ՀԱՎԵԼՎԱԾ Ե. – ՀԻՇԻ՜Ր, ՀԻՍՈՒՍ – Գրադարան – Mashtoz.org

ՀԱՎԵԼՎԱԾ Ե. – ՀԻՇԻ՜Ր, ՀԻՍՈՒՍ

1. Հիշի՜ր, ո՜վ Տեր, փառքը հայրական և աստվածային երանությունդ հիշիր, որոնք թողեցիր՝ կամովին արտաքսելով Ինքդ Քեզ երկիր, խեղճ մեղավորներիս վերականգնման համար: Ա՜հ, Հիսո՜ւս, խոնարհվելով դեպի Կույսն Մարիամ, քողարկեցիր մեծությունն ու փառքդ անսահման: Բայց այդ մայրական արգանդը, որ եղավ Քո երկրորդ Երկինքը, հիշի՜ր:

2. Ծննդյանդ օրը, հիշի՜ր, Երկնից իջնելով՝ հրեշտակներն երգեցին. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում և երկրի վրա խաղաղությո՜ւն բարի կամքի տեր մարդկանց»[1]: Ահա՛ տասնիննը դարեր շարունակ Դու կատարում ես խոստումդ. խաղաղությունն է որդիներիդ հարստությունը: Եվ ես նույնպես, այն ճաշակելու համար, գալիս եմ դեպի Քեզ:

3. Ահավասիկ գալիս եմ դեպի Քեզ, թաքցրո՜ւ ինձ խանձարուրիդ ետևում, կամենում եմ ընդմիշտ օրորոցիդ մոտ մնալ, ուր հրեշտակների հետ երգելով՝ կկարողանամ հիշեցնել Քեզ այդ տոնական օրերը: Ա՜հ, Հիսո՜ւս, հիշի՜ր հովիվներին ու արքաներին այն մոգ, որոնք մեծ ցնծությամբ Քեզ էին մատուցում իրենց ընծաներն ու ... իրենց սրտերը: Եվ անմեղ մանուկների բազմությունը հիշի՜ր, որ Քո համար հեղեց արյունն իր:

4. Հիշի՜ր, որ արքայական գահիցդ ավելի նախընտրեցիր գիրկը Մարիամի: Ո՜վ Մանուկ փոքրիկ, կենսական ուժերիդ պահպանման համար Դու կուսական կաթով սնվեցիր: Հրավիրի՜ր ինձ Մարիամի պատրաստած սիրո խնջույքին, եղբա՜յր իմ Հիսուս, հրավիրի՜ր ինձ և հիշի՜ր քրոջդ փոքրիկ, որն եղավ պատճառը սրտիդ բաբախման:

5. Հիշի՜ր Քեզ հայրագիր խոնարհ Հովսեփին, որն ըստ երկնային հրամանի՝ հեռացրեց Քեզ խենթ մահկանացուի մոլեգնումներից, առանց խանգարելու նինջդ անուշիկ: Հիշի՜ր, ո՜վ Խոսք Դու Աստծո, խորհուրդն ապշալի. մնացիր լուռ ու մունջ, միայն հրեշտակը խոսեց հանուն Քո: Ինչպես նաև հիշի՜ր նեղոսյան ափերում աքսորդ հեռավոր:

6. Հիշի՜ր, որ եգիպտական ծովափում մանկական աչքերդ հիանում էին այն նույն աստղերով և լուսնով գեղափայլ, որոնք ես դիտում եմ երկնքում անամպ: Մարիամին գրկող ձեռքերովդ ստեղծեցիր այս տիեզերքն ու տվեցիր նրան կյանք: Եվ այդ պահին մտածում էիր նաև իմ մասին: Հիսո՜ւս, Արքայա՜զն իմ, հիշի՜ր դա:

7. Հիշի՜ր, որ միայնությանդ մեջ երբեք անգործ չէիր մնում. սովորում էիր ապրել անծանոթ և մերժում էիր մարդկային գիտությունը: Սակավաթիվ խոսքերդ ապշանքն են աշխարհի, բայց Քեզ հաճելի եղավ թաքցնել իմաստությունդ խորին: Անուս հռչակվեցիր, և դա հիշի՜ր, Տեր ամենակալ:

8. Հիշի՜ր, որ օտար այս երկրում եղար թափառող, Դու՝ Խոսքդ Հավիտենական: Չունեիր ոչինչ, և ո՛չ իսկ մի քարայր, մի անկողնու չափ հարդ, գեթ թռչնի մի բույն[2]: Ա՜հ, Հիսո՜ւս, սրտիս մե՛ջ եկ Դու, հանգստացիր ինձնո՛ւմ. ե՜կ, ահա՛ հոգիս պատրաստ է Քեզ ընդունելու: Փրկի՜չ սիրելի, սիրտս միշտ Քոնն է:

9. Հիշի՜ր այն գորովդ աստվածային, որ բաշխեցիր փոքրիկներին. ես նույնպես ուզում եմ գգվանքիդ իմ բաժինը, ողջագուրումդ երկնային: Գործադրելու եմ մանկության առաքինությունը՝ Երկնքում քաղցրիկ ներկայությունդ վայելելու համար: Հաճախ էիր կրկնում. «Փոքրիկներինն է իմ արքայությունը»[3]: Հիշի՜ր դա:

10. Հիշի՜ր այն պահը, երբ ջրհորի մոտ նստած մի հոգնած Ուղևոր[4] Սամարացուն պատեց Իր կրծքում պարփակված սիրո կոհակներով: Ա՜հ, գիտեմ, թե Ո՛վ է Նա, որ խնդրում է մի քիչ ջուր խմելու. Աստծո Պարգևն է, Ակունքը փառքի: Դո՛ւ ես ջուրն այդ աղբյուրաբուխ. Դու, որ ասում ես մեզ. «Դեպի ինձ եկեք»:

11. «Դեպի ի՛նձ եկեք, հոգնածներ բոլոր, և ես կհանգստացնեմ ձեզ[5]. նետվե՛ք Սրտիս մեջ, և կենդանի ջրի աղբյուրներ կբխեն ձեզնում»[6]: Ծարավ եմ, Հիսո՜ւս, կարիքն ունեմ այդ ջրի, ողողի՜ր ինձ դրանով. ես ընթանում եմ դեպի Քեզ՝ սիրույդ օվկիանում հաստատելու համար բնակությունս:

12. Հիշի՜ր, թե որքա՜ն հաճախ, ավա՜ղ, ես՝ որդիս լույսի[7], մոռացա Քեզ՝ իմ Թագավորիդ: Հիսո՜ւս, ներողամիտ եղիր այս մեծ խեղճությանս հանդեպ, ողորմի՜ր ինձ հանուն Քո սիրո: Շնորհը տուր ինձ, Տե՜ր, երկնային իրողություններին ունակ լինելու, լուսավորի՜ր ինձ Սուրբ Ավետարանի գաղտնիքներով. այս ոսկի Գիրքը իմ միակ գանձն է, հիշի՜ր:

13. Հիշի՜ր, որ Մայրդ Աստվածածին սքանչելի կարողություն ունի սիրաշունչ Սրտիդ վրա. հիշարժան է այն օրը, երբ ջուրն անուշահամ գինու փոխեցիր՝ ընդունելով իր մայրական խնդրանքը: Այժմ էլ նույն նրա ձայնին անսալով՝ գործերիս այս փոքրիկ չքավոր՝ եռանդ ներշնչիր: Ստե՜պ հիշիր, Հիսո՜ւս, որ ես իր զավակն եմ:

14. Հիշի՜ր, թե ինչպե՛ս էիր հաճախ արևամուտին բլուր բարձրանում, և այնտեղի աստվածային աղոթքներդ հիշի՜ր, սիրո գովերգներդ առ Հայր, երբ նիրհում էր երկիրը: Ես, Հիսո՜ւս իմ, երբ ժամասացության եմ գալիս, Քո աղոթքն եմ նվիրում մաղթանքների մեջ իմ: Այնտեղ՝ Սրտիդ մոտ, երգում եմ երջանիկ: Հիշի՜ր դա:

15. Հիշի՜ր, որ արտերը դիտելիս՝ աստվածային Սիրտդ կանխատեսեց հունձը. դեպի Սուրբ Լեռն ուղղված աչքերով մրմնջում էիր ընտրյալների անունները: Ես նույնպես ամեն օր, Աստվա՜ծ իմ, նվիրում եմ ինձ ու աղոթում, որ հունձդ շուտով հավաքված լինի: Հիշի՜ր, որ մշակներիդ համար են ինչպես ուրախություններս, այնպես էլ վշտերս, մի՜շտ:

16. Հիշի՜ր անչափ բերկրանքը հրեշտակների, և ներդաշնակ նվագն Արքայությանդ մեջ երկնային, և զվարթությունը վեհ բազմությունների, երբ մի մեղավոր դեպի Քեզ է հառում հայացքն իր աղերսող, լալագին: Ես կամենում եմ հարստացնել այս մեծ բերկրանքը ... և մեղավորների համար, Հիսո՜ւս, աղոթելու եմ առանց դադարի. քանի որ Կարմեղոս եկա՝ չնաշխարհ Երկինքդ բնակիչներով լցնելու համար, հիշի՜ր:

17. Հիշի՜ր այն քաղցր հուրը, որով կամեցար հրդեհել հոգիներին: Նմանօրինակ մի փոքրիկ բոց տեղադրեցիր իմ սրտից ներս նաև, և ես ուզում եմ, որ նրա ճաճանչն ինձում արտածվի: Նվազագույն կայծն անգամ, ո՜վ կյանքի Խորհուրդ, բավական է վիթխարի հրկիզման համար: Կամենում եմ կրակդ տանել հեռո՜ւ, հեռո՜ւ: Աստված իմ, հիշի՜ր:

18. Հիշի՜ր այն շքեղ տոնախմբությունը, որ պատրաստեցիր զղջացած անառակի համար: Դու, որ, հիշի՜ր, պահ առ պահ, Դու ես, որ առաքում ես սնունդ հոգուն մաքրափայլ: Հիսո՜ւս, Դու սիրով ես ընդունում անառակ որդուն ... , բայց Սրտիդ օվկիանը սահմանագծված չէ իմ առաջ. իմն են գանձերդ բոլոր, ո՜վ Սեր իմ, Թագավո՜ր իմ, հիշի՜ր:

19. Հիշի՜ր, որ արհամարհելով փառքը՝ շռայլում էիր աստվածային հրաշքներդ, և աղաղակում. «Ինչպե՞ս կարող եք հավատալ դուք, որ փնտրում եք մարդկային փառքը[8]: Գործերս թվում են ձեզ զարմանահրաշ, բայց առավել ևս զարմանահրաշ են լինելու գործերն իմ մտերիմների»[9]: Հիսո՜ւս, Փեսա՜ իմ սիրասուն, հիշի՜ր, թե որքա՜ն հեզ էիր ու սրտով խոնարհ:

20. Հիշի՜ր այն վսեմ հափշտակությունը, որով համակվեց Սուրբ Առաքյալը. լցվեց բարությամբ, ըմբռնեց գաղտնիքներդ: Տե՜ր, չեմ նախանձում երջանկագույն աշակերտիդ. գիտեմ նաև ես գաղտնիքներդ բոլոր, որովհետև հարսնացուդ եմ: Ո՜վ Աստված իմ, Փրկիչ իմ, ես նույնպես Սրտիդ մեջ եմ գտնում հանգիստս. Սրտիդ, որ իմն է:

21. Հիշի՜ր, որ հոգեվարքիդ երեկոյան արյունդ խառնեցիր արցունքներիդ հեղված. ա՜հ, գոհարներ սիրո, որոնց արժեքն անհուն՝ ծնունդ պարգևեց ծաղկանց կուսաբույր: Ահա՛, օրհնյալ հոգուդ զվարթությամբ խոսում էիր հրեշտակի հետ և նրան պատմում, թե ի՜նչ առատ բերք է տալու ընտրությունդ այդ: Բայց այն, որ ինձ նույնպես տեսար շուշաններիդ մեջ ընտրյալ, Հիսո՜ւս իմ, հիշի՜ր:

22. Արյունդ անապակ ու վշտակրությունդ աղբյուր հանդիսացան՝ ծաղիկներ սրբող, որ նաև կարող դարձրեց նրանց այստեղ՝ ներքևում, ծնել հսկայաքանակ սրտեր՝ սիրովդ լեցուն: Ես կույս եմ, Հիսո՜ւս: Եվ հենց այստեղ է խորհուրդն անպատում. որ միանալով Քեզ, միաժամանակ մայրն եմ հոգիների բազում: Հիշի՜ր այն կույս ծաղիկներին, որ փրկում են խեղճ մեղավորներին:

23. Հիշի՜ր, որ ծաղրուծանակի ենթարկվելով, մի Դատապարտված երկինք ուղղվելով՝ աղաղակեց. «Շուտով կտեսնեք ինձ փառքով պսակված, զորությամբ հանդերձ»[10]: Ոչ ոք չէր ուզում հավատալ, թե նա Որդին է Աստծո, քանի որ փառքն Իր անհաս աննկուն՝ քողարկված էր: Ո՜վ Իշխան խաղաղության, ե՜ս, ես ճանաչում եմ Քեզ ու հավատում:

24. Հիշի՜ր, որ միշտ անծանոթ եղավ աստվածությունը Դեմքիդ, ընդմեջ նույնիսկ յուրայիններիդ: Հիշի՜ր, որ ինձ թողեցիր պատկերդ քաղցրիկ ... , և ես, գիտես դա, Քեզ ճանաչեցի: Այո՛, Քեզ ճանաչեցի նաև երբ պատված էիր արցունքներով լեղի դառնաղի. ո՜վ Դեմք Հավիտենականի, քայլ առ քայլ պեղում եմ պարգևներդ անգին: Քողարկված հայացքդ մխիթարեց ինձ նեղության ժամին, հիշի՜ր:

25. Հիշի՜ր տրտունջն այն սիրալի, որ դուրս ժայթքեց Քո Սրտից, խաչի վրա: Այն դրոշմված է սրտիս մեջ, Հիսո՜ւս: Ա՜հ, ինչպես եմ կիսում պապակդ այրող: Եվ որքան ավելի է խոցվում Քո հրով, այնքան ավելի է սիրտս ծարավում. այն ծարավի է, ուզում է Քեզ հոգիներ ընծայել: Եվ որ ես այրվում եմ օր ու գիշեր սիրույդ ծարավով, հիշի՜ր:

26. Հիշի՜ր, Հիսո՜ւս, ո՜վ Խոսք Դու կյանքի, որ ինձ այնքա՜ն սիրեցիր, որ հանուն իմ զոհաբերվեցիր: Ես նույնպես կամենում եմ սիրել Քեզ խենթի նման. ես նույնպես թող որ ապրեմ ու մեռնեմ Քո համար: Դու գիտես, Աստված իմ, որ միակ բաղձանքս հոգիների լցվելն է Քո հանդեպ սիրով, ինչպես նաև՝ մարտիրոսանալ մի օր: Կամքս է՝ մեռնել ըստ սիրո: Տե՜ր, հիշի՜ր իմ այս փափագը:

27. Հիշի՜ր, որ հաղթությանդ օրն ասացիր. «Երանի՜ նրանց, ովքեր հավատում են Աստծո Որդուն, առանց Նրան փառքի մեջ տեսնելու»[11]: Սիրո՜ւմ եմ Քեզ ու պաշտո՜ւմ եմ Քեզ հավատքի ստվերում, իսկ տեսնելու համար Քեզ՝ սպասում եմ խաղաղ արշալույսին: Հիսո՜ւս իմ, հիշի՜ր, որ բաղձանքս Քեզ այստեղ՝ ներքևում տեսնելը չէ:

28. Հիշի՜ր, որ Հոր մոտ վերադառնալով՝ չէիր կարող թողնել մեզ որբ[12]. որ Քո համար բանտ կառուցելով երկրի վրա՝ կարողացար թաքցնել ճառագայթները Քո աստվածության: Այդ թաքստոցի ստվերը, սակայն, լուսաճեմ է ու մաքրափայլ, հավատքի կենդանի հացն է, սնունդը երկնային: Ա՜հ, սիրո Խորհուրդ, Հիսո՜ւս, Դու հացն ես իմ հանապազորդ[13]:

29. Ո՜վ Հիսուս, հաշվի չառնելով սիրո խորհրդի թշնամիների չարախոսությունները, կամենում ես հայտնել, թե որքա՜ն ես ինձ սիրում. ընտրում ես իմ սիրտն ու այնտեղ բնակվում: Ո՜վ Հաց մեր՝ աքսորյալների, Աստված իմ, Սուրբ Նշխար, այլևս ես չէ, որ ապրում եմ, այլ՝ Քո իսկ կյանքն է շարունակվում ինձնում: Եվ ոսկեզօծ սկիհը, որ գերադասում ես, Հիսո՜ւս, ես եմ:

30. Հիսո՜ւս, ես եմ կենդանի սրբավայրդ, որ չարագործները չեն կարող եղծել. մնա՜ սրտիս մեջ, մի՞թե սա չէ այն փոքրիկ պարտեզը, որի յուրաքանչյուր ծաղիկը կամենում է ուղղվել դեպի Քեզ: Եթե Դու հեռանաս այստեղից, իմ ձյունափայլ Շուշան, լավ գիտեմ, որ բոլոր ծաղիկներս շուտով կխամրեն: Այսուհետև, ուրեմն, սիրելի՜դ իմ Հիսուս, Շուշա՜ն հոտավետ, ծաղկիր ու փթթիր ինձնում:

31. Հիշի՜ր, որ երկրաբնակ կյանքիս նպատակը մեղավորների անտարբերության փոխարեն Քեզ մխիթարելն է: Իմ միակ սեր, ընդունի՜ր այս աղոթքս, և սիրելու համար Քեզ՝ տո՜ւր ինձ սրտեր բյուր հազարավոր: Բայց բավական չէ, հմայող Գեղեցկությո՜ւն, Հիսո՜ւս իմ: Տո՜ւր ինձ, Քեզ սիրելու համար, աստվածային Քո իսկ Սիրտը: Եվ, Տե՜ր, ամեն պահ հիշի՜ր եռաբորբոք ակնկալությունն իմ այս:

32. Հիշի՜ր, որ սուրբ կամքդ հանգիստն է իմ, երջանկությունն իմ միակ: Հանձնում եմ ինձ ու նիրհում անվախ, ընդմեջ ձեռքերիդ, Փրկիչ իմ Աստված: Եթե Դու նույնիսկ ննջես, մինչ դրսում կմռնչա փոթորիկն ահեղ, ես կամենում եմ այս անդորրում մնալ ընդմիշտ առհավետ: Բայց երբ ննջում ես, Հիսո՜ւս, պատրաստի՜ր ինձ վերջին զարթնումին:

33. Եվ հիշի՜ր, որ հաճախ եմ հառաչում, երբ հիշում եմ այդ մեծ օրվա հետոն. այն օրվա, երբ հրեշտակը կազդարարի՝ մեծաձայն գոչելով. «Ժամանակը վերջացավ, եկե՛ք Դատարան»: Այնժամ տարածքն անհամբեր անցնելով՝ կգամ թաքնվելու աստվածային Դեմքիդ ետևում: Դո՛ւ իմ Երկինքը կլինես, պե՛տք է որ այն լինես հավիտենական մեր բնակավայրում: Հիշի՜ր դա, Հիսո՜ւս:

 

21 Հոկտեմբեր 1895թ.

 
[1] Հմմտ. Ղկս 2, 14
[2] Հմմտ. Մտթ 8, 20
[3] Հմմտ. Մտթ 18, 3
[4] Հվհ 4, 6...
[5] Մտթ 11, 28-30
[6] Հմմտ. Հվհ 7, 38
[7] Ղկս 16, 8
[8] Հվհ 5, 44
[9] Հմմտ. Հվհ 14, 12
[10] Հմմտ. Մտթ 26, 64; Մրկ 14, 62; Ղկս 22, 69
[11] Հվհ 20, 29
[12] Հվհ 14, 18
[13] Մտթ 6, 11; Ղկս 11, 3
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։