ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ – Գրադարան – Mashtoz.org

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1897 թվականի Սեպտեմբերին, ֆրանսիական գյուղաքաղաքներից մեկի կարմեղական վանքում, ընդմեջ մահավտանգ հիվանդության տառապանքների, դեռ շարունակում էր ժպտալ մի քսանչորսամյա երիտասարդ միանձնուհի, որի վերջին պահը չէր ներկայանում այլևս հեռավոր։ Այս մոտալուտ դեպքի մասին մտածելով և խորհելով դամբանական ճառի շուրջ, – որի ընթերցումը բոկոտն կարմեղականների համար կարելի է ասել անձեռնմխելի և անփոփոխ ավանդություն է, – այդ երիտասարդ միանձնուհու միաբանակից քույրերից մեկը ամենայն (նույնիսկ չափազանց) անկեղծությամբ ասաց հետևյալ խոսքերը, որոնք լսելի եղան նաև հիվանդի համար. «Իրոք հարցնում եմ ինքս ինձ, թե մեր Մեծավոր Մայրն արդյոք ի՞նչ կարող է գրել Քույր Թերեզայի մասին։ Ի՞նչ եք կամենում, որ գրվի մի միանձնուհու մասին, որ միայն գորով ու քնքշանք է ստացել բոլորից, և որ չի շահել առաքինությունը ինչպես մենք, ի գին ծանր պայքարների ու տառապանքի։ Այո՛, հաճելի ու առաքինի անձնավորություն է, հեզ ու քաղցրիկ։ Բայց սա բնական է իր համար, պարզապես իր բնավորությունն է, ուրիշ ոչի՛նչ»։

Բարեբախտաբար, Թերեզան այլևս վարժ էր ապրելու միայն Աստծո հայացքի ներքո՝ հաշվի չառնելով Աստծո տեսակետներից ու կարծիքներից բացի ուրիշ ոչինչ։ Իսկ դամբանաճառը, առավե՛լ ևս, նրան այնքան էլ չէր հետաքրքրում։ «Ինչպիսի՜ մեծ խաբկանք է Սրբերի մասին մտածելն ըստ մարդկային դատողության», – դուրս փախավ մեր Սրբուհու բերանից մի օր, մինչ զրուցում էր քույր Ժընըվիևի հետ։ - «Քանի՜ կարմեղականներ դատապարտվել են ժառանգելու անհանճար դամբանաճառեր, արդյունքում չարժանանալով որևէ մեծարանքի, մինչ սովորական առաքինություններով միայն զարդարված ուրիշներ թվացել են զմայլելի, որովհետև իրենց մեծավորուհին կիրթ էր գեղագրական արվեստում։ Հիրավի, չեմ կարող բաղձալ բարակ թելից միայն կախված նմանօրինակ փառքի ... »։

Հիսուս Մանկան Քույր Թերեզայի փառքն, իրոք, կապված էր լինելու ինչ-որ մի առավել որակյալ իրողության, քան քիչ թե շատ ձևական դամբանաճառերը: Բայց այս վերջինները նույնպես, եթե կատարվում էին հավատարմությամբ, տհաճ չէին Սրբուհուն, որովհետև, իր իսկ խոսքերի համաձայն, «այնքա՜ն քաղցր է ինչ-որ մի բան իմանալը նրանց մասին, որոնց հետ հավետ ապրելու ենք Աստծո Արքայությունում»:

Թերեզայի մահից մի քանի օր հետո, իսկույն, ծայրագույն գաղտնապահությամբ, առանց վանական հասարակության տեղյակ լինելուն, Մայր Ագնես Հիսուսին և Մայր Մարիամ Գոնձական (վանքի նախկին և ներկա մեծավորուհիները) միմյանց միջև համաձայնվում էին հրատարակելու ո՛չ միայն պարզունակ մի ճառ, այլ՝ մի ամբողջական հատոր, որ սահմանված էր դեպի հավիտենություն անցած երիտասարդ միանձնուհու կերպարը ամենալայն հասարակությանը ծանոթացնելուն: Հիսուս Մանկան Քույր Թերեզան իր կյանքի վերջին երկու տարիների ընթացքում, հանուն հնազանդության շարադրել էր երկու ինքնակենսագրական գրություններ, որոնցից առաջինը Մայր Ագնես Հիսուսի, իսկ երկրորդը՝ Մայր Մարիամ Գոնձակայի հրամանով. ձեռագրերը հասցեագրված էին նույն անձանց: Այս երկու ինքնակենսագրականներից բացի, Թերեզան, զիջելով իր ավագ քույր Մարիայի համառ խնդրանքներին, այս վերջինին ուղղել էր մի երկար նամակ, որն իրենից ներկայացնում էր իրական ու գրեթե ամբողջական բացահայտումը Սրբուհու ներքին հոգևոր ապրումների, իղձերի ու գաղափարների. այս նամակը գալիս էր ամբողջացնելու նախորդ գրությունները: Վանքի Մեծավորուհին՝ Մայր Մարիամ Գոնձական, սակայն, կամեցավ, որ երեք տարբեր գրությունները վերատեսնվեին, – մասնակիորեն – , սրբագրվեին ու շաղախվեին մեկ միասնական գրության մեջ, ուղղված միայն իրեն:

Վերանայման, մաքրագրման ու միավորման նրբին աշխատանքը կատարեց նույն ինքն Մայր Ագնես Հիսուսին, որի պատրաստած ավելի քան 500 էջ հաշվող հատորը առաջին անգամ լույս տեսավ 1898ի Սեպտ. 30ին, Թերեզայի մահվան առաջին տարելիցին, հետևյալ տիտղոսով. «Seour Thérèse de l'Enfant Jésus et de la Sainte Face, Réligieuse Carmélite (1873-­1897). Histoire d'une ame, écrite par elle­même. Lettres. Poésies» (Bar­ le ­Duc, Impr. de l'Oeuvre de Saint­ Paul): Գրությանը կցվել էին նաև Սելինին ուղղված տասնութ նամակներ, Սրբուհու կողմից շարադրված մի քանի աղոթքներ և հիսուներկու բանաստեղծություն: Տպագրվել էր 2.000 օրինակ: Երբ հատորները տպարանից հասան վանք, ապշած միանձնուհիներից մեկը բացականչեց. «Ի՞նչ ենք անելու այս գրքերը: Սրանք դատապարտված են շտեմարանում մնալու»:

Բայց մարդկային դատողությունները միշտ չէ, որ ճիշտ նպատակակետին են խփում: «Հազիվ թե Քույր Թերեզայի կենսագրությունը ընթերցվեց մի քանի անձանց կողմից, եղավ ինչպես կայծը, որն իր ճանապարհին ամենուր հրդեհ է առաջացնում: Եթե նույնիսկ կամենայինք, չէինք կարողանա խոչընդոտել այդ հրդեհի առաջխաղացմանը», – վկայում էր հետագայում Սելինը Սրբադասման Դատավարական Ընթացքին: Սակավաթիվ ամիսներ հետո, հատորից չէր մնացել և ո՛չ իսկ մեկ օրինակ: Անհրաժեշտությունը զգացվեց մտածելու մի երկրորդ, ապա երրորդ և այսպիսով մի անվերջանալի շարք հրատարակությունների մասին, որոնք հաջորդաբար տեղի ունեցան 1899, 1900, 1901, 1902, 1903, 1906, 1907 ... թվականներին, մինչ արդեն սկսվում էին կատարվել այլալեզու թարգմանությունները, խանդավառված՝ բնագիր ֆրանսերենի ո՛չ այնքան նվազ հաջողությունից: Շնորհիվ իր «Մի Կյանքի Պատմության», Հիսուս Մանկան Քույր Թերեզան նվաճում էր աշխարհն ամբողջ, ներկայանալով Աստծո ճանապարհներն ուսուցանող հսկա անձնավորությունների առաջին շարքերում: Որպես մեկ միասնական հատոր ներկայացող այդ գրքի հայերեն առաջին թարգմանությունը Սուրբ Ղազարի Մխիթարյան Տպարանից լույս է տեսել 1930 թվականին, Հ. Սամուել վրդ. Արամյանի աշխատասիրությամբ և արտոնությամբ Սրբուհի Թերեզայի հարազատ քրոջ՝ Սելինի, որի հարգալից ու ջերմեռանդ նամակը՝ ուղղված Հ. Սամուել վարդապետին, մինչև օրս պահվում է Սուրբ Ղազարի դիվանում:

Ինչպես արդեն նշեցինք, Մայր Մարիամ Գոնձակայի պահանջով (սկզբնական դժվարություններն ու պատասխանատվությունները իր վրա վերցնելու գովելի դիտավորությամբ թերևս) երեք գրությունները միացվել էին և կազմել մեկ միասնություն: Ոչ ոք սկզբում չկարողացավ երևակայել, որ խոսքը վերաբերվում էր երեք տարբեր բնույթ կրող գրությունների մասին, ուղղված՝ զանազան հասցեատերերի: Այսօրինակ համբերատար աշխատանքը կատարվեց Մայր Ագնես Հիսուսի կողմից, որի հրամանը կատարելու ժամանակ Թերեզան չէր մտածում անգամ, որ իր մանկության ու երիտասարդության շրջանի հուշերը հրատարակվելու էին և ներկայացվելու էին լայն հասարակությանը. Սրբուհին այն համոզմանն էր, որ իր հուշերը ծառայելու էին իրենց ընտանեկան կյանքի դրվագները իր քույրերի հիշողության մեջ վառ պահելուն, որովհետև դրանք հուշեր էին աստվածապաշտության ու առաքինության: Բայց իր կյանքի վերջին օրերի ընթացքում Թերեզային տեղեկացնում են այն դերին, որ խաղալու էին իր ձեռագրերն իր մահից հետո: Մտածելով այս վերջին փաստի շուրջ, Սրբուհին մի օր ասում է Մայր Ագնես Հիսուսին. «Հարկավոր է, որ դուք վերանայեք դրանք ... : Մայր իմ, այն ամենը, որ հարմար կհամարեք ջնջելու կամ ավելացնելու, կլինեմ ես ինքս, որ կջնջեմ ու կավելացնեմ: Հիշեցեք սա և կատարեցեք ձեր գործն առանց խղճահարությունների»:

Նմանօրինակ արտոնությամբ զինված (նույնիսկ մի քիչ տառացի կերպով հասկանալով այն) և Թերեզայի «մայրը» լինելու իր բարոյական իրավունքից մղված, Մայր Ագնես Հիսուսին գործի անցավ։ Կատարված աշխատանքի մասին մի առաջին ծանոթություն ունենալու համար բավական է տեսնել 1910ի Օգ. 17ին Սրբադասման Դատարանին տված իր իսկ վկայությունը. «Կատարվել են որոշ փոփոխություններ, որոնք սակայն մեծ կարևորություն չունեն և չեն փոխում հիմնական իմաստն ու պատմության էությունը։ Այդ փոփոխություններն են. 1) Չհրատարակումը մի քանի կարճ հատվածների, որոնք վերաբերվում են Թերեզայի մանկությանը. 2) Չհրատարակումը մի քանի էջերի, որոնք վերաբերվում էին Կարմեղոսի ներքին կյանքին, և որոնք նվազ հետաքրքրական գտա մեր վանքին օտար անձանց համար. 3) Քանի որ մայր Մարիամ Գոնձական կամեցավ ներկայացնել գրությունը որպես միայն իրեն ուղղված մեկ միասնություն, հարկավոր եղավ որոշ փոփոխություններ մտցնել մյուս երկու գրությունների մեջ, միավորելու համար երեք տարբեր ձեռագրերը»։

Կատարված աշխատանքի շուրջ ավելի խոր ծանոթություն ունենալու համար, սակայն, մեջբերենք ձեռագիրը տարիներ շարունակ ուսումնասիրած Հայր Ֆրանսուա Դը Սեն Մարի վարդապետի վկայությունը, տրված մեծ անկեղծությամբ և հոգեբանական նրբությամբ. « ... Մի Կյանքի Պատմության հրատարակչուհին բավական վեհանձն է գտնվել սրբագրումների դաշտում։ Կքվելով իր ''դստեր'' ձեռագրերի վրա, նա վերագտել է իրեն այն նույն զուտ մարդկային հարաբերությունների վիճակում, որ ուներ Սրբուհու հետ անցյալում։ Մանուկներն իրենց ծնողների և ուսուցիչների աչքին չեն մեծանում երբեք։ Մայր Ագնես Հիսուսին սրբագրել է ինքնակենսագրական ձեռագրերն այնպես, ինչպես մի ժամանակ սրբագրում էր փոքրիկ Թերեզայի տնային առաջադրանքները ... ։ Մյուս կողմից, սակայն, նրա համար էականը հոգիներին հասնելն էր, նրանց բարեգործելը՝ պայքարելով եկեղեցական որոշ միջավայրերում դեռևս կենդանի մնացած ժանսենականության վերջին մնացորդների դեմ։ Նա համոզված էր, որ Թերեզան հրաշալի գործիք էր իր ձեռքում, այդ գործն ի կատար ածելու համար։ Իսկ շարադրանքը նրա համար ոչ մի կարևորություն չուներ ... ։

Իրականում, Մայր Ագնես Հիսուսին վերաշարադրել է Թերեզայի ինքնակենսագրությունը ... ։

... Սկսելով անկարևորներից մինչև կարևորագույնները, ձեռագրերի և հրատարակված հատորի միջև գոյություն ունեցող տարբերությունները հասնում են մոտ 7.000ի»։

Միայն 1947 թվականին էր, մինչ հրատարակության էր պատրաստվում Սրբուհի Թերեզայի ամբողջական Նամականին (238 նամակներ), որ լրջորեն մտածվեց Մի Կյանքի Պատմության բնագիրը մարդկությանը նվիրելու մասին։ Բայց քանի որ աշխատանքները հետաձգվում էին, Մայր Ագնես Հիսուսին, 1950ի Նոյ. 2ին գործի շարունակությունը պաշտոնապես հանձնեց Սելինին, ասելով. «Հանձնարարում եմ Ձեզ ի կատար ածել այդ հրատարակությունը հանուն իմ, բայց մահիցս հետո միայն»։

Մայր Ագնեսի մահից անմիջապես հետո (28 Հուլ. 1951) վերսկսվեցին հրատարակության նախապատրաստական աշխատանքները, որոնք իրենց ավարտին հասնելով 1956ին, Ինքնակենսագրական Ձեռագրերի հրատարակումը հնարավոր դարձրեցին 1957ին, Սրբուհու մահից և Մի Կյանքի Պատմության լույս աշխարհ գալուց վաթսուն տարի հետո։ Եվ ահա այս հարազատ կերպարանքով է, որ հայ հոգեսեր ընթերցողներին ներկայանում է այս նոր թարգմանությունը, – «Երգել Տիրոջ Ողորմությունը» նոր վերնագրով, – որի չորս հիմնական մասերին կուզենայինք ծանոթացնել առանձնակի կերպով։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։