Խոչընդոտներ Գերեն մորեղբոր և վանքի խոստովանահոր կողմից – Գրադարան – Mashtoz.org

Խոչընդոտներ Գերեն մորեղբոր և վանքի խոստովանահոր կողմից

144. Հայրիկի համաձայնությունը ստանալուց հետո կարծում էի, թե այլևս անվախ կարող էի դեպի Կարմեղոս սավառնել: Բայց դեռ բազում տառապանքների ու մաքառումների բովով էր անցնելու կոչումս:

Ընդունված որոշումը երկյուղով հայտնեցի մորեղբորս[1]: Հետս խոսեց ամենայն քնքշությամբ, բայց մեկնելու համաձայնություն չտվեց, ընդհակառակն՝ արգելեց կոչման շուրջ խոսել տասնյոթ տարեկանս լրացնելուց առաջ: Ըստ իր, մարդկային խոհեմությանը հակառակ բան էր թույլատրելը, որ տասնհինգամյա մի աղջնակ Կարմեղոս մտնի. կարմեղական կյանքը մարդկանց աչքին իմաստասերներին հատուկ թվալով, Քրիստոնեության դեմ մեծ հանցանք կլիներ անփորձ մանկան այնտեղ գտնվելը: Եվ հետո, ի՞նչ կասեին մարդիկ, և այլն, և այլն: Իսկ վերջում նաև ավելացրեց, որ իրեն հակառակը համոզելու համար հրաշք էր հարկավոր: Տեսա, որ բոլոր պատճառաբանումներն անօգուտ էին, չշարունակեցի խոսել և սիրտս ամենախորը դառնության մեջ ընկղմված՝ մի կողմ քաշվեցի: Միակ մխիթարությունս աղոթքն էր: Հիսուսին խնդրում էի տալ պահանջված հրաշքը, քանի որ միայն այդ գնով կկարողանայի պատասխանել Իր կանչին:

Բավական երկար ժամանակ անցավ[2], մինչև որ համարձակվեցի կրկին խոսել մորեղբորս հետ. իմ համար շատ դժվար էր իր մոտ գնալը, իսկ իր կողմից թվում էր, թե մոռացել էր կոչմանս շուրջ խոսակցությունը: Բայց ավելի ուշ իմացա, որ ցավագին տրտմությունս մեծ ազդեցություն էր գործել ի նպաստ իմ: Հոգուս երկնակամարի վրա հույսի նշույլներ սփռելուց առաջ, հաճելի եղավ Տիրոջը մի տառապալի մարտիրոսություն ուղարկել ինձ, որ տևեց երեք օր[3]: Ա՜հ, երբեք այդքան լավ չէի հասկացել՝ ինչպես այդ փորձի շրջանում, Ամենասուրբ Կույսի և Սուրբ Հովսեփի վիշտը, երբ փնտրում էին կորած Հիսուս Մանկանը: Մահասարսուռ տխուր անապատում էի զգում ինձ, կամ ավելի ճիշտ՝ հոգիս նմանվում էր այն դյուրաբեկ նավակին, որ մրրկահույզ ալիքների կամքին էր հանձնված առանց ղեկակալի: Գիտեմ, Հիսուսը ներկա էր, ննջում էր նավակիս մեջ[4], բայց գիշերն այնքա՜ն մութ էր, որ չէի կարողանում տեսնել Նրան. ոչինչ ինձ չէր լուսավորում և կայծակներն անգամ չէին ճեղքում խավար ամպերը: Այո՛, թախծալի է փայլակների լույսը, բայց եթե փոթորիկը սանձարձակվեր, հնարավորությունը կունենայի գեթ մի պահ տեսնելու Նրան ... : Գիշեր էր, հոգուս խոր գիշերը ... , ինչպես Հիսուսն հոգեվարքի պարտեզում, զգում էի ինձ միայնակ, մխիթարություններ չէի ստանում ո՛չ երկրից, ո՛չ Երկնքից. թվում էր, թե մարդասերն Աստված լքել էր ինձ: Եվ թվում էր, թե բնությունը նույնպես մասնակցում էր դառն տառապանքներիս. այդ երեք օրերի ընթացքում արևի մի շող անգամ չերևաց, իսկ անձրևն ամպերից թափվում էր հեղեղի նման: Ես իրոք նկատել եմ, որ կյանքիս բոլոր ծանր պահերին բնությունն արտացոլել է հոգեվիճակս: Արտասվալի օրերին երկինքը լալիս է իմ հետ, իսկ խնդությանս օրերին արևը փայլում է և ջինջ կապույտը չի մթագնում և ո՛չ իսկ մի ամպով:

Վերջապես չորրորդ օրը, որ շաբաթ օր էր (և ինչպես բոլոր շաբաթ օրերը՝ նվիրված էր Երկնքի քաղցրիկ Թագուհուն), գնացի մորեղբորս այցելելու: Ինչպիսի՜ անակնկալի մատնվեցի, երբ մորեղբայրս, առանց որևէ խոսքի, իր աշխատասենյակ առաջնորդեց ինձ և սկսեց մեղմորեն հանդիմանել՝ իրենից վախենալուս համար: Իսկ վերջում ասաց. «Հարկավոր չէ հրաշքներ հայցել, ես պարզապես խնդրեցի Տիրոջը “սրտի մի պարզ կողմնորոշում” պարգևել ինձ, և աղոթքս ընդունելի եղավ»: Ա՜հ, ես այլևս տրամադիր չէի հրաշք խնդրելու, որովհետև, ըստ իս, հրաշքն արդեն իսկ շնորհվել էր. մորեղբայրս այլևս նույնը չէր: Առանց «մարդկային խոհեմությանն» ակնարկելու, ասաց. «Դու մի փոքրիկ ծաղիկ ես, որը բարին Աստված կամենում է քաղել. ես չեմ կարող  հակառակվել իրեն»:

 

145. Այդ վերջին պատասխանն իրոք արժանի էր իրեն: Արդեն երրորդ անգամն էր, որ անցյալ դարերի փառահեղ հավատքը հիշեցնող այդ քրիստոնյան թույլատրում էր իր սրտին որդեգրած զավակների մեկնումը՝ բնակվելու աշխարհից հեռու: Մորեղբորս կինը նույնպես զմայլելի եղավ՝ ցուցաբերած գորովով ու խոհեմությամբ: Չեմ հիշում, որ տառապանքիս ժամանակ մի խոսք անգամ ասած լինի, որ կարող էր ցավս ավելացնել: Նկատում էի, որ մեծ գութ ուներ իր փոքրիկ Թերեզայի հանդեպ, այնպես՝ որ երբ ստացա մորեղբորս հավանությունը, ինքն էլ իր համաձայնությունը տվեց, բայց միևնույն ժամանակ հազար ու մի ձևով փաստելով, որ մեկնումս իրեն վիշտ էր պատճառելու: Ավա՜ղ, մեր սիրելի ազգականները դեռ շա՜տ հեռու էին նախատեսելուց, որ վերանորոգելու էին իրենց նմանատիպ զոհը ևս երկու անգամ[5]: Բայց Իր խնդրող ձեռքը երկարելիս Աստված այն երբեք չներկայացրեց դատարկ: Իր բարեկամները, որ այնքա՜ն սիրելի էին Իրեն, կարողացան առատորեն ստանալ անհրաժեշտ ուժն ու քաջությունը ... : Մորեղբորս դրական պատասխանից հետո, հասկանում եք, Մայր իմ, թե որքա՜ն զվարթաքայլ վերադարձա Բուիսոնե, ուղեկցությամբ գեղեցիկ երկնքի, որի ամպերն ամբողջովին ցրվել էին: Հոգուս գիշերը նույնպես վերջացել էր: Հիսուսն, արթնանալով, վերադարձրել էր ուրախությունս. ալիքների դղրդյունն այլևս հանդարտվել էր: Փորձությունների հողմի փոխարեն թեթև զեփյուռն էր առաջ մղում նավակս, և կարծում էի, որ այլևս շատ շուտով հասնելու էի ինձ այնքա՜ն մոտ թվացող օրհնյալ ափին: Եվ իրոք մոտ էր, միայն թե մեկից ավելի փոթորիկներ էին դեռ սանձազերծվելու և, խավարում սքողելով փարոսի լույսը, կարծել էին տալու, թե ծովեզերքից շա՜տ էի հեռացել, առանց վերադարձի հույսի:

 

146. Մորեղբորս հավանությունը ստանալուց մի քանի օր անց շտապեցի այցելել Ձեզ[6], Մայր իմ, և հայտնել, որ բոլոր արգելքները հաղթահարվել էին. ինչպիսի՜ անակնկալի մատնվեցի, սակայն, և ինչպիսի՜ վշտակրության, երբ Ձեզնից տեղեկացա, որ վանքի Մեծավորը[7] չէր թույլատրում ինձ Կարմեղոս մտնել քսանմեկ տարեկանս լրանալուց առաջ: Ոչ ոքի մտքով չէր անցել այդպիսի ընդդիմության հնարավորությունը. ընդդիմություն, որ ավելի անհաղթելի էր, քան նախորդները: Եվ սակայն, առանց վհատվելու, ես ինքս Հայրիկի ու Սելինի հետ գնացի Մեր Հոր[8] մոտ, փորձելու համոզել իրեն, թե՝ այո՛, ունեի կոչում: Շատ սառնորեն ընդունեց մեզ. աննման Հայրս նույնպես միացավ իմ աղաչանքներին, բայց չկարողացանք փոփոխում մտցնել նրա դիրքորոշման մեջ: Ասում էր, թե վտանգներ չկային սպասման մեջ, թե կարող էի կարմեղական կյանքն ապրել նաև տանը, թե՝ եթե վանական ամբողջ օրակարգով առայժմ չընթանայի, դրանով ոչինչ էլ չէր փոխվի, և այլն, և այլն ... , բայց վերջում ավելացրեց, որ ինքը Եպիսկոպոսի նվիրակն էր միայն, որ եթե Եպիսկոպոսը կամենար թույլատրել իմ մուտքը Կարմեղոս, այդպիսի դեպքում ինքը ոչինչ չէր ունենա ասելու ... : Քահանայատնից դուրս ելա արցունքների մեջ, բարեբախտաբար թաքնված էի անձրևանոցի տակ, որովհետև երկնքից հեղեղ էր տեղում: Հայրիկը չգիտեր, թե ինչպե՛ս մխիթարեր ինձ: Խոստացավ Բեյեո տանել ե՛րբ կամենայի, որովհետև որոշել էի նպատակիս հասնել ամեն գնով, և սպառնում էի մինչև իսկ Սրբազան Հորը[9] դիմել, եթե Եպիսկոպոսը չթույլատրեր Կարմեղոս մտնել տասնհինգամյա հասակում:

 

147. Բազմաթիվ ա՛յլ իրադարձություններ դեռ տեղի ունեցան մինչև Բեյեո կատարվելիք ճամփորդությունը[10]. արտաքուստ, կյանքս ընթանում էր իր սովորական հունով. սովորում էի, նկարչության դասերի հաճախում Սելինի հետ: Եվ որ ամենակարևորն է, աճում էի բարի Աստծո սիրո մեջ, նորանոր լուսաբանումներ ու մղումներ էին ծնվում սրտիս խորքում, երբեմն իրական հափշտակություններ էի ունենում: Մի երեկո, չիմանալով այլևս ինչպե՛ս հայտնել Հիսուսին, որ սիրում էի Իրեն, և որ կամենում էի, որ բոլորը սիրեն Իրեն ու փառաբանեն ամենուր, ցավով մտածեցի, որ Նա երբեք սիրո մի ներգործություն անգամ չի ստացել դժոխքից: Այնժամ ասացի մարդասերն Աստծուն, որ Իրեն հաճույք պատճառելու համար պատրաստ էի ինձ այնտեղ նետված տեսնել, որպեսզի Նա այնտեղ ևս սիրվի հավերժորեն, անարգանքի այդ վայրում ... : Գիտեի, որ դա չէր կարող ծառայել Աստծո փառքին, որովհետև Նա մեր երջանկությունն է միայն կամենում. բայց երբ սիրում ես, ուզում ես հազար ու մի խենթություններ ասել: Այդպես էի արտահայտվում ո՛չ թե որովհետև չէի փափագում Երկնքում բնակվել, այլ՝ որովհետև այնժամ իմ Երկինքը, բուն ի՛մը, ուրիշ բան չէր, եթե ո՛չ՝ Սերը. ես զգում էի, ինչպես Պողոս Առաքյալը, որ ոչինչ չէր կարող ինձ Աստծո սիրուց տարանջատել[11]:

 

148. Աշխարհը թողնելուցս առաջ, բարին Աստված մի քաղցրիկ մխիթարություն տվեց ինձ. հնարավորությունն ունեցա մոտիկից դիտելու մանուկների հոգիները: Ընտանիքի փոքրը լինելով, երբեք չէի վայելել այդ ուրախությունը, բայց ահա՛ տես, որ տխուր պարագաներն էին հայթայթում իմ համար այդ ուրախությունը. մի խեղճ կին, որ ազգականն էր մեր տան սպասուհու, մահացավ երիտասարդ հասակում և անմայր թողեց իր երեք փոքրիկ զավակներին: Վերջին հիվանդության ընթացքում մեր տանը հյուրընկալեցինք նրանց փոքրիկներին, որոնցից մեծը դեռ վեց տարեկան չկար: Ահա՛ նրանցով էի զբաղվում ողջ օրը: Իմ համար մեծ սփոփանք էր տեսնելը, թե ինչպե՛ս էին հավատում բոլոր խոսքերիս անխտիր: Անհրաժեշտ է միայն, որ Սուրբ Մկրտությունը հոգիներում սերմանի աստվածաբանական առաքինությունների[12] սերմը, որպեսզի դրանք ի հայտ գան մանկությունից ի վեր. ապագա երանության լույսը բավական է՝ սիրով փարվելու համար ծանր զոհողություններին և կյանքի հազար ու մի դժվարություններին: Երբ կամենում էի իմ երկու աղջնակներին համերաշխ տեսնել, փոխանակ խաղալիքներ ու անուշեղեններ խոստանալու նրան, ով ներողամիտ կգտնվեր իր քրոջ հանդեպ, պատմում էի այն հավիտենական վարձատրումների մասին, որ Հիսուս Մանուկը Երկնքում տալու է խելոք փոքրիկներին: Նրանցից մեծը, որի միտքն արդեն սկսում էր զարգանալ, ինձ էր նայում ուրախությունից փայլող աչքերով, տասնյակ քնքուշ հարցիկներ էր ուղղում Հիսուս Մանկան և Իր գեղեցիկ Երկնքի շուրջ, ապա նաև խոստանում, որ այդուհետև ներող է լինելու իր փոքրիկ քրոջ նկատմամբ. ասում էր, թե կյանքում երբեք չէր մոռանալու այն ամենը, ինչ ասվել էր իրեն «մեծ օրիորդի» կողմից (այդպես էր ինձ անվանում): Մոտիկից տեսնելով այդ անմեղ հոգիներին, հասկացա, թե ինչպիսի՜ աղետալի դժբախտություն էր նրանց ըստ բարու չկազմավորելը իրենց առաջին զարթոնքից ի վեր, քանի որ նման են այն փափուկ մոմին, որի վրա հնարավոր է դրոշմել և՛ առաքինությունները, և՛, ավա՜ղ, չարը: Հասկացա այն, ինչ Հիսուսն ասում է Ավետարանում. «Ով այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ է, եթե իր պարանոցից քար կապելով՝ ծովի խորքն ընկղմվի»[13]: Ա՜հ, քանի՜ քանի՜ հոգիներ կհասնեին սրբությանը, եթե սկզբից ևեթ ճիշտ առաջնորդվեին:

 

149. Այո՛, գիտեմ, Աստված ոչ ոքի կարիքը չունի Իր գործերն ի կատար ածելու համար, բայց ինչպես այգու տերն է պարտիզպանին հանձնում հազվագյուտ և մեծարժեք բույսերի խնամքը, նույնպես և Հիսուսը կամենում է, որ Իրեն օգնենք հոգիների կրթության Իր աստվածային ասպարեզում:

Ի՞նչ կպատահեր, եթե մի անհանճար այգեպան լավ չպատվաստեր իրեն հանձնված տունկերը, եթե չկարողանար տարբերակել դրանցից յուրաքանչյուրի տեսակը, և օրեր շարունակ տքներ՝ դեղձենիի վրա վարդեր ծաղկեցնելու մտադրությամբ: Մահվան կհասցներ այդ ծառին, որը, սակայն, առողջ էր, և կարող՝ պտղաբերելու:

Նմանօրինակ կերպով անհրաժեշտ է հասկանալ կարողանալը, թե ի՛նչ է պահանջում Աստված տվյալ հոգուց, գործակցելով Նրա շնորհին, առանց այն արագացնելու կամ դանդաղեցնելու:

Ինչպես թռչունները երգել են սովորում ունկնդրելով իրենց ծնողների ձայնը, այնպես էլ մանուկներն են առաքինությունների գիտությունը՝ Աստվածային Սիրո վեհաշուք երգը սովորում այն անձերից, որոնք պարտական են կողմնորոշում տալու նրանց կյանքին: Հիշում եմ, որ թռչուններիս մեջ հիանալի դայլայլով գեղգեղող դեղձանիկ ունեի, և ունեի նաև մի կտավաքաղ, որին էի շռայլում իմ մայրական խնամքները, քանի որ վանդակում էր ապրում բնից հազիվ դուրս ելնելուց սկսած: Այդ խեղճ փոքրիկ բանտարկյալը ծնողներ չուներ, որոնցից կկարողանար ուսանել մարդկանց ականջները շոյող երգարվեստը, բայց առավոտից մինչև երեկո իր դեղձանիկ ընկերուհուն ունկնդրելով, որ դայլայլում էր զվարթորեն, ուզեց նմանվել նրան: Սա դժվար առաջադրանք էր կտավաքաղի համար. հետաքրքիր էր տեսնելը, թե ինչպես էր ջանում հասնել իր նպատակին, քանի որ թավ ձայնը դժվարությամբ էր համաձայնում երաժշտության ուսուցչուհու թրթռուն խաղերին: Եվ սակայն, տքնաջան աշխատանքը հաջողությամբ պսակվեց և իր երգը հարևնման դարձավ դեղձանիկի երգին:

Ո՜վ Մայր իմ սիրելի, Դուք էիք, որ սովորեցրիք ինձ երգել ... , Ձեր ձայնն էր, որ հմայեց ինձ մանկությունիցս ի վեր, և այժմ երջանկությունն ունեմ վստահությամբ ասելու, որ նման եմ Ձեզ: Գիտեմ, թե որքա՜ն հեռու եմ Ձեզնից, բայց հույսն ունեմ, հակառակ իմ լիակատար տկարությանը, որ հավիտյան կրկնելու եմ Ձեր երգը:

 

[1] Պրն. Գերենը որոշմանը տեղեկացավ 1887ի Հոկտեմբերի 8ին, շաբաթ:

[2] Տասնհինգ օր:

[3] Չորեքշաբթի 19ից մինչև շաբաթ՝ 22 Հոկտեմբեր:

[4] Մտթ 8, 24

[5] Թերեզան ակնարկում է իր զարմուհի Մարիամ Գերենի և Սելինի մուտքին Կարմեղոս:

[6] Հավանաբար Հոկտեմբերի 25ին, երեքշաբթի: Հմմտ. Cyrille de la Mère de Dieu O.C.D., Chronologie et concordance thérésiennes, Rome 1958, p. 34.

[7] Գերհարգելի Դըլարոէթը՝ «Սուրբ Հակոբոս» եկեղեցու ժողովրդապետը:

[8] Այսպես են կարմեղականները կոչում իրենց եկեղեցական մեծավորներին:

[9] Այդ օրերին Հռոմի Սրբազան Քահանայապետն էր Լևոն Տասներեքերորդը:

[10] Թերեզայի այս արտահայտությունը բացահայտում է նրա հոգու սարսափելի տառապանքները, որովհետև իրականում այդ ճամփորդությունը տեղի ունեցավ Հոկտեմբերի 31ին, Տեր Դըլարոէթի հետ հանդիպումից մի քանի օր հետո միայն: Տառապող հոգու համար շատ դժվար է անցնում և շատ երկար է թվում ժամանակը:

[11] Հմմտ. Հռմ 8, 35-39

[12] Աստվածաբանական առաքինություններ են կոչվում Հավատքը, Հույսը և Սերը:

[13] Մտթ 18, 6

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։