Ցավալի բաժանումը Փոլինից – Գրադարան – Mashtoz.org

Ցավալի բաժանումը Փոլինից

82. Մի քայլ ետ գնացի՝ վկայակոչելու համար այս քաղցր հիշատակը. այժմ կխոսեմ մի վշտալի փորձի մասին, որը պատառ պատառ արեց փոքրիկ Թերեզայի սիրտը, այն է՝ երբ Հիսուսը հափշտակեց նրա երկրորդ մորը՝ այնքա՜ն սիրելի Փոլինին:

Այդ դեպքից շատ օրեր առաջ Փոլինին ասել էի, որ կամենում էի ճգնավոր դառնալ և իմ համար հաճելի կլիներ իր հետ մի հեռավոր անապատ քաշվելը: Իսկ նա ինձ պատասխանել էր. «Ես նույնպես այդ եմ փափագում, կսպասեմ, որ մեծանաս, մեկնելու համար»: Նա անկասկած կատակում էր, բայց Թերեզան լրջությամբ էր ընդունել խոսքը: Եվ ինչպիսի՜ տրտմություն պատեց նրան, երբ մի օր Փոլինի ձայնը լսեց, մինչ զրուցում էր Մարիայի հետ. խոսում էր Կարմեղոս կատարելիք իր մոտակա մուտքի մասին: Չգիտեի, թե ի՛նչ է Կարմեղոսը, միայն մի բան էի հասկանում. որ Փոլինը լքում էր ինձ՝ ինչ որ մի վանք մտնելու համար. հասկանում էի, որ նա չսպասեց ինձ, և ես կորցնում էի երկրորդ մայրիկիս: Արդյոք կարո՞ղ եմ խոսքերով արտահայտել տառապանքս:

Մի վայրկյանում հասկացա, թե ի՛նչ է կյանքը. մինչ այդ չէի պատկերացնում այն այդքա՜ն տխուր, բայց այն իմ առջև գծագրվեց այլևս իր ողջ իրականությամբ: Տեսա, որ այն տառապանք է միայն և շարունակական բաժանում: Դառնորեն լաց եղա, դեռ ծանոթ չէի զոհողության բերկրանքին. շա՜տ էի տկար, այնքա՜ն տկար, որ մեծ շնորհ եմ համարում կրել կարողանալս մի փորձության, որը շատ ու շատ ծանր էր ուժերիս համեմատ: Եթե Փոլինի մեկնումին տեղեկանայի ժամանակի ընթացքում, քիչ առ քիչ, թերևս այդքան չտառապեի, բայց քանի որ առջևս խոյացավ որպես անակնկալ, եղավ ինչպես մի սուր, որ մխրճվեց սրտիս մեջ:

 

83. Միշտ պիտի հիշեմ, Մայր իմ սիրելի, թե ինչպիսի՜ քնքշանքով մխիթարեցիք ինձ: Ապա բացատրեցիք Կարմեղոսի կյանքը, որն այնքա՜ն գեղեցիկ թվաց ինձ: Հետագայում, վերհիշելով այն ամենն, ինչ պատմել էիք, զգացի, որ Կարմեղոսն էր այն անապատը, որտեղ Տերը կամենում էր թաքցնել ինձ. զգացի այնքա՜ն ուժգին, որ կասկածներ չմնացին ինձնում: Մանկական երազանք չէր՝ դատապարտված մոռացվելու, այլ վստահություն՝ Աստծուց կանչված լինելու: Այլևս Կարմեղոս էի կամենում գնալ ո՛չ թե Փոլինի, այլ՝ միմիայն Հիսուսի համար: Մտքովս շատ բաներ անցան, որոնք այժմ չեմ կարողանում բառերով արտահայտել, և որոնք, սակայն, մի մեծ խաղաղություն էին թողնում հոգուս խորքում:

Հաջորդ օրը գաղտնիքս հայտնեցի Փոլինին, որը փափագներս Երկնքից ներշնչված համարելով՝ խոստացավ տանել ինձ Կարմեղոս, տեսակցելու Մեծավոր Մոր հետ և նրան հայտնելու այն, ինչը որ Տերը զգալ էր տալիս ինձ:

Հանդիսավոր այցելության համար ընտրվեց մի Կիրակի։ Տագնապս մեծ եղավ, երբ իմացա, որ ինձ ընկերակցելու էր նաև զարմուհիս՝ Մարիամը, որը դեռ բավական փոքր լինելով՝ կարող էր տեսնել կարմեղական քույրերին: Հարկավոր էր որևէ միջոց գտնել՝ մենակ մնալու համար, և ահա՛ թե ինչ մտածեցի․ ասացի Մարիամին, որ Մեծավոր Մորը տեսնելու առանձնաշնորհման պատճառով հարկավոր էր շա՜տ ազնիվ ու քաղաքավարի լինել, այնպես՝ որ պարտավոր էինք նրան վստահել մեր գաղտնիքները․ այդ իսկ պատճառով հարկավոր էր, որ մեզնից յուրաքանչյուրը մի պահ դուրս գար և թողներ մյուսին մենակ։ Իսկույն հավատաց և, չնայած գաղտնիքներ հայտնելու իր դժկամությանը (գաղտնիքներ, որ չուներ), մենակ մնացինք, մեկս մյուսից հետո, Մեր Մոր[1] մոտ։ Վիթխարի գաղտնիքներս լսելուց հետո Մայր Մարիամ Գոնձական համոզվեց կոչմանս իրականությանը, բայց ասաց, որ ինը տարեկան հայցվորուհիներ չէին ընդունում․ հարկավոր էր սպասել տասնվեց տարեկան լինելուս ... ։ Ստիպված էի համակամվել, հակառակ մե՜ծ փափագիս՝ վանք մտնելու Փոլինի հետ և Առաջին Հաղորդությունս կատարելու իր Զգեստառության օրը։ Այդ օրը, երկրորդ անգամ լինելով, քաղցրախոսություն ընդունեցի։ Սուրբ Օգոստինոսի Քույր Թերեզան եկավ ինձ տեսնելու և կարծես չէր հոգնում կրկնելուց, որ շա՜տ անուշիկ էի ... ։ Ես, սակայն, Կարմեղոս չէի գալիս գովասանքներ լսելու ակնկալությամբ, որի համար էլ՝ խոսարանից դուրս գալով չէի դադարում Աստծուն կրկնելուց, որ կարմեղական էի կամենում դառնալ միմիայն Իր համար։

 

84. Վերջին կարճ շաբաթների ընթացքում աշխատեցի չբաժանվել Փոլինից։ Ամեն օր ես ու Սելինը քաղցրավենիքներ էինք գնում իր համար՝ կարծելով, որ շուտով ընդմիշտ զրկվելու էր դրանցից. միշտ իր կողքին էինք, չէինք հեռանում և ո՛չ իսկ մի ակնթարթ։ Եվ ահա՛ հասավ Հոկտեմբերի 2ը, օրն արցունքի և օրհնության, որում Հիսուսը քաղեց Իր ծաղիկներից առաջինը[2], որ դառնալու էր Մայրը նրանց, որոնք իրեն էին հասնելու մի քանի տարի հետո։

Դեռ աչքերիս առջև է այն տեղը, ուր Փոլինը համբուրեց ինձ վերջին անգամ․ ապա մորեղբորս կինը տարավ մեզ Պատարագի, մինչ Հայրիկը «Կարմեղոսի լեռն» էր բարձրանում՝ ընծայելու համար իր առաջին զոհը ... ։ Ամբողջ ընտանիքն արցունքների մեջ էր, այն աստիճան, որ մեր եկեղեցի մտնելը տեսնող ժողովուրդը զարմացած մեզ էր դիտում։ Բայց դրանց կարևորություն չէի տալիս և չէի կարողանում դադարել արտասվելուց։ Հայացքս հառում էի ջինջ ու գեղեցիկ երկնքին և զարմանում, թե ինչպե՛ս էր արևը կարողանում այդպիսի շողարձակմամբ փայլել, երբ հոգիս կքված էր տրտմության ծանրության ներքո։ Թերևս, Մայր իմ, կգտնեք, թե ուռճացնում եմ կրածս վիշտը։ Այո՛, այդքա՜ն ծանրորեն չպետք է ընդունեի իրադարձությունը, որովհետև Ձեզ Կարմեղոսում վերագտնելու հույսն ունեի․ բայց հոգիս դեռ հեռու էր հասուն լինելուց և պետք է նախ բազում փորձությունների միջով անցնեի՝ խաղաղության նավահանգիստ հասնելուցս առաջ։

 

85. Հոկտեմբերի 2ը վարժարանում դասերի վերսկսմանը սահմանված օրն էր, հետևաբար՝ պարտավոր էի գնալ, հակառակ ծայրագույն դժկամությանս։ Կեսօրից հետո մորեղբորս կինը մեզ Կարմեղոս տարավ, ուր տեսա իմ այնքա՜ն սիրելի Փոլինին երկաթյա վանդակապատի ետևում ... ։ Որքա՜ն եմ տառապել Կարմեղոսի խոսարանում։ Քանի որ հոգուս պատմությունն եմ շարադրում, պարտավոր եմ ամեն ինչ հայտնել սիրելի Մորս․ և ահա՛ խոստովանում եմ, որ Ձեր Կարմեղոս մտնելուց առաջ կրած վշտերս ոչինչ էին՝ դրանից հետո եկած տվայտանքների համեմատությամբ։ Ամեն հինգշաբթի ամբողջ ընտանիքով գնում էինք Կարմեղոս, և ես, վարժված՝ Փոլինի հետ «սիրտ սրտի» զրուցելու, երկու կամ երեք րոպե էի միայն ստանում բոլորից հետո, այն էլ լալով էի անցկացնում և ապա հեռանում հոշոտված սրտով։ Չէի կարողանում ըմբռնել, թե խոսելիս ինչպե՛ս էիք նախապատվությունը մեր զարմուհիներին տալիս, Հովհաննային ու Մարիամին, և ո՛չ թե Ձեր փոքրիկ դստրերին․ չէի ըմբռնում և կրկնում էի հոգուս խորքում․ «Փոլինն իմ համար կորած է»։

Հոգիս վշտակրության մեջ զարմանալի կերպով աճեց ու զարգացավ, այնքա՜ն, որ քիչ ժամանակ անց հիվանդացա։

 

[1] Կարմեղական միանձնուհիներն այդպես են անվանում վանքի Մեծավորուհուն։

[2] Փոլինը Կարմեղոս մտավ 1882ի Հոկտեմբերի 2ին, երկուշաբթի։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։