Երկու քահանա և առաքյալ «եղբայրներ»ը – Գրադարան – Mashtoz.org

Երկու քահանա և առաքյալ «եղբայրներ»ը

329. Աստված այնքա՜ն գթառատ է իմ հանդեպ, որ իմ համար անհնարին է նրանից վախենալը. միշտ էլ տվել է ինձ այն, ինչ փափագել եմ, կամ ավելի ճիշտ՝ ներշնչել է ինձ փափագել այն, ինչ կամեցել է պարգևել ինձ: Այդպիսով, հավատքիս դեմ ուղղված փորձությունների սկզբից քիչ ժամանակ առաջ ասում էի ինքս ինձ. «Իրոք, արտաքին մեծ փորձեր չունեմ, իսկ որպեսզի մղեմ ներքին մեծ պայքարներ, անհրաժեշտ է, որ բարին Աստված փոխի ճանապարհս: Չեմ կարծում, թե այդպես կվարվի, բայց նաև չեմ կարող ցմիշտ այսպես հանգիստ ապրել: Ի՞նչ միջոց կգտնի, ուրեմն, Հիսուսը, ինձ փորձի ենթարկելու համար»: Պատասխանը սպասել չտվեց, և հայտնեց, որ Նա, Ում սիրում եմ, միջոցների հարցում սահմանափակումներ չի ճանաչում: Առանց ճանապարհս փոխելու, ուղարկեց ինձ մի տառապանք, որ պետք է կենսատու դառնություն խառներ իմ բոլոր ուրախություններին: Բայց միայն փորձությունների համար չէ, որ Հիսուսը տալիս է ինձ նախազգացումն ու փնտրտուքը: Վաղուց ի վեր, քահանա եղբայր ունենալու փափագն ունեի, բայց դա ինձ բացարձակապես անիրագործելի էր թվում: Հաճախ էի մտածում, որ եթե իմ փոքրիկ եղբայրները ճախրած չլինեին դեպի Երկինք, երջանկությունը կունենայի տեսնելու նրանց խորան բարձրանալը: Բայց քանի որ մարդասերն Աստված նրանց ընտրեց՝ փոքրիկ հրեշտակներ դարձնելու համար, այլևս չէի համարձակվում հուսալ՝ երազանքս իրականության վերածված տեսնել: Եվ ահա՛ Հիսուսը շնորհեց ինձ ո՛չ միայն այն, ինչ կամենում էի, այլ՝ ավելին. հոգու կապերով միավորեց ինձ Իր երկու առաքյալների հետ, որոնք դարձան իմ եղբայրները:

Կուզենայի, Մայր իմ, պատմել Ձեզ մանրամասն կերպով, թե Հիսուսն ինչպե՛ս գոհացրեց փափագս և նաև գերազանցեց այն, որովհետև ես միայն մի քահանա եղբայր էի ուզում ունենալ, որն իմ համար ամեն օր կաղոթեր խորանի վրա:

 

330. Մեր Սրբուհի Մայր Թերեզան էր, որ ուղարկեց առաջին եղբորս[1], 1895ի իր օրհնյալ տոնին որպես ծաղկեփունջ: Լվացքատանն էի, աշխատանքով ծանրաբեռնված, երբ Մայր Ագնեսը, մի կողմ կանչելով ինձ, կարդաց այդ օրը ստացած նամակներից մեկը: Մի երիտասարդ ժառանգավոր, ներշնչված (ասում էր նա) Սրբուհի Թերեզայից, խնդրում էր մի քույր, որը յուրահատուկ կերպով կնվիրվեր իր հոգու փրկությանը և կօգներ իրեն աղոթքներով ու զոհողություններով, երբ ինքը կմեկներ առաքելության, որպեսզի կարողանար բազում հոգիների փրկության գործիք հանդիսանալ: Խոստանում էր մնայուն հիշատակ խորանի վրա – երբ այլևս կկարողանար ընծայել Պատարագի Սուրբ Զոհը – նրա համար, ով կդառնար իր քույրը: Մայր Ագնեսն ինձ ասաց, որ կամենում էր, որ ես լինեի այդ ապագա առաքյալի քույրը:

Մայր իմ, երջանկությանս նկարագրումն անհնարին է: Չսպասված եղանակով իրագործված երազանքս ծնեց ինձնում մի ուրախություն, որ կամենում եմ կոչել «մանկական», որովհետև ստիպված եմ վերադառնալ մանկությանս օրերին, գտնելու համար հիշատակն այն այնքա՜ն սրտաբուխ ուրախությունների, որոնք իր մեջ պարունակելու համար մարդկային հոգին չափազանց փոքր է թվում: Տարիներից ի վեր չէի ճաշակել այդպիսի երջանկություն: Զգում էի, որ այդ տեսակետով հոգիս դեռ նոր էր, ինչպես երբ առաջին անգամ լինելով հպվում են մինչ այդ մոռացված երաժշտական գործիքի լարերին:

 

331. Գիտակցում էի ստանձնածս պարտականությունները, ուստի իսկույն գործի անցա՝ ջանալով կրկնապատկել եռանդս: Հարկավոր է սակայն խոստովանել, որ սկզբում բավարար մխիթարություններ չունեցա՝ եռանդս բոցավառելու համար: Մայր Ագնեսին շնորհակալություն հայտնելու համար սրտագին ու վեհ գաղափարներով օծուն մի գեղեցիկ նամակ գրելուց հետո, իմ երիտասարդ եղբայրը կյանքի ոչ մի նշան չտվեց այլևս՝ մինչև հաջորդ տարվա Հուլիս ամիսը: Նոյեմբերին միայն ուղարկեց իր այցեքարտը, տեղեկացնելու համար, որ զորագրվում էր բանակ: Աստված Ձեզ էր վերապահել, Մայր իմ, սկսված գործն իր ավարտին հասցնելու պաշտոնը: Անկասկած, աղոթքով ու զոհողությամբ է, որ կարող ենք օգնել առաքյալներին, բայց երբեմն, երբ Հիսուսը կամենում է Իր փառքի համար միացնել երկու հոգիների, թույլատրում է նաև, որ ժամանակ առ ժամանակ գաղափարների փոխանակություն կատարվի նրանց միջև՝ Աստծո սիրո մեջ միմյանց առավել ևս բոցավառելու նպատակով: Բայց դրա համար անհրաժեշտ է հեղինակությունների բացահայտ կամքը, որովհետև կարծում եմ, որ հակառակ դեպքում նմանօրինակ նամակագրությունը ավելի չարիք կգործի, քան բարիք ... , եթե ո՛չ առաքյալին, ապա առնվազն՝ կարմեղականին, որի կյանքի կերպը շարունակ հորդորում է իրեն զբաղվել ի՛ր իսկ վարքի բարելավմամբ: Հետևանքում, Տիրոջ հետ ավելի սերտորեն միանալուն նպաստելու փոխարեն, այդ նամակագրությունը, նույնիսկ հեռավոր, որ նա կցանկանար ունենալ, կզբաղեցնի իր վանական հոգին. լեռներ ու հրաշալիքներ երևակայելով, սուրբ եռանդի պատրվակով՝ անօգուտ ցրվածություն կհայթայթի իր համար: Ինչ վերաբերվում է ինձ, ինչպես այս, այնպես էլ մյուս բոլոր գործերիս մեջ, սա զգում եմ որպես անհրաժեշտ պայման. որպեսզի նամակներս բարիք գործեն, պետք է գրվեն հանուն հնազանդության, և ես նույնպես, գրելիս ավելի տհաճություն պետք է զգամ, քան սփոփանք: Այս նույն վարվելակերպի համաձայն առաջնորդվելով, երբ խոսում եմ նորընծայուհիներից որևէ մեկի հետ, աշխատում եմ անել դա սանձելով իմ անձը. խուսափում եմ նրան այնպիսի հարցեր ուղղելուց, որոնք պարզապես կծառայեին իմ հետաքրքրասիրության բավարարմանը: Եթե զրուցակիցս սկսում  է խոսել մի նյութի մասին, որն ախորժելի է ինձ, ապա անցնում է մի ա՛յլ նյութի, որն ինձ ձանձրացնում է, առանց ավարտին հասցնելու առաջինը, մեծ ուշադրությամբ հսկում եմ լեզվիս վրա, որպեսզի չհիշեցնեմ նրան կիսատ մնացած խոսակցությունը, որովհետև կարծում եմ, որ ոչ մի բարիք չենք կարող իրականացնել, երբ փնտրում ենք մեր իսկ սեփական անձը:

 

332. Մայր իմ, տեսնում եմ, որ երբեք չեմ կարողանալու ուղղվել. ահա՛ ևս մեկ անգամ շեղվեցի հուշերիս շարադրումից և կրկին սկսեցի ճառախոսել: Ներեցեք ինձ, աղաչում եմ Ձեզ, և թույլատրեցեք վերսկսել շուտով, որովհետև ա՛յլ կերպ չեմ կարող: Դուք վարվում եք իմ հետ ինչպես Տերը, որ չի ձանձրանում ինձ ունկնդրելուց, երբ Իրեն ամենայն պարզությամբ պատմում եմ բոլոր նեղություններս ու ուրախություններս, կարծես թե Ինքն արդեն չգիտի դրանք: Դուք նույնպես, Մայր իմ, վաղուց արդեն չեք անգիտանում մտքերս և կյանքիս քիչ թե շատ հիշարժան իրադարձությունները. չեմ կարող, հետևաբար, նորություններ հաղորդել Ձեզ: Չեմ կարողանում զսպել ժպիտս, երբ մտածում եմ, որ մանրակրկիտ պատմում եմ շատ բաներ, որոնց տեղյակ եք նույնքան լավ, որքան ես ինքս: Վերջիվերջո, Մայր իմ, ես պարզապես հնազանդվում եմ, և եթե այժմ հետաքրքրություն չեք գտնում այս էջերի ընթերցման մեջ, սրանք թերևս կսփոփեն Ձեզ Ձեր երկրային կյանքի մայրամուտին, և կծառայեն Ձեր կրակը բորբոքելուն. այդպիսով կորցրած չեմ լինի ժամանակս ... : Բայց զվարճանում եմ մանկան նման խոսելով. մի՛ կարծեք, Մայր իմ, թե իմ առջև հարց եմ դնում, թե ի՛նչ օգուտ կարող է ունենալ իմ այս խեղճ աշխատանքը: Քանի որ այն կատարում եմ հանուն հնազանդության, բավական է ինձ ինքնըստինքյան, և ոչ մի ցավ չեմ զգա, եթե այն դեռ չընթերցած՝ այրեք այն աչքիս առաջ:

 

333. Ժամանակն է, որ վերսկսեմ հոգևոր եղբայրներիս պատմությունը, որոնք այժմ մեծ տեղ են գրավում իմ կյանքում: Անցյալ տարվա Մայիսի վերջերին էր[2], հիշում եմ, որ մի օր Ձեր աշխատասենյակ կանչեցիք ինձ ճաշից առաջ: Սիրտս ուժգին բաբախում էր, երբ ներս մտա. հարցնում էի ինքս ինձ, թե արդյոք ի՛նչ կարող էր պատահած լինել, որովհետև առաջին անգամն էր, որ կանչում էիք ինձ այդպես: Նստել պատվիրելուց հետո, ահա՛ թե ինչ առաջարկեցիք. «Կուզենայի՞ր հոգևոր հարցերում օգնել մի առաքյալի, որ պատրաստվում է ձեռնադրվել և շուտով առաքելության մեկնել»[3]: Իսկ հետո, Մայր իմ, կարդացիք այդ երիտասարդ վարդապետի նամակը, որպեսզի ես ճշգրիտ իմանայի այն, ինչ նա խնդրում էր: Առաջին զգացումս ուրախությունը եղավ, բայց որին իսկույն հաջորդեց երկյուղը: Փորձեցի բացատրել Ձեզ, որ բոլոր արժանիքներս արդեն իսկ նվիրած լինելով մի ուրիշ ապագա առաքյալի համար, չէի կարող նույնը կրկնել ուրիշի դիտավորությամբ, և հետո՝ կային ինձնից շա՜տ ավելի սրբակյաց միանձնուհիներ, որոնք կարող էին ընդառաջել իր փափագին: Բոլոր առարկություններս, սակայն, ապարդյուն անցան. պատասխանեցիք, որ կարող էի բազմաթիվ եղբայրներ ունենալ: Այնժամ հարցրեցի Ձեզ, թե հնազանդությունն արդյոք չէ՞ր կարող կրկնապատկել իմ արժանիքները: Դրական պատասխանեցիք ու զանազան փաստեր տվեցիք, որոնք ակնհայտ դարձրեցին, որ առանց խղճահարության պետք է նաև այդ առաքյալի հոգևոր քույրը լինեի: Հոգուս խորքում, Մայր իմ, համակարծիք էի Ձեր հետ, քանի որ «կարմեղականի եռանդը պետք է ընդգրկի ամբողջ աշխարհը»[4]. հուսով եմ, որ մարդասերն Աստծո շնորհով օգտակար կլինեմ երկուսից էլ ավելի առաքյալների, և չէի մոռանա աղոթել բոլորի համար, առանց անտեսելու նաև պարզ քահանաներին, որոնց առաքելությունը երբեմն նույնքան դժվարին է, որքան անհավատներին քարոզող առաքյալներինը: Մի խոսքով, կամենում եմ Եկեղեցու դուստրը լինել, ինչպիսին էր մեր Մայր Սրբուհի Թերեզան[5], և աղոթել Սրբազան Քահանայապետի դիտավորությունների համար, որովհետև գիտեմ, որ իր դիտավորությունները պարփակում են ողջ տիեզերքը: Ահա՛ կյանքիս ընդհանուր նպատակը, որը, սակայն, չէր արգելի ինձ յուրահատուկ կերպով աղոթել և միանալ փոքրիկ թանկագին հրեշտակների[6] գործերին, եթե քահանա դարձած լինեին:

Լա՛վ ուրեմն, ահա՛ թե ինչպես եմ հոգևոր միությամբ կապված այն առաքյալներին, որոնց Հիսուսը տվեց ինձ որպես եղբայր. այն ամենը, որ պատկանում է ինձ, պատկանում է նրանցից յուրաքանչյուրին. զգում եմ, որ մարդասերն Աստված այնքա՜ն բարի է, որ մասերի չի բաժանում ժառանգությունը: Նա այնքա՜ն հարուստ է, որ տալիս է – առանց չափի զգացման – այն ամենը, ինչ Իրենից խնդրում եմ ... : Բայց մի՛ կարծեք, Մայր իմ, թե խելացնոր մոլեգնությամբ՝ անվերջանալի թվարկումների մեջ կորցնում եմ ինքս ինձ:

 

[1] Խոսքը վերաբերվում է Մորիս Բարթելըմե Բելիերին, որն այնժամ Բեյեոյի թեմի նորընծաներից մեկն էր և առաքելության մեծ ծարավ ուներ: 1897ի Սեպտեմբերի 29ին, Թերեզայի մահվան նախորդ օրը, ոտք դրեց Ալժիր, ուր պատրաստվում էր ընդունվել Սպիտակ Հայրերի Միաբանություն: Աֆրիկայում առաքելության մի քանի տարիներից հետո, ծանր հիվանդանալով՝ վերադարձավ Ֆրանսիա և մահացավ 1907ի Հուլիսի 14ին, երեսուներեք տարեկան հասակում: Թերեզայի նրան ուղղած նամակներից մի քանիսը տե՛ս՝ Հավելված Գ.:

[2] 1896ի Մայիսի 30ին, շաբաթ:

[3] Հայր Ադոլֆ Ժան-Լուի Ռուլանը Փարիզի Արտաքին Առաքելությունների Ընկերության նորընծաներից մեկն էր: Քահանա օծվելով 1896ի Հունիսի 28ին, դեպի Չինաստան մեկնեց հաջորդ տարվա Օգոստոսի 2ին: 1909ին վերադարձավ Ֆրանսիա, ուր վարեց զանազան պաշտոններ: Մահացավ 1934ի Հունիսի 12ին:

[4] Այս խոսքերը մեջբերված են Կարմեղոսում շատ սիրված մի գրքից. Le Banquet sacré ou l'Idée d'une parfaite carmélite. Retraite annuelle de dix jours, composée par la Rde Mère Jeanne Marguerite de la Miséricorde, carmélite (Albi, S. Rodière, 1844).

[5] Տե՛ս՝ Ձեռագիր Ա., 2րդ գլուխ, հատ. 60ի համապատասխան ծանոթագրությունը:

[6] Թերեզան ի նկատի ունի իր վաղամեռ երկու եղբայրներին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։