Կարմեղոսի խոսարանում – Ընթերցասիրությունը – Վերադարձ Ալանսոն – Գրադարան – Mashtoz.org

Կարմեղոսի խոսարանում – Ընթերցասիրությունը – Վերադարձ Ալանսոն

96. Կարմեղոսի այս այցելությունները պատմելիս հիշեցի դրանցից առաջինը, որ տեղի էր ունեցել Փոլինի այնտեղ մտնելուց մի քանի օր անց: Մոռացա սրա շուրջ խոսել, բայց իր մեջ պարունակում է մի մանրամասնություն, որ չէի կամենա մոռացության մատնել: Խոսարան գնալու օրվա առավոտյան միայնակ նստած էի անկողնուս վրա, մտածում էի, թե արդյոք ի՞նչ անուն էր տրվելու ինձ Կարմեղոսում: Գիտեի, որ կար արդեն մի Քույր Թերեզա Հիսուսի, և սակայն չէի կամենում, որ փոխվեր իմ Թերեզա գեղեցիկ անունը: Հանկարծ մտքիս աչքերի առաջ ուրվագծվեց Հիսուս Մանուկը, որին շատ էի սիրում, և ինքս ինձ ասացի. «Ա՜հ, ի՜նչ երջանիկ կլինեի, եթե անվանվեի “Թերեզա Հիսուս Մանկան”»: Երազանքիս մասին խոսարանում ոչինչ չասացի, բայց Մայր Մարիամ Գոնձական, մինչ հարցնում էր միանձնուհիներին, թե ի՞նչ անուն կարող էին ինձ տալ ապագայում, հանկարծ որոշեց կոչել ինձ այն նույն անվամբ, որ փափագում էի: Ուրախությունս անչափ էր, և մտքերի այդ երջանիկ զուգադիպումը Հիսուս Մանկան փափկանկատություններից մեկը թվաց ինձ:

 

97. Մոռացա հիշել մանկությանս մի քանի մանրամասներ ևս, չխոսեցի պատկերների ու ընթերցանության հանդեպ ունեցած սիրուս մասին: Այնժամ Դուք դեռ Կարմեղոսում չէիք: Եվ սակայն, Մայր իմ, պարտավոր եմ գեղեցիկ պատկերներին (որ ցուցադրում էիք ինձ որպես վարձատրություն) այն ամենաքաղցր ուրախություններն ու ամենախորը տպավորությունները, որ մղեցին ինձ դեպի առաքինությունների գործադրումը: Դրանք դիտելով մոռանում էի ժամերը: Օրինակ, «Աստվածային Բանտարկյալի խոնարհ ծաղիկը» ինձ այնքա՜ն բան էր ասում, որ մի տեսակ հափշտակության մեջ էի ընկնում: Տեսնելով, որ ծաղկած փոքրիկ ճյուղի տակ գրված էր Փոլին անունը, ուժգին կամեցա, որ գրվեր նաև Թերեզա անունը. այդպիսի պահերին անձս Հիսուսին էի նվիրում՝ Իր ծաղիկը լինելու համար:

 

98. Խաղալ չգիտեի, բայց կարդալ շատ էի սիրում. կյանքս ընթերցանությամբ էի անցկացնելու: Բարեբախտաբար, ինձ առաջնորդելու համար մարմնեղեն հրեշտակներ ունեի, որոնք իմ համար այնպիսի գրքեր էին ընտրում, որոնք զբաղեցնելու հետ մեկտեղ նաև սնուցում էին սիրտս ու հոգիս: Սակայն շատ քիչ ժամանակ էի կարողանում տրամադրել ընթերցանությանը և հաճախ այն մեծ զոհողությունների նյութ էր դառնում, որովհետև երբեմն ստիպված էի լինում ընդհատել ամենահետաքրքրական կետում: Ընթերցանության այս հրապույրը տևեց մինչև Կարմեղոս մտնելս: Ձեռքովս անցած գրքերի քանակը թերևս անհնարին է ճշտել, և սակայն, Տերը երբեք չթույլատրեց ինձ կարդալ մի գիրք, որ կարող կլիներ որևէ կերպով վնասել ինձ: Ճիշտ է, որ որոշ ասպետական պատմվածքներ կարդալիս միշտ չէ, որ ըմբռնում էի, առաջին իսկ պահին, կյանքի իրական իմաստը. բայց շուտով Տերն ինձ հասկացնում էր, որ ճշմարիտ փառքն այն է, որ տևում է հավետ, և որ նրան հասնելու համար պայման չէ աղմկարար գործեր կատարելը, այլ հատկապես՝ առաքինությունների գործադրումը, այնպե՛ս, որ ձախ ձեռքը չիմանա, թե ի՛նչ է անում աջը[1] ... :

 

99. Այսպիսով, կարդալով ֆրանսիական հերոսուհիների հայրենասիրական քաջագործությունները, ի մասնավորի՝ Սրբուհի Ժաննա դ’Արքի կենսագրությունը, մեծ փափագ էի զգում նմանվելու նրանց. թվում էր ինձ, թե ներսումս ունեի այն նույն կրակը, որ ոգևորել էր նրանց, նույն երկնային ներշնչանքը: Այնժամ Տիրոջից մի շնորհ ստացա, որը միշտ համարել եմ ընդունածս ամենամեծ պարգևներից մեկը, որովհետև այդ տարիքում շատ լույսեր չէի ստանում, ինչպես այժմ, երբ դրանցով ողողված եմ: Զգացի, որ ծնվել եմ փառքի համար, և մինչ դրան հասնելու միջոցներն էի փնտրում, Տերն ինձ հասկացրեց այն, ինչ կգրեմ այժմ: Ըմբռնեցի, որ իմ փառքը չպետք է տեսանելի լինի մարդկային աչքերին, և որ պիտի կայանա մի մեծ Սրբուհի դառնալու մեջ: Այս փափագս կարող է հանդուգն թվալ, եթե հաշվի առնենք, թե որքա՜ն տկար էի ու անկատար, և թե դեռևս որքա՜ն թերի եմ այժմ, վանքում անցկացված յոթը տարիներից հետո[2]. և սակայն, միշտ էլ նույն հանդուգն վստահությունն ունեմ՝ դառնալու մի մեծ Սրբուհի, որովհետև հույսս իմ արժանիքների վրա չէ, որ դրել եմ, քանի որ չունեմ դրանցից և ո՛չ իսկ մեկ հատ, այլ՝ հույսս Նրա վրա է, Ով ինքնին Առաքինությունն է, նույն ինքն Սրբությունը: Նա, իմ տկար ջանքերով գոհանալով, կբարձրացնի ինձ մինչև Ինքը և, Իր արժանիքներով ծածկելով, ինձ Սրբուհի կդարձնի: Այն ժամանակ դեռ չգիտեի, որ Սրբուհի դառնալու համար հարկավոր է շա՜տ տառապել, բայց Աստված այդ գաղտնիքը շուտով հայտնեց ինձ՝ ուղարկելով այն փորձությունները, որոնց մասին արդեն պատմեցի: Այժմ պատմությունս կշարունակեմ այն կետից, ուր այն թողել էի:

 

100. Առողջանալուցս երեք ամիս հետո Հայրիկը մի ճամփորդություն կազմակերպեց դեպի Ալանսոն[3]: Առաջին անգամն էր, որ վերադառնում էի ու կրկին անգամ տեսնում այն վայրերը, ուր անցել էին մանկությանս տարիները. ուրախությունս վիթխարի էր, հատկապես երբ հնարավորություն ունեցա աղոթելու Մայրիկի գերեզմանի առաջ և խնդրելու նրան, որ միշտ պաշտպանի ինձ:

Աստված թույլ տվեց ինձ ճանաչել աշխարհիկ հասարակությունն այն չափով միայն, որքանով որ բավական էր այն իրական կերպով գնահատելու և նրանից հեռու մնալու համար: Թերևս կարող եմ ասել, որ Ալանսոնում անցկացված այդ օրերին էր, որ իմ առաջին մուտքը կատարեցի աշխարհ: Ամեն բան զվարճություն էր, երջանկություն չորս բոլորս, ամենուր ընդունվում էի սիրով, հոգառատ խնամքի ենթարկվում, սքանչացման առարկա դառնում: Մի խոսքով, այդ տասնհինգ օրերի ընթացքում կյանքս ծաղիկներով էր միայն ողողված: Խոստովանում եմ, որ այդ կյանքը հրապուրում էր ինձ: Իմաստության գիրքն իրավացի է, երբ ասում է, որ «ունայնության հմայքը որսում է չարից հեռու գտնվող հոգիներին անգամ»[4]: Տասը տարեկան հասակում սիրտը հեշտորեն է շլանում, այդ իսկ պատճառով մեծ շնորհ եմ համարում Ալանսոնից հեռանալս. բարեկամները, որ ունեինք այնտեղ, չափազանց աշխարհիկ էին, մեծ ճարպկությամբ ''կարողանում էին'' իրար միացնել աշխարհի զվարճություններն ու Աստծո ծառայությունը: Բավական չէին մտածում մահվան մասին, և սակայն, մահն արդեն այցելել է այդ անձանց մեծամասնությանը, որոնց ճանաչում էի. երիտասարդներ, հարուստներ, երջանիկներ: Իմ համար հաճելի է մտովին վերադառնալ այն գեղազվարճ տեղերը, որտեղ նրանք ապրեցին, և հարցնել ինքս ինձ, թե ո՞ւր են նրանք այժմ, ի՞նչ մնաց իրենց այդ դղյակներից ու մարգագետիններից, որտեղ տեսա նրանց կյանք վայելելը: Ես տեսնում եմ, որ այս արևի տակ ամեն ինչ ունայնություն է և քամու աշխատանք[5] ... , որ միակ բարիքը Աստծուն ամբողջ սրտով սիրելն է, և այստեղ՝ ներքևում հոգով աղքատ լինելը:

[1] Հմմտ. Մտթ 6, 3

[2] Սրբուհին այս տողերը գրում էր 1895ին, հետևաբար՝ իսկապես անցել էին յոթ տարիներ: Ուղղումներ կատարելու ժամանակ, սակայն, երբ ձեռագիրն այլևս չպետք է հանձնվեր Մայր Ագնես Հիսուսին, այլ՝ Մայր Մարիամ Գոնձակային, որը Մեծավորուհի էր վերընտրվել 1896ին, «յոթը» սրբագրման է ենթարկվել և դարձել է «ութ»:

[3] 1883ի Օգոստոսին:

[4] Հմմտ. Իմ 4, 12

[5] Հմմտ. Ժող 2, 11

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։