Հոր հիվանդության պատճառով զգացած տրտմությունը – Գրադարան – Mashtoz.org

Հոր հիվանդության պատճառով զգացած տրտմությունը

206. Արդեն ասացի, որ Հունվարի 10ը իմ թագավորի համար հաղթական օր եղավ, ես այն նմանեցնում եմ Հիսուսի մուտքին Երուսաղեմ. ինչպես մեր Աստվածային Վարդապետի միօրյա փառքին հետևեցին տառապանքն ու խաչելությունը, և ինչպես այդ տանջանքները միայն Ինքը չէ, որ կրեց: Հիսուսի տառապանքները երկսայրի սրի նման խոցեցին նաև Աստվածամոր սիրտը[1]. այո՛, մեր սրտերը նույնպես ապրում էին դառն վշտակրությունը նրա, ում ամենից շատ էինք սիրում այս պանդուխտ աշխարհում: Հիշում եմ, որ 1888ի Հունիսին, մեր առաջին տառապանքների բովում, ասում էի. «Շա՜տ եմ տառապում, բայց նաև զգում եմ, որ է՛լ ավելի մեծ վշտակրությունների կարող եմ համբերել»: Այն ժամանակ չէի կարող երևակայել, թե դեռ ինչպիսի՜ վշտեր էին ինձ վերապահվել: Չգիտեի, որ Փետրվարի 12ին, քողարկումիցս մեկ ամիս անց, մեր Հայրիկը մինչև վերջին կաթիլը խմելու էր ամենադառն ու ամենանվաստացուցիչ բաժակը[2]:

Ա՜հ, այդ օրն այլևս չասացի, թե կարող էի ավելի տառապել: Բառերն ի զորու չեն արտահայտելու մեր տրտմությունը, այդ իսկ պատճառով այն չեմ ջանա նկարագրել: Մի օր, Երկնքում, սիրով կխոսենք մեր փառահեղ փորձերի շուրջ, մի՞թե արդեն իսկ երջանիկ չենք՝ դրանք կրած լինելու համար: Այո՛, Հայրիկի մարտիրոսության երեք տարիներն իմ ամենասիրելիներն են, ամենապտղառատներն իմ ամբողջ կյանքի. դրանք Սրբերի բոլոր հափշտակությունների ու հայտնությունների հետ անգամ չէի փոխանակի: Սիրտս անչափ երախտագիտությամբ է լցվում, երբ խորհրդածում եմ այն անգին գանձի շուրջ, որը երկնային արքունիքի Հրեշտակների սուրբ նախանձն անգամ պետք է որ շարժի:

 

207. Տառապելու ծարավս լիուլի հագեցել էր, բայց վշտակրության հմայքը չէր նվազել ինձնում։ Ավելին․ հոգիս նույնպես քայլ առ քայլ մասնակից էր դառնում սրտիս տառապանքներին։ Ցամաքությունն էր իմ ամենօրյա հացը, և սակայն, ամեն տեսակ մխիթարություններից զուրկ լինելով հանդերձ, ամենաերջանիկ էակն էի, որովհետև բոլոր փափագներս գոհացում էին գտել։

Ա՜հ, Մայր իմ սիրելի, քանի՜ցս քաղցր եղավ մեր մեծ փորձությունը. այո՛, որովհետև մեր բոլորի սրտերից միայն սիրո ու երախտագիտության հառաչանքներ դուրս ելան։ Կատարելության արահետներում մենք այլևս չէինք քայլում, սլանում էինք։ Քայենի երկու խեղճ փոքրիկ աքսորյալները[3], դեռևս աշխարհում լինելով հանդերձ, աշխարհինը չէին այլևս[4]: Ա՜հ, ինչպիսի՜ հրաշքներ գործեց այդ փորձությունը սիրելի Սելինի հոգում։ Այդ ժամանակաշրջանում գրած նամակները համակամություն ու սեր են միայն ներշնչում։ Եվ արդյոք ո՞վ կարող է նկարագրել մեր զրույցները։ Մեզ միմյանցից բաժանելու փոխարեն, Կարմեղոսի երկաթյա վանդակապատը մեր հոգիներն ավելի էր զոդում իրար․ նույն մտածումներն ունեինք, նույն իղձերը, Հիսուսի ու հոգիների հանդեպ միևնույն սերը։ Երբ Սելինն ու Թերեզան զրուցում էին, նրանց խոսակցությունների նյութն ամբողջովին երկնային էր, երբեք նրանց երկխոսություններին չէին խառնվում երկրային իրողություններ։ Ինչպես երբեմն Բուիսոնեի պատշգամում, երազում էին հասնել հավիտենությանը, և այդ անվերջ երանությունը շուտով վայելել կարողանալու համար՝ որպես միակ բաժին ու ժառանգություն ընտրում էին – այստեղ՝ ներքևում – «տառապանքն ու մոռացումը»[5]:

 

[1] Հմմտ. Ղկս 2, 35

[2] 1889ի Փետրվարի 12ին Պրն. Մարթինը թողեց Լիզյոն, փոխադրվելով Քայենի ''Bon-Sauveur'' առողջարան:

[3] Լեոնիան և Սելինը կամեցել էին բնակվել ''Bon-Sauveur'' առողջարանի մոտակայքում, այն է՝ ''Saint Vincent de Paul'' որբանոցում։

[4] Հմմտ․ Հվհ 17, 14

[5] Սրբուհին ակնարկում է Սբ. Հովհաննես Խաչի նշանավոր արտահայտությանը․ «Տառապել և լինել արհամարհված»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։