Լորեթոյի Սուրբ Տան մոտ – Գրադարան – Mashtoz.org

Լորեթոյի Սուրբ Տան մոտ

167. Ի՞նչ կարող եմ ասել արդյոք Սուրբ Տան մասին: Հուզմունքս մեծ եղավ, երբ ինձ գտա այն նույն հարկի տակ, ուր ապրել էր Սուրբ Ընտանիքը. աչքերս դիտում էին այն նույն պատերը, որոնց վրա էր հանգչել Հիսուսի աստվածային հայացքը, մինչ քայլում էր այն հողի վրայով, որ ոռոգված էր Սուրբ Հովսեփի քրտինքով, ուր Մարիամն իր ձեռքերի մեջ էր առել Հիսուսին, Նրան իր կուսական որովայնում կրելուց հետո: Տեսա այն փոքրիկ սենյակը, ուր Սուրբ Կույսին հայտնվել էր հրեշտակապետը և ավետել բարի լուրը: Վարդարանս հպեցի Հիսուս Մանկան ափսեին: Ա՜հ, քանի՜ցս անպատմելի են այդ հիշատակները:

Բայց մեր ամենամեծ մխիթարությունը Իրեն իսկ Հիսուսին ընդունելը եղավ Իր իսկ տան մեջ և Նրա կենդանի տաճարները լինելն այն վայրում, որը վիթխարի պատվի էր արժանացել Հիսուսի ներկայությամբ: Իտալական սովորության համաձայն, Ամենասուրբ Հաղորդությունը պահվում էր եկեղեցու խորաններից միայն մեկի վրա և միայն այնտեղ էր հնարավոր հաղորդվել: Այդ խորանը, սակայն, Սուրբ Տան մեջ չէր, այլ՝ այն եկեղեցու, որն իր մեջ էր պարունակում Սուրբ Տունը, այդ ադամանդը՝ պարփակված սպիտակ մարմարից պատրաստված արկղի մեջ: Բայց դա չէր գոհացնում մեր փափագները:

Կամենում էինք Հաղորդությունն ընդունել ադամանդի մեջ, և ո՛չ թե արկղի: Հայրիկն, իր սովորական քաղցրության համաձայն, վարվեց ինչպես մյուսները, բայց ես ու Սելինը գնացինք գտնելու այն քահանային[1], որ մեր խմբից էր և որ պատրաստվում էր մասնավոր առանձնաշնորհմամբ Պատարագ մատուցել Սուրբ Տան մեջ: Նա իսկույն երկու փոքրիկ նշխարներ վերցրեց և մաղզմայի վրա դրեց իր մեծ նշխարի հետ միասին. և Դուք հասկանում եք, Մայր իմ սիրելի, թե ինչպիսի՜ն եղավ մեր հափշտակությունը, երբ երկուսս էլ Ամենասուրբ Հաղորդությունն ընդունեցինք օրհնյալ Տան մեջ: Դա երկնային երանություն էր, որ բառերով անհնարին է թարգմանել: Ուրեմն ի՞նչ կլինենք, երբ Հաղորդությունն ընդունենք Երկնային Թագավորի հավերժական բնակարանում: Այնժամ այլևս չի վերջանա մեր ուրախությունը, գոյություն չի ունենա մեկնելու և բաժանվելու տրտմությունը, և մի հիշատակ ունենալու համար անհրաժեշտ չի լինի գաղտնագողի քերել աստվածային ներկայությամբ սրբագործված պատերը, որովհետև Իր տունը նաև մերն է լինելու, հավիտյան: Նա չի կամենում մեզ մնայուն բնակարաններ տալ այստեղ՝ երկրի վրա, այլ՝ միայն գոհանում է դրանք ցույց տալով, որպեսզի մեր համար սիրելի դարձնի աղքատությունն ու թաքնված կյանքը. այն մյուսը, որ վերապահել է մեզ, Իր փառքի Պալատն է, ուր Իրեն այլևս չենք տեսնի իբրև մանուկ կամ սպիտակ նշխար, այլ՝ այնպես, ինչպես որ Է, իր անսահման գեղեցկությամբ:

[1] Տեր Լըքոնթը՝ Լիզյոյի «Սուրբ Պետրոս» եկեղեցու ժողովրդապետը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։