Առաջին փորձությունները – Գրադարան – Mashtoz.org

Առաջին փորձությունները

201. Մայիս ամսվա պայծառափայլ տոներից[1] և մեր թանկագին քրոջ՝ Մարիայի վանական ուխտադրության ու քողարկման արարողությունից հետո պատշաճ էր, որ տառապանքներն այցելեին մեզ: Ճիշտ մի տարի առաջ, Մայիս ամսին, Հայրիկը ոտքերի անդամալուծության էր ենթարկվել, ծանր տխրության մեջ թողնելով բոլորիս[2], բայց սիրասուն թագավորիս ամուր կազմվածքը շուտով հաղթել էր հիվանդությանը, հետևաբար ցրելով նաև մեր բոլոր վախերը: Եվ սակայն, դեպի Հռոմ ճամփորդության ընթացքում մեկից ավելի անգամներ նկատել էինք, որ շատ հեշտորեն էր հոգնում և իր սովորական ժպիտը չուներ դեմքին: Այն, ինչը որ ուշադրությունս գրավեց յուրահատուկ կերպով, առաջադիմությունն էր, որ Հայրիկը կատարում էր սրբության ճանապարհում: Ըստ Սբ. Ֆրանցիսկոս Սալեզացու օրինակի, կարողացավ այնպե՛ս տիրապետել իր բնական աշխուժությանը, որ սկսեց աշխարհի ամենահեզ բնավորության տեր մարդը թվալ: Երկրային անցուդարձերը տկարացնում էին նրան, բայց դյուրությամբ էր պաշտպանվում ընդդեմ հակառակությունների, և վերջում Աստված նրան ողողում էր Իր մխիթարություններով: Ամենասուրբ Հաղորդությանը տված իր ամենօրյա այցելությունների ժամանակ նրա աչքերն հաճախ էին արցունքներով լցվում, իսկ երեսը երկնային երանություն էր ճառագայթում: Երբ Լեոնիան դուրս ելավ վանքից, նա չտրտմեց, հանդիմանություններ չուղղեց մարդասերն Աստծուն, իր աղոթքներն ընդունած չլինելու և իր սիրելի դստերը համապատասխան կոչում տված չլինելու համար. ընդհակառակն, որոշ ուրախությամբ գնաց նրան տուն բերելու[3]:

Ահա՛ թե ինչպիսի հավատքով Հայրիկն ընդունեց բաժանումն իր փոքրիկ թագուհուց. Ալանսոնի իր ծանոթներից մեկին հետևյալ տողերով հաղորդեց իմ մեկնումը. «Սիրելի բարեկամ, Թերեզան, փոքրիկ թագուհիս, երեկ Կարմեղոս մտավ: Միայն Աստված կարող է այդպիսի զոհողություն պահանջել ... : Բայց մի՛ ցավակցեք ինձ, որովհետև իմ սիրտը ուրախությամբ է միայն լի»։

 

202. Ժամանակն էր այլևս, որ այդքա՜ն հավատարիմ ծառան ընդուներ իր բոլոր հոգնությունների վարձը, և արդարացի էր, որ այդ վարձը Աստծուց Երկնքի Թագավորին՝ Իր Միածին Որդուն տրվածին նմանվեր: Հայրիկը ո՛չ շատ ժամանակից ի վեր մի խորան էր նվիրել Աստծուն[4]. հենց ինքը եղավ ընտրյալ զոհը, սահմանված՝ Անարատ Գառան հետ միասին այդ խորանի վրա խաչվելուն[5]: Հիշում եք, Մայր իմ սիրելի, Հունիս ամսվա մեր դառնությունները, հատկապես ամսի 24ինը, 1888 թվականին[6]. այդ հիշատակները չափազանց խորը կերպով են դրոշմված մեր սրտերում, և կարծում եմ, որ դրանք թղթին հանձնելու կարիք չկա: Ա՜հ, Մայր իմ, որքա՜ն տառապեցինք: Եվ դեռ միայն սկիզբն էր մեր վշտակրությունների: Հասել էր զգեստառությանս օրը, միանձնուհիների վանական ժողովն ինձ ընդունեց, բայց հնարավո՞ր էր արդյոք հանդիսավոր արարողության մասին մտածել: Արդեն խոսվում էր այն մասին, որ կարող էին զգեստավորել ինձ առանց դուրս գալու[7], երբ որոշվեց դեռ մի քիչ ևս սպասել[8]: Ընդդեմ բոլոր ակնկալիքների, մեր սիրելի Հայրիկը հիվանդության երկրորդ հարվածից նույնպես առողջացավ[9], և Գերապայծառ Եպիսկոպոսը որպես արարողության օր որոշեց Հունվարի 10ը:

 

[1] Արևմտյան Եկեղեցու ավանդության մեջ Մայիս ամիսը նվիրված է Տիրամորը:

[2] Պրն. Մարթինի հիվանդության առաջին նշաններն ի հայտ էին եկել 1887ի Մայիսի 1ին:

[3] Տե՛ս՝ հատ. 130: Սրբուհին այստեղ ի նկատի ունի Լեոնիայի դուրս գալը Քլարիսների վանքից:

[4] Լիզյոյի «Սուրբ Պետրոս» եկեղեցու Ավագ Խորանը:

[5] Խոցված սրտով պատկերվող Գառը խորհրդավոր (այլաբանական) կերպով ներկայացնում է Հիսուսին՝ Աստվածային Փրկչին, որն Իր Արյունը հեղեց մարդկության փրկության համար (տե՛ս՝ Հյտ 5, 1-14):

[6] 1888ի Հունիսի 23ին, շաբաթ օրը, Պրն. Մարթինը, որն արդեն բավական հիվանդագին վիճակում էր, դուրս էր եկել տնից, առանց որևէ մեկին տեղյակ պահելու: Վերագտնվեց չորս օր հետո միայն, Հունիսի 27ին, Լը Հավռում:

[7] Վանական զգեստավորման օրը նորընծայուհին դուրս էր գալիս փակարանից և ընտանիքի հետ միասին՝ աղոթքներին մասնակցում էր դրսից, հարսնացուի սպիտակաճեմ հանդերձանքով:

[8] Նորընծայության սովորական տևողությունը Կարմեղոսում 6 ամիս էր. Թերեզան, հետևաբար, պետք է զգեստավորվեր 1888ի Հոկտեմբերին:

[9] Այս հերթական ճգնաժամը տեղի էր ունեցել 1888ի Նոյեմբերի 3ին, շաբաթ օրը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։