3-10 Հուլիս 1897թ. – Գրադարան – Mashtoz.org

3-10 Հուլիս 1897թ.

3 ՀՈՒԼԻՍ
 
Իրեն էի վստահում տխուր մտքերս ու վհատությունս՝ մի թերացումից հետո, որի համար մեղադրում էի ինձ:
 
Ինչ վերաբերվում է ինձ, աշխատում եմ երբեք չվհատվել: Երբ թերանում եմ և դա ինձ տրտմեցնում է, գիտակցում եմ, որ այդ տրտմությունը հետևանքն է իմ անհավատարմության: Բայց կարծում եք, թե բավարարվում եմ այդքանո՞վ: Ա՜հ ո՛չ: Շտապում եմ ասել մարդասեր Աստծուն. «Աստված իմ, գիտեմ, որ ես ինքս եմ վաստակել այս տրտմությունը: Բայց թույլ տուր, որ այն հավասարապես Քեզ նվիրեմ, ինչպես այն փորձերը, որ առաքում ես սիրուցդ դրդված: Ցավում եմ թերությանս համար, բայց նաև գոհ եմ, որ այս տրտմությունն ունեմ Քեզ նվիրելու համար»:
 
Վշտեր էր ունեցել և մտքերը ցրելու համար ասաց ինձ հոգնած, բայց խաղաղ դեմքով.
 
Հոգևոր սննդի կարիք ունեմ: Խնդրում եմ, իմ համար մի հատված կարդացեք Սրբերի կյանքից:
 
«Կարդա՞մ Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզացու կյանքից: Շատ հաճելի է. խոսում է ծաղիկների, թռչնակների մասին»: Պատասխանեց ծանր, լացակումած ձայնով.
 
Ո՛չ, ո՛չ դրա համար ... , այլ՝ խոնարհության օրինակներ տեսնելու համար:
 
4 ՀՈՒԼԻՍ
 
Մեր Տերը, Խաչի վրա, մահացավ անձկության մեջ, և սակայն՝ ահա՛ սիրո համար հանձն առնված ամենագեղեցիկ մահը: Անկեղծորեն խոստովանում եմ, որ ինձ թվում է, թե ճիշտ այն է, ինչը որ ես էլ հիմա զգում եմ:
 
5 ՀՈՒԼԻՍ
 
Խոսում էի իր հետ անկատարություններիս մասին: Ասաց.
 
Ինձ նույնպես երբեմն պատահում է զգալ տկարություններ, բայց երբեք չեմ զարմանում: Եվ միշտ չէ, որ ինձ երկրային ոչնչություններից վեր եմ դնում այնքան պատրաստակամությամբ, որքան կամենում եմ: Օրինակ, երբեմն փորձությունն եմ ունենում ասածս կամ արածս հիմարության պատճառով մտատանջվելու ... : Այդպիսի պահերին ինքս ինձ բռունցքներիս մեջ եմ հավաքում ու ասում. «Ավա՜ղ, դեռ մեկնակետում եմ, ինչպես առաջ»: Բայց դա ասում եմ մեծ հանդարտությամբ, առանց տրտմության: Այնքա՜ն քաղցր է սեփական տկարության ու փոքրկության զգացումը:
 
Մի՛ տխրեք ինձ այսքա՜ն հիվանդ տեսնելով, Մայր իմ փոքրիկ, որովհետև տեսնում եք, թե մարդասերն Աստված ինչպիսի՜ երանությամբ է ողողում ինձ: Միշտ զվարթ եմ ու գոհ:
 
6 ՀՈՒԼԻՍ
 
Բազմաթիվ  փոքրիկ զոհողություններ եմ կատարում:
 
«Զգացվում է, որ այսօր բավական գոհ ես արյուն թքելուցդ հետո, և որովհետև մոտ ես տեսնում քեզ Աստվածային Գողին»։
 
Ա՜հ, նույնիսկ եթե չտեսնեի Նրան. այնքա՜ն եմ Իրեն սիրում, որ գոհ եմ Իր բոլոր արածների համար: Իր հանդեպ տածած սերս մի կաթիլ անգամ չի նվազի, եթե չգա ինձ հափշտակելու: Ընդհակառակը ... : Երբ ինձ թվում է, թե խաբում է ինձ, այնպիսի՜ քաղցրախոսություններ եմ շռայլում Իրեն, որ այլևս չի իմանում, թե ինչպես վարվի:
 
Իր համար Նմանության գրքից մի գեղեցիկ հատված ընթերցելուցս հետո ասաց.
 
Մեր Տերը Ձիթենյաց պարտեզում վայելում էր Ամենասուրբ Երրորդության ամբողջական երանությունը, և սակայն Իր հոգեվարքը պակաս դժնդակ չեղավ: Անըմբռնելի խորհուրդ է սա, բայց վստահեցնում եմ Ձեզ, որ որոշ բաներ իմ համար սկսում են այլևս հստակվել, շնորհիվ փորձառության, որ կրում եմ:
 
Կանթեղ էի վառում Ամենասուրբ Կույսի պատկերի առաջ, խնդրելով դադարեցնել Թերեզայի արյունաթքումները.
 
Դուք ուրեմն ուրախ չե՞ք, որ մեռնում եմ: Ա՜հ, երջանկությանս հարատևություն հաղորդելու համար անհրաժեշտ է, որ շարունակվեն արյունաթքումներս: Բայց այսօր վերջացավ:
 
Ա՜հ, ե՞րբ է գալու Վերջին Դատաստանի օրը: Որքա՜ն եմ ուզում, որ հասած լիներ այդ պահը: Եվ ի՜նչ է լինելու դրանից հետո:
 
7 ՀՈՒԼԻՍ
 
Նորից արյունաթքում:
 
Շուտով կգնամ մարդասեր Աստծուն տեսնելու:
 
«Մահից վախենո՞ւմ ես, երբ այն տեսնում ես մոտիկից»։
 
Վա՞խ ... , միշտ ավելի քիչ:
 
«Վախենո՞ւմ ես Գողից: Այս անգամ արդեն շեմին է»:
 
Ո՛չ, շեմին չէ, ներս է մտել: Բայց ի՞նչ եք ասում, Մայր իմ թանկագին: Վախենո՞ւմ եմ արդյոք Գողից: Ինչպե՞ս կարող եմ վախենալ մեկից, ում այսքա՜ն սիրում եմ: Այս խոսքը՝ «Աստված նույնիսկ եթե սպանի ինձ, ես շարունակելու եմ Իրեն հուսալ»[1], հմայել է ինձ մանկությունիցս ի վեր: Բայց բավական ժամանակ անցավ, մինչև կարողացա հաստատվել Աստծո ձեռքերի մեջ ինքնահանձնման այդ աստիճանի մեջ: Այժմ հասել եմ: Ողորմածն Աստված վերցրեց ինձ Իր բազուկների մեջ և հաստատեց ինձ այդ աստիճանում:
 
Խնդրեցի իրեն մի քանի հոգեշահ խոսք ասել բժիշկ Դը Քոռնիերին:
 
Ա՜հ, Մայր իմ, դա չէ իմ վարվելակերպը: Թող բժիշկ Դը Քոռնիերը մտածի ի՛նչ ուզում է: Ես միայն պարզությունն եմ սիրում: Սարսափում եմ այս վերջինին հակընթաց զգացումներից: Վստահեցնում եմ Ձեզ, որ ըստ Ձեր առաջարկի վարվելը խղճիս հակառակ արարք է իմ համար:
 
Հիշեցնում էի իրեն իր անցյալի տարիները:
 
Տասնչորս տարեկանից սկսած՝ ես նույնպես ունեցել եմ սիրո բազում մղումներ: Որքա՜ն էի սիրում Աստծուն:
 
8 ՀՈՒԼԻՍ
 
Այնքա՜ն վատառողջ էր, որ ուզում էինք հոգալ Հիվանդաց Օծումը։ Երեկոյան նրան հիվանդների բաժին փոխադրեցինք։ Ժպիտը փայլում էր դեմքին։
 
Մի բանից եմ միայն վախենում․ որ այս բոլորը փոխվի։
 
Դիտելով իր ցամաքած ձեռքերը․
 
Արդեն կմախք են դառնում։ Այո՛, այսպես ավելի հաճելի է ինձ։
Ա՜հ, անշուշտ թե ուրախությունից ու սիրուց կարտասվեմ, երբ տեսնեմ Տիրոջը։ Բայց ո՛չ, Երկնքում չպետք է արտասվեմ։ Բայց այո՛, կարտասվեմ, քանի որ Նա ասաց․ «Սրբելու եմ արցունքները նրանց աչքերից»։
 
Աշխատում էր գտնել զգայարաններով գործած ինչ որ մի մեղք՝ Հիվանդաց Օծումից առաջ խոստովանելու համար։ Հասավ հոտոտելիքին։ Խղճի ծայրաստիճան փափկությամբ և կարծիքս իմանալու համար՝ ասաց․
 
Հիշում եմ, որ շատ բնական հաճույքով գործածեցի մի սրվակ օծանելիք, որ նվեր էի ստացել ճամփորդության ժամանակ։
 
Ասաց լուրջ, բայց քաղցրիկ ձայներանգով, մի շրջանակում, ուր իրեն չէին հասկանում․
 
Սուրբ Կույսը շատ ճիշտ վարվեց՝ ամեն ինչ իր սրտի խորքում թաքցնելով։ Չեն կարող հանդիմանել ինձ, եթե հետևեմ իր օրինակին։
 
Կարելի է ասել, թե Հրեշտակներն իրար մեջ դաշինք են կնքել՝ թաքցնելու ինձնից այն լույսը, որն իմ համար պարզորոշ էր դարձնում մոտակա վախճանս։
 
Հարցրեցի․ «Թաքցրել են նաև Սուրբ Կույսի՞ն»։
 
Ո՛չ, Սուրբ Կույսը երբեք թաքնված չի լինի իմ համար, որովհետև շա՜տ եմ սիրում նրան։
 
Այնքա՜ն եմ փափագում ընդունել Հիվանդաց Օծումը։ Այդպես ավելի լավ կկարողանան ծաղրել ինձ[2]:
 
Շնորհակալություն էի հայտնում իրեն՝ իր քաղցր ու հոգեսփոփ խոսքերով մեզ մխիթարելու համար։ Պատասխանեց․
 
Քույրեր իմ, ձեզ եմ նվիրում փոքրիկ պտուղներն իմ ուրախության, այնպես՝ ինչպես Աստված տալիս է ինձ։
 
Երկնքում բազում շնորհներ կստանամ բոլոր նրանց համար, ովքեր բարեգործեցին ինձ։ Ձեր համար, Մայր իմ, հարկ եղածից շա՜տ ու շա՜տ ավելի, այնքա՜ն շատ, որ կարողանաք առավելագույն հրճվանք ապրել։
 
Եթե իմանայիք, թե Աստծո առաջ որքա՜ն մեղմ է ընթանալու իմ դատը։ Բայց եթե նույնիսկ մի քիչ հանդիմանվեմ Տիրոջից, հավասարապես քաղցր կգտնեմ նաև այդ խոսքերը։ Եթե գնամ քավարան, նորից գոհ կլինեմ․ կվարվեմ ինչպես Հին Կտակարանում հիշատակվող երեք մանուկները․ կզբոսնեմ կրակների մեջ՝ սիրո տաղեր երգելով։ Ա՜հ, որքա՜ն երջանիկ կլինեի, եթե այդ միջոցով կարողանայի ազատել հոգիներին՝ տառապելով նրանց փոխարեն, որովհետև այդպիսով կբարեգործեի․ կազատեի քավարանում բանտարկված հոգիներին։
 
Ուշադրությունս հրավիրեց այն փաստի վրա, որ ավելի ուշ, բազմաթիվ երիտասարդ վարդապետներ իմանալով, որ ինքը հոգևոր քույրն է եղել երկու առաքյալների, կարող էին միևնույն նամակագրական կապի շնորհը խնդրել։ Զգուշացրեց, որ տվյալ պարագան կարող էր վտանգավոր լինել որոշ հոգիների համար։
 
Բոլորն էլ կարող են գրել այն, ինչ ես եմ գրել, և ստանալ միևնույն ծափահարություններն ու վստահությունը։ Բայց միայն աղոթքով ու զոհողությամբ է, որ կարող ենք օգտակար լինել Եկեղեցուն։ Նամակագրությունը շա՜տ հազվադեպ պետք է լինի, և այն չպետք է թույլատրել որոշ միանձնուհիների, որոնց համար դա կդառնար մտահոգության առիթ, և կկարծեին, թե հրաշքներ են գործում։ Իրականում, մինչդեռ, կընկնեին սատանայի խորամանկ որոգայթների մեջ։ Մայր իմ, ասածս շատ կարևոր է, ավելի ուշ՝ չմոռանաք այն։
 
Կարմեղոսում չպետք է կեղծ փողեր դիզենք՝ հոգիներին գնելու համար։ Եվ հաճախ, գեղեցիկ խոսքերը, որ գրում են, և գեղեցիկ խոսքերը, որ ստանում են, կեղծ փողի փոխանակություններ են։
 
Սիրելի՜ քույրս ... , իմ կարիքը կունենա ապագայում։ Բայց մի՛ մտահոգվեք, կվերադառնամ։
 
9 ՀՈՒԼԻՍ
 
Խոստովանահայրը, որ եկել էր տեսնելու, թե արդյո՞ք հարմար ժամանակն է Հիվանդաց Օծման խորհուրդը մատակարարելու համար, ասաց իրեն․ «Ուզում ես շուտով Երկինք մեկնել, բայց դափնեպսակդ դեռ պատրաստ չէ։ Այն նոր նոր սկսել ես հյուսել»։
 
Ա՜հ, Հայր իմ, արդար եք դատում։ Ո՛չ, դեռ չեմ հյուսել դափնեպսակս, բայց մարդասերն Աստված Ինքն է, որ հյուսել է այն։
 
10 ՀՈՒԼԻՍ
 
Հարցնում էինք. «Սրբերից ոմանք անգամ վախենում էին, թե կարող էին դժոխքի դատապարտվել: Դու ինչպե՞ս չունես այդ երկյուղը»: Պատասխանեց նուրբ ժպիտով.
 
Մանուկները չեն դատապարտվում, մանուկները ... :
 
Թեև շատ էր տառապում, չգիտես ինչու ենթադրեց, որ թերևս լրջորեն հիվանդ չէր, և որ բժիշկը սխալվում էր:
 
Եթե հոգիս ամբողջովին թողլքած չլինեի Աստծո կամքին, եթե տարվեի խնդության կամ թախիծի զգացումներով, որոնք այս երկրի վրա արագորեն հաջորդում են իրար, սա վշտի վիթխարի ալիք կլիներ իմ համար: Բայց զգացումների այս բազմազանությունը մակերեսային կերպով է միայն հպվում հոգուս: Սրանով հանդերձ, սակայն, չի դադարում մեծ փորձ լինելուց:
 
Իր ներկայությամբ խոսում էինք այն պրկումների մասին, որ մահվան պահին երևում են մահացողի դեմքին:
 
Եթե դա ինձ էլ պատահի, չտխրեք, որովհետև մահիցս անմիջապես հետո ես միայն ու միայն ժպտալու եմ:
 

[1] Հոբ 13, 15

[2] Սրբուհին ի նկատի ունի այն հանգամանքը, որ որոշ միաբանակից քույրեր լրջությամբ չէին մոտենում իր հիվանդությանը և իրեն մահամերձ չէին համարում։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։