20-31 Օգոստոս 1897թ. – Գրադարան – Mashtoz.org

20-31 Օգոստոս 1897թ.

20 ՕԳՈՍՏՈՍ
 
Պատմում էինք իրեն մեր միաբանակից քույրերից մեկի մասին, որ տառապում էր ջղային մի հիվանդությամբ և բավական նեղություն էր պատճառում հիվանդապահ քույրերին: Պատասխանեց մեծ ոգևորվածությամբ.
 
Ինչպիսի՜ երջանկություն կլիներ իմ համար, եթե հիվանդապահ լինեի ու խնամեի այդ քրոջը: Շնորհն ավելի ազդեցիկ կլիներ, քան բնությունը: Այո՛, ինձ շա՜տ հաճելի կլիներ ... , և մեծագույն սեր կներդնեի այդ գործում: Ա՜հ, թվում է ինձ, թե կգոհացնեի այդ քրոջը: Եվ հատկապես մեր Տիրոջ խոսքի շուրջ մտածելով. «Հիվանդ էի և մխիթարեցիք ինձ»[1]:
 
Այլևս չէր կարողանում խմել իրեն մատուցվող կաթը, որն իր մեջ անհաղթահարելի դժկամություն էր առաջացնում: Հարցրեցի. «Արդյոք կխմեի՞ր այդ կաթն իմ կյանքը փրկելու համար»: Պատասխանեց եռանդով.
 
Այո՛, այո՛: Ահա՛, տե՛ս: Ինչը չէի կարողանում անել Աստծո սիրո համար ... :
 
Ու մի շնչով խմեց ամբողջ կաթը:
 
Երբ շատ եմ տառապում, ուրախ եմ, որ ես եմ տառապողը, և ո՛չ թե ձեզնից մեկը:
 
Խոսեց ինձ մի նամակի մասին, որի հեղինակ քահանան ենթադրում էր, թե Սուրբ Կույսը ենթակա չի եղել մարմնական տառապանքներին:
 
Մայր իմ, այս երեկո Սուրբ Կույսին դիտելիս հասկացա, թե որքա՜ն սխալ ու անհիմն  է այդ ենթադրությունը. հասկացա, որ Աստվածամայրը տառապել է ո՛չ միայն հոգով, այլ՝ նաև մարմնով: Ճամփորդությունների ժամանակ ենթակա է եղել ցրտին ու տոթին, ինչպես նաև՝ հոգնությանը: Քանի՜ անգամներ է քաղցած մնացել: Այո՛, նա գիտի, թե ի՛նչ է տառապելը:
Որքա՜ն գեղեցիկ կլինի, երբ Երկնքում կիմանանք այն բոլոր անցուդարձերը, որ տեղի են ունեցել Սուրբ Ընտանիքում: Երբ Հիսուս Մանուկը մեծանում էր, տեսնելով Իր Մորը ծոմի մեջ՝ թերևս ասում էր. «Ես նույնպես կամենում եմ ծոմ պահել»: Իսկ Սուրբ Կույսը թերևս պատասխանում էր. «Ո՛չ, Հիսուս իմ, փոքրիկս, դեռ չափազանց փոքր ես, ուժերդ դեռ բավարար չեն»: Կամ գուցե չէ՞ր համարձակվում արգելել Նրան:
Իսկ բարի Սուրբ Հովսեփը: Որքա՜ն եմ սիրում նրան: Նա չէր կարող ծոմ պահել, իր ծանր աշխատանքի պատճառով: Ահա՛ տեսնում եմ նրան փայտեր հղկելիս ... , երբեմն սրբում է ճակատը ... : Կարեկցում եմ նրան: Ինձ թվում է, որ նրանց կյանքը եղել է այնքա՜ն պարզունակ:
Հարևան կանայք գալիս էին Սուրբ Կույսի հետ մտերմորեն զրուցելու: Երբեմն խնդրում էին իրենց վստահել Հիսուս Մանկանը, որպեսզի խաղար իրենց փոքրիկների հետ: Եվ Մանուկ Հիսուսը Սուրբ Կույսի դեմքին էր նայում՝ իմանալու համար, թե կարո՞ղ էր գնալ կամ ո՛չ:
Ինձ շատ հաճելի է և օգտակար՝ Սուրբ Ընտանիքի մասին մտածելը, տեսնելը նրանց ամբողջովին սովորական կյանքը: Ո՛չ այնպես, ինչպես պատմում են երբեմն կամ ենթադրում: Օրինակ, իբր թե Հիսուս Մանուկը կավե թռչուններ էր պատրաստում և ապա նրանց վրա փչելով կենդանություն շնորհում ու ազատ արձակում: Ո՛չ, Հիսուս Մանուկն այդպիսի անօգուտ հրաշքներ չէր կատարում: Եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ ինչ որ մի հրաշքի միջոցով չփոխադրվեցին Եգիպտոս. մի հրաշք, որ շատ օգտակար կլիներ և նույնքան էլ դյուրակատար՝ ողորմած Աստծո զորության համար: Մի ակնթարթում կարող էին տեղափոխվել այնտեղ: Բայց ո՛չ, ամեն ինչ նրանց կյանքում կատարվել է այնպես, ինչպես մեր պարզ առօրյայում:
Եվ քանի՜ քանի՜ նեղություններ, քանի՜ քանի՜ անարդարություններ: Քանի՜ անգամ է զրպարտվել Սուրբ Հովսեփը: Քանի՜ անգամ չեն վարձատրել նրա աշխատանքը: Ա՜հ, ինչպիսի՜ ապշանքի ենք ենթարկվելու, երբ տեսնենք, թե ի՜նչ տառապանքների են ենթարկվել նրանք:
 
Մեծապես ուրախացա՝ մտածելով, որ որոշ հոգիներ աղոթում են իմ համար: Այնժամ ասացի մարդասեր Աստծուն. «Կամենում եմ, որ այդ աղոթքները լինեն ի նպաստ խեղճ մեղավորների»։
 
«Չե՞ս կամենում, որ լինեն քո իսկ սփոփանքի համար»:
 
Ո՛չ:
 
21 ՕԳՈՍՏՈՍ
 
Իրեն էի հառել հայացքս, սիրտս տրտմությամբ լի էր:
 
Տխուր եք, Մայր իմ: Ինչո՞ւ:
 
«Որովհետև շա՜տ ես տառապում»:
 
Այո՛, բայց նաև որքա՜ն խաղաղություն ... , որքա՜ն խաղաղություն:
 
Անկատար էր նկատվել մի միջադեպում, ուր չէին կարողացել հասկանալ իրեն: Ասաց մեծ գոհունակությամբ.
 
Ահա՛, այսպես ավելի լավ է:
 
22 ՕԳՈՍՏՈՍ
 
Ա՜հ, Մայր իմ, ի՞նչ կլինեի արդյոք, եթե ողորմածն Աստված զորավիգ չլիներ ինձ ... : Միայն ձեռքերս են ազատ: Չեն իմանում, թե ի՛նչ է նշանակում այսպես տառապել: Ո՛չ, մարդ անձամբ պետք է զգա՝ հասկանալու համար ... : Ի՜նչ շնորհ է հավատք ունենալը: Եթե հավատք չունենայի, առանց մի վայրկյան անգամ տարակուսելու ինքնասպան կլինեի ... ։
 
23 ՕԳՈՍՏՈՍ
 
Այսքա՜ն տառապալի գիշեր դեռ չէի անցկացրել: Ա՜հ, որքա՜ն բարի է Աստված, որ շնորհում է ինձ համբերությամբ կրել հիվանդությունս: Եթե առողջ լինեի, չէի հավատա, թե կարող եմ այսքա՜ն դիմանալ: Եվ սակայն չեմ կարծում, թե հասել եմ տառապանքներիս ծայր աստիճանին: Բայց Աստված ինձ չի լքի:
 
«Բանաստեղծություններիցդ մեկում գրել ես. “Այն ամենը, որ տվել է ինձ, Հիսուսը կարող է ետ վերցնել”: Աստված խնդրանքդ լսեց և կատարեց բառացի կերպով»:
 
Այո՛, և չեմ զղջում:
 
Մարդասերն Աստված ինձ չի ներշնչում մոտալուտ մահվան կանխազգացում, այլ՝ ավելի մեծ տառապանքներ: Ես, սակայն, անձկության չեմ մատնվում այդ պատճառով. կամենում եմ ներկա պահի մասին միայն մտածել:
 
Իր հիվանդապահուհուն.
 
Շա՜տ աղոթիր Սուրբ Կույսին իմ համար, որովհետև եթե դու լինեիր հիվանդ, ես նույնը կանեի քո համար: Երբ մեր սեփական անձի համար է, շատ չենք համարձակվում ... :
 
Իր տառապանքները նվիրել էր փորձությունների մեջ գտնվող մի երիտասարդ դպիրի համար: Վերջինս, տեղեկանալով իրողությանը, մի խոնարհ և հուզիչ նամակ էր գրել իրեն: Ասաց.
 
Ինչպիսի՜ մխիթարություն պարգևեց ինձ այս նամակը: Տեսա, որ փոքրիկ տառապանքներս պտղաբերում են: Նկատեցի՞ք արտահայտած խոնարհության զգացումները: Իմ համար մեծ ուրախություն է տեսնելը, թե որքա՜ն սեր ու երախտագիտություն է հնարավոր տածել մի հոգու հանդեպ, որ բարիք է գործել մեր համար առանց մեր իմանալու: Ի՞նչ է լինելու ուրեմն Երկնքում, ուր հոգիները ճանաչելու են նրանց, ովքեր նպաստեցին իրենց փրկությանը:
 
Խոսում էր Սուրբ Կույսի մասին և ասում, որ նրա վերաբերյալ տրված քարոզներից ոչ մեկն իրեն չէր հուզել:
 
Քահանաներն իրագործելի առաքինություններ պետք է ցույց տան մեզ: Լավ է նրա առանձնաշնորհումների մասին խոսելը, բայց կարևորը նրան նմանվելու կերպը սովորեցնելն է: Նա գերադասում է նմանությունը:
Որքա՜ն մեծ հաճույքով եմ նրան ասում. «Դեպի Երկինք տանող արահետը՝ նեղ ու անձուկ, դյուրաքայլ դարձրեցիր ամենախոնարհ առաքինությունների քո գործադրումով»:
 
24 ՕԳՈՍՏՈՍ
 
Թոքախտին, որն իր հիվանդությունն էր, այժմ ավելանում էր նաև փտախտի վտանգը: Հիվանդությունը վարակել էր նաև աղիքները: Հարցրեցի. «Չե՞ս վհատվում»:
 
Ո՛չ, թեև ամեն բան դեպի վատթարն է ընթանում: Շնչել չեմ կարողանում, յուրաքանչյուր ներշնչումի՝ բուռն կերպով տառապում եմ: Բայց ո՛չ, ո՛չ դեպի վատթարը. ամեն բան դեպի լավագույնն է ընթանում:
 
25 ՕԳՈՍՏՈՍ
 
Ասում էի, թե կուզենայի իմանալ իր մահվան օրը: Պատասխանեց.
 
Ես չեմ ուզում: Դա ինձ ամենևին չի մտահոգում: Տեսե՛ք՝ ի՜նչ խաղաղության մեջ եմ:
 
Միաբանակից քույրերից մեկն ամեն երեկո այցելում էր իրեն և անկողնու խորքում նստելով՝ ժպտալով նայում էր նրան (այդպիսով անկասկած կամենում էր քաջալերել հիվանդին, որոշ ժամանակվա համար ուրախություն պարգևելով նրան): Քույր Թերեզան նույնպես պատասխանում էր ժպիտով: Բայց ես զգում էի, որ այդպիսի այցելությունը բավական հոգնեցնում էր իրեն: Երբ կամեցա ճշտել կարծիքս, պատասխանեց.
 
Մտածում եմ, որ մեր Տիրոջը նույնպես խաչի վրա դիտում էին այդպես, երբ Ինքն ընկղմված էր տառապանքների մեջ, քանի որ գրված է Ավետարանում, որ Նրան նայում էին՝ շարժելով իրենց գլուխները: Այս միտքն օգնում է ինձ ամբողջ սրտով նվիրելու Իրեն այս զոհողությունը: Բայց և այո՛, շատ տաժանելի է, երբ դու տառապում ես, իսկ շուրջիններդ նայում են քեզ ժպտալով:
 
Մի քանի ժամ լուռ մնաց ցավերի պատճառով: Երբեմն երբեմն միայն աղաչում էր աղոթել և աղոթել տալ իր համար:
 
Ա՜հ, որքա՜ն պետք է աղոթել մահամերձների համար: Եթե իմանայիք ... : Որքա՜ն հարկավոր է Գիշերային Ժամերգության աղոթքը. «Տե՜ր, փրկի՜ր մեզ գիշերվա ուրվականներից»:
Կարծում եմ, թե սատանան Տիրոջից թույլտվութուն է ստացել փորձելու ինձ ծայրահեղ տառապանքների միջոցով, որպեսզի անհամբերության ու անհավատության մատնի ինձ:
 
Ողբում էր, բայց այնքա՜ն քաղցրորեն:
 
Ա՜հ, ինչպիսի՜ կարեկցանք եմ զգում ինքս իմ հանդեպ: Եվ սակայն, չէի կամենա նվազ տառապել: Պատրաստ եմ ամեն ինչի ... : Հարկավոր է Տիրոջ ձեռքերին հանձնվել ... : Քույրեր իմ, ուզում եմ, որ դուք ուրախ լինեք:
 
26 ՕԳՈՍՏՈՍ
 
Գիշերվա ընթացքում անկողնու մոտ վառ էին թողել օրհնված մոմը:
 
Օրհնված մոմի շնորհիվ է, որ այս գիշերն այնքան էլ վատ չանցկացրեցի:
Մայր իմ, որքա՜ն անհրաժեշտ է Տիրոջ օգնութունը:
 
Որքա՜ն տարօրինակ է՝ վախենալ մահից:
 
Շարունակ տառապում էր ծարավից: Քույր Մարիան հարցրեց. «Մի քիչ սառը ջուր կուզենայի՞ր խմել», և նրա բերանից դուրս թռավ այս պատասխանը.
 
Ա՜հ այո՛, շա՜տ եմ ուզում:
 
Քույր Մարիան վերսկսեց խոսակցությունը. «Մեր Մայրը պատվիրել է քեզ խնդրել անհրաժեշտ ամեն բան: Արա՛ դա հանուն հնազանդության»: Պատասխանեց.
 
Ես իրոք խնդրում եմ այն ամենն, ինչի կարիքն ունեմ:
 
«Խնդրում ես միայն անհրաժեշտը, ո՛չ երբեք այն, ինչը որ կարող է սփոփել քեզ»:
 
Միայն անհրաժեշտը:
 
Ջուրը խմելուց որոշ ժամանակ անց նայում էր սառույցով լի բաժակին: Ասացինք. «Մի քիչ էլ խմիր»:
 
Ո՛չ, լեզուս դեռ բավական չոր չէ:
 
28 ՕԳՈՍՏՈՍ
 
Պատուհանի մոտ կանգնած, ցույց տվեց պարտեզի մի մութ անկյուն, ու ասաց.
 
Ահա՛, նայեցե՛ք, տեսնո՞ւմ եք այնտեղ՝ ներքևում, շագանակենիների մոտ, այն սև խոռոչը, ուր չի զանազանվում ոչինչ ... : Նման խոռոչում եմ գտնվում նաև ես՝ հոգով ու մարմնով: Ինչպիսի՜ խավար: Այնուամենայնիվ, խաղաղ եմ զգում ինձ:
 
Ապա հայացքն ուղղելով Տիրամոր արձանին.
 
Ա՜հ, իմ անուշիկ Սուրբ Կույս, ահա՛ թե ինչո՛ւ եմ կամենում թողնել աշխարհը. ձանձրույթ ու հոգնություն եմ պատճառում հիվանդապահուհուն, ինչպես նաև վիշտ՝ բոլոր քույրերիս, այս ծանր հիվանդութան պատճառով: Ա՜հ այո՛, ուզում եմ թողնել աշխարհը:
 
29 ՕԳՈՍՏՈՍ
 
Ասում էի իրեն. «Սոսկալի է տառապելն առանց գեթ ներքին հոգևոր մխիթարությունների»: Պատասխանեց.
 
Այո՛, բայց իմը տառապանք է առանց հոգետանջումների: Գոհ եմ տառապելուս համար, քանի որ Աստծո կամքն է:
 
30 ՕԳՈՍՏՈՍ
 
Հարցնում էի. «Գոհ կլինեի՞ր, եթե ավետեին քեզ, որ մեռնելու ես մի քանի օր հետո: Նախընտրում ես սա՞, թե՞ իմանալը, որ տառապելու ես դե՛ռ ավելի շատ, միշտ ավելի ու ավելի, ամիսներ ու տարիներ շարունակ»:
 
Դա չէ խաղաղությանս ակունքը: Այն, ինչը որ գոհացում է պարգևում ինձ, միմիայն Աստծո կամքն է:
 
Հուլիսի 16ին ասել էր.
 
Եթե Տերն ինձ ասեր. «Եթե հիմա մեռնես, քեզ կտամ մի մեծագույն փառք: Իսկ եթե մեռնես ութսուն տարեկան հասակում, փառքդ նվազ մեծ կլինի, բայց այս վերջինն ավելի հաճելի կլինի ինձ», ա՜հ, այնժամ առանց վարանումի կպատասխանեի. «Աստված իմ, իմ փառքը չէ, որ փնտրում եմ: Միակ փափագս Քեզ հաճույք պատճառելն է»:
 
Մեծ Սրբերն աշխատեցին Տիրոջ փառքի համար, իսկ ես, որ փոքրի՜կ փոքրի՜կ մեկն եմ, աշխատում եմ Նրան հաճո լինելու համար, և երջանիկ կլինեի՝ ավելի մեծ տառապանքների ենթարկվելով, եթե դրանց նպատակը Նրան գեթ մի ժպիտ պարգևելը միայն լիներ:
 
31 ՕԳՈՍՏՈՍ
 
Այնքա՜ն կարիքն ունեմ տեսնելու Երկնքի գեղեցկությունները: Երկրի վրա այլևս ոչինչ չի հուզում սիրտս:
Անհավատալի է, թե ինչպե՛ս բոլոր հույսերս ի կատար ածվեցին: Երբ ընթերցում էի Սբ. Հովհաննես Խաչի գործերը, աղաչում էի Տիրոջը իրագործել ինձնում այն, ինչի մասին Սուրբը խոսում էր. այն է, որ սակավաթիվ տարիների ընթացքում սրբացներ ինձ, կարծես թե հասած լինեի ծերությանս, արագորեն սպառել ինձ սիրո մեջ: Եվ ահա՛ աղոթքս ընդունվեց:

[1] Մտթ 25, 36

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։