկ դրամից պակաս արժեցող գործեր կատարել»:

 

31. Մի ուրիշ անգամ պետք է Գռոնյի գնայինք Տիկին Մոնյեի մոտ[1]: Մայրիկը պատվիրեց Մարիային ժանյակներով զարդարված մի գեղեցիկ երկնագույն զգեստ հագցնել ինձ, բայց բաց չթողնել ձեռքերս՝ արևից պաշտպանելու համար: Մեծ անտարբերություն ցուցաբերեցի զգեստի հանդեպ, ինչը բնական է այդ տարիքի մանուկների համար, բայց միևնույն ժամանակ մտածում էի, որ ավելի գեղեցիկ կլինեի իմ մերկ թաթիկներով: Այնպիսի բնավորությամբ, ինչպիսին իմն է, եթե հանկարծ դաստիարակվեի առաքինազուրկ ծնողների կողմից, կամ եթե, Սելինի նման, շփացվեի Լուիզայից[2], թերևս շատ չար դառնայի և, թերևս, կորեի հավետ:

 

32. Բայց Հիսուսը հսկում էր Իր փոքրիկ նշանածի վրա, ամեն ինչ նրա օգտին ծառայեցնելով. այն աստիճան, որ թերություններն անգամ, ճիշտ ժամանակին զսպվելով, նպաստեցին կատարելության մեջ նրա առաջխաղացմանը ... : Քանի որ անձնասեր էի, բայց սիրում էի նաև բարին, հազիվ սկսեցի լրջորեն մտածել (իսկ սկսեցի մտածել երբ դեռ փոքրի՜կ փոքրի՜կ էի), բավական էր, որ ասեին ինձ. «Սա բարի չէ», և ես այն կրկնել չէի տալիս երկրորդ անգամ: Հաճույքով եմ նկատում Մայրիկի նամակներում, որ մեծանալով ավելի ու ավելի էի մխիթարում իրեն: Բարի օրինակներ էի միայն տեսնում. բնական է, որ կամենայի դրանց հետևել: Ահա՛ թե ինչ է գրում Մայրիկը 1876ի նամակներից մեկում. «... քանի որ Թերեզան կամենում է մասնակցել “փորձառությունների” գործադրմանը[3]: Անպատմելի մանուկ է, նուրբ՝ ինչպես ստվերը, աշխույժ, բայց սիրտը շատ զգայուն է:

 

33. Սելինի հետ բարեկամներ են դարձել, բավական է միասին լինեն՝ չձանձրանալու համար: Ամեն օր ճաշը հազիվ վերջացրած, Սելինը վազում է իր աքաղաղի մոտ, գրկում նրան, ապա հանկարծակի վրա հասնելով, ինչ-որ մի խորամանկությամբ, բռնում է նաև Թերեզայի հավին, ինչը ես ինքս չեմ կարողանում անել. բայց նա այնքան ճարպիկ է, որ հաջողության է հասնում առաջին իսկ փորձից: Ապա երկուսով նստում են վառարանի մոտ ու այդպես զբաղվում երկար ժամանակ: (Այդ հավն ու աքլորը նվիրել էր ինձ տիկին Թայյեն[4], ես էլ իմ հերթին նվիրեցի աղջիկներին): Երեկ չէ առաջի օրը Սելինը իմ սենյակում քնեց, իսկ Թերեզան՝ վերևի հարկում, Սելինի սենյակում: Լուիզային աղաչել էր իրեն վար իջեցնել, որպեսզի մենք իրեն հագցնենք: Սակայն երբ Լուիզան բարձրացել էր նրան բերելու, դատարկ անկողինն էր գտել միայն: Փախել էր Սելինի մոտ: Լուիզան սկսեց համոզել. “Ե՛կ, հագնվի՛ր”: Եվ ահա՛ թե ինչ պատասխան ստացավ. “Ա՜հ, ո՛չ, Լուիզա, մենք այն երկու հավերի պես ենք, չենք կարողանում իրարից բաժանվել”: Այդ ասելով՝ իրար փաթաթվեցին: Երեկոյան Լուիզան, Սելինն ու Լեոնիան գնացել էին մասնակցելու կաթոլիկ ակումբին և տանը մենակ էին թողել խեղճ փոքրիկին, որը սակայն լրջորեն գիտակցում էր, որ դեռ չափազանց փոքր է՝ նրանց ընկերանալու համար: Հառաչում էր. “Ա՜հ, բավական է, որ ինձ Սելինի անկողնում պառկեցնեն”: Բայց ո՛չ, նրան այնտեղ չպառկեցրին ... . չասաց այլևս ոչինչ, մենակ մնաց իր կանթեղի հետ, իսկ տասնհինգ րոպե անց՝ արդեն քնած էր խորը քնով»[5]:

 

34. Մի ուրիշ առիթով, մայրիկը գրում է. «Սելինն ու Թերեզան անբաժանելի են, անհնարին է ուրիշ երկու երեխաներ գտնել, որ այսքա՜ն կապված լինեն միմյանց: Երբ Մարիան գալիս է Սելինին դասախոսություններ տալու, տարիքով ավելի փոքր Թերեզան ամբողջովին արցունքներով է ծածկվում. ախր ի՞նչ է լինելու իր վերջը, երբ ընկերուհուն հեռացնում են իրենից: Մարիան, սակայն, երբեմն խղճում է ու վերցնում է նաև նրան, և այդ խեղճ մանուկը աթոռի վրա անշարժ մնում է երկու կամ երեք ժամ. տալիս են նրան մարգարիտներ՝ թելին անցկացնելու համար, կամ մի փոքրիկ կտոր գործվածք՝ ասեղնագործելու համար, բայց նա չի համարձակվում շարժվել ու հաճախակի խորը հառաչանքներ է արձակում: Երբ թելը դուրս է գալիս ասեղի անցքից, ամեն ինչ անում է այն կրկին թելելու համար. հետաքրքիր է նրան տեսնելը, երբ ո՛չ կարողանում է, ո՛չ էլ համարձակվում է անհանգստացնել Մարիային: Քիչ անց արցունքի երկու խոշոր կաթիլներ գլորվում են այտերի վրայով: Մարիան իսկույն մխիթարում է նրան, կրկին թելում ասեղը, և խեղճ հրեշտակիկը ժպտում է արցունքների միջից ... »[6]:

 

35. Իսկապես, հիշում եմ, որ չէի կարողանում առանց Սելինի մնալ, նախընտրում էի սեղանից հեռանալ անուշեղենը դեռ չկերած, քան չհետևել նրան, երբ ոտքի էր կանգնում: Շարժում էի հսկայական աթոռս, խնդրելով, որ վար իջեցնեն ինձ. իսկ հետո՝ դո՜ւրս, միասին խաղալու: Երբեմն գնում էինք փոքրիկ «քաղաքապետուհու» հետ խաղալու, ինչը շատ հաճելի էր՝ այգու և այն բոլոր գեղեցիկ խաղալիքների պատճառով, որ նա ցուցադրում էր մեզ[7]: Բայց իրականում, այնտեղ գնալուս ամենամեծ դրդապատճառը Սելինին հաճույք պատճառելն էր, որովհետև ավելի նախընտրում էի մեր փոքրիկ պարտեզում մնալ՝ պատերը քերելու համար, որոնցից դուրս էինք կորզում այն բոլոր փայլփլուն վահանակները, որոնք երեկոյան Հայրիկին էինք վաճառում, որը գնում էր դրանք մեծագույն լրջությամբ:

 

36. Կիրակի օրերը, քանի որ չափազանց փոքր էի՝ եկեղեցական արարողություններին մասնակցելու համար, Մայրիկը տանն էր մնում, որպեսզի հսկեր ինձ. խելո՜ք խելո՜ք էի պահում ինձ և ոտքերիս ծայրերի վրա էի քայլում ամբողջ Պատարագի ընթացքում, բայց հազիվ էի նկատում դռան բացվելը, բռնկվում էի մի ուրախությամբ, որն իր նմանը չուներ. վազում էի շատ գեղեցիկ քրոջս մոտ, որ վերադառնում էր «տոնական զարդարված՝ ինչպես մի մատուռ»[8], և ասում նրան. «Ա՜խ իմ փոքրիկ Սելին, դե՛ արթնացի՜ր, օրհնված հաց տուր ինձ»: Երբեմն շատ ուշ վերադառնալով՝ օրհնված հաց չէր ունենում ... : Ի՞նչ էր արվում նման դեպքերում: Չէի կարող օրհնված հացից հրաժարվել. «իմ Պատարագն էր»: Դեղամիջոցն իսկույն գտնվեց. «Օրհնված հաց չունե՞ս: Է՜ լա՛վ, դու ինքդ օրհնի՛ր»: Ասվածն արված էր. Սելինը մի աթոռակ էր վերցնում, բացում պահարանը, գտնում հացը, կտրում նրանից մի կտոր և մեծ լրջությամբ մի «Ողջույն քեզ, Մարիամ» արտասանելով տալիս էր ինձ. իսկ ես, երեսս Խաչի նշանով կնքելուց հետո, ճաշակում էի ջերմ բարեպաշտությամբ, և նույնիսկ գտնում, որ համը ճիշտ օրհնված հացինն էր ... : Հաճախ էինք միասին հոգևոր խորհրդաժողովներ գումարում: Ահա՛ մի օրինակ, որը նույնպես քաղել եմ Մայրիկի նամակներից. «Մեր երկու սիրելի փոքրիկները՝ Սելինը և Թերեզան, օրհնության հրեշտակներ են, դրախտային էակներ: Թերեզան Մարիայի ուրախությունն է, երջանկությունն ու փառքը, անհավատալի է, որ Մարիան նրա վրա բարկանա: Եվ իրոք, իր տարիքի համեմատ հազվադեպ առաջադիմություններ ունի, գերազանցում է Սելինին, որն իր կրկնակի տարիքին է: Մի քանի օր առաջ Սելինը հարցնում էր. “Բայց ինչպե՞ս կարող է բարին Աստված գտնվել այսքա՜ն փոքրիկ Նշխարի մեջ”: Թերեզան պատասխանեց. “Այդքան էլ բացառիկ բան չէ, քանի որ Աստված ամենակարող է”: “Ի՞նչ է նշանակում ամենակարող լինել”»: “Որ կարող է անել այն ամենը, ինչ կամենում է”[9]:

 

37. Մի օր Լեոնիան, հայելու ապակիով խաղալու համար իրեն այլևս բավական մեծահասակ համարելով, մեր երկուսի մոտ եկավ զգեստներով ու գեղեցիկ գործվածքների կտորներով մի զամբյուղիկով․ մտադիր էր այդ կտորներով նոր զգեստներ կարել։ Այդպիսի հարստությունների առաջ հայելու ապակին մոռացության մատնվեց։ «Վերցրե՛ք, քույրիկներ իմ, ընտրեցե՛ք․ ձեզ եմ տալիս ամբողջը»։ Սելինը երկարեց ձեռքը և վերցրեց զարդերի մի տուփ, որոնք իրեն մեծ հաճույք էին պատճառում։ Ես մի պահ մտածեցի, ապա ձեռքս երկարելով ասացի․ «Ես ընտրում եմ բոլորը», ու վերցրեցի զամբյուղն առանց այլևայլ քաղաքավարությունների։ Դեպքին ներկա անձինք շատ արդարացի գտան արարքս, և Սելինը նույնպես չմտածեց անգամ բողոքել (պետք է նաև հիշել, որ խաղալիքներ նրան չէին պակասում, որովհետև իր կնքահայրը[10] նվերներով էր ողողում նրան, ինչպես նաև Լուիզան գտնում էր միջոցը՝ հոգալու այն ամենը, ինչ նա փափագում էր)։

Մանկությանս տարիներին պատահած այս փոքրիկ դեպքը ամբողջ կյանքիս համառոտագրումն է․ ավելի ուշ, երբ իմ առջև տարածվեց կատարելությունը, հասկացա, որ Սրբուհի դառնալու համար հարկավոր է շա՜տ տառապել, հետամուտ լինել միշտ ավելի կատարյալին և մոռանալ ինքներս մեզ․ հասկացա, որ կան սրբության տարբեր մակարդակներ, և որ յուրաքանչյուր անձ ազատ է մեր Տիրոջ հրավերներին պատասխանելու գործում, Նրա համար շատ կամ քիչ աշխատելու մեջ, մի խոսքով՝ ընտրելու այն զոհերը, որ նա պահանջում է։ Այնժամ, ինչպես մանկությանս օրերին, բացականչեցի․ «Աստվա՜ծ իմ, ընտրում եմ բոլորը։ Չեմ կամենում Սրբուհի լինել կիսով չափ, չեմ վախենում Քո համար տառապելուց։ Վախենում եմ միայն մի բանից․ կամքիս ազատությունից։ Վերցրո՛ւ այն, որովհետև ընտրում եմ այն բոլորը, որ կամենում ես Դու ... »։

 

[1] Տկն. Թիֆենի՝ Լեոնիայի կնքամոր քույրը:

[2] Լուիզա Մարայիսը մինչև Տկն. Մարթինի մահը ծառայում էր Մարթինների ընտանիքում:

[3] Փոքրիկ զոհողություններ կամ ջերմեռանդության գործեր:

[4] Թերեզայի դայակը:

[5] Տկն. Մարթինի 8 Նոյեմբեր 1876 թվակիր նամակը Փոլինին:

[6] 4 Մարտ 1877 թվակիր նամակը:

[7] Մարթինների տունը գտնվում էր քաղաքապետարանին դեմ դիմաց:

[8] Պրն. Մարթինի ընտանեկան արտահայտություններից մեկը:

[9] Տկն. Մարթինի 10 Մայիս թվակիր նամակը Փոլինին:

[10] Վիթալ Ռոմեն՝ Պրն. Մարթինի ընկերը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։